|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք չենք նահանջելու»22:40 Yerevan | 18:40 GMT | Tuesday 4 March 2008 Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին: Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման մասին նախ նա արձանագրել է, որ մինչ մարտի 1-ը ընդդիմությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում, որեւէ օրինախախտում թույլ չեն տվել, գործել են օրենքի տառին հավատարիմ, նույն ձեւով առաջնորդվել են նաեւ ընտրություններից հետո. մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 10 օր շարունակ հանրահավաքներ են անցկացվել գիշեր-ցերեկ, վրաններում մարդիկ են մնացել, նստացույց է եղել: Թե ինչու են մարդիկ հարկադրված նստացույցի անցել եւ գիշերել վրաններում` Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ դա միակ միջոցն էր հրապարակը պահելու, միակ միջոցն էր` ժողովրդի հետ շփվելու, քանի որ ընդդիմությունը ամբողջությամբ զրկված է եղել հեռուստաեթերից, ռադիոյից: Առաջին նախագահը շեշտել է, որ այժմ դրանից էլ են զրկված եւ Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված: Անդրադառնալով փետրվարի 19-ի ընտրություններին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ դրանք ընտրություններ չէին` դա բռնություն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օգտագործել են վարչական, ֆինանսական, տեղեկատվական, ապատեղեկատվական, կրիմինալ ռեսուրսները. բոլոր քրեածին տարրերը, «գողերը», թմրամոլները, մարդասպանները մաքսիմալ օգտագործվել են այս ընտրությունների ընթացքում: Առաջին նախագահը արտերկրի լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ֆորմալիստական է գնահատում, քանի որ այնտեղ արտացոլված չէ խնդրի էությունը, այլ պարզ թվաբանություն է իրականացված, հիշատակվել են տարբեր օրինախախտումներ, բռնությունների մի քանի դեպքեր ընդամենը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ նման վերաբերմունքը ծաղրանք է ժողովրդավարության եւ հայ ժողովրդի հանդեպ. «Ընտրությունները միայն ընտրությունների օրը չէ, այլ ողջ գործընթացն է, որը հինգ ամիս տեւել է, եւ որի ընթացքում իմ հազարավոր թիմակիցների, կողմնակիցների նկատմամբ կիրառվել են ամենատարբեր ճնշումներ ու ահաբեկումներ, ընտրությունների օրը ձերբակալություններ են իրականացվել, դաժան բռնությունների են ենթարկվել մարդիկ` թե ոստիկանության աշխատակիցների, թե քրեածին տարրերի, թե պետական պաշտոնյաների կողմից` հենց ընտրատեղամասերում: Ժամը 20.00-ից հետո` քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում վստահված անձանց պարզապես դուրս են հանել ընտրատեղամասերից, անգամ ճնշումների են ենթարկվել միջազգային դիտորդները», - տեղեկացրել է ընդդիմության առաջնորդը: Փետրվարի 19-ին հետեւել են նոր ձերբակալություններ` ընդգծել է Լ.Տեր-Պետրոսյանը. «Այն բոլոր անհատները, ովքեր աջակցում էին ինձ աշխատանքից կամ հեռացվում կամ ձերբակալվում էին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը աջակցեց ինձ, նրան 10 րոպեից հեռացրին աշխատանքից: Ինձ աջակցելու հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ արտգործնախարարի տեղակալը, երեք դեսպաններ, իսկ ՀՀ ԱԳ նախարարը անմիջապես հեռացրեց նրանց աշխատանքից, ավելին` նախագահը անմիջապես զրկեց նրանց դեսպանի կոչումներից, որի իրավունքը նա սահմանադրորեն չուներ: Այսինքն` այս բոլոր բռնությունները չէին կարող չազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - պարզաբանել է Առաջին նախագահը: Այնուհետեւ հարց է ուղղել արտասահմանցի լրագրողներին` համոզմունք հայտնելով, որ եթե իրենց երկրներում ընդդիմության 50 կողմնակիցներ ձերբակալվեին, եվրոպացիները աչք չէին փակի իրենց պետություններում, ինչը Հայաստանի դեպքում անտեսվում է. «Ի՞նչ է, մենք երկրորդ կարգի մարդիկ ե՞նք... Չի կարելի այդպես, եթե չափանիշներ են` դրանք բոլորի համար են չափանիշներ, այն, ինչ անթույլատրելի Եվրոպայում, պետք է անթույլատրելի լինի նաեւ այստեղ: Այսինքն` մենք շատ դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումներից», - հավելել է նա` նաեւ նկատելով, որ դա ազնիվ վերաբերմունք չէ մեր ժողովրդի հանդեպ, դրանով միջազգային դիտորդները մասնակիցն են դառնում Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության հաստատմանը, ասել է թե` հայ ժողովրդի դեմ են հանդես գալիս. «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները: Եթե միջազգային հանրությունը ընդունի այդ արդյունքները, կնշանակի, որ նրանք աջակցում են մի ռեժիմի, որը մոտ է Սադամ Հուսեյնի ռեժիմին, կնշանակի, որ միջազգային հանրությունը գնում է մեր ժողովրդի դեմ, որ հետաքրքրված չէ Հայաստանում ժողովրդավարացման հաստատման խնդրով, եւ մենք չենք հավատա նրանց անկեղծությանը»: Անդրադառնալով մարտի 1-ի գործողություններին` Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է, որ դրա արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդեն ամբողջ ժողովրդին իրենց դեմ տրամադրեցին, եւ եթե նրանց հաջողվի մնալ իշխանության ղեկին, նրանք ղեկավարելու են մի ժողովրդի, որը նրանց չի ընդունում, ատում է եւ չի աջակցում նրանց եւ վստահեցրել է, որ մարտի 1-ի դեպքերի արդյունքում իրեն աջակցողների թիվը կրկնապատկվել է: Իսկ մարտի 1-ի օպերացիայի մոտիվը, ըստ Առաջին նախագահի, համաժողովրդական Շարժման հետագա հզորացմանը խոչընդոտելն է եղել, նաեւ` ՍԴ-ում մեկնարկող գործընթացը համաժողովրդական բողոքի ալիքին զուգահեռ չթույլատրելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը այնուհետեւ պատմել է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված օպերացիայի մանրամասները, թե ինչպես են խաղաղ ժողովրդի դեմ բռնի գործողությունները սկսվել առանց որեւէ զգուշացման, թե ինչպես են առաջին նախագահին շրջապատել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովը եւ նրա սպաները, մեկուսացրել Առաջին նախագահի թիկնապահներին, ապա նրան տուն բերել եւ ըստ էության թույլ չեն տալիս դուրս գալ տնից: Առաջին նախագահը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակի ծեծուջարդին հետեւել են Շարժման առաջնորդների ու կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները: Գալով Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքի դեպքերին Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ ժողովուրդը դարձյալ հավաքվել էր` բողոքի ձայնը բարձրացնելու եւ միակ մարդը, ով կարող էր կանոնակարգել իրավիճակը, հանդարտեցնել ժողովրդին` դա ինքն էր: Առաջին նախագահը սա գիտակցելով դիմել է Գրիշա Սարկիսովին, ասել է, որպեսզի նա նախագահին զեկուցի, որ այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը իր` այնտեղ գնալը եւ ժողովրդին հանդարտեցնելը կլինի: Լ.Տեր-Պետրոսյանի մատուցմամբ` նախ տպավորություն է ստացել, թե իր այդ առաջարկին լուրջ են վերաբերվել, սակայն քիչ անց պարզվել է, որ դա ցանակալի տարբերակ չէ: Այնուհետեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հանդիպել է դեսպաններին, տեղեկացրել է, որ իշխանությունները որեւէ փոխզիջման չեն գնա, պետք է ցրեն ժողովրդին եւ սկսել են գրոհը` հանդիպելով ավելի մեծ դիմակայության, քան Ազատության հրապարակում էր: Այստեղ, սակայն, Լ.Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ նկատվել են նոր երեւույթներ. «Հայտնվել են սադրիչներ, որոնք սադրանքներ են հրահրել, դրանք իշխանության կողմից ուղարկված սադրիչներ են եղել, Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների վրա ակնհայտորեն նկատվում էր` դրանք սափրված, կոկիկ, մաքուր հանգնված մարդիկ են եղել, ոչ այն մարդիկ ովքեր օրեր շարունակ գիշերել են Ազատության հրապարակում, դրանք` Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի մարդիկ էին, անգամ, երբ պետական հեռուստատեսությամբ ցուցադրում էին ավերի, խանութների թալանի տեսարանները, այդ մարդկանց դեմքը չէր ցուցադրվում», - արտասահմանյան լրագրողներին տեղեկացրել է առաջին նախագահը` հավելելով, որ այսկերպ ամբողջ աշխարհին ներկայացվել է, թե ընդդիմությունը ուժ է կիրառել. «Սա էր իշխանությունների նպատակը, ինչն էլ արտակարգ դրություն հայտարարելու առիթ է հանդիսացել»: Անդրադառնալով հետագա քայլերին` Լ.Տեր-Պետրոսյանը նկատել է, որ այժմ նոր իրավիճակ է` իշխանությունները իրենց դեմ են տրամադրել ամբողջ ժողովրդին, ինչը չի կարող միջազգային հանրության ուշադրությունից վրիպել, արդեն կան բավական կոշտ, դատապարտող գնահատականներ եւ հայտարարություններ, համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճնշումները շատ մեծ են լինելու, միջազգային հանրությունը այժմ արդեն ստիպված է գիտակցել, որ Հայաստանում կգործի մի ռեժիմ, որը բացարձապես չի վայելում ժողովրդի վստահությունը: Առաջին նախագահը նշել է, թե այս իրավիճակում չի հավատում որ ՍԴ-ն իրեն արժանավայել կդրսեւորի, չնայած այն բանին, որ նյութերը, փաստերը, որոնք ներկայացրել ենք ՍԴ-ին` չափազանց լուրջ են եւ դրանք բավարար են ընտրություններն անմիջապես չկայացած համարելու համար: «Կանցնեն այս 20 օրերը` արտակարգ դրությունը որքա՞ն կարող են պահել... Մենք չենք նահանջելու, օրենքի սահմաններում մենք պայքարելու ենք մինչեւ այս կրիմինալ, ավազակապետական ռեժիմի հեռացումը` չվախենալով բանտերից, տնային կալանքներից, նրանց սպառնալիքներից, նրանք չափազանց մանր մարդիկ են, որպեսզի մեզ կարողանան վախեցնել, անգամ Մ.Գորբաչովը չկարողացավ վախեցնել մեզ», - ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: Այս համատեքստում առաջին նախագահը կարեւորել է այն, թե որքանով Արեւմուտքը հավատարիմ կմնա այն սկզբունքներին, որոնց ջատագովն է հանդիսանում. «Սա քննություն է Արեւմուտքի համար», - նշել է նա, վստահեցրել, որ Հայաստանում այժմ նոր հասարակություն է ձեւավորվել. «Ամենագլխավոր ձեռքբերումը այն է, որ վերջին 5 ամիսների ընթացքում ինձ եւ իմ շուրջը ձեւավորված Շարժմանը հաջողվել է ձեւավորվել մի համարձակ հասարակություն, քաղաքացիական հասարակություն, որը գիտակցում է իր իրավունքները, դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք այլեւս չեն հանդուրժի այն, ինչը նախորդ սերունդն է հանդուրժել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն գիտակցում, թե ինչ հասարակության հետ գործ ունեն: Եթե անգամ ես ոչնչի չհասնեմ, այն ամենը, ինչ արվել է այս 5 ամիսների ընթացքում` ամենագլխավոր հաղթանակն է ոչ միայն իմ, այլեւ ամբողջ Հայաստանի համար, մենք ունենք մի նոր սերունդ, որը շնչել է ազատության օդը եւ խլել այն հասարակությունից չեն կարող»: Անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում մեկնարկած, մասնավորապես` Գյումրիում, Վանաձորում բռնկված բողոքի հուժկու ակցիաներին Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում նման բողոքի ակցիաներ կանցկացվեն ամենուր եւ չի բացառել անգամ իր թիմակիցների կողմից հանրահավաքների կազմակերպումը Երեւանից դուրս: Նա պաշտոնապես հայտարարել է, որ քանի դեռ իրեն թույլ չեն տալիս տնից դուրս գալ եւ հարազատներից բացի` որեւէ մեկին այցելել իրեն, հետեւաբար ինքը գտնվում է տնային կալանքի պայմաններում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |