“Zhamanak” Armenian-American Political Daily

«Գյումրին` ընտրական տոնավաճառ»

14:24 Yerevan | 10:24 GMT | Saturday 1 March 2008

«Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար կարեւոր սկզբունքներից եւ ոչ մեկը 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ նախընտրական քարոզչության ընթացքում չի պահպանվել եւ ՀՀ նախագահի ընտրությունների կազմակերպման եւ իրականացման գործընթացը չի համապատասխանել ՀՀ կողմից Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններին` ԵԱՀԿ ժողովրդավարական ընտրությունների համար սահմանված չափանիշներին»:

Այս կարծիքին է ոչ միայն Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի զեկույցից մի հատված ընթերցվեց երեկ, համատեղ ասուլիսում: Սակայն, ինչպես հայտնի է, միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցում այլ ձեւակերպումներ կան: Ո՞րն է այս հակասության պատճառը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի տպավորությամբ` այն, ինչ ծրագրվել էր փետրվարի 19-ի համար, իրականացվել է ընտրատեղամասից դուրս. «Գյումրին վերածվել էր ընտրական տոնավաճառի: Եղել եմ Գյումրիի 15-20 տեղամասերում, ամեն ինչ խաղաղ է անցել: Սակայն սա մեդալի մի երեսն է, քանի որ ընտրատեղամասերից դուրս ընտրակաշառքներ էին բաժանվում, որը ամբողջ օրվա ընթացքում ցուցադրում էին «ԳԱԼԱ» եւ «Ցայգ» հեռուստաընկերությունները: Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես էին փող բաժանում` բավականին բաց, եւ մարդիկ գնում էին ընտրության»: Ա.Իշխանյանն ասաց, որ նույն պատկերն է եղել նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերում` տարբերությամբ, որ այստեղ «փողը բաժանվել է նախապես, մինչեւ ընտրությունները: Դիտորդների հետ զրույցում պարզվեց, որ նրանք միայն ընտրատեղամասերում են եղել, դուրս չեն եկել եւ միայն ներսի տպավորությամբ են առաջնորդվել»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացնելով համատեղ անցկացված մոնիտորինգի արդյունքները նշեց, որ «ՀՀ օրենսգրքի 79.4 հոդվածով` նախընտրական քարոզչության իրականացման համար թույլատրված 70 մլն դրամը գերազանցվել է թեկնածուներ Ս.Սարգսյանի եւ Վ.Հովհաննիսյանի կողմից: Քարոզչական նյութերի եւ նախընտրական միջոցառումների վրա այդ թեկնածուները համապատասխանաբար ծախսել են 92, 7 մլն եւ 86, 5 մլն դրամ»: Այս հաշվարկները արված են շուկայական ցածր գների չափով եւ իրականացվել են միայն Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: Ա.Կոստանյանը նշեց նաեւ, որ վարչական ռեսուրսը օգտագործվել է այնքան մեծ չափով, որը դժվար է գնահատել, «այդ թեկնածուն շարունակել է պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ` խախտելով օրենսդրությունը»:

Գյումրիում բաժանված ընտրակաշառքների մասին խոսեց նաեւ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Կան հարյուրից ավելի լուսանկարներ` չհաշված «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանումները, որոնք վկայում են իշխանության թեկնածուի կողմից ընտրողներին բաժանված կաշառքի փաստերի մասին: Փետրվարի 19-ին «ԳԱԼԱ»-ն մոտ 250 ահազանգ է ստացել: Քանի որ մինչեւ օրվա առաջին կեսը արդեն լուսա եւ տեսանկարահանված էին այն բոլոր ավտոմեքենաները, որոնց միջից բաժանվում էին ընտրակաշառքներ, դրանք օրվա երկրորդ կեսին իրենց սեւ գործն անում էին արդեն առանց պետհամարանիշների: Բոլոր ահազանգերի վերաբերյալ ինֆորմացիան հնարավոր է գտնել «Ասպարեզի» վեբ-կայքում: Ի դեպ, Գյումրիում ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ խախտումներին իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել Գյումրիի հարկային տեսչությունը, որի մուտքից դուրսուներս էին անում մարդիկ` «ինչ-որ բան բերում, ինչ-որ բան տանում»: Լեւոն Բարսեղյանը, ի հավելումն ասվածի, նշեց. «Նկատի ունենալով վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքների զանգվածայնությունը, ընտրատեղամասերում զանազան խախտումները, ճնշումները վստահված անձանց վրա, մեր կազմակերպությունը չի կարող ընդունել քվեարկության արդյունքների վավերականությունը: Եվ որպեսզի վատ չմտածեք Գյումրիի մասին, ասեմ, որ Ս.Սարգսյանը հավաքել է 38%»: Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչներն ասացին, որ իրենք էլ չեն ընդունում, որը, սակայն, իրենց անձնական կարծիքն է միայն: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես անդրադարձավ օրվա թեմային, սակայն այլ կտրվածքով, մասնավորապես` լրատվամիջոցների կողմնակալությանը: «Այս կարգի մեկնաբանման պայմաններում առողջ երկիր եւ առողջ հասարակություն հնարավոր չէ ունենալ: Մտածեք մեր ապագայի մասին», - լրագրողներին եւ նրանց ներկայացրած կառույցները տնօրինողներին դիմեց Բորիս Նավասարդյանը:

Մեր հարցին, թե արդյոք Գյումրիում փետրվարի 19-ին ճնշումներ եղե՞լ են լրագրողների նկատմամբ, Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Այդ հարցը լուծված է այնտեղ: Գյումրիում գիտեն, որ լրագրողների աշխատանքը չպետք է խոչընդոտել ընտրատեղամասերում»: Մեր երկրորդ հարցին, թե միջազգային դիտորդները դիմե՞լ են արդյոք մոնիտորինգ անցկացրած եւ մամուլի ասուլիս հրավիրած անկախ կազմակերպություններին տվյալներ ստանալու խնդրանքով, պատասխանը միանշանակ էր բոլորի կողմից. «Ոչ»:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.