|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սա շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել14:10 Yerevan | 10:10 GMT | Saturday 1 March 2008 ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե հայաստանյան նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները շատ լավ գնահատական են տվել. «Կան մարդիկ, ովքեր հղում են կատարում մեր նախնական զեկույցին եւ հայտարարում են, որ այն ընտրություններին տրված հրաշալի գնահատական է պարունակում: Դա այդպես չէ: Խորհրդարանական ընտրություններին տված մեր գնահատականում մենք ասել ենք` այս ընտրությունները մեծամասամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին, այստեղ ասում ենք` ընտրությունները հիմնականում անցկացվել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան: Երբ անցած տարի` խորհրդարանական ընտրությունների դեպքում օգտագործում էինք «մեծամասամբ» բառը, ի նկատի ունեինք` 80-90 տոկոսով համապատասխանել են ընդունված չափանիշներին, իսկ այս անգամ օգտագործված «հիմնականում» բառը կարող է նշանակել 51 տոկոս են համապատասխանել, ...բայց` ոչ ավելին», - ընդգծել է դեսպան Արենսը: Նա կարծիք է հայտնել, թե ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ վերջին ընտրություններին տրված գնահատականը տարբերվում է խորհրդարանականին տրված գնահատականից. «Եթե անգամ դիտարկեք բառերի տարբերության առումով, ակնհայտ կդառնա, որ «մեծամասամբ» բառը, որը հնչեցվեց խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականում, շատ ավելի դրական իմաստ ունի, քան «հիմնականում» բառը, որը օգտագործվեց այս ընտրություններին տրված նախնական զեկույցում», - նշել է Գ.Արենսը: Դեսպանի մատուցմամբ` իրենց գնահատականը կարող է փոխվել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ կհայտնաբերվի առաջիկայում. «Հաջորդ փաստաթուղթը երրորդ միջանկյալ զեկույցն է լինելու: Այն հիմնված կլինի փաստերի վրա, որոնք նաեւ քննադատություն կպարունակեն», - վստահեցրել է դեսպանը: Իսկ հարցին, թե հետեւու՞մ են, արդյոք, դիտորդները հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքին, երբ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում ծաղրանքով են լուսաբանվում, հնչած քաղաքական գնահատականներն ուղղակի չեն հեռարձակվում, իսկ Տեր-Պետրոսյանի տան մոտ հավաքված ցուցարարների կարծիքը լրատվական ծրագրերը կարեւոր են համարում եթեր հեռարձակել, Գ.Արենսը պատասխանել է. «Կարծում եմ` ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Անձամբ ես մի քանի անգամ միացրել եմ հեռուստացույցը, որ տեսնեմ` ցուցադրվու՞մ են, արդյոք, Տեր-Պետրոսյանի կազմակերպած այդ հանրահավաքները, սակայն հանրահավաքի մասին պատմող տեսանյութ չեմ հայտնաբերել: Այս դեպքում տեսնում ենք միանգամայն միակողմանի լուսաբանում, եւ դա լավ չէ»: Անդրադառնալով ԿԸՀ-ի տվյալներին` դեսպանը նշել է. «Մենք վերլուծում ենք եւ տեսնում, որ այդ արդյունքները անհավանական են: Կան նաեւ տեղամասեր, որտեղ մեծ է անվավեր քվեաթերթիկների քանակը: Այս ամենը մենք ուսումնասիրում ենք, եւ վերլուծության մեր արդյունքները տեղ կգտնեն մեր հաջորդ միջանկյալ զեկույցում», - նկատել է Գ.Արենսը: Նա հավելել է, որ իրենց առաքելությունը մեկ շաբաթից ավարտվում է, բայց իրենց փորձագետներից երկու-երեքը դեռ կմնան` հետեւելու իրավիճակին, այդ թվում ձերբակալվածների, կալանավորվածների դատավարություններին: «Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ», - եզրափակել է Գերտ Արենսը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |