“Zhamanak” Armenian-American Political Daily

Թերի Դեւիսը ցնցված է

14:01 Yerevan | 10:01 GMT | Tuesday 4 March 2008

«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունները կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է անեն ամեն ինչ հետագա բռնությունը կանխելու համար: Հուսով եմ, որ արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով: Մինչ այդ հորդորում եմ իշխանություններին քննարկել սահմանված սահմանափակումների արդարացվածության հարցը, հատկապես զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում: Այս սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է: Արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը: Կոնվենցիայի թիվ 15 հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը պետք է տեղեկացնի ինձ իր ձեռնարկած միջոցների եւ դրանց հիմնավորվածության մասին: Ակնկալում եմ, որ դա կարվի առանց հապաղելու»: 03 Մարտի, 2008

Մոնղոլ-թաթարականը` գործողության մեջ

Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու:

Մարտի 1-ին տեղի ունեցած հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական այն սպանդը, որ կատարվեց Հայաստանում` իր նախադեպը չուներ ոչ նախագծման իր նենգությամբ, ոչ իրականացման գազանությամբ ու ոչ էլ այդ ամենին հաջորդած ստի ու կեղծիքի անսահմանությամբ:

Սեփական ժողովրդի նկատմամբ գարնան առաջին օրը, փաստորեն, երկու ռազմական գործողություններ կազմակերպվեցին, որոնք էլ հանգեցրին հարյուրավոր վիրավորների եւ տասնյակ զոհերի...

Էդպես, հիրավի, միայն զավթիչը կարող էր վարվել նոր զավթված տարածքում ընդվզումը ճնշելու համար:

Իշխանությունները իրենց եւ ժողովրդի միջեւ եղած ջրբաժանը դարձրին անանցանելի վիհ:

Եվ ոչ թե դանդաղ, փորելով, այլ միանգամից` պայթեցրին իրենց ոտքի տակ առանց այն էլ երերացող հողը:

Ինչպե՞ս են ապրելու այս երկրում:

Անհնարին է պատկերացնել:

Այն, ինչը հետեւողականորեն փորձում էր ապացուցել Լեւոն Տեր-Պետրոսյանը ամիսներ շարունակ, իշխանությունները միանգամից եւ շատ կտրուկ հիմնավորեցին եւ ի ցույց դրեցին բոլորին:

Այսօր Երեւանում հատուկ դրություն է հայտարարված: Եվ իրականում հատուկ դրություն է: Յուրաքանչյուրիս համար: Վերջնականապես կողմնորոշվելու եւ դիրքորոշում հայտնելու, թե վիհի որ կողմում է կանգնում: Այն, որտեղ ժողովու՞րդն է, թե՞ այն, ուր իշխանություններն են: Այն իշխանությունները, որոնց օրերը հաշվված են: Ժամ առ ժամ: Որովհետեւ այլեւս ոչ միայն իրենք չեն կարող իշխել կամ կառավարել այս ժողովրդին, այլեւ ժողովուրդն ինքը չի հանդուրժի նրանց իշխանությունը: Դե, իսկ օրումեջ հո չես կարող ժողովուրդ կոտորել: Կամ էլ` ամեն օր:

Էդպես ոչ մեկին դեռ չի հաջողվել:

Որքան որ իշխանությունն է ինքնաբավ` ինքը ջարդում է-ինքը դատապարտում-ինքը ցույց է տալիս, այնպես էլ ժողովուրդը կարող է ինքնաբավ դառնալ` ինքը ընտրի-ինքը պաշտպանի-ինքն իրեն ու իր իշխանությանը տեր կանգնի:

Թերի Դեւիսը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին

«Ես շատ անհանգստացած եմ վիրավորների մասին հաղորդագրություններով, երբ անվտանգության աշխատողները փորձեցին ցրել ցուցարարներին Երեւանում այս առավոտ:

Եթե այս հաղորդագրությունները հաստատվեն, բոլոր հայտարարությունները չափից ավելի զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ պետք է հետաքննել: Շատ կարեւոր է նաեւ կանխել հետագա բռնությունները», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Թեւիսը:

«Ես նաեւ անհանգստացած եմ այն հայտարարությամբ որ նախագահական թեկնածու, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա ճիշտ է, ապա նա անմիջապես պետք է ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նա պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի եւ մեղավոր ճանաչվի դատարանի կողմից ինչպես բոլորը: Ժողովրդարարության մեջ չի կարելի ձերբակալել քաղաքական ընդդիմադիրների կամայականորեն», - ասվում է նրա հայտարարության մեջ:

01 Մարտի, 2008

ԵԱՀԿ նախագահը դատապարտում է ուժի կիրառումը

Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության

ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:

«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին eu ընդդիմությանը», ասաց նախարարը:

Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս/թ փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:

«ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար», - ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ - նրան նկատմամբ գործելով տարատեսակ - դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ: Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով - բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ եւ CNN հեռուստաալիքին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նա- սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն - բլոկադա: 1.03.08

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ -, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նա- զոհեր: Վրդովված ցուցարարները - նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում - հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարերի պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լ-ոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, եթե Լ-ոն Տեր-Պետրոսյանը ամհապաղ ազատ չարձակվի - նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների - անձամբ Ռոբորտ Քոչարյանի - Սերժ Սարգսյանի վրա: 1.03.08

Մարտի 1-ը մարտահրավեր էր ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ` ողջ քաղաքակիրթ աշխարհին

Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով եւ բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ եւս ամրագրվեց:

Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների գնով: Մարտի 1-ի առավոտյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դարպասները հսկում էին ոստիկանության աշխատակիցներ եւ առաջին նախագահի մամուլի ասուլիսին շտապող լրագրողներին խնդրում էին վկայականներ ու անձը հաստատող փաստաթուղթ ցույց տալ, եւ մեր հարցին, թե` ի՞նչ է պատահել, ի՞նչ եք անում այստեղ, կարո՞ղ է արտակարգ իրավիճակ էլ մտցնեք, ոստիկանները պատասխանեցին` «առաջին նախագահի անվտանգությունն ենք ապահովում...»: Թե ինչպես են վարվել իրավապահները մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների հետ Ազատության հրապարակում` մարդիկ թերեւս միայն մղձավանջային երազներում են հանդիպել...

Գրիշա Սարկիսովը բռնի ուժով

հեռացրել է ՀՀ առաջին նախագահին Ազատության հրապարակից

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ լրագրողներին պատմեց այն, ինչ անձամբ էր տեսել. առավոտյան ժամը 6.00-ին նրան արթնացրել են, հայտնել են, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի հատուկ զորամասերից` առանց տեխնիկայի, ջրցան մեքենաներ, զրահապատ մեքենաներ են գալիս. «Հիմնականում մարդատար մեքենաներով էին, որոնց հետեւից բեռնատար մեքենաներով կարմիր բերետավորներն են շարժվել: Դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, չէի կարծում, որ այսպիսի բան կարող է տեղի ունենալ, որովհետեւ նման ահազանգեր մենք ամեն գիշեր ստանում էինք` «շարժվեցին», «ետ գնացին», «տեղաշարժեր են տեղի ունենում», «տեխնիկա են հանում», մտածեցինք հերթական ահազագն է եւ հանգիստ էինք, բայց ամեն դեպքում միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է իրավիճակը` կարողանանք ժողովրդի հետ խոսել: Ժամը 6.30-6.40-ին զորքը հայտնվեց ժողովրդի առջեւ, ես անմիջապես մոտեցա միկրոֆոնին, ասացի` հանգստություն, հանդարտություն, ոչ մի ընդվզում, ոչ մի կոնտակտ, շփում` ոստիկանության հետ, սպասեք, տեսնենք ոստիկանները մեզանից ինչ են ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը եւ ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ եւ սկսեցին մահակներով ջարդել ժողովրդին: Տեսել եմ մահակներ եւ էլեկտրաշոկի կայծեր, անընդհատ այդ կապույտ կայծերն էին, այլ բան չի եղել` ոչ հրազեն, ոչ խլացուցիչ պարկեր, ոչ ջրցան մեքենա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ գործողությունները սկսելուց առաջ որեւէ զգուշացում չի եղել. «Գուցե ասեին գնացեք` ժողովուրդը գնար. սա ամենագլխավորն էր` ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրվել: Իհարկե ժողովրդի կողմից եղավ դիմադրություն: Այնուհետեւ անմիջապես ինձ շրջապատեցին Գրիշա Սարկիսովի սպաները, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, բայց նրանց շատ հեշտությամբ մեկուսացրին, մի թեւս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թեւս` մեկ ուրիշը, եւ ինձ իջեցրին հարթակից դեպի այնտեղ, որտեղ իմ մեքենան էր: Ինձ փորձեցին դուրս հրավիրել հարթակից, իմ տղաները նորից եկան ինձ շրջապատեցին, ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա եւ միայն այս պայմանով դուրս կգամ այս հրապարակից», - նշել է առաջին նախագահը: Այնուհետեւ սկսվել է դինամիկների ավերումը, բոլոր վրանների ոչնչացումը. «Սկսել են ինչ-որ բաներ փնտրել` ինչ-որ ձողեր, ես տեսա, որ իրենք են ձողեր բերում, եւ իրենց մեջ օպերատորներ կային, նկարում էին` գնդապետների, փոխգնդապետների ձեռքերին ես դրանք տեսել եմ հրապարակ մտնելիս, անգամ մի օպերատոր փորձեց ինձ նկարել, ես ողջունեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց: Երկու ժամ ես այնտեղ էի, ինձ այլեւս ոչ ոք չմոտեցավ, հետո մոտեցան «Ազատության» ռ/կ-ի երկու թղթակիցները, նրանց հասցրի ինչ-որ բան ասել: Անցավ որոշ ժամանակ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, ասաց` պետք է գնալ այստեղից, պատասխանեցի` նույն պայմանով: Մի քանի անգամ էլ եկավ-գնաց, գուցե խորհրդակցում էր վերեւների հետ, դարձյալ եկավ, իմ թիկնապահներին հեռացրին, ես մնացի մենակ, ինձ հրավիրեց մեքենա` ուրիշ` ոստիկանական մեքենա, ես ասացի` չեմ նստի, ձեքերս ոլորի տար: Այդպես էլ արեց, նստեցրեց, շատ արագ ինձ հասցրին տուն: Հետո պարզվեց փակել են տան երկու դարպասները, իմ թիկնազորի պետին ուղարկեցի իմանալու, թե ես ինչ կարգավիճակում եմ այստեղ` արդյո՞ք սա տնային կալանք է: Ասացին` ոչ, այդպիսի սանկցիա չկա, հրաման չկա, բայց թիկնազորի պետին ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, նաեւ ասել են, որ ոչ մեկը իրավունք չունի իմ տուն գալու: Իմ մի քանի ընկերներ փորձել էին դա անել` չեն թողել: Եթե Դավիթ Շահնազարյանն է այստեղ, նա ինձանից մի փոքր ավելի շուտ էր եկել` թոռներին տիրություն անելու»: Այսինքն` ստացվում է, Գրիշա Սարկիսովի ծառայությունը Հայաստանի Առաջին նախագահին թույլ չի տալիս դուրս գալ իր տնից եւ նրան այցելել: Երբ դեռ Առաջին նախագահը հրապարակում է եղել, հնարավոր է եղել կապ հաստատել թիմակիցների` Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Զուրաբյանի հետ. «Բայց շատերին չգտանք. կամ կապ չկար կամ հեռախոսները անջատված էին», - ասաց Լ.Տեր-Պետրոսյանը: Այդ պահին հայտնի էր, որ ձերբակալված էր Հրանտ Բագրատյանը, որին հետո ազատ էին արձակել: Առաջին նախագահը հավաստիացրեց, որ կան վիրավորներ. «Մի երիտասարդի, ով փախել էր ոչ այն ուղղությամբ, որ հարկավոր էր` յոթ-ութ ոստիկան ուղղակի դաժան ծեծել էին, մահակներով կսպանեին, եթե իմ տղաները չփրկեին, իմ տղաները երկու հոգու այդպես փրկեցին, իմ աչքի առաջ, այդ երիտասարդ տղան ընկավ, կպավ ոտքերիս»:

Ընտրական պրոցեսը չի ավարտվել,

քանի դեռ չկա ՍԴ-ի որոշում

Ինչպես է մեկնաբանում կատարվածը Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Նստացույցի երկրորդ օրվանից նկատվեց, որ իշխանությունները անելանելի վիճակում են, մանավանդ, երբ ես հայտարարեցի, որ գիշերելու եմ հրապարակում: Ես նստել եմ հրապարակում երկու պատճառով, առաջին` ես չէի կարող լքել այդ ժողովրդին, նրանց վտանգի ենթարկել, ես նրանց հետ պետք է լինեի, երկրորդ` իմ ներկայությունը նվազեցնում էր վտանգը, որովհետեւ ես նախագահի թեկնածու եմ, անձեռնմխելի եւ ցանկացած հարձակում հրապարակի վրա կդիտվեր որպես հարձակում ինձ վրա: Սա բարդացրել էր իշխանությունների գործը, նրանք սա վաղուց կանեին, եթե ես չմնայի հրապարակում: Բայց արեցին: Ըստ երեւույթին նրանք այլ ելք չունեին, թեեւ ամբողջ աշխարհին խաբեցին. հինգ-վեց օր անընդհատ խոսում էին, թե «բռնություն չի լինելու, ինչքան ուզում են հանրահավաք անեն, մենք հաղթել ենք, շուտով կհոգնեն-կգնան»: Սակայն հասել էինք մի այնպիսի աստիճանի, իշխանությունները հասկանում էին, որ այստեղ արդեն ամբողջ ժողովուրդն է, ժողովուրդը չի ընդունում անցկացված ընտրությունները, չի հավատում դրա արդյունքներին: Իշխանությունների հավաստիացումները արտաքին աշխարհին, իհարկե, երկու նպատակ ունեին, մեկ` մեղմացնել այս խայտառակագույն ընտրությունների թողած տպավորությունը, խայտառակագույն ոչ այն առումով, որ կատարվել են ավանդական լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, վերահաշվարկներ, կեղծումներ, այլ` շատ ավելի կոպիտ բռնությունները, քան մինչեւ հիմա անցկացված բոլոր ընտրությունները: Սկսած հոկտեմբերի 23-ից մինչեւ այսօր ամբողջ ընտրական գործընթացը անցել է կոպտագույն ֆիզիկական բռնություններով: Պրոցեսը չի ավարտվել, փետրվարի 19-ից հետո բոլոր ձերբակալությունները մտնում են ընտրական պրոցեսի մեջ, ընտրական պրոցեսը չի ավարտվել, քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում: Երեկ մենք արդեն պաշտոնապես դիմել ենք ՍԴ, մեր դիմումը ընդունվել է, երեկվանից ես վերականգնել եմ իմ անձեռնմխելիությունը, եւ եթե այսօր ես ձերբակալված չեմ, բացառապես այդ պատճառով, թեեւ տնային կալանքը նույնպես իմ անձեռնմխելիության ոտնահարում է: Խաբեցին ամբողջ աշխարհին, հավաստիացնում էին, որ ոչ մի բռնություն չի կիրառվի, նախագահը իր ելույթում ասել է` չի լինի ոչ մի բռնություն, եթե ինչ-որ շենքեր չգրոհեն», - հիշեցրեց Առաջին նախագահը: Առաջին նախագահը վստահ է, որ մինչեւ հիմա նման գործողությունները չկատարվեցին, որովհետեւ շատ դիտորդներ կային, արտասահմանցի լրագրողներ, իսկ այսօր արդեն` «Մեկ-երկու տասնյակ դիտորդ է մնացել, արտասահմանցի լրագրողներ համարյա չեն մնացել, սրանից էլ օգտվեցին: Հետեւաբար կատարվածը մարտահրավեր էր ոչ միայն մեր ժողովրդին, մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Այս մարդիկ այդպես հեշտ ու

հանգիստ չէին կարող գնալ,

ինչպես մենք»

Ինչպիսին է առաջին նախագահի քաղաքական գնահատականը մարտի 1-ի բարբարոսությանը. «Իմ համոզմամբ` այս խայտառակ ընտրություններով Սերժ Սարգսյանը, եթե անգամ ինչ-որ ձեւով մնա, ամբողջ աշխարհի կողմից նա չի կարող լեգիտիմ նախագահ համարվել: Երկրորդ` ես 5 ամիս փորձում էի ապացուցել, թե իրենից ինչ է ներկայացնում այս իշխանությունը` ընդունակ են ամեն ինչի, որովհետեւ ունեն շատ մեծ հանցավոր բագաժ, սկսած քաղաքական սպանություններից, կոռուպցիայից, գումարած պատասխանատվությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ: Այս մարդիկ այդպես հեշտ ու հանգիստ չէին կարող գնալ, ինչպես մենք գնացինք, մենք գնացինք առանց վախի: Ես չեմ պատկերացնում, թե միջազգային հանրությունը ինչպես է հանդուրժելու այս գիշեր կատարվածը: Տեղի ունեցածը կոպիտ, ցինիկ, լկտի բռնություն է ոչ միայն մեր ժողովրդի կամքի, այլեւ` մարմնի հանդեպ, ֆիզիկական բռնություն է: Որ ժողովուրդը չի հաշտվելու այս իրականության հետ, ես չեմ կասկածում, մենք արդեն ունենք նոր ժողովուրդ, վախը իր մեջից հանած ժողովուրդ, այս հինգ ամսվա ընթացքում մենք ստեղծեցինք նոր հասարակություն, գիտակից, քաղաքացիական հասարակություն: Նույնիսկ եթե հրաշք կատարվի` Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ես չեմ պատկերացնում, այդ նախագահը, ինչպես է իշխելու այդ ժողովրդին, բացառված է, անհնար է, այս ժողովուրդը արդեն ազատության շունչը շնչել է, նա չի ենթարկվի ուղղակի. «Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ նրանք տասը օր չեն դիմանալու Հայաստանում: Անգամ մինչեւ ՍԴ-ի վճիռը, անգամ ինձ թվում է ԿԸՀ-ն ինքը հարկադրված կլինի վերանայել իր որոշումը: Հիմա արդեն ինձ ասում են, որ մարդիկ չեն հանգստանում, հավաքվում են փողոցներում: Եթե նրանց նկատմամբ բռնություն կիրառվի, դա միանգամայն անօրինական կլինի: Ինքնաբուխ բողոքի ցույցերը, երթերը օրենքով արգելված չեն` արտակարգ դրություն հաստատված չէ, պարետային ժամ չի հայտարարվել»: Առաջին նախագահի հետագա քայլերը` տնային կալանքի պայմաններում որոնք կլինե՞ն. «Տնային կալանքը կարող են վերացնել, ձերբակալության սանկցիա տան, տանեն», - կատակեց Լ.Տեր-Պետրոսյանը: Օրենքով մեզ տրված բոլոր միջոցներից կօգտվենք` կդիմենք քաղաքապետարան, կպահաջենք հանրահավաքների, երթերի, պիկետների թույլտվություններ, կտան` կտան, չեն տա` սրանից հետո մենք իրավունք ունենք, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր` կազմակերպել մեր միջոցառումները: Կգնանք, էլի կծեծեն` թող ծեծեն, կջարդեն` թող ջարդեն, կձերբակալեն` խնդիր չկա»:

Միջազգային կառույցների հետ շփումնե՞ր եղել են, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները տեղեկացվա՞ծ են կատարվածի մասին, հայտարարություններ, գնահատականներ եղե՞լ են գիշերվա դեպքերի առնչությամբ, հետաքրքրվեցինք Առաջին նախագահից. «Ձեզանից շուտ են նրանք տեղեկացվել, անմիջապես բոլորին, հենց հրապարակից իմ բոլոր կապերը օգտագործեցի եւ տեղեկացվել են ԵՄ բոլոր դեսպանները, ԱՄՆ-ի դեսպանությունը, միջազգային դիտորդական կազմակերպությունները, եւ նրանք այնքան արագ են ստացել այդ լուրը, որ մի մասը տեսել է հետագա իրադարձությունները արդեն մեր փողոցներում»: Ո՞րն է հիմնական ուղերձը այն ժողովրդին, ով չնայած գիշերվա բռնություններին առավոտից սկսած շարժվում էր մայրաքաղաքի կենտրոն եւ արդեն հավաքվել, վստահաբար սպասում էր առաջին նախագահի խոսքին, հարցրինք Լ.Տեր-Պետրոսյանին. «Դա ինքնաբուխ շարժում է, եթե հնարավորություն ունենամ մասնակցել, ես կգամ, թող նորից ձերբակալեն, ես կգամ իմ ժողովրդի մոտ, եթե բլոկադայից ինձ թույլ տան դուրս գալ»:

Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանություն-ընդդիմություն երկխոսության, բանակցությունների հնարավորությունը սպառվա՞ծ է` հարցրեց լրագրողներից մեկը. «Այսօրվա հանրահավաքում ես նախապատրաստվել էի հանդես գալ հենց այդ թեմայով: Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի շրջապատից արդեն մեկ շաբաթ է շշուկներ են տարածվում, իբր իրենք ինձ հետ լուրջ բանակցությունների մեջ են, նույն բանը ասել էին ԵՄ դեսպաններին, ինչը հանրահավաքում հերքեցի: Միայն այդպիսի առաջարկ ստանալուց հետո է, որ կորոշեի` ընդունու՞մ եմ այդ առաջարկը, թե՞ ոչ, կամ եթե ընդունում եմ` ինչպիսի պայմաններով եմ ես խոսում, պարզ է, որ եթե ես գնայի բանակցությունների` դա կանեի միայն այն պայմանով, որ մինչեւ բանակցությունները ազատ արձակվեին բոլոր քաղաքական բանտարկյալները, մնացյալը` բանակցությունների նյութ էր: Բայց նման պաշտոնական առաջարկ չի եղել», - հայտարարեց Առաջին նախագահը, նկատելով, որ ընդամենը շշուկներով փորձ է արվել համաժողովրդական ալիքը վարկաբեկել, սակայն ցավով նաեւ նկատեց, որ այդ շշուկները իշխանությունները նաեւ հասցրել են դիվանագետների. «Ավելին` երեկ չէ առաջին օրը. ՌԴ նախագահ Վ.Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Քոչարյանը ասել է երկու բան` բռնությունը բացառված է, Պուտինն էլ զգուշացրել է, որ բռնությունն անթույլատրելի է, եւ հաջորդը` Ռ.Քոչարյանը Պուտինին ասել է, որ հիմա ինքը լուրջ բանակցությունների մեջ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Սա դարձյալ մեր, աշխարհի զգոնությունը բթացնելու համար է»:

Իշխանությունների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հորինված` «իշխանությունը յուրացնելու» քրեական գործի առիթով առաջին նախագահը նշեց, որ, այո, կա նման գործ, որը մոտավորապես կրում է հետեւյալ անվանումը` «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պետական հեղաշրջման փորձ» եւ այս մեկ շաբաթվա ընթացքում փորձել են նյութեր հավաքել. «Վերնագիր են դրել, հարուցել են այդպիսի գործ, դրա հիման վրա տվել խուզարկությունների, ձերբակալությունների հարյուրավոր սանկցիաներ` հղում կատարելով թղթի վրա գրված գործին»: Տարածված այն լուրերի հետ կապված, թե գիշերը մարդկանց վրա հարձակվողները եւ առավոտյան Մաշտոցի փողոցում հավաքվող մարդկանց ցրողները խոսելիս են եղել ղարաբաղյան բարբառով. «Ես տարբեր տեղերից նման ինֆորմացիա ստացել եմ, մասնավորապես` մենք ունենք երկու լուրջ միջադեպ, երկուսից հարցազրույց է վերցված եւ նրանք հաստատում են, որ, այո, Ղարաբաղի բարբառով էին խոսում եւ հայհոյում»:

Առաջին նախագահի պահանջը նույնն է, ինչ ձեւակերպված է ՍԴ-ի դիմումի մեջ` անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների արդյունքները: Իսկ եթե չճանաչվի՞, հարցրին. «Չի ճանաչվի, կգնանք առաջ: ՍԴ-ն կարող է ցանկացած որոշում ընդունել: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ երկրորդ փուլ է տեղի ունենալու, այն ժամանակ մենք կորոշենք` մենք ընդունու՞մ ենք դա, թե՞ ոչ»: Ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար հարցին` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը. «Ունենք մի գործող նախագահ, մի ընտրյալ նախագահ, երկուսն էլ հավասարապես պատասխանատու են: Եթե ես լինեի ընտրյալ նախագահ, ես ոչ մի լծակ չունեի, բայց քանի որ նա վարչապետ է` այս բոլոր ուժային կառույցները ենթարկվում են Սերժ Սարգսյանին հավասարապես»: Ի՞նչ տարբերություն 2003թ. ապրիլյան դեպքերի միջեւ, երբ այն ժամանակ ցրեցին ժողովրդին, բայց իշխանությունները դրանից հետո չհեռացան` հարցրեց լրագրողը. «Տարբերությունները շատ են. այսպիսի ժողովրդական մոբիլիզացիա 2003-ին չկար, այո, Ստեփան Դեմիրճյանը հաղթել էր ընտրազանգվածի շնորհիվ, ոչ թե ժողովրդական ընդվզման պայքար էր, սակայն այսպիսի տեւողությամբ, այսպիսի բազմաքանակ հանրահավաքներ չկային: Հաջորդը` այս ընտրությունները տասնապատիկ ավելի խայտառակ են, քան 2003-ինը, այս ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը շատ ավելի մեծ է, քան 2003-ինը: Այն ժամանակ հիմնական բռնությունները կատարվեցին երկու փուլերի միջեւ»:

1.03.08թ.

Աշխարհի արձագանքներից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է. «Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս գա այդ ճգնաժամից: Շատ ծանր էր դա ինձ համար, հավանաբար շատ ծանր տեսարան էր նաեւ Ձեզ համար», - հայտարարել է Նինո Բուրջանաձեն: «Չեմ թաքցնի, որ կարեւոր էր, որ Աստված եւ բոլոր կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվել են Վրաստանում, փրկեցին մեզ նմանօրինակ դժբախտությունից: Այս դժբախտությունը առավել պարզ ցույց տվեց մեզ, թե ինչից է փրկվել մեր երկիրը», - ընդգծել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցավով է ընդունում բարեկամական Հայաստանի մայրաքաղաքում վերջին իրադարձությունների վերաբերյալ լուրը: Այդ մասին ծանուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերի հարազատներին եւ մերձավորներին եւ հուսով է, որ «Հայաստանի ղեկավարությունը միջոցներ կձեռնարկի ներքաղաքական իրադրությունը կարգավորելու համար` իշխանությունների եւ հասարակական բոլոր ուժերի միջեւ` հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման շահերից ելնելով»:

ԵԱՀԿ նախագահը մտահոգված է Երեւանում խաղաղ ցուցարարների ցրմամբ: ԵԱՀԿ նախագահ , Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է Երեւանում մարտի 1-ին ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների հանդեպ: «Ես իշխանություններին առավելագույն զսպվածության կոչ եմ անում: Ես մտահոգված եմ, որ կա տեղեկատվություն տուժածների մասին: Ես կոչ եմ անում իշխանություններին ազատել նրանց, ովքեր կալանավորված են եւ կրկին կառավարությանը եւ ընդդիմությանը երկխոսության կոչ եմ անում», - նշել է ԵԱՀԿ նախագահը: Նա միաժամանակ ընդգծել է. «ԵԱՀԿ-ն երկխոսությունը համարում է կայունության հիմքը: Հայաստանում այս կարեւոր փուլում զարգացման ոլորտում ամեն ինչ պետք է արվի լարվածությունից խուսափելու համար», - ասել է Կաներվան:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը եւս մտահոգված է հայաստանյան իրադարձություններով:

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4000 ցուցարարների վրա: Նստացույցի մասնակիցների մեջ կային ծերեր, կանայք, նաեւ երեխաներ, քանի որ շատերը նստացույցին մասնակցում էին ընտանիքներով: Այդ պահին մարդկանց մեծ մասը քնած էր վրաններում: Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Այդ պահին հրապարակում գտնվող եւ ժողովրդին ու զինվորներին սթափության կոչ անող Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջափակվել է գործող նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի գլխավորած մի խմբի կողմից, որոնք նրանից պահանջել են լքել հրապարակը: Լեոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ իր տեղը Ազատության հրապարակն է, եւ ինքը ոչ մի տեղ չի գնա: Շուրջ երկու ժամ նա հրաժարվել է կատարել հրապարակից հեռանալու պահանջը, որից հետո նրան ձերբակալել եւ բռնի ուժով տեղափոխել են իր բնակարան: Նրա բնակարանն այժմ շրջափակված է զինվորներով, որոնք հայտարարում են, որ իրենց հրամայված է ոչ մեկին թույլ չտալ ներս ու դուրս անել, այսինքն՝ Առաջին նախագահը գտնվում է տնային կալանքի մեջ:

Լեոն Տեր-Պետրոսյանը Ժամը 11-ին հրավիրել է մամուլի ասուլիս:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

մարտի 1, 2008թ.

Քաղբանտարկյալների կոչը

Մեր պայքարն արդեն մտնում է վճռորոշ ու հաստատուն փուլ: Հոգեվարք ապրող չարիք իշխանությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի ու բռնության կիրառմամբ վերջնականապես ինքնասպանվեցին `ապացուցելով իրենց եղկելիությունը, իրենց ողորմելի ու հակահայ բնույթը: Քոչարյանասերժական քստմնելի ռեժիմը հայ ժողովրդի համար այլեւս գոյություն չունի: Այսօր այդ իշխանության թափթփուկներին ասպարեզից քշելը համարվում է իսկական ազգային-ազատագրական պայքար եւ ինչպես հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք կամք ու վճռականություն պայքարելու թե արտաքին եւ թե ներքին թշնամիների դեմ, այսօր նույնպես պետք է դրսեւորենք նույն կամքն ու վճռականությունը մեր ժողովրդի իշխանությունը բռնազավթածներից երկիրը վերջնականապես մաքրելու եւ վերջապես ազատագրելու համար: Նրանց ստոր գործողությունները մեզ մազաչափ անգամ չպետք է հուսահատեցնեն, ընդհակառակը պետք է դառնանք ավելի համախմբված, ավելի տոկուն եւ ավելի նվիրված: Այս վճռական պահին մենք կոչ ենք անում անվերապահ վստահել եւ հավատալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր ցուցումներն ու առաջադրանքները, որոնք լինելու են մեր հաջողության հիմնական գրավականը: Հայոց հաղթանակն անկասելի է: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Քաղբանտարկյալներ`

Արման Բաբաջանյան,

ժիրայր Սեֆիլյան,

Վարդան Մալխասյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք չենք նահանջելու»

Մարտի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Երեւանում գտնվող արտասահմանցի լրագրողներին:

Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իր շուրջը ձեւավորված համաժողովրդական Շարժման մասին նախ նա արձանագրել է, որ մինչ մարտի 1-ը ընդդիմությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում, որեւէ օրինախախտում թույլ չեն տվել, գործել են օրենքի տառին հավատարիմ, նույն ձեւով առաջնորդվել են նաեւ ընտրություններից հետո. մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 10 օր շարունակ հանրահավաքներ են անցկացվել գիշեր-ցերեկ, վրաններում մարդիկ են մնացել, նստացույց է եղել: Թե ինչու են մարդիկ հարկադրված նստացույցի անցել եւ գիշերել վրաններում` Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ դա միակ միջոցն էր հրապարակը պահելու, միակ միջոցն էր` ժողովրդի հետ շփվելու, քանի որ ընդդիմությունը ամբողջությամբ զրկված է եղել հեռուստաեթերից, ռադիոյից: Առաջին նախագահը շեշտել է, որ այժմ դրանից էլ են զրկված եւ Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված:

Անդրադառնալով փետրվարի 19-ի ընտրություններին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ դրանք ընտրություններ չէին` դա բռնություն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օգտագործել են վարչական, ֆինանսական, տեղեկատվական, ապատեղեկատվական, կրիմինալ ռեսուրսները. բոլոր քրեածին տարրերը, «գողերը», թմրամոլները, մարդասպանները մաքսիմալ օգտագործվել են այս ընտրությունների ընթացքում: Առաջին նախագահը արտերկրի լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ֆորմալիստական է գնահատում, քանի որ այնտեղ արտացոլված չէ խնդրի էությունը, այլ պարզ թվաբանություն է իրականացված, հիշատակվել են տարբեր օրինախախտումներ, բռնությունների մի քանի դեպքեր ընդամենը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ նման վերաբերմունքը ծաղրանք է ժողովրդավարության եւ հայ ժողովրդի հանդեպ. «Ընտրությունները միայն ընտրությունների օրը չէ, այլ ողջ գործընթացն է, որը հինգ ամիս տեւել է, եւ որի ընթացքում իմ հազարավոր թիմակիցների, կողմնակիցների նկատմամբ կիրառվել են ամենատարբեր ճնշումներ ու ահաբեկումներ, ընտրությունների օրը ձերբակալություններ են իրականացվել, դաժան բռնությունների են ենթարկվել մարդիկ` թե ոստիկանության աշխատակիցների, թե քրեածին տարրերի, թե պետական պաշտոնյաների կողմից` հենց ընտրատեղամասերում: Ժամը 20.00-ից հետո` քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում վստահված անձանց պարզապես դուրս են հանել ընտրատեղամասերից, անգամ ճնշումների են ենթարկվել միջազգային դիտորդները», - տեղեկացրել է ընդդիմության առաջնորդը:

Փետրվարի 19-ին հետեւել են նոր ձերբակալություններ` ընդգծել է Լ.Տեր-Պետրոսյանը. «Այն բոլոր անհատները, ովքեր աջակցում էին ինձ աշխատանքից կամ հեռացվում կամ ձերբակալվում էին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը աջակցեց ինձ, նրան 10 րոպեից հեռացրին աշխատանքից: Ինձ աջակցելու հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ արտգործնախարարի տեղակալը, երեք դեսպաններ, իսկ ՀՀ ԱԳ նախարարը անմիջապես հեռացրեց նրանց աշխատանքից, ավելին` նախագահը անմիջապես զրկեց նրանց դեսպանի կոչումներից, որի իրավունքը նա սահմանադրորեն չուներ: Այսինքն` այս բոլոր բռնությունները չէին կարող չազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - պարզաբանել է Առաջին նախագահը: Այնուհետեւ հարց է ուղղել արտասահմանցի լրագրողներին` համոզմունք հայտնելով, որ եթե իրենց երկրներում ընդդիմության 50 կողմնակիցներ ձերբակալվեին, եվրոպացիները աչք չէին փակի իրենց պետություններում, ինչը Հայաստանի դեպքում անտեսվում է. «Ի՞նչ է, մենք երկրորդ կարգի մարդիկ ե՞նք... Չի կարելի այդպես, եթե չափանիշներ են` դրանք բոլորի համար են չափանիշներ, այն, ինչ անթույլատրելի Եվրոպայում, պետք է անթույլատրելի լինի նաեւ այստեղ: Այսինքն` մենք շատ դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումներից», - հավելել է նա` նաեւ նկատելով, որ դա ազնիվ վերաբերմունք չէ մեր ժողովրդի հանդեպ, դրանով միջազգային դիտորդները մասնակիցն են դառնում Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության հաստատմանը, ասել է թե` հայ ժողովրդի դեմ են հանդես գալիս. «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները: Եթե միջազգային հանրությունը ընդունի այդ արդյունքները, կնշանակի, որ նրանք աջակցում են մի ռեժիմի, որը մոտ է Սադամ Հուսեյնի ռեժիմին, կնշանակի, որ միջազգային հանրությունը գնում է մեր ժողովրդի դեմ, որ հետաքրքրված չէ Հայաստանում ժողովրդավարացման հաստատման խնդրով, եւ մենք չենք հավատա նրանց անկեղծությանը»:

Անդրադառնալով մարտի 1-ի գործողություններին` Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է, որ դրա արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդեն ամբողջ ժողովրդին իրենց դեմ տրամադրեցին, եւ եթե նրանց հաջողվի մնալ իշխանության ղեկին, նրանք ղեկավարելու են մի ժողովրդի, որը նրանց չի ընդունում, ատում է եւ չի աջակցում նրանց եւ վստահեցրել է, որ մարտի 1-ի դեպքերի արդյունքում իրեն աջակցողների թիվը կրկնապատկվել է: Իսկ մարտի 1-ի օպերացիայի մոտիվը, ըստ Առաջին նախագահի, համաժողովրդական Շարժման հետագա հզորացմանը խոչընդոտելն է եղել, նաեւ` ՍԴ-ում մեկնարկող գործընթացը համաժողովրդական բողոքի ալիքին զուգահեռ չթույլատրելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը այնուհետեւ պատմել է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված օպերացիայի մանրամասները, թե ինչպես են խաղաղ ժողովրդի դեմ բռնի գործողությունները սկսվել առանց որեւէ զգուշացման, թե ինչպես են առաջին նախագահին շրջապատել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովը եւ նրա սպաները, մեկուսացրել Առաջին նախագահի թիկնապահներին, ապա նրան տուն բերել եւ ըստ էության թույլ չեն տալիս դուրս գալ տնից: Առաջին նախագահը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակի ծեծուջարդին հետեւել են Շարժման առաջնորդների ու կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները:

Գալով Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքի դեպքերին Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ ժողովուրդը դարձյալ հավաքվել էր` բողոքի ձայնը բարձրացնելու եւ միակ մարդը, ով կարող էր կանոնակարգել իրավիճակը, հանդարտեցնել ժողովրդին` դա ինքն էր: Առաջին նախագահը սա գիտակցելով դիմել է Գրիշա Սարկիսովին, ասել է, որպեսզի նա նախագահին զեկուցի, որ այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը իր` այնտեղ գնալը եւ ժողովրդին հանդարտեցնելը կլինի: Լ.Տեր-Պետրոսյանի մատուցմամբ` նախ տպավորություն է ստացել, թե իր այդ առաջարկին լուրջ են վերաբերվել, սակայն քիչ անց պարզվել է, որ դա ցանակալի տարբերակ չէ: Այնուհետեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հանդիպել է դեսպաններին, տեղեկացրել է, որ իշխանությունները որեւէ փոխզիջման չեն գնա, պետք է ցրեն ժողովրդին եւ սկսել են գրոհը` հանդիպելով ավելի մեծ դիմակայության, քան Ազատության հրապարակում էր: Այստեղ, սակայն, Լ.Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ նկատվել են նոր երեւույթներ. «Հայտնվել են սադրիչներ, որոնք սադրանքներ են հրահրել, դրանք իշխանության կողմից ուղարկված սադրիչներ են եղել, Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների վրա ակնհայտորեն նկատվում էր` դրանք սափրված, կոկիկ, մաքուր հանգնված մարդիկ են եղել, ոչ այն մարդիկ ովքեր օրեր շարունակ գիշերել են Ազատության հրապարակում, դրանք` Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի մարդիկ էին, անգամ, երբ պետական հեռուստատեսությամբ ցուցադրում էին ավերի, խանութների թալանի տեսարանները, այդ մարդկանց դեմքը չէր ցուցադրվում», - արտասահմանյան լրագրողներին տեղեկացրել է առաջին նախագահը` հավելելով, որ այսկերպ ամբողջ աշխարհին ներկայացվել է, թե ընդդիմությունը ուժ է կիրառել. «Սա էր իշխանությունների նպատակը, ինչն էլ արտակարգ դրություն հայտարարելու առիթ է հանդիսացել»:

Անդրադառնալով հետագա քայլերին` Լ.Տեր-Պետրոսյանը նկատել է, որ այժմ նոր իրավիճակ է` իշխանությունները իրենց դեմ են տրամադրել ամբողջ ժողովրդին, ինչը չի կարող միջազգային հանրության ուշադրությունից վրիպել, արդեն կան բավական կոշտ, դատապարտող գնահատականներ եւ հայտարարություններ, համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճնշումները շատ մեծ են լինելու, միջազգային հանրությունը այժմ արդեն ստիպված է գիտակցել, որ Հայաստանում կգործի մի ռեժիմ, որը բացարձապես չի վայելում ժողովրդի վստահությունը: Առաջին նախագահը նշել է, թե այս իրավիճակում չի հավատում որ ՍԴ-ն իրեն արժանավայել կդրսեւորի, չնայած այն բանին, որ նյութերը, փաստերը, որոնք ներկայացրել ենք ՍԴ-ին` չափազանց լուրջ են եւ դրանք բավարար են ընտրություններն անմիջապես չկայացած համարելու համար:

«Կանցնեն այս 20 օրերը` արտակարգ դրությունը որքա՞ն կարող են պահել... Մենք չենք նահանջելու, օրենքի սահմաններում մենք պայքարելու ենք մինչեւ այս կրիմինալ, ավազակապետական ռեժիմի հեռացումը` չվախենալով բանտերից, տնային կալանքներից, նրանց սպառնալիքներից, նրանք չափազանց մանր մարդիկ են, որպեսզի մեզ կարողանան վախեցնել, անգամ Մ.Գորբաչովը չկարողացավ վախեցնել մեզ», - ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: Այս համատեքստում առաջին նախագահը կարեւորել է այն, թե որքանով Արեւմուտքը հավատարիմ կմնա այն սկզբունքներին, որոնց ջատագովն է հանդիսանում. «Սա քննություն է Արեւմուտքի համար», - նշել է նա, վստահեցրել, որ Հայաստանում այժմ նոր հասարակություն է ձեւավորվել. «Ամենագլխավոր ձեռքբերումը այն է, որ վերջին 5 ամիսների ընթացքում ինձ եւ իմ շուրջը ձեւավորված Շարժմանը հաջողվել է ձեւավորվել մի համարձակ հասարակություն, քաղաքացիական հասարակություն, որը գիտակցում է իր իրավունքները, դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք այլեւս չեն հանդուրժի այն, ինչը նախորդ սերունդն է հանդուրժել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն գիտակցում, թե ինչ հասարակության հետ գործ ունեն: Եթե անգամ ես ոչնչի չհասնեմ, այն ամենը, ինչ արվել է այս 5 ամիսների ընթացքում` ամենագլխավոր հաղթանակն է ոչ միայն իմ, այլեւ ամբողջ Հայաստանի համար, մենք ունենք մի նոր սերունդ, որը շնչել է ազատության օդը եւ խլել այն հասարակությունից չեն կարող»:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում մեկնարկած, մասնավորապես` Գյումրիում, Վանաձորում բռնկված բողոքի հուժկու ակցիաներին Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում նման բողոքի ակցիաներ կանցկացվեն ամենուր եւ չի բացառել անգամ իր թիմակիցների կողմից հանրահավաքների կազմակերպումը Երեւանից դուրս: Նա պաշտոնապես հայտարարել է, որ քանի դեռ իրեն թույլ չեն տալիս տնից դուրս գալ եւ հարազատներից բացի` որեւէ մեկին այցելել իրեն, հետեւաբար ինքը գտնվում է տնային կալանքի պայմաններում:

Միջազգային հանրությունը վերաքննության առաջ

Գարունը կարծես թե դարձել է մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը:

Մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր ողբերգություններն ու ցնծությունները մեծ մասամբ բաժին են ընկնում տարվա այդ ժամանակահատվածին: 2008 թվականին այդ հաշվեկշիռը փոխվեց: Եթե մեր ցնծությունները գերակշռում էին ողբերգություններին, ապա այժմ արդեն այդ գերակշռությունը մեկով ավելի պակաս է, իսկ եթե ողբերգություններն էին գերակշռում, ապա այժմ արդեն` մեկով ավելի: Իսկ առանձնահատկությունն այն է, որ այս անգամ մեր ազգային ճակատագրի հաշվեկշիռը փոփոխվեց մեր իսկ հաշվին, մեր քաղաքացիների մարմնի ու հոգու հաշվին: Ինչ կլիներ, եթե այդպես չլիներ. երեւի թե արդեն ավելորդ է մտածել: Կարող էր ամեն ինչ լինել, բայց եղավ այն, ինչը հատկապես պիտի չլիներ, եղավ այն, ինչն ամենավատն էր, որ կարող էր լինել: Տեղի ունեցածի համար, անկասկած, կլինեն մեղավորներ, ընդ որում` մեղավորներ ըստ պաշտոնական վարկածի եւ մեղավորներ իրականում, որոնք երեւի թե խուսափեն պատասխանատվությունից տարածության մեջ, բայց ոչ երբեք` ժամանակի: Սակայն հիմա երեւի թե մեղավորների ու պատասխանատուների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, որովհետեւ կատարվածի պաշտոնական վարկածը դրանից չի փոխվելու եւ ոչ էլ առաջանալու է դրա հանդեպ քաղաքացիական վստահություն: Այդ իսկ պատճառով այս պահին, թերեւս, արժե կատարել մի քանի արձանագրում, որոնց հիման վրա հնարավոր է որոշակի ենթադրություններ անել առաջիկա հնարավոր զարգացումների տեսանկյունից: Առաջինն ու ամենամեծը, անդառնալին մարդկային կորուստն է, որ չի վերականգնվելու ոչ մի ժամանակ, իրադրության ցանկացած զարգացման դեպքում: Դրանից հետո, իհարկե, դժվար է խոսել որեւէ այլ կորստի մասին, արձանագրել տեղի ունեցածի որեւէ այլ հանգամանք եւ դրա վրա կառուցել ապագայի որեւէ ենթադրություն: Բայց այնուամենայնիվ, Հայաստանում 2008 թվականի գարունը բացվեց այնպես, որ չի բացառվում անգամ, որ մեր երկիրն այլեւս պտտվի ոչ թե երկրագնդին համընթաց, այլ դրան հակառակ, ուր գարնանն այսուհետ, մեզ մոտ հաջորդի ձմեռը: Համենայնդեպս այն ինչ առկա է, լավատեսության քիչ հիմք է տալիս: Հայաստանում էապես խորացավ վստահության ճգնաժամը: Իշխանության հանդեպ առկա անվստահությունն էլ ավելի խորացավ արդեն կոնկրետ, շոշափելիորեն, ընդ որում` այնպիսի ինստիտուտների հանդեպ, ինչպիսին բանակն է, որով ինչ-ինչ, բայց Հայաստանի քաղաքացիները հպարտանում էին իրավամբ: Հիմա այդ քաղաքացիները գիտեն, որ բանակը ոչ թե իրենց, այլ իշխանությանը պաշտպանելու համար է: Այսինքն` հայ մարդը, որ կարծում էր, թե գոնե բանակով, բանակում ծառայող իր որդով է երկրի տերը, այժմ սկսելու է կասկածել անգամ երկրի, հողի ու ջրի հետ ունեցած այդ մի կապին էլ: Այսինքն` իշխանությանը «հաջողվեց» այն, ինչ չէր հաջողվել մեր ողբերգական գարունների օտար ճարտարապետներին: Սակայն հոգեւոր ավերակների վրա ինչպես է թագավորելու այդ իշխանությունը: Սա մի խնդիր է, որ գուցե հիմա էլ իշխանության համար լիովին գիտակցված չէ: Եվ թերեւս առավելապես մի ճանապարհ կա, որ այդ գիտակցումն առաջանա: Դա մեր երկրի միջազգային գործընկերների վերաբերմունքն է: Հայաստանում ստեղծված իրավիճակին այժմ միայն նրանք կարող են տալ համարժեք պատասխան, որոշելով` նրանք իշխանությա՞ն, թե՞ հայ ժողովրդի գործընկերներն են: Միջազգային արձագանքից առայժմ այդ մասին որոշակի պատկերացում կազմելը չափազանց դժվար է: Գնահատականները, որ տրվում են Հայաստանում տեղի ունեցածին ու առկա վիճակին, բավական հարուստ են դիվանագիտությամբ: Անկասկած, դրանք իրական հարաբերությունները սքողելու համար են եւ այդ հարուստ դիվանագիտության տակ, անկասկած, կան շատ ռեալ գործողություններ ու խոսակցություններ, որովհետեւ ինչքան շատ է ծածկող դիվանագիտությունը, այդքան ուրեմն շատ է անհրաժեշտ ծածկելիքը: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչն է ծածկվում` իշխանության հետ հերթական գործա՞րքը, թե՞ արդեն բաց ու անկեղծ խոսակցությունը: Սա շատ էական է, որովհետեւ Հայաստանի իշխանությանը կարծես թե կարող է իրականությանն ադեկվատ դարձնել միայն միջազգային ադեկվատ վերաբերմունքը: Այդ տեսանկյունից, բնականաբար, էական նշանակություն է ունենալու, թե միջազգային հանրությունն ինչ խնդիր է հետապնդում Հայաստանում: Իսկ դրա մասին պատկերացում կազմելու համար էլ, բնականաբար, կարեւոր է դառնում հասկանալ, թե ինչ ասել է միջազգային հանրություն եւ ում դեմքով է այն հանդես գալիս: Արդյոք այդ հանրությունը Միացյալ Նահանգներն է, Եվրոպան կամ Ռուսաստա՞նը, թե՞ միայն Նահանգներն ու Եվրոպան, թե՞ երեքը միասին: Այստեղ որոշակիությունն այդքան էլ մեծ չէ: Բոլոր ուղղություններից էլ հնչել են հետագա բռնությունները կանխելու եւ երկխոսության միջոցով ճգնաժամը հաղթահարելու կոչեր:

Դրանից մի տեսակ տպավորություն է ստացվում, որ մինչեւ այդ եղած բռնությունները կարծես թե կարող են ներվել, քանի որ դատապարտումի հստակ ձեւակերպումները, այնուամենայնիվ, բացակայում են: Սակայն կրկնում ենք, որ դա միայն արտաքին աշխարհի, աշխարհաքաղաքական կենտրոնների տված արձագանքի բաց տեքստերի հիման վրա արված եզրակացության արդյունք է: Դա կարող է նշանակել, որ իրականում միջազգային հանրությունը կտրուկ արտահայտություններից առայժմ խուսափում է աշխատանքի հնարավորությունները չկորցնելու համար, որովհետեւ ցանկացած կտրուկ արտահայտություն նվազեցնում է վարվող քաղաքականության ճկունության աստիճանը, իսկ բարդ քաղաքական իրավիճակներում դա ամենեւին էլ խրախուսելի չէ: Ի վերջո` քաղաքականությունը պետք է հնարավորինս զերծ պահել էմոցիաներից, իսկ սխալներն ուղղելու լավագույն ձեւն էլ մեղավորներին անմիջապես պատժելը չէ, ավելին` պատիժը նույնիսկ նվազեցնում է սխալն ուղղելու հավանականությունը:

Միջազգային հանրության առաջին հայացքից արտաքնապես առայժմ զուսպ վերաբերմունքը կարող է թելադրված լինել հենց այդ հանգամանքով: Կարեւորն, իհարկե, այդ վերաբերմունքի արտահայտչականությունը չէ, որն ինչ խոսք կարող էր խիստ լինելու դեպքում բավարարել հանրության այն վիրավորանքը, որ առկա է սեփական երկրի իշխանության հանդեպ, եւ որի բալասան է դիտվում արտաքին աշխարհի դիրքորոշումը: Կարեւորը միջազգային արձագանքի արդյունավետությունն է: Այդ տեսանկյունից առայժմ բավական բարդ է արձանագրել որեւէ դրական կամ բացասական տեղաշարժ, թեեւ այն, որ բացասական տեղաշարժ չկա, դա արդեն իսկ կարող է դրական դիտվել: Սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակն այնքան խորն է իր լարվածությամբ եւ այնքան մեծ` ցավով, որ մխիթարական գործողությունները բացարձակապես անօգուտ են եւ նույնիսկ ավելի վտանգավոր, եթե չեն արվում բուժման գործնական քայլեր: Իսկ դրա մեխանիզմները գտնվում են հենց միջազգային հանրության ձեռքում, որովհետեւ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը չունի բուժման համար անհրաժեշտ վարպետություն, իսկ հասարակությունն էլ չունի անհրաժեշտ պաշտպանվածություն: Այդ տեսանկյունից, եթե մինչեւ մարտի 1-ը, ինչպես առաջին նախագահն էր ասում, քաղաքակիրթ հանրությունը քննություն էր հանձնում Հայաստանում, ապա մարտի 1-ից հետո այն կանգնել է վերաքննության անհրաժեշտության առաջ, այլապես մեծ է «դուրս մնալու» հեռանկարը:

Եզրակացություն

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին»

ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրը

ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագիրն ընդունվել է սահմանադրական կարգի կոպիտ խախտմամբ, այն է` արտակարգ դրության իրավական ռեժիմը չի սահմանվել համապատասխան օրենքով եւ հիմնված է կամայական մոտեցումների վրա:

Որպես հետեւանք, կոպտորեն խախտվում են ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես`

1. որպես իրավական հիմք է ընդունվել, ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի, փաստորեն, արդեն չգործող 6-րդ կետի պահանջները (տես նաեւ նույն հոդվածի 1-ին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետերը), ինչի հետեւանքով երեւանցին զրկվում է իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանությունից.

2. արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ որեւէ իրավական ակտի կամ կարգի բացակայության պայմաններում, անհասկանալի են մնում հրամանագրի 3-րդ կետով սահմանված ոստիկանության եւ պաշտպանության նախարարության պարտականությունները այն ապահովելու ուղղությամբ:

Ավելին` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մեկնաբանությունները հրամանագրով չսահմանված ինչ-որ պարտականությունների կատարման վերաբերյալ, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` տպավորություն ստեղծելով անգամ, որ երկրում ոչ թե ընտրական, այլ` պատերազմական գործընթացներ են ընթանում.

3. Հրամանագիրը որեւէ տեղեկատվություն չի պարունակում այն հանգամանքների մասին, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելուն եւ այդ պայմաններում անհայտ է մնում հրամանագրի 2-րդ եւ 4/6-րդ, ինչպես նաեւ Ուղերձի 7-րդ կետերի կատարումը օրենսդրության շրջանակներում.

4. հայտարարելով արտակարգ դրության տարածքի սահմանները (Երեւան քաղաք) եւ, միաժամանակ, սահմանափակելով ԶԼՄ-ներ (այդ թվում, էլեկտրոնային), համապատասխան իրավունքները, փաստորեն ստացվում է, որ արտակարգ դրություն է հայտարարվել երկրի ողջ տարածքում:

Ավելին, եթե «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում խոսքի ազատությունը սահմանափակվում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն հրամանագրով կամայական որոշում է կայացվել, որ այն պետք է հնչի միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

5. հրամանագիրը, գործնականում վերածվել է միայն մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումների, այն էլ` հիմնականում արգելման եւ խոսք անգամ չկա այն մասին, թե այդ պայմաններում ինչպես պետք է գործեն պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք.

6. հրամանագրում բացարձակապես խոսք չկա այն մասին, թե ինչպես պետք է երեւանցին իրականացնի իր ընտրական իրավունքները, դեռեւս շարունակվող ընտրական գործընթացներում:

Այսպիսով, հրամանագիրը, իրենից ներկայացնելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների իրար հետ չկապակցված եւ անտրամաբանական շարադրանք, լրջորեն ոտնահարում է մարդու իրավունքների ու ազատությունների իրականացումը, այն էլ ընտրական գործընթացներում:

Հրամանագրով պայմանավորված համապատասխան ուղերձն էլ, իր հերթին, հիմքում ունենալով եզրահանգում այն մասին, իբր «վերահաշվարկները որեւէ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, չի ներկայացվել որեւէ գանգատ Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններ», կարող է թյուրիմացություն առաջացնել եւ վտանգել մարդու քաղաքական իրավունքների հետագա պաշտպանության խնդիրները:

Այդ առիթով հայտարարում ենք, որ ընտրությունները գործընթաց են, չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով եւ տեղեկացնում, որ բոլոր իրավասու պետական մարմիններում (ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան եւ այլն) կան բազմաթիվ չքննարկված դիմում-բողոքներ, որոնք պարունակում են տեղեկություններ քվեարկության վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային ընտրախախտումների մասին:

Հայտարարում ենք նաեւ, որ ԿԸՀ-ն, կոպտորեն խախտելով ընտրական օրենսգրքի 53-րդ եւ 86-րդ հոդվածի պահանջները, ամփոփել է ընտրությունների արդյունքներն առանց այդ խախտումները հաշվի առնելու:

Իսկ ընտրողը, այդ թվում հայաստանցին, իրավունք ունի պետությունից պահանջել իր քաղաքական իրավունքների իրականացման ապահովումը եւ օրինական այդ պահանջը պետք է հարգել, այլ ոչ թե մարդկանց ջարդուփշուր անել:

Այդ առիթով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջները, հարկ ենք համարում դիմել ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարին, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.08թ. հրամանագրում առկա կոպիտ խախտումների վերացման հարցով, ինչպես նաեւ, նույն օրենքի 87-րդ հոդվածի պահանջների համաձայն, դիմել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն` համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով:

Կազմակերպության նախագահ

Հոկտեմբերի 27-Մարտի 1` նույն ձեռագիրն է

Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:

Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ երկու անգամ ինքնակոչված, ՀՀ Սահմանադրությունը խախտած եւ որպես երկրի նախագահ ոչ մի իրավունք չունեցող Ռ.Քոչարյանը հստակ ակնարկեց, թե ինչ է պատրաստվում անել հաղթած ընդդիմության եւ իր հաղթանակը հետապնդող ժողովրդի գլխին. «Ընդդիմությունը հուսախաբության հետեւանքով գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար»:

Արյունոտ սցենարի սկիզբը Մարտի 1-ի առավոտյան 6.20-ի սահմաններում էր, Ազատության հրապարակում, իսկ 11.30-ին արդեն այդ իշխանական վանդալիզմից մազապուրծ ժողովուրդը «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով քայլում էր Մաշտոցի պողոտայով: Բայց նախ` սկզբից: Արարատ անունով (հասկանալի պատճառներով ազգանունը չենք նշում) միջին տարիքի տղամարդու պատմածներով 5.30-ի մոտակայքում եղավ հերթական ահազանգը, թե «զորքը պիտի հարձակվի, ուզում են ժողովրդին ծեծել-քշել, իսկ ընդդիմությանը ձերբակալել»: Բայց քանի որ նման ահազանգեր էլի էին եղել, այս մեկին էլ խաղաղ նստացույցավորները նշանակություն չէին տվել: Մեծ մասը քնած էր եւ...

«Կարապի լճի կողմից տղամարդիկ մտան հրապարակ ու շարվեցին, դրանց հետեւից եկան վահաններով ու մահակներով զինված ոստիկանության ջոկատները: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսափողից դիմեց ժողովրդին, թե` ոստիկանների հետ կոնտակտի մեջ մի մտեք, նրանք մեր ոստիկաններն են: Մենք մի ժողովուրդ ենք: Տեսնենք հիմա, թե ինչ ունեն մեզ ասելու իրենք:

...Առաջինը հարձակվեցին Մաշտոցի պողոտայի կողմից, իսկ ժողովրդի միջից հանկարծ ինչ-որ մարդիկ հագան դիմակներն ու թիկունքից հարձակվեցին ժողովրդի վրա: Իրենց հայհոյանքներից հասկացվեց, որ կրիմինալի ներկայացուցիչներ են: Մարդիկ կային, որ դրանց մեջ ճանաչեցին Թոխմախի Մհերի տղերքին: Հարձակվեցին մյուս կողմից էլ ու ժողովուրդը մնաց կենտրոնում` անզեն, մի մասն էլ քնած էր: Մոտ 4000 մարդ կար, որից մոտ 500-ը իրենց մարդիկ էին, որովհետեւ մեր միջից հայտնվեցին դիմակավորները: Մեր ունեցածը մի քանի փայտի կտորներ էին, որոնք բերել էինք գիշերը` կրակ վառելու համար: Մարդիկ ինքնապաշտպանական միջոցներ էին փնտրում: Ես, օրինակ, ջարդեցի լուսանկարների ցուցատախտակը, որի վրա փակցված էին 88-ի Շարժման եւ այսօրվա Շարժման լուսանկարներից: Ինձ էլ խփեցին, ընկա գետնին, վրաս գազ փչեցին, գազը լցվեց աչքս ու բերանս: Լկտի, փողոցային հայհոյանքներով ասում էին` դուրս արի: Ուզում էի դուրս գալ` փետը ձեռքիցդ գցի: Ինձ ծեծելով դուրս հանեցին: Ու այդ ժամանակ «Կարապի լիճ» սրճարանի մոտից երկրորդ զինված ջոկատը եկավ: Ես, բարեբախտաբար, հասցրեցի դրանց կողքով փախչել: Այդտեղից Հյուսիսային պողոտայով մինչեւ ֆրանսիական դեսպանատուն բոլորիս ծեծելով քշել են: Հետո եղբորս տուն հասա, լվացվեցի, նորից դուրս եկա: 7.30-8.00-ի մոտերքում էր: Մաշտոց-Թումանյան անկյունում խումբ-խումբ մարդիկ էին կանգնած ու «Լեւոն» էին վանկարկում: Ոստիկանության «Նիվա» մեքենաները մոտեցան, դրանց միջից դուրս եկան ու սկսեցին դուբինկեքով ծեծել ժողովրդին: Մի երիտասարդ աղջիկ, տնից տեսել էր ու գրտնակով դուրս եկել: Մի ոստիկանի -խփեց ու էս աղջկան գցեցին գետնին ու դուբինկեքով ծեծեցին: Ես էլ փորձեցի պաշտպանել, ինձ էլ ծեծեցին»:

Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ՀՀ խաղաղ նստացույցավոր ժողովրդի նկատմամբ գործող իշխանության իրականացրած սպանդի մասին պատմեց նաեւ Արմեն անունով երիտասարդը. «Մաշտոցի պողոտայի կողմից մի «Ջիպ» մոտեցավ: Միջից դուրս եկան տղամարդիկ ու սկսեցին խոսել-շփվել: Մեկին թե` դու մեր էլեկտրիկը չե՞ս, մյուսին` մենք էլ ենք ձեզ հետ: Իբր` ընկերական զրուցում են ու մեկ էլ դրանց հետեւից մարդիկ մտան ու սկսեցին ժողովրդին ծեծել: Այլանդակ հայհոյանքներ էին անում, դուբինկեքով ծեծում, էլեկտրաշոկ անում քնած մարդկանց: Թուրքից բեթար: Ինչո՞վ էին տարբերվում էն ադրբեջանցի Սաֆարովից, որ Հունգարիայում կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին»:

Իսկ ահա թե ինչ պատմեց մեկ ուրիշը. «Երբ ժողովրդին դիմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես այդ ժամանակ լսեցի էլեկտրաշոկի ձայնը ու հասկացա մեզ ինչ է սպասվում: Երբ հարձակվեցին ժողովրդի վրա, ես փորձում էի փախչել ու չգիտեի ինչ անեի: Այդ վազվզելու ժամանակ «Ատլանտիկ» սրճարանի մոտ տեսել եմ մարդ, որի շուրջը գազի մշուշ էր, այսինքն գազ էլ էին օգտագործում: Իսկ իմ տեսած ոստիկանության փոխգնդապետի ներկայության փաստը ապացուցում է, որ կրիմինալի ներկայացուցիչներ եւ ոստիկանության ջոկատներ էին այնտեղ»:

Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասաց.«Տեսել ենք 12-ամյա մի երեխայի, ում նկատմամբ դաժան բռնարարքներ են կիրառել: Որեւէ օրենք չի գործում երկրում, պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված անձանց: Ծանր վիրավորներ կան` մենք անձամբ ենք տեսել: Բազմաթիվ հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ են գտնվում: Նույնիսկ ահազանգ ստացանք, որ «Լեչկոմիսիայի հիվանդանոցը շրջապատված է ոստիկաններով»:

Միանշանակ է: Սպանդ: Ուրիշ բառով չես կոչի: Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն է, ապրիլի 12-13-ի վանդալիզմի շարունակությունն է, բոլոր քաղաքական սպանությունների, հետապնդումների, ձերբակալությունների, վերջին 10 տարիներին ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացրած բարոյական-հոգեբանական-ֆիզիկական ճնշումների շարունակությունն է:

1.03.08թ.

Ականատեսի վկայություն

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում էի խարույկի մոտ հավաքված մարդկանց հետ: Քիչ հետո մեզ մոտեցավ նստացույցի մեկ այլ մասնակից ու ասաց` ոնց որ ուզում են մեզ շրջապատել: Մի քանի ժամ անց, մոտավորապես 6.30-ի սահմաններում, աղմուկ-աղաղակ լսեցինք, տեսանք ոստիկանները շրջապատում են օպերայի տարածքը` իրենց ձեռքի մահակներով ուժեղ հարվածելով վահաններին: Այդ ժամանակ հրահանգ եղավ, որ բոլոր քնած մարդիկ արթնանան, արթնացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա բարձրացավ հարթակ եւ այնտեղից կոչ արեց ժողովրդին, որ սադրանքների չենթարկվեն, իսկ ոստիկաններն ավելի էին մոտենում ու շրջափակում տարածքը: Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները սկսեցին պոկել հրապարակի նստարանների փայտերից մի քանիսը`պաշտպանվելու համար: Ակնհայտ էր, որ ոստիկանները ցանկանում էին բախում հրահրել: Քիչ անց, սակայն, նրանց միացավ ոստիկանների մեկ այլ լրացուցիչ խումբ եւ սկսեցին ժողովրդին անխնա ու անմարդկային ծեծ տալ: Այդ ընթացքում հարթակ բարձրացան նաեւմոտ երկու մետր հասակ ունեցող դեսանտայիններ, հատուկ գնդի ոստիկաններ, որոնք ուղղվեցին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շուտով լուր տարածվեց, թե «Լեւոնին բռնեցին տարան» եւ սկսվեց քաոսային վիճակ, ոստիկաններն սկսեցին ծեծելով դուրս քշել ժողովրդին հրապարակից: Այնուհետեւ սկսվեցին հետապնդումները: Խորենացու, Մաշտոցի եւ բոլոր միջանցիկ փողոցները ոստիկանները փակել էին եւ շուրջ 300 ոստիկան ընկած բնակելի շենքերի բակերում փնտրում ու ձերբակալում էին ցուցարարներին: Դրանից հետո սկսեցին այդ տարածքում կանգնած մեքենաները տանել. տրայլերը գալիս կանգնում էր ու անկախ նրանից, թե ինչ մեքենա է, տանում էր օպերայի շրջակայքից: Տեսա, թե ինչպես Մաշտոցի պողոտայում 10 ոստիկան հարձակվեցին մի ցուցարարի վրա ու դաժան ծեծի ենթարկելով, հայհոյելով ու գրեթե ուշագնաց վիճակում տարան անհայտ ուղղությամբ: Տեսա նաեւ, թե ինչպես են ցուցարարներից երկուսին, որոնք վիրավոր էին ու ողնաշարի հատվածում վնասվածք ունեին, տեղափոխում հիվանդանոց»:

Իշխանության վանդալիզմի շարունակությունը

Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ծեծված մի քանի հազար հայերից մոտ 50 տղամարդ հավաքվել էին Երեւանի Գր.Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այս անօրեն իշխանության պարագայում ու՞ր կարող էր գնալ իր իրավունքների համար պայքարող մարդը, որը Ազատության հրապարակից ծեծվել-հալածվել-քշվել էր մինչեւ Ֆրանսիայի դեսպանատուն: Մարդիկ մտածել էին, թե դիվանագիտական այս կառույցի շենքի մոտ ապահով կլինեին: Բայց ոստիկանության մի քանի ջոկատ արդեն այստեղ էին հասել ու զգուշացնում էին` հեռացեք, թե չէ հրամայված է...

Նույն ժամանակ Թումանյանի փողոցում խումբ-խումբ կանգնած ժողովուրդը «Լեւոն, Լեւոն» էր գոռում:

Ժամը 11.15-ն էր: Օպերայի մոտ գտնվող ջոկատներին արագ-արագ լցնում էին ավտոբուսները: Ուղղությունը, ավելի ուշ պարզվեց, Ֆրանսիայի դեսպանատունն էր: 5-10 րոպեից, երբ իջնում էի Մաշտոցի պողոտայով, մի 100-150 մարդ երթի էին դուրս եկել: «Լեւոն` նախագահ, Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով մարդիկ քայլում էին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Երբ հասանք, արդեն մի քանի ուղղությամբ եւ մի քանի շարքերով կանգնած էին ներքին զորքերի եւ «սպեցնազի» ջոկատները` գլխավորությամբ ոստիկանության պետի տեղակալ Ս.Աֆյանի եւ 6-րդ վարչության պետ Ա.Գիզիրյանի: Նույն սպառնալիք-զգուշացումները` հեռացեք, թե չէ հրամայված է... Ժողովուրդը չէր հեռանում եւ «Լեւոն, Լեւոն» էր վանկարկում: Կանայք նստեցին ասֆալտին` այս կերպ հասկացնելով, որ չեն հեռանա, մինչեւ իրենց առաջնորդը չգա: «Ի՞նչ եք արել մեր նախագահին, թող Լեւոնը գա, իրեն ենք ուզում», - ճչում էր մի կին: Ջոկատները գնալով շատանում էին, ժողովրդին էլ անընդհատ նոր խմբեր էին միանում` կրկեսի մոտից եւ Իտալիայի փողոցից, ապա նաեւ Ձկան խանութի մոտից:

Եկան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ` Վարդան Խաչատրյանը:

Գիզիրյանն ու Աֆյանը նրանց փորձում էին համոզել, որ արդեն մի քանի հարյուր հազարի հասնող ժողովրդին ուղեկցեն «Դինամո» մարզադաշտ: «Գնացեք ինչքան ուզում եք միտինգ արեք», - ասում էր Գիզիրյանը: Բայց մինչ այդ, երբ Անահիտ Բախշյանն ու Արմեն Հարությունյանը խոսում էին, առաջին շարքի զինված ոստիկաններից մահակով հարվածեցին թե պատգամավորին, թե օմբուդսմենին:

Իսկ ժողովուրդը միաբերան «Լեւոն» էր գոռում` հասկացնելով, որ ոչ մի տեղ չի գնա առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այս բանակցությունները բավականին երկար տեւեցին: Այդ ընթացքում մոտեցավ մի տանկ եւ ջրցան մեքենա: Ժողովուրդը գոռում էր. «Ցեղասպանություն են անում սեփական ժողովրդի գլխին, մարդասպաններ, դահիճներ...»: Այս ամենը տեղի էր ունենում միաժամանակ: Իսկ ջրցան մեքենան արդեն դիրքավորվում էր: Տղամարդիկ կանանց հետեւի շարքերն ուղարկեցին. «Դուք ջրին չեք դիմանա»: Ոստիկանները կազմակերպիչներ էին փնտրում, բայց կազմակերպիչներ, իրականում, չկային, քանի որ ինքս էի տեսել, որ երթն ինքնաբուխ էր:

Արմեն Հարությունյանին հարցրեցի` ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ Ազատության հրապարակում իշխանությունը ծեծուջարդ է իրականացրել: «Շատ վատ», - ասաց: Իսկ պատրաստվու՞մ եք պաշտպանել խաղաղ նստացույցի մասնակիցների իրավունքները: «Այո», - ասաց: Իսկ դուք ինչպե՞ս կարող եք երաշխավորել այդքան ժողովրդի անվտանգությունը «Դինամո» մարզադաշտում, փակ տեղ է, կջարդեն, ինչպես արեցին Ազատության հրապարակում: «Եթե այստեղ ջարդ կազմակերպեն, ես էլ կգամ ժողովրդի հետ, ինձ էլ թող ջարդեն, հետո կորոշենք ինչ ենք անում»:

Ի դեպ, Գիզիրյանի եւ օմբուդսմենի բանակցության ընթացքում Գիզիրյանը մի քանի անգամ կրկնեց. «Էս ժողովրդին փրկեք»: Ինչի՞ց փրկեն` հարցրեցի: Չպատասխանեց: Իսկ մինչ այդ, երբ ձայնագրում էի, Աշոտ Գիզիրյանը մի անգամ ձեռքով խփեց ձայնագրիչին, իսկ հետո էլ, թե` անջատեք, մի ձայնագրեք:

Ոստիկանների բազմաթիվ զգուշացումներին ու պատգամավորների եւ օմբուդսմենի հորդորներին ժողովուրդը անհաղորդ էր: Ժողովուրդը կարծես բնազդով զգում էր, որ իր համար ամենաապահով տեղը այստեղ է` այս հրապարակում, երեք դեսպանատների հատման կետում, ուր, միգուցե, վարչախումբը չի համարձակվի նույն բարբարոսությունն իրականացնել:

Զորքը հետ քաշվեց անսպասելի, գուցե քիչ հեռվում դիրքավորվելու համար եւ ժողովուրդը հավաքվեց այդ բաց տարածության մեջ: Մի քանի հարյուր հազար հայեր պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս անօրինական տնային կալանքի տակ էր եւ չէր կարողանում գալ իր ժողովրդի մոտ:

Ժամը 15.05-ին հրապարակ եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել: Ինչ որ անում եք` հերոսություն է: Մենք միշտ էլ խաղաղ ճանապարհի կողմնակից ենք եղել եւ հիմա էլ խաղաղ կանգնում ենք եւ պահանջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա այստեղ»: Ժողովուրդը գոռում էր. «Մնում ենք, մնում ենք», «Լեւոն-Լեւոն», «Հիմա, հիմա», ապա` «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան», «Ռոբիկ` մարդասպան», «Արթուր` դավաճան»:

Եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Ձեր տղամարդ ցավը տանեմ»: «Նիկոլ, Նիկոլ», - գոռաց ժողովուրդը: Նիկոլը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում: «Երբ եկան ոստիկանները, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տվեց հրահանգ` կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ: Եթե եկել են մեզ մոտ, ուրեմն ինչ-որ բան են մեզ ուզում ասել: Ոստիկանները ոչինչ չասացին եւ հարձակվեցին էլեկտրաշոկերով, գազի բալոններով, վահաններով, մահակներով: Ժողովուրդը դիմադրում էր բավական երկար ժամանակ: Առաջին նախագահը ասել է, որ չի հեռանա այդտեղից, մինչեւ համապատասխան «սանկցիա» չլինի: Ռ.Քոչարյանի թիկնազորը Լ.Տեր-Պետրոսյանին բռնի ուժով տարել է իր տուն եւ այնտեղ ենթարկել տնային կալանքի:

Ապա խոսեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Մեզանից յուրաքանչյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորն է: Մենք կանգնելու ենք այստեղ ու սպասելու ենք իրեն: Շնորհակալություն բոլորիդ, դուք իսկապես հերոսներ եք: Իսկ այս իշխանությունների արածը ուղղակի ախմախություն էր: Նրանք ուժով այս ժողովրդին ծնկի բերել չեն կարող»: «Այո~», - գոռաց ժողովուրդը:

Հրապարակ եկան Հրանտ Բագրատյանը եւ Արամ Մանուկյանը, որոնք ձերբակալված էին եղել եւ ազատ էին արձակվել: Հ.Բագրատյանն ասաց. «Տպավորությունս այն է, որ մարդիկ բացարձակապես չեն ընկալում ինչ երկրում են իշխանավարում, ինչպիսի ժողովրդի են կառավարում: Իմ նկատմամբ ծեծ չեն կիրառել, բայց այն, ինչ որ տեսել ենք` ոստիկանատանը մեր տղաների նկատմամբ տեղի ունեցածը, պատմելու բան չէ: Մենք հանդիպել ենք Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի դեսպանների եւ մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանրամասն պատմել ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ իշխանությունները այլ կերպ են ներկայացնում, թե Ազատության հրապարակում մեծ քանակի զենք են գտել: Պատմել ենք արդեն մի քանի օր իրականացվող պրովոկացիաների մասին: Նրանց համար ավելի հստակ դարձավ մեր հանրահավաքների մասնակիցների կողմից զենքի կիրառում չէր կարող լինել: Դեսպաններին ասացինք, որ մեր տեղեկություններով իշխանությունները պատրաստ են գնալ ամեն բանի: Եվ նրանց առջեւ խնդիր դրեցինք, որպեսզի հետագա իրադարձությունների զարգացման ընթացքում բացառվի մարդկանց նկատմամբ բռնարարքների շարունակությունը: Եվ ներկայացրինք իրավիճակը` կապված անօրինական տնային կալանքից Լ.Տեր-Պետրոսյանին ազատագրելու հետ, որովհետեւ եթե իշխանությունները Եվրոպային հավատացնում էին, թե ուզում են այս հարցը խաղաղ կարգավորել, ապա մեր կողմից հարցը կարգավորողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ուրեմն նրան պետք է ազատ արձակել: Դեսպանները խոստացան, որ անմիջապես ձեռնամուխ կլինեն կառավարությանը հարցում անելուն, որպեսզի բացառվի ուժի օգտագործումը, բացառվի նաեւ բանակի կիրառումը: Նրանք ունեն ինֆորմացիա, որ բանակը այդպիսի հրաման ստացել է` գնդացիրներով պատրաստ կանգնելու»:

Խոսեց նաեւ Արամ Մանուկյանը եւ պատմեց Ազատության հրապարակում տեղի ունեցածը, ինչպես նաեւ իրենց հանդիպումը եվրոպական երկրների դեսպանների հետ:

Անցնում էին ժամեր, իսկ ժողովրդի` իր ընտրյալին տեսնելու պահանջը հնչում էր ավելի ու ավելի վճռական: Այդ ամբողջ ընթացքում լուրեր էին հասնում, թե ներքին զորքերի եւ «սպեցնազի» ջոկատները որտեղ էին: Բոլոր կողմերով, բացառությամբ` կրկեսի կողմից, փակ էին ճանապարհները:

Ժամը 21.05-ին լսվեց առաջին կրակոցը` օդ, երկրորդ կրակոցը, երրորդ: Հետո` օդը ծանրացավ, որից հասկացանք, որ «գազ էին բաց թողնում»: Մարդիկ դժվարությամբ էին շնչում եւ թաշկինակներն էին թրջում, որպեսզի մի քիչ թեթեւացնեն շնչելու խնդիրը: Կրակոցները անընդհատ էին ու այդպես` տեւական ժամանակ: Բայց մարդիկ չէին հեռանում: «Այստեղ ենք մնալու, մինչեւ մեր նախագահը գա», - ասում էին: Կեսգիշերն էլ անցավ ու արդեն գիշերվա ժամը երեքի մոտերքում, երբ հաջողվել էր մի կերպ կապվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Արամ Սարգսյանը ժողովրդին հաղորդեց առաջին նախագահի կոչը` գնալ տուն, որպեսզի հանկարծ իշխանությունները չփորձեն կրկնել նախորդ գիշերվա արյունոտ ծրագիրը: Ժողովուրդը մեծ դժվարությամբ հեռացավ: Իսկ մինչ ժողովուրդը հրապարակում էր, իշխանությունը իր ծրագրի երկրորդ մասն էր իրականացնում: Ականատեսի վկայությամբ, գիշերվա ժամը 01.30-ին երկու «Նիվայով» արագ մտել են հայտնի Ձկան խանութի կողքի փոքր փողոցը, հանել իրենց ոստիկանական համազգեստները, հագել քաղաքացիական հագուստ եւ մահակներով հեռացել: Իսկ մեկ ուրիշ ականատես հաջորդ օրը զանգահարեց խմբագրություն եւ պատմեց, թե ինչպես է Մաշտոցի պողոտայում գտնվող իր տնից տեսել, որ «Ջիպից» իջնում են չորս տղամարդիկ եւ ջարդում խանութի ապակիները: Նա հարցնում է` այդ ի՞նչ եք անում: Ասում են. «Քո գործը չի, մտի տուն»:

Հաջորդ օրը բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին ոստիկանության պատրաստած կադրերը, որոնցում ցուցադրում էին իրենց իսկ ծրագրած-իրականացրած ծրագիրը: Որեւէ շարքային քաղաքացի չէր կարող ավտոմեքենայով հասնել Մաշտոցի պողոտայի այն հատվածը, ուր վառվում էին ավտոմեքենաներ: Մի պարզ պատճառով` ճանապարհը փակ էր ոստիկանների կողմից: Կամ ինչպես եղավ, որ ջարդվեցին եւ թալանվեցին մի քանի խանութներ, իսկ Ռ.Քոչարյանի որդուն պատկանող «8» խանութը, որը մոտակայքում էր, մնացել էր անվնաս:

Բացատրությունը շատ պարզ է` ինչպե՞ս կարող էին իրենց տիրոջ որդու «մազին կպնել»: Եվ նույնիսկ ավելորդ է եւս մեկ անգամ նշել, որ այդ վանդալիզմի հեղինակն ու իրականացնողը ոչ թե ժողովուրդն էր, այլ` իշխանությունը իր սպասարկուներով: Խաղաղ հանրահավաքներ ու երթեր իրականացնող ժողովուրդը տասը օրվա մեջ արդեն ապացուցել էր իր բարձր կամային-հոգեւոր-բարոյական որակի մասին:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ս.թ. մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը եւ դրանց շարունակվող զարգացումները: Անթույլատրելի համարելով խաղաղ նստացույցի մասնակիցների հանդեպ իրագործված բռնությունները, մենք փաստում ենք, որ չբավարարվելով դրանով` ոստիկանությունը շարունակեց իր ապօրինի բռնարարքները արդեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հավաքված խաղաղ ցուցարարների հանդեպ` նոր հարձակում գործելով նրանց վրա: Դեպքի վայրում են գտնվել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը, որոնք կանգնել են ժողովրդի եւ ոստիկանության միջեւ` փորձելով սթափեցնել իրականության զգացողությունը կորցրած «օրենքի պահապաններին»:

Մենք մեր հիացմունքն ենք հայտնում ժողովրդի զսպվածության եւ սադրանքներին չենթարկվելու պատրաստակամության կապակցությամբ: Սակայն մեզ համար նաեւ ակնհայտ է, որ ցուցարարների մեջ իշխանությունների կողմից ներդրվել են բազմաթիվ սադրիչ-գաղտնի գործակալներ, որոնք պարբերաբար փորձեր են կատարում սադրել բախում ոստիկանության հետ, սակայն դա կանխվում է ժողովրդի, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի եւ «Ժառանգության» ակտիվիստների կողմից: Նման սադրանքների փորձերից մեկն էր քաղաքացիական հագուստներով մի խումբ անձանց կողմից Երեւանի քաղաքապետարանի առջեւ փոխգնդապետի կոչում ունեցող մի ոստիկանի հանդեպ դաժան ծեծը, որը կանխվել է «Ժառանգությունից» ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից: Ազգային ժողովի պատգամավորը ստիպված է եղել սեփական մարմնով փակել ոստիկանին, որից հետո սադրիչներից մեկը դանակահարել է նրան եւ դիմել փախուստի: Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է շտապօգնության 3-րդ հիվանդանոց, ուր նրան ցույց է տրվել շտապ վիրաբուժական օգնություն: Ի դեպ, սադրիչ խմբի անդամներից մեկը, ըստ ականատեսների, մինչեւ դանակահարությունը գոռացել է, թե «էս էն դեպուտատն ա, որ Սերժին հարց էր տալիս»: Քանի որ նման կարգի սադրանքները ակնհայտորեն լավ պլանավորված են` մենք մեծ վտանգ ենք զգում դրանց կրկնության, որի կապակցությամբ եւս մեկ անգամ զգոնության կոչ ենք անում խաղաղ ցույցի մասնակիցներին: Սադրանքների կազմակերպվածության հանգամանքը ակներեւ է նաեւ այն փաստից, որ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցը մոնտաժելով` այս իրադարձությունն այնպես են ներկայացրել, կարծես թե ցուցարարներն են նրան դանակահարել` ակնհայտորեն հող նախապատրաստելով խաղաղ ցուցարարների հանդեպ նոր սադրանքների եւ բռնությունների համար:

Մենք խստորեն դատապարտում ենք նաեւ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ սանձազերծված գործողություններին Հայաստանի սահմանները պաշտպանելուն կոչված ՀՀ ազգային բանակի ներքաշումը եւ երիտասարդ շարքային զինվորականներին` որպես պատնեշ օգտագործելը:

Մենք ցնցված ենք ոստիկանների կողմից` առանց շտապ բուժօգնություն տրամադրելու` բազմաթիվ վիրավոր քաղաքացիների, այդ թվում արնածոր վերքերով անչափահասների ձերբակալման փաստի կապակցությամբ, որի ականատեսներն են եղել առավոտյան ժամը 9: 00-ի շրջակայքում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի առջեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:

«Ժառանգությունը» համարում է, որ իշխանությունների այս հանցագործ գործողությունները իրենց բնույթով սադրիչ են եւ միտված են իրավիճակի հետագա շիկացմանը: Հայտարարում ենք, որ այս գործողությունների անկանխատեսելի հետեւանքների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է գործող իշխանությունների վրա եւ պահանջում ենք անհապաղ դադարեցնել զանգվածային բռնությունները խաղաղ ցուցարարների հանդեպ:

01.03.2008թ., ք. Երեւան

Լեզուն կտրած ծիտիկներ

Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ:

Պարզվում է` դեպքից 8 ժամ անց, երբ քաղաքացիական դիրքորոշումից ու հասարակ մահկանացուի հետաքրքրասիրությունից զուրկ արարածն էլ ակամա տեղեկացած կլիներ իր երկրում տեղի ունեցող դեպքերի մասին, հայրենի պատգամավորներից ոմանք բացարձակ անտեղյակ էին կատարվածին: Առավել քան վստահ ենք, որ շատ լավ էլ տեղյակ էին, պարզապես անզոր էին խոսակցական ապարատը գործի դնել ու որեւէ հոդաբաշխ նախադասություն արտաբերել: Զորօրինակ ՀՀԿ-ական պատգամավորները: Ամեն ինչից տեղյակ, ՀՀԿ-ի աննման պրոգնոզիստ Գալուստ Սահակյանը ժամը 16-ի սահմաններում դեռ տեղյակ չէր առավոտյան կատարված դեպքերի մասին: Երբ զանգահարեցինք, ասաց, որ տեղյակ չի, քանի որ Երեւանում չի եղել ու «նոր-նոր մոտենում եմ քաղաքին»: Մեկ այլ ՀՀԿ-ական` Սամվել Նիկոյանը նույնպես չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ ու «ցրեց». «Գիտեք, դեպքերին տեղյակ եմ այնքանով` որքանով, քիչ ինֆորմացիայի եմ տիրապետում, փորձում եմ թերթերից ինֆորմացիա ստանալ դեպքի մասին»: Ի գիտություն պրն Նիկոյանի` համենայնդեպս ասենք, որ օրվա թերթերը չէին կարող ինֆորմացիա պարունակել մարտի 1-ին արձանագրված դեպքերի մասին: Թերթերը պատմում են մեկ օր առաջ տեղի ունեցածի մասին, կարգն է այդպիսին: Նիկոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես ինքը հավաստեց, ասաց, որ ՀՀԿ գրասենյակում խորհրդակցության է: Երբ հարցրինք, թե ի՞նչ տրամադրություն է տիրում այդ պահին ՀՀԿ գրասենյակում, պրն Նիկոյանը տարակուսեց` «Ի՞նչ կապ ունի տրամադրությունը, այն տրամադրությունը, որն արդեն 15 տարի տիրում է»: Երբ հեռախոսով կապվեցինք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ տանն է, հիվանդ պառկած է ու տեղի ունեցած դեպքերին ծանոթ է միայն հեռուստացույց դիտելով: Երբ տկն Բիշարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ ըստ հեռուստատեսությունից ստացած տեղեկությունների, վերջինս ասաց. «Թողեք օրվա վերջում, երբ բավարար տեղեկացված կլինեմ, նոր, էլի»: Տիկին Բիշարյանը, սակայն, պարզվեց` ոչ թե տանը հիվանդ պառկած է, այլ ՕԵԿ գրասենյակում է, որտեղ էլ ՕԵԿ-ականներով` մասնակցությամբ Արտաշես Ավոյանի, Հովհաննես Մարգարյանի եւ մյուսների, քննարկում էին երեկվա դեպքերը, եւ