“Zhamanak” Armenian-American Political Daily

...Եվս երեք սցենար

14:35 Yerevan | 10:35 GMT | Saturday 1 March 2008

Երեկ Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողության հետ: Բնականաբար անդրադարձ է եղել ներհայաստանյան ներկա իրավիճակին, որից, ըստ Panorama.am-ի, դուրս գալու չորս սցենար է նշել Ռ.Քոչարյանը:

Նրա նշած առաջին սցենարի համաձայն, ընդդիմությունը կշարունակի զանգվածային միջոցառումները` ներգրավելով ավելի ու ավելի շատ մարդկանց, իսկ վերջում, հնարավոր է, որ այդ մարդիկ մեծ հիասթափություն ապրեն: Նրա գնահատմամբ, սա փակուղի է: Երկրորդ սցենարի համաձայն, ընդդիմությունը, հուսախաբության հետեւանքով, գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Ռ. Քոչարյանի վստահեցմամբ, այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Երրորդը. ընդդիմությունը շնորհակալություն է հայտնում ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, պահպանում է այդ մարդկանց վրա ունեցած ազդեցությունը եւ ընդդիմադիրի կոշտ վարքագիծը ու պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Ըստ նախագահի` սա ողջունելի քայլ կլինի ընդդիմության կողմից: Չորրորդ` կրկին շնորհակալություն հայտնելուց հետո, մարդկանց ուղարկում են տուն, նորընտիր նախագահին շնորհավորում եւ գնում են գրելու իրենց հերթական գիտական աշխատանքը:

Սրանով իրավիճակի լիցքաթափման Ռ.Քոչարյանի տարբերակները սպառվել են: Տարօրինակ է, անշուշտ, որովհետեւ տարբեր զավեշտալի անեկդոտների եւ աֆորիզմների հեղինակից ավելի մեծ երեւակայություն եւ մտքի թռիչք կարելի էր ակնկալել: Բայց դե~...

Ամեն դեպքում մեզ թվում է, որ իրավիճակի լիցքաթափման տարբերակները նշվածներով չեն սպառվում: Կա նվազագույնը եւս երեք տարբերակ, որոնք առավել հավանական եւ իրականանալի են թվում, քան նշվածները: Առաջին տարբերակ. Սահմանադրական դատարանը` հավատարիմ իր բուն էությանը ու կոչմանը, հանդես է բերում իրավական մոտեցում եւ չեղյալ է հայտարարում ս./թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած միջոցառումը, որը միայն ամենասեւ մղձավանջներում կարելի է «ընտրություն» կոչել: Քանզի այն, ինչ տեղի ունեցավ նշված օրը` ամեն ինչ էր, բացի ընտրությունից. մարդու իրավունքների ոտնահարում, ազատ կամարտահայտության սահմանափակում, օրենքի խախտումների շարան, ծեծ ու ջարդ, ահաբեկումներ, ֆիզիկական, բարոյական ճնշումներ...վերջը` ինչ մտքներովդ անցնի` անբարոյականության ոլորտից: Ասել է թե` կատարվածը, իրոք, ցանկացած բնութագիր կարող է ունենալ, բացի ընտրություն կոչվածից: Այնպես որ` Սահմանադրական դատարանը որեւէ սխրանք չի գործելու դրանք չեղյալ կամ անվավեր ճանաչելու համար. նա, պարզապես, կատարելու է իր պարտքը: Երկրորդ տարբերակ. աշխարհը` կամ համախումբ կամ աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի գերակայությամբ կամ էլ` հենց միայն նրանով, աջակցում է Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը, հետագայում ավելորդ ու աճող գլխացավանքներից իրեն ազատելու նպատակով` որոշում է ականջալուր լինելով Երեւանի Ազատության հրապարակում հիմնական կարգախոս դարձած «հի-մա»-ին ու իսկապես հիմա սկսում է ժողովրդավարության հաստատման խաղաղ գործընթաց Հայաստանում, որը ենթադրում է հետեւյալ պարզ քայլերը. չեղյալ համարել փետրվարի 19-ի ընտրություններ կոչված ֆարսը եւ նշանակել նոր ընտրություններ, որոնց ընթացքի ժողովրդավարականության երաշխավորը պետք է դառնա: Սա, ի դեպ, դրսից տղա բերել չի նշանակում: Մենք թե եվրոպական, թե ԱՊՀ, թե համաշխարհային տարբեր կազմակերպությունների անդամ ենք, եւ ինչպես մենք պարտավորություններ ունենք նրանց առջեւ, այդպես էլ իրենք` մեր: Եվ մենք նրանց պարզապես հիշեցնում ենք իրենց իսկ պարտավորությունները թե մեր, թե քաղաքակիրթ աշխարհի եւ թե քաղաքակրթության հանդեպ ընդհանրապես:

Եվ երրորդ տարբերակը. ժողովուրդը, որի արժանապատվությունը ոտնահարված է` իրենից բիրտ ուժի կիրառմամբ կատարված գողության համար, կանգնում է այնքան, մինչեւ հնարավորություն է ստանում վերականգնելու իր իրավունքներն ու ետ բերելու իրենից գողացվածը: Նշածս երեք սցենարներից յուրաքանչյուրն էլ, կամ ինչ-ինչ համադրումներով, ավելի իրատեսական են եւ իրականանալի, քան նախորդ նշված չորսը: Ի դեպ, Ռ.Քոչարյանը երկու հիմնական սցենար է նշել նաեւ իշխանության համար. հանդուրժողականություն, որին, իր կարծիքով, հետեւելու է ընդվզումի ալիքի մարումը եւ ուժային գործողությունները եւ դրանցից իրեն համար ընդունելի է համարել միայն եւ միայն առաջին տարբերակը: Սրանով իսկ փաստելով, որ հակառակի պատասխանատուն ինքը չէ, այլ...

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.