|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստան, բաց արա քո աչքերը14:14 Yerevan | 10:14 GMT | Saturday 1 March 2008Արամ Ամատունի Թվում էր զարմանալի, որ նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը որեւէ արտասահմանցի դիվանագետի հետ չէր թեյել, իսկ այդ արարողության որեւէ մանրամասն, անվտանգության ծառայության թեթեւ ձեռքով էլ չէր հայտնվել հանրապետական մամուլում: Սակայն հիմա պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանը, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, նախագահական ընտրություններից առաջ թեյել էր ոչ թե արտասահմանցի դիվանագետների, այլ հայաստանցի իշխանավորների հետ: Ինչպես ցույց տվեցին խորհրդարանական ընտրությունները, արտասահմանցի դիվանագետների հետ թեյելը ոչ մի լուսավոր բան չի խոստանում, իսկ ահա իշխանավորների հետ խմած ցանկացած հեղուկ կարող է բավական շոշափելի արդյունք տալ: Այսինքն` ոչ թե հիմա է պարզվում իշխանավորների հետ ընտրություններից առաջ թեյելու հանգամանքը, այլ բացահայտվում է հիմա, իսկ պարզվում էր նախագահական ընտրությունների ամբողջ գործընթացում, երբ իր հետ բավական լուրջ քաղաքական երկխոսության մեջ մտած Լեւոն Տեր-Պետրոսյանին Արթուր Բաղդասարյանը արձագանքում էր բավական անլուրջ անորոշություններով, իսկ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես գնահատեց նրա այդ անորոշությունը որպես իշխանության հետ որոշակի պայմանավորվածության արդյունք, ապա Արթուր Բաղդասարյանը խիստ վիրավորված զգաց իրեն: Հիմա երեւի թե կարելի է գուշակել, թե իրականում ինչն էր այդ վիրավորվածության պատճառը: Երեւի թե այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան պարզապես զրկեց հանրությանն այդ հաճելի լուրը առաջինը հայտնելու հնարավորությունից: Չէ՞ որ Արթուր Բաղդասարյանի մտքով անգամ չի անցնի, որ այդ լուրն ամենեւին էլ չի կարող հանրության համար հաճելի լինել, քանի որ հանրությունը մազոխիստ չէ, որ ամեն անգամ ուրախանա` տեսնելով, թե ինչպես է եւս մի գործիչ հետեւողականորեն խաբել իրեն: Բայց Արթուր Բաղդասարյանը կվիրավորվեր, որովհետեւ իր պատկերացմամբ, այդ լուրը հաճելի է, ի վերջո` նա նորից իշխանության մեջ է, եւ ամեն անգամ չէ, որ նշանակվում ես անվտանգության խորհրդի քարտուղար: Բայց Աստված Արթուր Բաղդասարյանի հետ: Մեր մտահոգության առարկան այն է, որ այդ խորհուրդը, փաստորեն, գլխավորում է դավաճանը: Դավաճանը ոչ միայն ժողովրդի գնահատմամբ, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի, որի հավանությամբ էլ տեղի են ունենում իշխանության ձեւավորման ներկայիս գործընթացները: Ախր նախագահն ինքն էր 2007 թվականի ապրիլին ասում, որ Արթուր Բաղդասարյանի արածը ուղղակի դավաճանություն է` նկատի ունենալով նրա զրույցը բրիտանացի դիվանագետի հետ: Հիմա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է սպասել Հայաստանին, եթե նախագահին առընթեր անվտանգության խորհուրդը գլխավորում է դավաճանը: Ինչպիսի արձագանք է գտնելու այդ փաստը, օրինակ, հայկական բանակում, Հայաստանի ոստիկանությունում, հատուկ ծառայություններում, որոնց ղեկավարներն անվտանգության խորհրդի անդամ են եւ ստիպված են լինելու ցուցումներ ստանալ կամ հաշվետվություն ներկայացնել կամ թեկուզ խորհուրդներ հարցնել մի մարդուց, որին ընդամենը մեկ տարի առաջ դավաճան էր հռչակում անձամբ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Այսինքն` Արթուր Բաղդասարյանի նշանակումն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ուղղակի հարվածի տակ է դնում ամբողջ պետական համակարգի աշխատանքը: Խնդիրը միայն դավաճանությունը չէ: Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին այդպիսի գնահատական տված չլիներ Արթուր Բաղդասարյանին, միեւնույն է, նրա նշանակումը առնվազն տարակուսանք էր առաջացնելու երկրի ուժային կառույցների ղեկավարների շրջանում: Բանն այն է, որ Արթուր Բաղդասարյանը որպես քաղաքական գործիչ, եթե իհարկե այժմ արդեն չափազանցություն չէ նրան այդպիսին համարելը, մինչեւ հիմա աչքի է ընկել մի յուրահատկությամբ. որեւէ էական, առանցքային հարցի կապակցությամբ` լինի դա ներքին կամ արտաքին քաղաքականության, առավել եւս` երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի առումով, չի հայտնել որեւէ հստակ դիրքորոշում: Միակ հստակ բանը, որ նա ասել է իր քաղաքական կարիերայի ընթացքում` եղել է ավանդները վերադարձնելու անհրաժեշտությունը: Անգամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին Արթուր Բաղդասարյանն այդպես էլ չհստակեցրեց` ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ անդամակցելուն: Հիմա իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում բացառապես անորոշություններով եւ հանգամանքներին ապավինելով աչքի ընկած գործչին անվտանգության խորհրդի քարտուղար կարգելը նշանակում է այդ կառույցը վերածել ուղղակի առեւտրի առարկայի, որը կարելի է գործածել ներքաղաքական կարիքների համար: Մինչդեռ, ցանկացած պետության մեջ, ինչպիսի կարգ էլ որ տիրի այդ պետությունում, ուժային կառույցների ղեկավարության համար կան ոլորտներ, եւ առաջին հերթին դա անվտանգության ոլորտն է, որոնց հանդեպ կա կայուն, կարծր, լրջության ամենավերին աստիճանին գտնվող վերաբերմունք եւ մոտեցում: Իսկ դա նշանակում է, որ Արթուր Բաղդասարյանի նշանակումով, իշխանության վերնախավը ուղղակի ձեռնոց է նետում երկրի ուժային կառույցների վերնախավին` պարզապես նվաստացնելով նրանց: Որեւէ նորմալ երկրում այդպիսի քայլն անկասկած կարժանանար թեկուզ ոչ ուղղակի, բայց այնուամենայնիվ ուժայինների բավական կոշտ արձագանքին: Գուցե դեռ շուտ է դրա մասին խոսելը, քանի որ շատերը երեւի թե դեռ չեն էլ հավատում, որ հնարավոր է նման բան եւ որ այդ պայմանավորվածությունն իսկապես ձեռք է բերվել: Նրանց գուցե կարող է զարմացնել այն, որ Արթուր Բաղդասարյանը գնացել է այդ քայլին, որովհետեւ անգամ ուժային կառույցները կարող էին քաղաքական տրամաբանության ենթարկել կատարվածը եւ հասկանալ, թե քաղաքական գործիչ Բաղդասարյանի համար ինչ է նշանակում իշխանության հետ այդ պայմանավորվածությունը: Դա նշանակում է, որ Արթուր Բաղդասարյանը կարող է ՕԵԿ 7 հարկանի շենքն արդեն վերածել հյուրանոցի, քանի որ կուսակցությունն արդեն նրան պետք չէ, նա դադարեց լինել քաղաքական գործիչ, որովհետեւ այդ քայլով ոչ միայն բացահայտեց, որ իրականում կատարում է իշխանության պատվերը, այլ նաեւ ցույց տվեց, որ հայ ժողովրդին, առավել եւս իր մոտ 300 հազար ընտրողի, դնում է հիմարի տեղ: Դրանից հետո միայն հիմարները կարող են որեւէ ձայն տալ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ ոչ միայն այլեւս տարբերություն չկա նրան եւ Սերժ Սարգսյանին ձայն տալու միջեւ, այլ ավելին` Սերժ Սարգսյանին գուցե արժե ձայն տալ, որովհետեւ նա գոնե ընտրողի հետ ավելի ազնիվ է, քան Արթուր Բաղդասարյանը: Իհարկե շատերին կարող է զարմանալի թվալ, որ Բաղդասարյանն այդ աստիճան կարճատես գտնվեց եւ գնաց քաղաքական ինքնասպանության: Չի բացառվում նաեւ, որ նա ուղղակի հարկադրված է կատարել այդ քայլը: Ի վերջո` արդեն գաղտնիք չէ, որ նա միշտ եղել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, եւ թերեւս միամիտ կլինի կարծել, որ խորհրդարանական ընտրություններից առաջ բրիտանացի դիվանագետի հետ զրույցի հրապարակումը այն ամբողջն էր, ինչ կար Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ: Հազիվ թե անվտանգությունը լիներ այդպես միանգամից շռայլ: Չէ՞ որ նրանք գիտեին, որ կյանքը չի վերջանում խորհրդարանական ընտրություններով, եւ դեռ կար նախագահականը: Բայց ամեն դեպքում տեղի ունեցածը լավ է բոլորի համար` իշխանությունը փաստացի քաղաքական դաշտում ոչնչացրեց իր եւս մեկ պոտենցիալ մրցակցի, հասարակությունը բացահայտեց եւս մեկ քաղաքական երեսպաշտի, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ, ի վերջո, ազատվեց անորոշության կրծող որդից: Այնպես որ, ինչպես Վոլտերը կասեր` «այն, ինչ տեղի է ունենում` տեղի է ունենում լավի համար, այս` աշխարհներից ամենալավում»: Հ.Գ. Թեեւ, իհարկե, մյուս կողմից անարդար է Արթուր Բաղդասարյանին մեղադրել ժողովրդին խաբելու մեջ: Չէ՞ որ ինքն էր ասում` «Հայաստան, բաց արա քո աչքերը»: Նա ինչ մեղք ունի, որ Հայաստանը չհասկացավ այդ ինքնախոստովանությունը: Եվ` ուշ բացեց: Աչքերը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |