|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվում է14:30 Yerevan | 10:30 GMT | Saturday 1 March 2008Էմմա Գաբրիելյան Երեկ Ազատության հրապարակի հանրահավաքի գլխավոր թեմաներից մեկը, թերեւս, «դհոլ-2» գործընթացի վառ եւ ցայտուն ապացույցն էր` Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվեց «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Թե ինչպիսի ցնծություն ապրեց Ազատության հրապարկը այս լուրից` անհնար է նկարագրել... Անշուշտ «ցնծությունը» գիտակցումն էր այն բանի, որ եթե մարդը կեղծ ընդդիմություն է, ասել է թե` «դհոլ-2» է, ապա որքան շուտ բացահայտվի, այնքան լավ: «Լավ» ու՞մ համար, տրամաբանական հարց կծագի` իհարկե ՕԵԿ-ի ընտրազանգվածի համար, որին մոլորության մեջ պահելը պարզապես ստորություն էր, ինչը մի քանի տարի Բաղդասարյան Արթուրիկը իրականացրեց: Այսպիսով` քոչարյանասերժական վարչախմբից մեկ անգամ արդեն տուժած, «քցված» Բաղդասարյանը վերադարձավ իր «արմատներին». նա հանրապետության թիվ երկու պաշտոնյայից` ԱԺ-ի նախագահի պաշտոնից զրկվելուց հետո որպես կարգին հաճախորդ համաձայնեց աշխատել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: «Դհոլ-2»` կամ Արմենչիկին կփոխարինի Արթուրիկը Ամբողջ Ազատության հրապարակը սուլեց, երբ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հայտնեց այս լուրը. «Ի վերջո` քաշվեց հստակ գիծը ավազակապետության եւ ժողովրդի միջեւ: Արթուր Բաղդասարյանը 10 տարի խաբում էր ժողովրդին, վերջին մի քանի ամսիների ընթացքում խաբել է ժողովրդին, բայց, փառք Աստծո, ժողովուրդը այլեւս խաբվող չէ, եւ ընդդիմության ականները մեկը մյուսի ետեւից պայթում են, սա մեր համաժողովրդական Շարժման արդյունքն է: Հատկանշական է, որ Արթուրիկը ԱԽ քարտուղար է նշանակվելու Արմենչիկի փոխարեն` սրանից բխող բոլոր հետեւանքներով», - հայտարարեց Ն.Փաշինյանը եւ ընդգծեց, որ Ա.Բաղդասարյանի քայլը համաժողովրդական շարժման հաղթանակն է. «Մենք Հայաստանը պետք է ազատենք գեղամյանասերժանտական մոլախոտից: Արթուր Բաղդասարյանը այս ամբիոնից կոկորդիլոսի արցունքներ էր թափում, թե Սերժը իրեն ուտում է, ուզում է սպանել... Այո, երիտասարդ, Սերժը քեզ սպանեց, սակայն ավելի լավ էր ֆիզիկապես սպաներ, քան այդպես բարոյապես ոչնչացներ եւ դարձներ զրո: Դու այլեւս սպանված ես, դու այլեւս գոյություն չունես որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, դու այլեւս սովորական սերժանտ ես եւ ոչ ավելին», - ասաց Ն.Փաշինյանը, իսկ հրապարակը պայթեց` «այո»-ներով, ապա` «ամոթ»-ներով ու «Արթուր դավաճան» վանկարկելով: Օրվա թիվ մեկ լուրին հաջորդեց ՕԵԿ-ի անդամների` կուսակցության անդամատոմսերը պատռելու գործընթացը. նախ ՕԵԿ-ական Համլետ Գրիգորյանը մոտեցավ խոսափողին, հայտարարեց, որ երբ Ա.Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնից հեռացավ, ինքը չլքեց կուսակցությունը, սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, նա որոշեց դուրս գալ այդ կուսակցությունից: ՕԵԿ-ականը ցանկանում էր հրապարակավ այրել իր վկայականը, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրեց դա չանել, որպեսզի հետո ՕԵԿ-ից չհայտարարեն, թե այդպիսի անդամ չեն ունեցել: ՕԵԿ-ից հրաժարվելու գործընթացին միացավ նաեւ Գրիգոր Սարգսյանը: Նկատենք, որ հանրահավաքի սկզբում Ն.Փաշինյանի ձեռքում էին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մի քանի տասնյակ անդամատոմսեր, որոնք նա պատռում, նետում էր դեպի հրապարակ:
Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում Հայաստանի ժողովրդավարացմանը Երեկվա հանրահավաքում ուշագրավ էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության` Վիեննայում հրապարակած հայտարարության հրապարակումը, որը հանրահավաքի մասնակիցներին բավական ոգեւորեց: Հայտարարության մեջ արձանագրվել էր, որ փետրվարի 19-ի ընտրությունները «շատ հեռու էին կատարյալ լինելուց» եւ որ ԵԱՀԿ-ի հիմնական պարտավորությունները` ժողովրդավարական ընտրությունների անցկացման առումով` Հայաստանում մնացել են չկատարված, եւ ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը «արձագանքել այդ մարտահրավերներին»: Հայաստանյան իրավիճակի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի մասին վկայող մյուս փաստը «Ազատություն» ռադիոկայանի Վիեննայի թղթակից, վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Պյոշի հոդվածն էր, որում նա նկատել էր, որ միջազգային դիտորդների Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների մասին զեկույցները խորացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության նկատմամբ քաղաքացիական հասարակության պաշտպանների անվստահությունը: Այս տեղեկատվությունները երեկ հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը` դրանք գնահատելով աննախադեպ: Ազատության հրապարակը նաեւ ծափողջույններով ընդունեց այն տեղեկությունը, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանը, երբ պահանջել է ուժ կիրառել Ազատության հրապարակում հավաքված` Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների դեմ, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, ինչն էլ Քոչարյանը չի կատարել: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իր ելույթում կարեւորեց հրապարակված երկու փաստաթղթերը` նկատելով. «Դրանք հստակ հաշվարկվել են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ մենք ասում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանը հաշվարկել է բոլոր քայլերը, դուք էլ տեսնում եք, որ այդ ամենը օր օրի իրականություն է դառնում: Այս հաղթանակներին մենք հասել ենք ձեր միջոցով, հասել ենք միասին, մեր միասնությամբ», - դիմեց Ա.Զ.Սարգսյանը ժողովրդին, ապա շեշտեց, որ իշխանությունները փոխել են տակտիկան` բանակցություններ են ակնկալում, երկխոսություն, որպեսզի` «բարի երեւան». «Իշխանական բուրգը հստակ տեսնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվածությունը օր օրի բերելու է հաղթանակների եւ հեռանալը անփուսափելի է դարձնելու», - վստահեցրեց կուսակցության առաջնորդը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ այսպիսի գործընթացները կարող են ունենալ տեւական բնույթ, օրինակ՝ Ուկրաինայում այն տեւեց երեք ամիս, Վրաստանում` երկուսուկես շաբաթ. «Մենք 9 օր ենք կանգնել, եւ իշխանական բուրգն արդեն ճոճվում է, արդեն բանակցությունների կոչեր են անում, ներսում ուզում են բարի երեւալ», - նշեց Արամ Սարգսյանը: Շնորհավորելով Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանի հետ համագործակցության առիթով էլ` նա նկատեց. «Հասավ իր կյանքի երազանքին եւ բազմելու է Արմենչիկի աթոռին՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարուհու պաշտոնը»: «Եվրոպացիներ, մի կողմ թափեք ձեր հաշվապահությունը» «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այս հրապարակում` արդեն դուրս է եկել հանրապետության սահմաններից, դարձել միջազգային հարց, միջազգային կարեւորագույն գործոն», - երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ անդրադառնալով, միջազգային հանրության, մասնավորապես` Արեւմուտքի հասցեին իր` «հիմնավորված վրդովմունքի» եւ ՌԴ-ի առանձնահատուկ` պետական մտածողության կեցվածքի մասին իր նախորդ օրվա ելույթին` երեկ արդեն ընդգծեց Միացյալ Նահանգների ծանրակշիռ գնահատականները, որոնցից առաջինը պետդեպարտամենտի հայտարարությունն էր, իսկ երկրորդը` ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի տարածած հայտարարությունը. «Սա լուրջ մոտեցում է եւ ապացուցում է, որ ԱՄՆ-ն չի հավատում կայացած ընտրություններին: Եվ կարծում եմ` սա այնպիսի գործոն է, որ Հայաստանի իշխանիկները չեն կարող անտեսել», - ասաց Լ.Տեր-Պետրոսյանը` կրկնելով, որ առայժմ չի նկատում նման լուրջ վերաբերմունք ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի կողմից. «Չեմ նկատում, որովհետեւ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները, կարծում եմ, ճիշտ չեն արտահայտում այն ամենը, ինչ կատարվել է ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ ընտրական ողջ գործընթացում: Այո, սա քննություն է նրանց համար», - շեշտեց առաջին նախագահը: Ըստ համաժողովրդական Շարժման առաջնորդի` հոկտեմբերի 23-ից է սկսվել ընտրական գործընթացը եւ այդ ժամանակվանից սկսած մեկնարկել են ֆիզիկական բռնությունները, որոնք մինչ օրս չեն դադարել, մինչդեռ եվրոպացի դիտորդները կենտրոնացել են մասնավոր փաստերի, թվաբանության վրա. «Սա խայտառակություն է` այսպիսի փաստերի հիման վրա ընտրությունների գնահատականը, շատ ավելի կարեւոր են աղաղակող ֆիզիկական բռնության փաստերը, քան տոկոսների հաշիվները: Ի՞նչ ընտրության մասին կարող է խոսք լինել, երբ մինչեւ պաշտոնական քարոզարշավը ընդդիմությունը բացարձակ դուրս է մնացել մեր պետական հեռուստատեսությունից եւ իշխանությունների վերահսողության տակ գտնվող բոլոր հեռուստակայաններից: Այս հարցը հազարապատիկ ավելի արժեք ունի, քան իրենց նշած մանր-մունր խայտառակությունները, որոնք տեղի են ունեցել այդ օրը: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ հոկտեմբերի 23-ից սկսած հազարավոր իմ կողմնակիցներ բերվել են ոստիկանատներ, ԱԱԾ բաժանմունքներ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ, բոլորին ահաբեկել են, որ չմասնակցեն իմ հանրահավաքներին, մի մասին աշխատանքից են ազատել, մի մասի հարազատների բիզնեսին են խփել, մի մասին ձերբակալել, ընտրությունների օրը 200-ից ավելի մարդ` վստահված անձինք, դիտորդներ ծեծի, ջարդի, ձերբակալությունների են ենթարկվել, նաեւ հայտնի մարդիկ` Երջանիկ Աբգարյան, Գուրգեն Եղիազարյան, «Ժառանգության» պատգամավորներ: Կամ այն խայտառակությունը, որը տեղի ունեցավ ընտրություններից հետո` հաշվարկի ժամանակ: Ընտրություններից հետո` 50-60 ձերբակալություններ այս հրապարակից եղան, հարյուրավոր խուզարկություններ, ձերբակալություններ եւ այս ամենը տեղի է ունենում ԵՄ դեսպանների, դիտորդական առաքելությունների աչքի առջեւ», - ընդգծեց առաջին նախագահը` վստահեցնելով, որ եթե նման փաստերից մեկը արձանագրվեր իրենց երկրներում` այդ պետություններում ֆրանսիական մի նոր հեղափոխություն կծագեր. «Դա գուցե չգիտակցված ռասիզմ է մեր տիպի ժողովուրդների նկատմամբ, կրկնակի ստանդարտի կիրառում. այն, ինչ իրենց մոտ անբարոյական է` այստեղ նրանք համարում են բարոյական, այն, ինչ անօրինական է` այստեղ կարող են աչք փակել: Պարոնայք եվրոպացիներ եւ նրանց դիտորդական առաքելություններ, գնահատել այս ընտրությունները` նշանակում է մի կողմ թափել ամբողջ հաշվապահությունը եւ ընտրությունները գնահատել այս ֆիզիկական բռնությունների փաստով, որոնք հսկայական շարան են եւ ոչնչով չեն տարբերվում այն բռնություններից, որոնք իր ժողովրդի նկատմամբ կիրառում էր Սադամ Հուսեյնը», - հայտարարեց առաջին նախագահը: Լուսանկարները՝ Գերման Ավագյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |