“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեզվի նահանջը համընդհանուր է

14:09 Yerevan | 10:09 GMT | Saturday 1 March 2008

Մարինա Բաղդագյուլյան

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավար Լավրենտի Հովհաննիսյանը, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանը եւ, հավանաբար, շատերն են մտահոգված «օտարաբանության ճահճում խեղդվող» հայոց լեզվի հարցերով:

Մեր լեզուն, մեր խոսքը աղավաղված են օտարաբանություններով, ժարգոնով. սա այն փաստերից է, որի անհերքելիությանը հանդիպում ենք ամենուր` փողոցում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, մամուլում, հեռուստատեսությունում, Ազգային ժողովում:

Ի դեպ, օտարաբանությունը միշտ շփոթում ենք փոխառության հետ եւ խնդիրը ծիծաղի ենք վերածում` հիշատակելով փոխառությունների հայերեն թարգմանությունները` հայերենով «շամպայնը» «փրփրագմփիկ» է, «դեկանը»` «տասնապետ» եւ այլն: Խնդիրը չծայրահեղացնելով` ընկնելով մաքրամոլության կամ օտարամոլության մեջ, պիտի խոստովանել, որ վտանգը միայն բառապաշարի մեջ չէ, այլեւ` քերականական ձեւերի, կառույցների, առհասարակ, մտածողության օտարաբանության մեջ:

ՀՀ վարչապետը, շատ պաշտոնյաներ, հաղորդավարներ այդպես էլ չյուրացրին, որ հայերենում շեշտը դրվում է բառի վերջին վանկի վրա (սա իմանալու դեպքում «շտկել» բայը հանգիստ, առանց դժվարությունների կարելի է արտասանել), որ «նախագահ» բառի «հ»-ն պետք է նեղություն կրել արտասանել եւ այլն:

Անդրադառնալով մամուլի եւ հեռուստատեսության լեզվին ու խոսքին` Եզեկյանն ասաց, որ ինքը շատ դժգոհ է հեռուստատեսությունների առանձին հաղորդավարների լեզվից եւ խոսքն անմիջապես ուղղեց Արտեմ Սարգսյանին` որպես մի ամբողջ եւ շատ ճանաչված «Արմենիա» հեռուստաալիքի ղեկավարի: «Պարոն Սարգսյան, դուք լեզվի տեսաբան եք եւ լեզվի մաքրության հարցերով շատ անհանգստացած մարդ: Բայց ձեր հաղորդումներում, մանավանդ երգիծական, այսպես ասած, շոուներում, մարդիկ բացարձակապես չեն մտածում լեզվի մաքրության մասին: Հումորը եւ երգիծաբանությունը ժարգոնով եւ գռեհկաբանությամբ չի ստեղծվում: Պարոնյանը եւ Օտյանը շատ լավ երգիծաբաններ են, բայց նրանցից ոչ մեկը այդ միջոցներին չի դիմել, եւ հումոր ստեղծվել է»:

«Քանի որ Եզեկյանը քար նետեց մեր այգին` սկսենք վերջից, - ասաց Սարգսյանը, - Ես չեմ կիսում Եզեկյանի այն կարծիքը, որ Պարոնյանը...»... Բայց հենց այդ ժամանակ Եզեկյանն ընդհատեց իր այգի նետված քարերը դուրս նետել փորձող Սարգսյանին, թե` «Ներողություն, դա ռուսաբանություն է: Կարծիքը չեն կիսում, ոչ էլ բաժանում են: Կարծիքը կամ ընդունում են, կամ` չեն ընդունում...»... Մի խոսքով, Սարգսյանն այն կարծիքին է, որ այդ հաղորդումները նպատակ ունեն ծաղրի միջոցով հակառակ արդյունքը ստանալ: Չնայած շատ լավ հիշում է, որ «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարում ինքը ծաղրական դրվագներով փորձում էր պայքարել այդ տիպի խոսքի դեմ, մինչդեռ հենց այդ մերժելի ձեւերը ավելի մեծ տարածում էին գտնում: Եվ այստեղ հիշեց Լաստիվերցու` հարյուր տարի առաջ ասած հայտնի խոսքը` «Չեմ ուզում մանրամասնել պավլիկյանների մասին, վախենում եմ ավելի տպավորիչ դառնան»: Իմաստուն մեջբերում, հսկայական կենսափորձ, միայն թե «Արմենիայի» եթերում հնչել է եւ հնչում է մաքրամաքուր հայերենը պղտորող խոսքը:

Լեզվի անաղարտության խնդիրն ամբողջացնելով` հարց հնչեց, թե հնարավո՞ր է ընտրակեղծիք անող մարդը խոսի մաքուր հայերենով: «Եթե մարդը ընտրակեղծարար է, նա ընդհանրապես կեղծարար է բոլոր առումներով: Եթե մարդը մի տեղ կեղծիք է անում, նշանակում է` դա նրա էության մեջ է` տանն էլ կեղծիք կանի, աշխատանքի վայրում էլ, լեզվի մեջ էլ, բնական չէ՞», - պատասխանեց Եզեկյանը:

Մինչդեռ լեզվի մաքրության պահպանման հարցում պետական հոգածություն է պետք: Եզեկյանը ցավ հայտնեց, որ Լեզվի պետական տեսչության պետն այստեղ չէ, թե չէ ինքը բաց ճակատով կասեր, որ այդ օղակն ստեղծվել է, որպեսզի պետականորեն հոգ տանի լեզվի մաքրության եւ անաղարտության համար: Իսկ Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայերենի բարձրագույն խորհուրդը ձեւական կառույց է, լավ չի կատարում իր գործառույթները, քանի որ այն ենթարկվում է Լեզվի տեսչությանը: «Վերջերս խորհրդի կազմը վերափոխվել է, սակայն հունվարից մինչ հիմա ոչ մի նիստ չի հրավիրվել, քանի որ այն պետք է հրավիրի լեզվի պետական տեսչությունը»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.