“Zhamanak” Armenian-American Political Daily

Բացահայտվում են բոլոր խաղաթղթերը եւ խաղային կոմբինացիաները

14:12 Yerevan | 10:12 GMT | Saturday 1 March 2008

Գոհար Բարսամյան

Հայաստանի ներքաղաքական զարգացումները ակտիվորեն լուսաբանվում են նախեւառաջ ռուսական մամուլում: Այսպես` Ռոսբալտ կայքը նշում է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո Երեւանը բաժանվել է 2 տարբեր աշխարհների:

Կայքը ընդգծում է, որ մինչ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, իրավիճակը հսկողությունից ամբողջովին դուրս եկավ, իշխանության ենթակառույցները ճեղքվեցին եւ Շարժմանը միացան նույնիսկ կառավարող` «Հանրապետական» կուսակցությունից «ապստամբներ», պաշտպանության փոխնախարարներ, գլխավոր դատախազի տեղակալը, դիվանագետներ: Ըստ պարբերականի` թվում էր եւս երկու օր` ողջ իշխանությունը կավերվի: Քոչարյանի վերադարձից հետո սցենարը փոխվեց, նույնիսկ հարկ չկա դեմոկրատիա խաղալու: Ներքաղաքական հորիզոնից «մաքրվեցին» ըմբոստները. սկսեցին ձերբակալությունները: Արտաքին գործերի նախարարությունից հեռացան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու դեսպաններ եւ նախարարության մամլո քարտուղարը: Կայքն անդրադառնում է նաեւ Դաշնակցության դիրքորոշումներին, որը կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել եւ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը եւ այնուհետեւ նշում է, որ Վահան Հովհաննիսյանը բացորոշ անցավ «կառուցողական եւ քաղաքակիրթ» ընդդիմության: Ուշագրավ է այն, որ դաշնակները վախի մթնոլորտը վերագրում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժմանը: Ռոսբալտը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ Ազատության հրապարակից հեռանալ` մինչեւ չկազմակերպվեն նոր ընտրություններ: Նա արդեն հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան: Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խաղագումարը դնում է ժողովրդի վրա, իսկ նրան իշխանություն հանձնել ոչ ոք չի պատրաստվում: Ըստ որում` Սարգսյանի թիմը իր տնաբույծ քաղաքական տեխնոլոգիաներով նպաստում է Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հավաքագրմանը: Հեռուստատեսությունը բրեժնեւյան էպոխայի շնչով լրահաղորդումներ է հեռարձակում: Փետրվարի 26-ին Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները ինքնակամ միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին. ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ շքանշանով պարգեւատրել Սերժ Սարգսյանին` հանրահավաքի մասնակիցների թիվը կրկնապատկելու համար: Հոդվածի կիզակետը այն է, որ իշխանությունները դեռեւս խուսափում են ուժ գործադրելուց: Մի կողմից` Սերժ Սարգսյանը կոալիցիա ստեղծելու կոչ է անում, մյուս կողմից` Քոչարյանը հայտարարում է, որ իշխանության համբերությունն անսահմանափակ չէ: Ռոսբալտի դիտարկմամբ` ուժի գործադրումը կունենա անկանխատեսելի հետեւանքներ:

Ռուսական մեկ այլ պարբերական` «Նեզավիսիմայա գազետան» իր հոդվածը սկսում է ուժի կիրառման անտրամաբանությունից, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները այդ ահաբեկումից չեն ազդվել եւ Ազատության հրապարակում շարունակվում են հանրահավաքները: Թերթը վկայաբերում է հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը, որ ուժի կիրառումը լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը` իրենք իրենց կդատապարտեն: Ռուսական պարբերականը նշում է նաեւ, որ ի հայտ են եկել նոր վրաններ` «Կապան», «Գորիս», «Մեղրի» մակագրությամբ: «Նեզավիսիմայա գազետայի» դիտարկմամբ` իշխանությունների կողմից ուժի կիրառման դեպքում հեռացող նախագահ Քոչարյանը ղեկը կվերցնի իր ձեռքը, ապա Սարգսյանը կդառնա «հավերժ պարտապան», ինչը նրա համար հազիվ թե շահեկան է: Այսինքն` ուժի կիրառմանը դեմ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը:

Հ.Գ. Վերջին զարգացումները բացահայտեցին անորոշ թվացող քաղաքական գործիչների իրական դեմքը. պարզ դարձավ, թե ով ինչ է ուզում եւ ով ինչի է ձգտում: Անգամ Պաղեստինի նման խնդրահարույց երկրում առկա է այն միտումը, որ կոալիցիան իրեն կարող է արդարացնել միայն ներքաղաքական բոլոր գլխավոր ուժերի համախմբմամբ, ինչը Հայաստանում անիրագործելի է այն պարզ պատճառով, որ Շարժման հիմնական նպատակն անընդունելի վարչակարգի տապալումն է: Այնպես որ, պարզ մարդկային հաշվարկները հանգեցնում են նրան, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացն այլեւս անշրջելի իրողություն է:

Լուսանկարը՝

Գերման Ավագյանի

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.