|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եզրակացություն22:45 Yerevan | 18:45 GMT | Tuesday 4 March 2008 «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ընդունվել է սահմանադրական կարգի կոպիտ խախտմամբ, այն է` արտակարգ դրության իրավական ռեժիմը չի սահմանվել համապատասխան օրենքով եւ հիմնված է կամայական մոտեցումների վրա: Որպես հետեւանք, կոպտորեն խախտվում են ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես` 1. որպես իրավական հիմք է ընդունվել, ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի, փաստորեն, արդեն չգործող 6-րդ կետի պահանջները (տես նաեւ նույն հոդվածի 1-ին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետերը), ինչի հետեւանքով երեւանցին զրկվում է իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանությունից. 2. արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ որեւէ իրավական ակտի կամ կարգի բացակայության պայմաններում, անհասկանալի են մնում հրամանագրի 3-րդ կետով սահմանված ոստիկանության եւ պաշտպանության նախարարության պարտականությունները այն ապահովելու ուղղությամբ: Ավելին` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մեկնաբանությունները հրամանագրով չսահմանված ինչ-որ պարտականությունների կատարման վերաբերյալ, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` տպավորություն ստեղծելով անգամ, որ երկրում ոչ թե ընտրական, այլ` պատերազմական գործընթացներ են ընթանում. 3. Հրամանագիրը որեւէ տեղեկատվություն չի պարունակում այն հանգամանքների մասին, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելուն եւ այդ պայմաններում անհայտ է մնում հրամանագրի 2-րդ եւ 4/6-րդ, ինչպես նաեւ Ուղերձի 7-րդ կետերի կատարումը օրենսդրության շրջանակներում. 4. հայտարարելով արտակարգ դրության տարածքի սահմանները (Երեւան քաղաք) եւ, միաժամանակ, սահմանափակելով ԶԼՄ-ներ (այդ թվում, էլեկտրոնային), համապատասխան իրավունքները, փաստորեն ստացվում է, որ արտակարգ դրություն է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Ավելին, եթե «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում խոսքի ազատությունը սահմանափակվում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն հրամանագրով կամայական որոշում է կայացվել, որ այն պետք է հնչի միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5. հրամանագիրը, գործնականում վերածվել է միայն մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումների, այն էլ` հիմնականում արգելման եւ խոսք անգամ չկա այն մասին, թե այդ պայմաններում ինչպես պետք է գործեն պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք. 6. հրամանագրում բացարձակապես խոսք չկա այն մասին, թե ինչպես պետք է երեւանցին իրականացնի իր ընտրական իրավունքները, դեռեւս շարունակվող ընտրական գործընթացներում: Այսպիսով, հրամանագիրը, իրենից ներկայացնելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների իրար հետ չկապակցված եւ անտրամաբանական շարադրանք, լրջորեն ոտնահարում է մարդու իրավունքների ու ազատությունների իրականացումը, այն էլ ընտրական գործընթացներում: Հրամանագրով պայմանավորված համապատասխան ուղերձն էլ, իր հերթին, հիմքում ունենալով եզրահանգում այն մասին, իբր «վերահաշվարկները որեւէ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, չի ներկայացվել որեւէ գանգատ Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններ», կարող է թյուրիմացություն առաջացնել եւ վտանգել մարդու քաղաքական իրավունքների հետագա պաշտպանության խնդիրները: Այդ առիթով հայտարարում ենք, որ ընտրությունները գործընթաց են, չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով եւ տեղեկացնում, որ բոլոր իրավասու պետական մարմիններում (ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան եւ այլն) կան բազմաթիվ չքննարկված դիմում-բողոքներ, որոնք պարունակում են տեղեկություններ քվեարկության վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային ընտրախախտումների մասին: Հայտարարում ենք նաեւ, որ ԿԸՀ-ն, կոպտորեն խախտելով ընտրական օրենսգրքի 53-րդ եւ 86-րդ հոդվածի պահանջները, ամփոփել է ընտրությունների արդյունքներն առանց այդ խախտումները հաշվի առնելու: Իսկ ընտրողը, այդ թվում հայաստանցին, իրավունք ունի պետությունից պահանջել իր քաղաքական իրավունքների իրականացման ապահովումը եւ օրինական այդ պահանջը պետք է հարգել, այլ ոչ թե մարդկանց ջարդուփշուր անել: Այդ առիթով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջները, հարկ ենք համարում դիմել ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարին, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագրում առկա կոպիտ խախտումների վերացման հարցով, ինչպես նաեւ, նույն օրենքի 87-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն` համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով: Կազմակերպության նախագահ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |