“Zhamanak” Armenian-American Political Daily

Ընտրություններ` շոումենի լրջությամբ ու ֆոկուսնիկի անկեղծությամբ

14:08 Yerevan | 10:08 GMT | Saturday 1 March 2008

Գագիկ Աբգարյան

Դժվար է ասել` շոու բեմադրելը Հ1-ի պրոդյուսերները իշխանություններից սովորեցի՞ն, թե՞ իշխանությունները Հ1-ից, բայց պետք է ասել, որ վերոնշյալ գործը երկուսի մոտ էլ լավ ստացվում է` մեկի մոտ «Երկու աստղը», մյուսի մոտ` «Յոթ ու կես» նախընտրական շոուն, որտեղ կեսի դերում Հովոյի փոխարեն, Սերժից բացի, կարող է հանդես գալ ով ասես` Արամ Հարությունյան, ՀՅԴ, Դատարկ Դհոլ, Արտուրիկ եւ այլն:

Ինչու՞ կես, որովհետեւ վարչապետի մոտ կես դրույքով ընդդիմադիր աշխատելուց այն կողմ նրանից ոչ մեկը ոչ կարող է անցնել, ոչ էլ այդ հնարավորությունն ունի: Իսկ ինչու ենք մնացածին միավոր հաշվու՞մ, որովհետեւ Լեւոնի «շնորհիվ» նրանցից ամեն մեկի գինը բարձրացավ ավելի, քան իրենք արժեն եւ նախապես տրամադրվել էր Սերժ Ազատիչը: Ինչի՞ մասին է խոսքը: Երբ ավարտվեց ՀՀ նախագահի ընտրությունների թեկնածուների առաջադրման փուլը եւ ներկայացվեց առաջադրված թեկնածուների ցանկը, ակնհայտ դարձավ, որ իշխանությունները այս ընտրություններին պատրաստվել են շոումենի լրջությամբ ու ֆոկուսնիկի անկեղծությամբ: Ցանկին նայելով` ոչ մի լուրջ մարդու մտքով չէր կարող անցնել, թե Լեւոնից ու գործող վարչապետից բացի մի որեւէ այլ թեկնածու հաղթելու շանս ունի: Ավելին: Նրանց մի մասն անգամ նախընտրական գրավը մուծելու փողը չէր կարող ունենալ, անգամ շատ թե քիչ «նախագահավարի» քարոզարշավ կազմակերպելու գումար չէր կարող ունենալ, բայց նրանք ընտրությունների բեմահարթակին անհրաժեշտ էին` որպես ընտրությունների դեմոկրատական ատրիբուտներ: Իհարկե հասկանալի է, որ եթե հարցը վերաբերեր միայն մեր ունկնդրին կամ ակնդրին, նորընծա շոումենը ամենավերեւից թքած կունենար դեմոկրատիայի վրա էլ, ատրիբուտների էլ եւ թվանկարչության իր ֆոկուսը կաներ ու կպրծներ: Բայց քանի որ ԵԱՀԿ ու էլի մի քանի էդպիսի բաներ կային, ուստի անհրաժեշտ էր մի երկու այդպիսի թիթիզություններ անել: Ու արեց: Հրաշալի հասկանալով, որ նախագահ ընտրվելու իր հնարավորությունները գործնականում հավասար են զրոյի` Ս.Սարգսյանը հանրապետության գրեթե բոլոր մեծ ու միջին քաղաքներում իսկական շոուին զուգահեռ նաեւ նախընտրական շոուներ բեմադրեց` փորձելով լվանալ արտասահմանցի դիտորդների ու սեփական ժողովրդի ուղեղները` իր նկատմամբ սիրո անվերապահ հավատի ցույցերով: Բայց նա հրաշալի հասկանում էր նաեւ, որ շոուն երբեք լուրջ արվեստի մաս չի կազմել ու նրա «չվանին ցախ դնելու չի», մեր դժբախտ շոումենը այն համադրեց ֆոկուսի հետ եւ այդտեղից խորացան նրա դժբախտությունները: Նախ` նրա արած ֆոկուսը ժողովրդին դուր չեկավ, ու ժողովուրդը փողոց դուրս եկավ, հետո` երկրորդ արարի հարց առաջացավ, որտեղ էլի կարեւորվեց ատրիբուտիկների խնդիրը: Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ ծախսեր են խեղճ Ազատիչի համար: Էլ չենք խոսում պաշտոնների մասին: Գեթ մի քիչ լրջանալու, բեմից իջնելու, ժողովրդի հետ խոսելու ուրիշ լեզու գտնելու փոխարեն, նա գերադասեց ուղեղների լվացման տխուր փորձը նորից կիրառել: Օրերս Հանրապետության հրապարակում նա պատրաստակամություն հայտնեց նախագահի «ընդդիմադիր» թեկնածուների հետ համագործակցել` ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարություն կազմելը: Պետք է նկատել, որ այս քայլը, ինչպես ասում են` վերջն է: Ավելի պրիմիտիվ է, քան մինչեւ հիմա խաղացված շոուն: Ախր ո՞վ չգիտի, թե ու՞մ համար է «ղողանջում» Դատարկ Դհոլը, ու՞մ համար եւ ի՞նչ է մի կերպ կմկմում Ա.Հարությունյանը, ո՞վ չգիտի, որ Արտուրիկի բարուր կապողն էլ է վարչապետը, փամփերս հագցնողն էլ: Ու՞մ կարելի է խաբել «լայնախոհության» այս դրսեւորումով: Երեւի թե միամիտ եվրոպացիներին ու մեկ էլ միամիտ այն մարդկանց, ովքեր լավի անկեղծ ձգտումով ձայն են տվել գործող վարչապետին:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.