|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շանս, որից օգտվելու համար դեռ 8 օր կա14:11 Yerevan | 10:11 GMT | Saturday 1 March 2008Հեղինե Մանուկյան Նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով ԱՄՆ-ին, ԵԽ եւ ԵՄ անդամ պետություններին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ դիտորդներին` նրանց 10 օր ժամանակ ու հնարավորություն տվեց խորհելու ու եզրահանգման գալու համար` նշելով, որ վերջիններիս ձեռքում է «Հայաստանի ժողովրդավարության բախտը»: «10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն կամ Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` ընդգծելով, որ միջազգային կառույցներից պահանջվում է ընդամենը մեկ քայլ` անել ամեն ինչ, որպեսզի անվավեր ճանաչվեն փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություն նշանակվի: Հավանաբար արեւմուտքի եւ կամ եվրոպաների առաջ վիզ ծռելու անհրաժեշտություն չէր լինի, եթե մեզանում լիներ քաղաքական, հասարակական, հոգեւոր երեւէ կառույց եւ կամ մեկը` մտավորական, արվեստագետ կամ այլ մարդ, ով ի զորու կլիներ ստանձնել իշխանությանն ու ընդդիմությանը կոմպրոմիսի բերելու առաքելությունը կամ ստեղծված կացությունից դուրս գալու ելք մատնանշել: Սակայն, Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունն իրականում ոչ այնքան եվրոպական կառույցների ողջախոհ միջամտությանն ապավինելու փորձ է, որքան նրանց` մեր երկրի նկատմամբ ունեցած պարտավորությունների տիրույթ վերադարձնելու արդարացի ձգտում: Ի դեպ, շանս, որից օգտվելու համար Եվրոպան ու արեւմուտքը դեռ 8 օր ժամանակ ունեն: Ինչպես արդեն վերը նշվեց, Տեր-Պետրոսյանը հանձին քաղաքակիրթ ու ժողովրդավար պետության, հիշատակեց հենց Լիտվային` վերջինիս հնարավորություն տալով նաեւ վերհիշել ոչ այնքան հեռավոր ու հետեւաբար մոռացված 1991թ.-ի ձմեռը, երբ Կոմկուսի եւ Լիտվայի հասարակական-քաղաքական շարժման` «Սայուդիս»-ի առաջնորդների միջեւ առճակատում տեղի ունեցավ: Այդ օրերին Հայաստանն, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, անտարբեր չմնաց այնտեղ տեղի ունեցող դեպքերին ու ստանձնեց «հաշտարարի» այն առաքելությունը, որը, հարկավ, ակնկալում է այսօր արդեն ավելի ժողովրդավար ու առաջադեմ երկրից: Երեկ երբ կապվեցինք Լիտվայի հյուպատոսություն եւ փորձեցինք ճշտել դեսպան Կյաստուտիս Ստանկյավիչուսի արձագանքը Լ.Տեր-Պետրոսյանի` վերն արած հայտարարությանը, պրն դեսպանը մեզ փոխանցեց, որ «չի կարող արձագանքել այդ հայտարարությանը, քանի որ այդ կապակցությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանից պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել»: Ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության վերաբերմունքը Լ.Տեր-Պետրոսյանի` վերն արած հայտարարությանն ու ինչ քայլեր կհաջորդեն դրան: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ եթե միջազգային հանրությունը, մասնավորապես` ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ մյուս կառույցները հստակ դիրքորոշում ցուցաբերեն մեզանում տեղի ունեցող պրոցեսներին, ապա «այս իշխանություններն այլ անելիք չեն ունենա, քան խաղից դուրս գալը: Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ ուղերձը շատ տեղին էր, հավասարակշռված ու կոռեկտ արտահայտված: Ինչ մնում է ԵԱՀԿ-ի եւ մյուս կառույցների մինչ այժմ վարած քաղաքականությանը, ապա այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում` բռնություններ, ձերբակալություններ, եւ փաստը, որ Աշտարակում ծեծեցին այն 17-18 տարեկան երեխաներին որոնք վանկարկում էին Լե-վոն, դրա մեջ իրենց լուման ունեն նույն ԵԱՀԿ-ն եւ ԵԽ-ի դիտորդները ու միայն նոր Ռոբերտ Քոչարյանը: Հենց ԵԱՀԿ-ի եւ դիտորդական առաքելություն իրականացնող մյուս կառույցների ֆորմալ մոտեցումները, թե խախտումներ եղել են, բայց, այնուամենայնիվ, ընտրությունները եղել են եվրոպական չափանիշներին համապատասխան, ոգեւորում է իշխանություններին: Նրանք մտածում են, եթե մասսայական բռնություններ ենք կիրառել ընտրությունների ժամանակ եւ չնայած դրան ընտրությունները համարվում են «ժողովրդավարական», ուրեմն ծեծը նույնպես ժողովրդավարություն է: Ուստի կարող ենք շարունակել ծեծել ու ձերբակալել: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարությամբ շանս տվեց այդ կառույցներին իրենց հետագա զեկույցի միջոցով ավելի սկզբունքային ու սթափ մոտեցում ցուցաբերել առկա իրավիճակին: Նշենք, որ եվրոպական կառույցների ֆոնին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումներն ավելի հավասարակշռված են: Ռուսաստանը Տեր-Պետրոսյանի հետ մինչեւ 1998թ.-ը էֆեկտիվ աշխատանքի փորձ ունի, եւ կարծում եմ, պետք է որ դեմ չլինի Հայաստանի նախագահ տեսնել հենց նրան, որին էլ փետրվարի 19-ին ժողովրդի մեծամասնությունը ձայն տվեց»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի բացառում, որ առանձին երկրներ կարձագանքեն Տեր-Պետրոսյանի` վերն արված հայտարարությանը, սակայն այդ արձագանքներից առկա իրավիճակն էական փոփոխություն չի կրի: «Դա կլինի ընդդիմությանն ուղղված օժանդակություն, ընդամենը: Ստեղծված իրավիճակն ավելի շուտ հնարավոր է միանշանակ փոխել սեփական ուժերի, ռեսուրսների հաշվին»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ միջազգային կառույցները առանձնակի հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներով, սակայն խուսափում են կտրուկ միջամտություններից, թողնում են դեպքերն իրենց հունով զարգանան եւ գուցե ինչ-որ պահի իրենք էլ կկողմնորոշվեն ու ըստ այդմ քայլերի կգնան»: Արդյո՞ք այդ միջամտություններից գործող իշխանությունները տեղի կտան եւ ի՞նչ կերպ կդրսեւորվի նրանց վարքը: «Այն, որ այսօր իշխանություններն արդեն Արթուր Բաղդասարյանին ներգրավեցին նոր կոալիցիայի կազմում, եւ վաղը, գուցե, Դաշնակցությանն էլ տեսնենք այդտեղ, ցույց է տալիս, որ իշխանությունները եւս փորձում են ինչ-որ քաղաքական մեխանիզմների միջոցով իրավիճակը հանել ճգնաժամից: Ինչքանով է դա էֆեկտիվ կամ ոչ այնքան` այլ հարց է, բայց փաստ է, որ իշխանությունը ինչ-որ կերպ փորձում է հարցին լուծում տալ, գուցե դա ուզում է անել իր դիրքերը մի քիչ ամրապնդելով, լարվածությունը գցելով կամ այլ ճանապարհներով: Պրոցես, բոլոր դեպքերում, գնում է: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ իշխանություններն էլ են հասկացել, որ արեւմտյան խոշորագույն երկրները կոշտ դիրքորոշում ունեն անցած ընտրությունների վերաբերյալ, որը բացատրվում է նրանով, որ մինչեւ հիմա չեն շնորհավորել Սերժ Սարգսյանին», - կարծում է Սարգսյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |