|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դիվանագետները դիմում են օրենքին14:15 Yerevan | 10:15 GMT | Saturday 1 March 2008Մարինե Խառատյան Ռոբերտ Քոչարյանի կատաղության պահին Վարդան Օսկանյանի ձեռամբ աշխատանքից ազատված ու կոչումներից զրկված ԱԳՆ 10 պաշտոնյաները իրավական ճանապարհներ են փնտրում` դիվանագետի իրենց կոչումը վերականգնելու համար: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: - Վլադիմիր, Դուք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ձեր հայտարարությունից հետո ԱԳՆ մյուս պաշտոնյաների հետ զրկվեցիք ոչ միայն աշխատանքից, այլեւ կոչումներից: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը: - Ես արդեն ունեցել եմ առիթ նշելու, որ շատ եմ ցավում, որ ցանկացած քաղաքակիրթ եւ ժողովրդական երկրին հարիր մեր կողմից ցուցաբերած քաղաքացիական նախաձեռնությանը, ժողովրդավարության ապահովման եւ հանդուրժողականության ցուցաբերման կոչին, միջազգային դիտորդական առաքելության հաշվետվությունում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ մեր բնական վրդովմունքը արժանացավ ոչ համարժեք ռեակցիայի: Այս պահին, երբ ֆորմալ կերպով ԱԳՆ համակարգում չենք, առավել հստակությամբ եմ պահանջում անդրադառնալ միջազգային դիտորդական առաքելության հաշվետվությունում առկա հանձնարարականներին եւ նպաստել Հայաստանի բարի համբավի վերականգնմանը: Պետք չէ հրապուրվել նշված զեկույցի առաջին պարբերության բարեհնչուն ձեւակեպումներով` բոլորին հայտնի է, որ այն, ինչպես նաեւ օրերս սպասվող հաջորդ միջանկյալ զեկույցը լի է խախտումների մասին դիտարկումներով, որոնք ստվեր են գցում Հայաստանի նախագահի ընտրությունների վրա: Ժամանակն է թոթափել կաշկանդվածությունը եւ գալ գիտակցության, որ 16 տարվա անկախությունը բավականին ժամանակ է, որպեսզի մենք լիակատար օրինական ընտրություններ անցկացնենք, իրավական պետություն դառնանք, ոչ թե միայն տարբեր ամբիոններից խոստումներ տանք: Եթե անգամ թերացել ենք ընտրությունները օրինական անցկացնելու հարցում, ապա մեղավորները պետք է պատժվեն օրենքի տառին համապատասխան: Բայց պատժվեցինք մենք` դիվանագետներս: - Նման հայտարարություն անելով` չէի՞ք մտածում, որ հնարավոր է ձեզ հետ այդ կերպ վարվեն: - Գիտեք` պետք է հասկանալ այն մարդկանց զգացմունքները, որոնց բարեկամներն ու հարազատները գտնվում են Ազատության հրապարակում եւ համառ լուրեր լսում այն ժամանակ թվացող հավաստի աղբյուրներից` ցուցարարների դեմ ուժի կիրառման վերահաս վտանգի վերաբերյալ: Դա կանխելուն էր ուղղված մեր քայլը: Մեր մտահոգությունը առաջին հերթին պայմանավորված է ներքին հրամայականներով, որի մասին քաղաքական դաշտում ծավալվել են ընդարձակ քննարկումներ: Սակայն ես կուզեի ընդգծել նաեւ արտաքին մարտահրավերները, որոնց դիմագրավելու համար մենք պետք է ցուցաբերենք համախմբված եւ միասնական կեցվածք: Հայտնի է, որ մեր հակառակորդի հնարավորությունները, բնական պաշարների շնորհիվ, այսօր անհամեմատելի են մեզ հետ, անգամ մեր երկու երկրների պետբյուջեների միջեւ հնգապատիկ տարբերություն կա: Միջազգային հարթակում Հայաստանի ավելի բարձր վարկանիշը մեզ դեռեւս հնարավորություն է տալիս մասամբ հավասարակշռելու ռեսուրսային անհավասարությունը: Միեւնույն ժամանակ ակներեւ է, որ այդ առավելությունները միայն համեմատության մեջ են, իրականում լսելով ժողովրդավարություն բառը` շատերը բարեկիրթ ժպտում են: Հայտնի է, որ միջազգային շատ կազմակերպություններ բավականին քննադատաբար են գնահատում նույն խոսքի ազատության վիճակը մեզանում, կոռուպցիայի դեմ պայքարը: Առանց անդրադառնալու այս խնդիրներին, առանց համախմբելու մեր ժողովրդավարական ռեսուրսները` մեզ դժվար կլինի լիարժեք ու ինքնավստահ բանակցային կողմ հանդիսանալ ԼՂ հարցում, ինչպես նաեւ դիմանալ այն կատաղի մրցակցությանը, որ առկա է տարածաշրջանում: - Դուք շեշտում եք, որ ձեր հայտարարությունը քաղաքացիական էր, ոչ քաղաքական: Այս դեպքում ո՞րն էր, ըստ Ձեզ, իրական պատճառը ձեր աշխատանքից ազատման: - Հիմնական պատճառը` դա անհանդուրժողության մթնոլորտն է, որ թեւածում է այսօր Հայաստանում: Սեւի ու սպիտակի բաժանելու, եթե դու իմ հետ չես` ապա թշնամի ես` ցավալի տրամաբանությամբ: Ազատման հրամանի ստորագրումից անմիջապես հետո ինձ շտապ կանչեցին ԱԳՆ եւ ասացին, որ մեկ ժամվա մեջ պետք է ազատեմ աշխատասենյակս: Ավելի քան 13 տարի աշխատելով դիվանագետ` երբեւէ առավել ճնշված ինձ չեմ զգացել: Մեր հայտարարությունում մենք բազմիցս օգտագործել ենք օրենք բառը, օրենքի համապատասխան գործելու, իրավական պետություն դառնալու անհրաժեշտությունը: Այդ գործելաոճին մնալով հավատարիմ` մենք խորհրդատվություններ ենք սկսել իրավական մասնագետների հետ` Հայաստանի դիվանագետի մեր բարի անունը վերականգնելու նպատակով: - Վերջերս, սակայն, պրոիշխանական հայաստանյան թերթերից մեկը խիստ ցածր գնահատականներ ներկայացրեց աշխատանքից ազատված ԱԳՆ պաշտոնյաների վերաբերյալ, ըստ որոնց` աշխատանքից ազատվել են ոչ պրոֆեսիոնալ, դեռ ՀՀՇ-ի ղեկավարման տարիներից ժառանգություն մնացած կադրեր, որոնք առանց այդ էլ լարվածություն են առաջացրել նախարարությունում: - Միանշանակորեն համաձայն չեմ հոդվածում բերված քննադատությանը եւ գնահատականներին: Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը այն եզակի պետական կառույցներից է, ուր օրենքը, տվյալ դեպքում դիվանագիտական ծառայության մասին, գործում է լիակատար (կամ գրեթե` լիակատար): Ես անգամ կասեմ, որ եթե այլ գերատեսչություններում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պաշտոնյաների առաջխաղացման համակարգի` օրենքի համաձայն գործելու մասին, ապա ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս տարիներ առաջ արել էր դա: Իմ նախկին գերատեսչությունում գործում է հստակ ռոտացիոն սիստեմ, որը ապահովում է (նախարարի մակարդակով, այսինքն` կցորդից մինչեւ գլխավոր հյուպատոս եւ դեսպանության դեսպանորդ) նշանակումների` օրենքի տառին համապատասխանումը, ինչն իր հերթին ապահովում է համակարգում աշխատող դիվանագետների վստահությունը` իրենց ապագա նշանակումների հետ կապված: Վերոնշյալի հետ ուղղիղ առնչություն ունի նաեւ աշխատանքի արդյունավետությունը, որը նույնպես, հաշվի առնելով նախարարությանը հատկացվելիք համեստ ռեսուրսները, բավականին բարձր է: Դատեք ինքներդ, Հայաստանում առկա խնդիրներով հանդերձ (ընտրությունների նկատմամբ համապատասխան զեկույցները, ԱՄՆ պետքարտուղարության մի շարք զեկույցները, ԵԱՀԿ, Amnesty International, Freedom House, Transparency International, այլ հեղինակավոր կազմակերպությունների քննադատական գնահատականները ժողովրդավարական տարբեր չափանիշների մակարդակի վերաբերյալ, Ադրբեջանի` միջազգային բոլոր կազմակերպություններում շարունակական հարձակումները եւ այլն), մեր դիվանագիտությունը կարողացել է ապահովել մեր երկրի բարձր վարկանիշը եւ ժողովրդավարության չափանիշների վերաբերյալ բոլոր հարցումներով շատ ավելի շահեկան դիրք է զբաղեցնում Ադրբեջանից: Սա հենց ԱԳՆ համակարգի, դեսպանությունների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Ինչ վերաբերում է կադրերին, ապա իսկապես համարում եմ, որ ցավոք ավելացել է ոչ պրոֆեսիոնալների բալաստը ԱԳՆ-ում, բայց դա ամենեւին դիվանագետներին չի վերաբերում, եւ հատկապես նրանց, ում մասին խոսվում էր այդ չարաբաստիկ հոդվածում: Նրանք մեր լավագույն կադրերն են, որոնք մեծ նպաստ ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու, մեր երկիրը պատվով դրսում ներկայացնելու հարցերում: Մտքովս այս պահին մի քանի օրինակ անցավ` Մ.Այվազյանը համակարգել է մեր վերընթաց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը վստահ եմ, մեկ ամսից իր արտացոլումը կստանա Դաշինքի դրական գնահատականով: Պրն Բայբուրդյանը համակարգել է, այլ հարցերի հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, որը արգասաբեր արդյունքներ է խոստանում Հայաստանի համար: Կ.Աֆրիկյանը ներգրավված է եղել ՀՀ վարչապետի ԱՄՆ վերջին այցի կազմակերպման աշխատանքներում` ապահովելով վերջինիս բարձր մակարդակը: Իմ նախկին` մամուլի եւ տեղեկատվության վարչությունն էլ հայաստանյան 105 լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել է ամենաարդյունավետ պետական կառույցը ԶԼՄ-ների հետ աշխատանքում: Եվ ամենակարեւորը` մենք արել ենք ամենը` ծառայելու պետական շահին: Դրանով էր պայմանավորված նաեւ մեր քաղաքացիական կեցվածքը, որը արտահայտվել էր փետրվարի 24-ի հայտարարությամբ: Հ.Գ. Չնայած Վ. Կարապետյանը անձնվիրաբար պաշտպանում է իր նախկին գերատեսչության համբավը, անհնար է չնշել, որ այդ գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը իր մեկ հրամանով, որը լուրջ հակասություններ ունի օրենքի հետ, մեծապես վնասեց ԱԳՆ վարկին եւ հեղինակությանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |