|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն13:54 Yerevan | 9:54 GMT | Friday 29 February 2008 Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության եւ վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների եւ գնահատականի փաստերի միջեւ առկա այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջբերում է միջազգային դիտորդների գնահատականի միայն առաջին պարբերությունը` լեգիտիմիզացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաեւ այլ փաստեր եւ իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են «վատ» կամ «շատ վատ»: Նման պրակտիկան որպես «մի քայլ առաջ» եւ «ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պարտավորություններին համահունչ» որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափանիշների եւ սկզբունքների գաղափարը եւ ավելի է նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները: Ներքոստորագրյալ կազմակերպություններից մի քանիսը որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը եւ հետեւել են ընտրական գործընթացներին մինչ փետրվարի 19-ը, ինչպես նաեւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպությունների զեկույցներում փաստագրված են բռնությունների բազմաթիվ դեպքեր եւ խախտումներ: Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում լրատվամիջոցների ազատության, լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի եւ վարչական ռեսուրսների օգտագործման եւ հասարակական գործիչների ձերբակալության երեւույթները: Կարեւոր կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձեւավորելուն: Խորը անվստահությունը եւ հաճախ արծարծվող հասարակական ապատիան ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել նախկին բոլոր ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են եւ անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը: Մենք հավատացած ենք, որ քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում եւ պատժվում, վստահություն չի լինի ընտրական գործընթացի, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների շուրջ միայն բաց եւ լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը: Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների եւ գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ: Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար եւ գործել օրենքի շրջանակներում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին հետեւելու պարտականության կատարմանը եւ պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում եւ պատշաճ պատիժ օրենքը խախտողների նկատմամբ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` հիմնված սեփական փաստերի դիտարկումների վրա եւ չվարկաբեկել ժողովրդավարության գաղափարը, ժողովրդավարական չափանիշներն ու սկզբունքները, ինչպես նաեւ չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները: «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Հայաստանի հելսինկյան կոմիտե Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հ/կ Մամուլի բազմազանության ինստիտուտ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Երեւանի մամուլի ակումբ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |