|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազատամարտի խրոնիկա14:50 Yerevan | 10:50 GMT | Saturday 1 March 2008 Հայտարարություն Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ 9.30 Մյասնիկյանի հրապարակում գտնվող մեր աղբյուրներից քիչ առաջ տեղեկացանք, որ ժողովրդի ուղղությամբ տեղաշարժվող զինվորականներն անցել են կոնկրետ գործողությունների` մարդկանց վրա բաց է թողնվում արցունքաբեր գազ եւ առայժմ կրակոցներ են արձակվում օդ, մարդկանց ահաբեկելու եւ ցրելու նպատակով:
20.55 Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ տարբեր ուղղություններից Ալ.Մյասնիկյանի հրապարակում հավաքված մեր հայրենակիցների կողմն են շարժվում ոստիկանության զորքերի եւ ՀՀ զինուժի ստորաբաժանումները: Բախման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այդ ստորաբաժանումներին շարժվելու հրաման տված անձանց վրա:
20.05 «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է իր նստավայրում, որը հսկվում է ոստիկանական ուժերի կողմից եւ նրան արգելում են դուրս գալ»: Այս լուրը Ճշտելու համար կապվեցինք ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ կարգավիճակում է հիմա ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի որ նա գտնվում էր խիստ նյարդային վիճակում եւ շատ հաճախ մեր հարցին հարցով էր պատասխանում, ուստի ներկայացնում ենք մեր միջեւ կայացած երկխոսությունը` առանց լրագրողական միջամտության: - Պրն Շիրինյան, կարո՞ղ եք մեզ տեղեկություն հաղորդել Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակի մասին: - Ինչու՞ եք ինձ հարցնում: - Նրա տունը հսկում են ոստիկանական ուժեր եւ ժողովրդի մեջ խոսակցություն է գնում, որ նրան տնային կալանքի են ենթարկել: Ուրիշ ումի՞ց հարցնենք: - Նրան ոչ մեկը տնային կալանքի չի ենթարկել: Նա իր համար հանգստանում է իր դղյակում` չի ուզում դուրս չի գալիս: Մեզ էլ խառնել է իրար: - Դուք նյարդայնացած եք, երեւի դա է պատճառը, որ իրար չենք հասկանում: - Ես հիմա չեմ նյարդայնացել, մի ամիս է էս վիճակում ենք: - Եկեք ես իմ հարցը ուրիշ կերպ ձեւակերպեմ` ոստիկանության ուժերը շրջափակել են Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրը, եւ նա փաստացի հայտնվել է տնային կալանքի վիճակում: Ձեր մեկնաբանությունը: - Տնային կալանք հասկացություն գոյություն չունի: Կալանքից առաջ լինում են որոշակի պրոցեդուրաներ: Նա ոչ մի տեսակ կալանքի տակ չի: - Բայց փաստացի նրա տունը շրջապատված է ոստիկանական ուժերով... - Իսկ դուք ինչու՞ չեք մտածում, որ այդ ուժերը նրա անվտանգությունն են ապահովում: - Եթե անվտանգությունն են ապահովում, այդպես էլ ասեք: - Գուցե եւ անվտանգությունն են ապահովում: - Այնուամենայնիվ մենք ուզում ենք իմանալ նա ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունի՞, թե՞ոչ: - Նրա ազատ տեղաշարժվելու հնարավորությունը ոչ մեկը չի սահմանափակում:
19.20 Էս ի՞նչ զուլում երկիր է Քիչ առաջ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը առավոտյան ձերբակալվել էր ու միայն մեկ ժամ առաջ ազատ արձակվել, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ եղել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, որտեղ, այդ պահին, բացի Գերմանիայի դեսպանից, եղել են նաեւ ԵՄ գրեթե բոլոր երկրների դեսպանները: Դեսպանատանը տեղի է ունեցել կարճատեւ բրիֆինգ, որի ընթացքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անգլերենով, ամենայն մանրանասնությամբ պարոնայք դեսպաններին պատմել է այսօր առավոտյան Ազատության հրապարակում ու դրանից հետո կատարված դեպքերի մասին: Պատմածից դեսպանները եզրակացություն են արել, թե ինչպիսի երկրում է ապրում ներկայումս հայ ժողովուրդն ու թե ինչպիսի երկրի հետ են իրենց երկրները դիվանագիտական հարաբերություններ պահում:
19.19 Ձերբակալություններ բռնություններով Երեկ առավոտից ոստիկանության բաժանմունքներ են այցելել «Ժառանգության» պատգամավորները: «Տեսել ենք ծեծած մարդկանց, նոր ձերբակալած մարդկանց, որոնց բերում էին: Ինձ ամենաշատը զարմացրեց մոտ 12 տարեկան երեխայի դեմ կիրառված բռնությունը», - մեզ հետ զրույցում պատմեց «Ժառանգության» պատգամավորը` հավելելով, որ ոստիկանությունում ասել են, որ բերման են ենթարկվել նստացույցի շուրջ 1000 մասնակցի: Ի դեպ, ձերբակալվածների թիվը կտրուկ աճել է: Մեր տեղեկություններով, ձերբակալվել է ԵԿՄ վարչության անդամ Խաչիկ Գասպարյանը:
Ցուցարարները փակել են փողոցները Այս պահին Շահումյան հրապարակում գտնվող ժողովուրդը տրոլեյբուսների միջոցով բարիկադներ է կառուցել եւ փակում է Շահումյան հրապարակից Մաշտոցի պողոտա տանող փողոցը: Ավելի շուտ բարիկադներով փակվել է Հաղթանակի կամուրջը:
«ԳԱԼԱ»-ին եթերազրկել են Այսօր կեսօրից հետո Գյումրիում դադարեցվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքը: Առավոտից «ԳԱԼԱ»-ն տեղեկություններ է հաղորդել Ազատության հրապարակում զինված վայրագության մասին ու լուսաբանել Տեր-Պետրոսյանի ասուլիսը: Կեսօրին լույսն անջատվել է, միացումից հետո պարզվել է` «ԳԱԼԱ»-ն այլեւս եթերում չէ:
19.09 ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ [16: 36] 01 Մարտի, 2008 «Ես շատ անհանգստացած եմ վիրավորների մասին հաղորդագրություններով, երբ անվտանգության աշխատողները փորձեցին ցրել ցուցարարներին Երեւանում այս առավոտ: Եթե այս հաղորդագրությունները հաստատվեն, բոլոր հայտարարությունները չափից ավելի զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ պետք է հետաքննել: Շատ կարեւոր է նաեւ կանխել հետագա բռնությունները», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Թեւիսը: «Ես նաեւ անհանգստացած եմ այն հայտարարությամբ որ նախագահական թեկնածու, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա ճիշտ է, ապա նա անմիջապես պետք է ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նա պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի եւ մեղավոր ճանաչվի դատարանի կողմից ինչպես բոլորը: Ժողովրդարարության մեջ չի կարելի ձերբակալել քաղաքական ընդդիմադիրների կամայականորեն», - ասվում է նրա հայտարարության մեջ:
19.08 Տեղեկատվական լիակատար շրջափակում Գոհար Բարսամյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ են: Հեռուստաընկերությունները ոչինչ չեն ներկայացնում Հայաստանի իրադարձություններից, իսկ արտասահմանյան հեռուստաընկերությունների` Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ լրահաղորդումների ժամանակ, այսպես ասած, «ծածկում են» հայկական հեռուստագովազդներով: Ապատեղեկատվությունը զայրույթի գագաթնակետին է հասցրել հանրությանը: Ամենալկտի եւ ցինիկ հաղորդագրությունն այն է, որ ոստիկանությունը դուրս է եկել հանրային կարգուկանոն պահպանելու: Մինչդեռ Երեւանը ցնցված է խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառած բիրտ ուժից: Ընդդիմադիր ձեւացող քաղաքական գործիչների դիմակը պատռվել է: Ժողովուրդը արյան համար պատասխանատու է համարում նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ շամպայնի բաժակ բարձրացրած Արթուր Բաղդասարյանին: Իրադարձությունները դրամատիկ զարգացում են ապրում:
19.07 Առավոտյան ժամը 12-ի մոտերքը բախում է տեղի ունեցել ոստիկանության ուժերի եւ ֆրանսիական դեսպանատունը շրջապատած ցուցարարների միջեւ: Պատմում է ականտես 48-ամյա Անահիտ Կարապետյանը. «Հարձակվեցին անզեն ժողովրդի վրա, ու դուք միայն տեսնեիք, թե ինչ էր կատարվում: Ոստիկանները խփում էին անխնա, արցունքաբեր գազ բաց թողեցին: Կանանց ու աղջիկների ճիչը աշխարհը բռնել է8: Աչքովս տեսա, թե ինչպես մի փախչող աղջկա մազերից ոստիկանը բռնեց, տապալեց գետnին ու սկսեցին հարվածել»: Արցունքաբեր գազից տուժել էին Արթուր Սահակյանի աչքերը. «Միլիցեքը մեկ էլ սկսեցին այլանդակ ձեներ հանել ու հարձակվեցին մեր վրա: Մի պահ ժողովուրդը խեղճացավ, կանայք լացուկոծ դրեցին, բայց հետո կանգնեցինք ու սկսեցինք պաշտպանվել: Արցունքաբեր գազը լցվեց ուղիղ աչքիս մեջ: Դեղ եմ առել, որ կաթացնեմ» ու ցույց է տալիս ձեռքի դեղատուփը: «Չե՞ք վախենում ծեծ ուտելուց»` հարցրեցինք մենք: «Ոչ մի վախենալ, կանգնելու ենք մինչեւ վերջ: Սպասում ենք առաջնորդը ասի, թե ինչ ենք անելու», - պնդեց Արթուրը իր հասակակից ընկերոջ հետ: Քսանամյա Լուսինեն ու Հասմիկը ընկճված տրամադրության մեջ էին. «Ցույց են տալիս իբր դեմոկրատիա է, բայց բռնատիրություն է տիրում: Չեմ կարծում, թե ժողովուրդը կկարողանա ինչ-որ բան անել: Սրանք բոլորին կսպանեն: Չեք պատկերացնի` մեծ հիասթափություն եմ ապրում այս պահին», - ասում է Լուսինեն: Մեր ներկայությամբ ոստիկանական շղթայի մոտով անցնելիս կանայք անեծքներ էին տեղում Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հասցեին, իսկ տղամարդկանց մի խումբ թունդ առնական հայհոյանք ուղղեց Ս.Սարգսյանի հասցեին ուղիղ ոստիկանների աչքերին նայելով: Նրանք միայն ուսերը թոթվեցին ասելով. «Տղերք, մենք ինչ կապ ունենք»: Ժամը 13.30-ի մոտերքը ոստիկանները մի անգամ էլ արցունքաբեր գազ բաց թողեցին եւ թվաց նոր հարձակում է լինելու, բայց ոչ մեկը չընկրկեց:
19.04 Քաղբանտարկյալներ կոչը Մեր պայքարն արդեն մտնում է վճռորոշ ու հաստատուն փուլ: Հոգեվարք ապրող չարիք իշխանությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի ու բռնության կիրառմամբ վերջնականապես ինքնասպանվեցին `ապացուցելով իրենց եղկելիությունը, իրենց ողորմելի ու հակահայ բնույթը: Քոչարյանասերժական քստմնելի ռեժիմը հայ ժողովրդի համար այլեւս գոյություն չունի: Այսօր այդ իշխանության թափթփուկներին ասպարեզից քշելը համարվում է իսկական ազգային-ազատագրական պայքար եւ ինչպես հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք կամք ու վճռականություն պայքարելու թե արտաքին եւ թե ներքին թշնամիների դեմ, այսօր նույնպես պետք է դրսեւորենք նույն կամքն ու վճռականությունը մեր ժողովրդի իշխանությունը բռնազավթածներից երկիրը վերջնականապես մաքրելու եւ վերջապես ազատագրելու համար: Նրանց ստոր գործողությունները մեզ մազաչափ անգամ չպետք է հուսահատեցնեն, ընդհակառակը պետք է դառնանք ավելի համախմբված, ավելի տոկուն եւ ավելի նվիրված: Այս վճռական պահին մենք կոչ ենք անում անվերապահ վստահել եւ հավատալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր ցուցումներն ու առաջադրանքները, որոնք լինելու են մեր հաջողության հիմնական գրավականը: Հայոց հաղթանակն անկասելի է: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ: Քաղբանտարկյալներ` Արման Բաբաջանյան, ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան:
ԵԱՀԿ նախագահը դատապարտում է ուժի կիրառումը Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության
18.50 ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:
«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին eu ընդդիմությանը», ասաց նախարարը:
Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս/թ փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:
«ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար»,- ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:
18.40 Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ: Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով և բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ և CNN հեռուստաալիքին:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն և բլոկադա:
18:35 Հայտարարություն Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ և, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաև զոհեր: Վրդովված ցուցարարները և նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում և հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարերի պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը և թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ամհապաղ ազատ չարձակվի և նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների և անձամբ Ռոբորտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ
16.40 Պայթյուն ժամը 15-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Այրարատ տոնավաճառի տարածքում, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է ութ տաղավար: Տարածքը հսկող ոստիկանների տեղեկացմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Ղարսի խորոված» կոչվող սարքին միացված գազի բալոնից արտահոսքի պատճառով: Նրանց տեղեկացմամբ` տուժածներ չկան:
16.30 Երկխոսություն ժողովրդի հետ Գոհար Բարսամյան - Ի՞նչ գնահատական եք տալիս մարտի 1-ի իրադարձություններին: - Շատ, շատ վատ, եթե ձեռք են բարձրացնում կանանց եւ երեխաների վրա, ինչի մասին է խոսքը: Նախագահը բողոքում է , որ հակառակ բեւեռը խոսում է իշխանության ճեղքվածքի մասին, ապա թող իմանան, որ մեզ այպիսի իշխանություններ պետք չէ, սա խայտառակություն է: - Այս իշխանությունները թշնամու ջրաղացին են ջուր լցնում: - Եթե Սերժը իրեն համարում է ընտրված, ապա ինչու՞ է հանրահավաքներ անցկացնում, ու՞մ դեմ: Ֆիզիոթերապիայի եւ կուրորտոլոգիայի աշխատակիցների անձնագրերը հավաքել են եւ գրանցել անձնագրի համարները, էլ ինչու էր այս ներկայացումը: - Մեզ` ուսուցիչներիս պահանջել են քվեարկել Սերժի օգտին, էլ հանրահավաքների ինչու՞ են ստիպելով տանում: Իմաստը ո՞րն է: - Այդպես իշխանության չեն գալիս, ոչ էլ իշխանություն են այդպես պահում: - Երեւանի պետհամալսարանի արհմիության նախագահը Ախալքալաքից է եւ չունի Հայաստանի քաղաքացիություն, սակայն մատը թափ է տալիս աշխատողների վրա, թե ով մասնակցի Լեւոնի հանրահավաքներին, կհասկանա, թե ինչ է բռնի-բռնոցը: - 2 ամիս է` աշխատավարձ չեմ ստանում, հիմա այս իրավիճակից ավելի են օգտվելու: - Ծեծվող կինը հարցնում է հատուկ ծառայության զինվորին. «Բա դուք հայ չե՞ք»: «Հայը դուք եք», - պատասխանել է նա: - Ես սովորում եմ կոնսերվատորիայում.այսպիսի հայատյաց երկրում չեմ պատրաստվում ապրելու: - Ես ունեմ 2 աղջիկ, անհանգստացած եմ նրանց ապագայի համար, սա երկիր չէ: - Սա ոստիկանական պետություն է: - Թող ռադները քաշեն-գնան:
16.29 Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում էի խարույկի մոտ հավաքված մարդկանց հետ: Քիչ հետո մեզ մոտեցավ նստացույցի մեկ այլ մասնակից ու ասաց` ոնց որ ուզում են մեզ շրջապատել: Մի քանի ժամ անց, մոտավորապես 6.30-ի սահմաններում, աղմուկ-աղաղակ լսեցինք, տեսանք ոստիկանները շրջապատում են օպերայի տարածքը` իրենց ձեռքի մահակներով ուժեղ հարվածելով վահաններին: Այդ ժամանակ հրահանգ եղավ, որ բոլոր քնած մարդիկ արթնանան, արթնացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա բարձրացավ հարթակ եւ այնտեղից կոչ արեց ժողովրդին, որ սադրանքների չենթարկվեն, իսկ ոստիկաններն ավելի էին մոտենում ու շրջափակում տարածքը: Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները սկսեցին պոկել հրապարակի նստարանների փայտերից մի քանիսը`պաշտպանվելու համար: Ակնհայտ էր, որ ոստիկանները ցանկանում էին բախում հրահրել: Քիչ անց, սակայն, նրանց միացավ ոստիկանների մեկ այլ լրացուցիչ խումբ եւ սկսեցին ժողովրդին անխնա ու անմարդկային ծեծ տալ: Այդ ընթացքում հարթակ բարձրացան նաեւմոտ երկու մետր հասակ ունեցող դեսանտայիններ, հատուկ գնդի ոստիկաններ, որոնք ուղղվեցին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շուտով լուր տարածվեց, թե «Լեւոնին բռնեցին տարան» եւ սկսվեց քաոսային վիճակ, ոստիկաններն սկսեցին ծեծելով դուրս քշել ժողովրդին հրապարակից: Այնուհետեւ սկսվեցին հետապնդումները: Խորենացու, Մաշտոցի եւ բոլոր միջանցիկ փողոցները ոստիկանները փակել էին եւ շուրջ 300 ոստիկան ընկած բնակելի շենքերի բակերում փնտրում ու ձերբակալում էին ցուցարարներին: Դրանից հետո սկսեցին այդ տարածքում կանգնած մեքենաները տանել. տրայլերը գալիս կանգնում էր ու անկախ նրանից, թե ինչ մեքենա է, տանում էր օպերայի շրջակայքից: Տեսա, թե ինչպես Մաշտոցի պողոտայում 10 ոստիկան հարձակվեցին մի ցուցարարի վրա ու դաժան ծեծի ենթարկելով, հայհոյելով ու գրեթե ուշագնաց վիճակում տարան անհայտ ուղղությամբ: Տեսա նաեւ, թե ինչպես են ցուցարարներից երկուսին, որոնք վիրավոր էին ու ողնաշարի հատվածում վնասվածք ունեին, տեղափոխում հիվանդանոց»:
15.44 Վրաերթի են ենթարկել ժողովրդին Հենց նոր Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում գտնվող մեր լրագրողներից տեղեկեություն ստացանք, որ ոստիկանական մեքենան մեծ արագությամբ մոտ քշել է խաղաղ ցուցարարների վրա: Ականատեսների վկայությամբ մեկ հոգի կարծես թե, մահացել է, կան վիրավորներ, որոնց թվի վերաբերյալ, առայժմ, ստույգ տեղեկություններ չունենք: Վրաերթից հետո, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից եւ բենզինով ներծծված լաթի միջոցով ինքն էլ հրկիզել է իր մեքենան: Ավտոմեքենայում եղած ոստիկաններից մեկը, ով Վանաձորից է, այժմ գնացել է դատապարտյալների հիվանդանոց եւ ապաստան է խնդրում այնտեղ: Մյուս ոստիկանին ժողովուրդը ծեծի է ենթարկել: Ավելի շուտ տեղեկություն էինք ստացել, որ ոստիկանները ժողովրդին վախեցնելու եւ հանրահավաքը ցույցը ցրելու համար օդ են կրակել: Վերը նշված գործողություններով, ոստիկանները սադրում են ժողովրդին ագրեսիվ գործողությունների:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4000 ցուցարարների վրա: Նստացույցի մասնակիցների մեջ կային ծերեր, կանայք, նաեւ երեխաներ, քանի որ շատերը նստացույցին մասնակցում էին ընտանիքներով: Այդ պահին մարդկանց մեծ մասը քնած էր վրաններում: Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են: Կան բազմաթիվ ձերբակալվածներ: Այդ պահին հրապարակում գտնվող եւ ժողովրդին ու զինվորներին սթափության կոչ անող Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջափակվել է գործող նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի գլխավորած մի խմբի կողմից, որոնք նրանից պահանջել են լքել հրապարակը: Լեոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ իր տեղը Ազատության հրապարակն է, եւ ինքը ոչ մի տեղ չի գնա: Շուրջ երկու ժամ նա հրաժարվել է կատարել հրապարակից հեռանալու պահանջը, որից հետո նրան ձերբակալել եւ բռնի ուժով տեղափոխել են իր բնակարան: Նրա բնակարանն այժմ շրջափակված է զինվորներով, որոնք հայտարարում են, որ իրենց հրամայված է ոչ մեկին թույլ չտալ ներս ու դուրս անել, այսինքն՝ Առաջին նախագահը գտնվում է տնային կալանքի մեջ: Լեոն Տեր-Պետրոսյանը Ժամը 11-ին հրավիրել է մամուլի ասուլիս: ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ մարտի 1, 2008թ.
Լեւոն Խեչոյան, արձակագիր. «Պարզապես դատապարտելի են այս երեւույթները, որոնք տեղի ունեցան Ազատության հրապարակում: Դա այն չի, որ մարդուն են վերացնում հրապարակից: Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացնելով, հրապարակից շարժման ղեկավարներին քշելով ազատության հարցը չի լուծվում, որովհետեւ ազատությունը մարդկանց մեջ է, եթե Լեւոնն էլ չլինի, ժողովուրդն իր ներսի թանկագին ազատության ետեւից է գնալու, ժողովուրդը դա է որոնում: Ինձ համար շատ զարմանալի է, երբ ասում ենք 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդ ենք, 3000 տարի մշակույթ ունեցող ժողովուրդ ենք...բա մշակույթ ունեցող, 1700 տարվա մեր մեջի քրիստոնյա մարդը իր եղբայրների նկատմամբ մահակ եւ զենք կօգտագործի՞: Թող ազնիվ մարդկանց սիրտը չդողա: Ով կամք ու հոգի ունի, թող պաշտանի ժողովրդի ազատությունը»:
Ժամը 14։23-ի դրությամբ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ 1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի) 2. Արմեն Օհանյան 3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն 4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն 5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն 6. Մասիս Այվազյան 7. Լեւիկ Խաչատրյան 8. Հրանտ Բագրատյան 9. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն 10. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն 11. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն 12. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն 13. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն 14. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ 1. Վահագն Խաչատրյան 2. Ալեքսանդր Արզումանյան 3. Արարատ Զուրաբյան 4. Քրիստ Գասպարյան (Մանուկի) 5. Մանուել Գասպարյան (Մանուկի) 6. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր) 7. Մարտին Պետրոսյան 8. Ավետիք Իշխանյան
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ 1. Արամ Բարեղամյան «ԱՐՄԵՆԻԱ» Բ/Կ 2. Բաբկեն Աթոյան «ԱՐՄԵՆԻԱ» Բ/Կ 3. 3 հոգի Շտապ օգնության 4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |