“Zhamanak” Armenian-American Political Daily

10 օրվա ընթացքում միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի

13:50 Yerevan | 9:50 GMT | Friday 29 February 2008

Էմմա Գաբրիելյան

Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:

Քոչարյանն ու Սարգսյանը

հոգեբանորեն համակերպվել են պարտության մտքի հետ

Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը երեկ վստահեցրեց, որ այսօր աշխարհը ընդունում է այն փաստը, որ Հայաստանում իշխանական ճգնաժամ է առկա, քանի որ իշխանությունը մերժված է ժողովրդի կողմից. «Համաշխարհային առաջատար թերթերը հեղեղված են համաժողովրդական Շարժման մասին հրապարակումներով. մասնավորապես ռուսական մամուլում զարմանք են արտահայտել, թե ինչպե՞ս կարող են «հաղթող» նախագահի հանրահավաքից մարդիկ փախչել, գնալ «պարտված» թեկնածուի հանրահավաքին: Արտասահմանյան լրագրողները պարզապես տեղյակ չեն, որ սերժականներ Հայաստանում չկան», - նկատեց Ն.Փաշինյանը: Հետագա անելիքների, լուծումների մասին. «Առաջին` երկրում կա քաղաքական ճգնաժամ, այն պետք է լուծվի հստակ որոշումների, ընդ որում` միջազգային հանրության մասնակցությամբ կայացվող որոշումների արդյունքում, երկրորդը իրավական լուծումն է` Սահմանադրական դատարանի գործընթացն է, եթե այս ռեսուրսները չգործեն` կա երրորդ լուծումը, որը մեր այս Շարժման կարգախոսն է` հիմա...», - նշեց Ն.Փաշինյանը, իսկ 200 000-ոց հրապարակը շարունակեց` «հիմա, հիմա» վանկարկել, ապա Ն.Փաշինյանը վստահեցրեց, որ համաժողովրդական Շարժումը հոգեբանական պայքարի մեջ է, հոգեբանական հաղթանակներ է ամեն օր ամրագրում, իսկ իշխանության ներսից եկած տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը հոգեբանորեն համակերպվել են պարտության մտքի հետ: Գալով Երեւանում գտնվող եվրոպացի պաշտոնյաների հանդիպումներին` Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ նրանք ականատես են եղել հզոր երթերից մեկին, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը դադարեցրել, մոտեցել է պատուհանին` դիտելու 100 000-ոց երթը: «Ինչ խնդիր ենք լուծում ամեն օր այստեղ. մենք իշխանությանը ասում ենք` դու այլեւս իշխանություն չես, դու առայժմ գտնվում ես ավազակապետության կարգավիճակում, ով կարող է ծառերի տակից մարդ առեւանգել, ավտոմեքենաների համարներ գողանալ, ավտոմեքենաներ առեւանգել, սադրանքներ կազմակերպել, սակայն` իշխանություն այլեւս ի վիճակի չես լինել»:

Նախորդ օրը Ազատության հրապարակում բացահայտված, հատուկ ձայնագրող սարքավորումներով զինված երկու կասկածելի անձանց բացահայտման դեպքի առիթով Ն.Փաշինյանը անդրադարձավ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի գործունեության «ուշագրավ» բացթողումներից մեկին, երբ պարզվել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտնում են ԱԳՆ-ի համակարգչային ցանց, մասնավորապես` Վարդան Օսկանյանի համակարգիչ եւ այնտեղից հանում ամբողջ տեղեկատվությունը «Ինչու՞ ԱԱԾ-ն չկարողացավ ապահովել մեր երկրի անվտանգությունը, որովհետեւ Գորիկ Հակոբյանը ոչ թե ԱԱԾ-ի պետ է, այլ մի սովորական ժուչոկ կպցնող, նա վերջին 10 տարիներին զբաղված է ընդդիմադիր գործիչների հեռախոսները լսելով, նրանց աթոռների տակ, կոշիկների մեջ, գրպաններում ժուչոկ տեղադրելով: Գորիկ Հակոբյան, գեներալի ուսադիրները դրել ես ու մտել ես ընդդիմադիրների սեղանների ու աթոռների տակ»: Մինչ հանրահավաքը շարունակվում էր եւ արձանագրվեց, որ այդ երկուսը ըստ էության դիլետանտներ, ոչ պրոֆեսիոնալներ են եղել, հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, փաստորեն, խոստովանել է, որ «հանրահավաքի մասնակիցները բռնել են ԱԱԾ-ի երկու աշխատակիցների» եւ այս առիթով Ն.Փաշինյանը հայտարարեց. «Ասում են, թե նրանք այստեղ ինչ-որ աշխատանք էին կատարում: Ի՞նչ աշխատանք... Նրանք բերում` ծառերի տակ, վրանների մոտ բենզինի շշեր են տեղադրում, եւ այս ամենից հետո ԱԱԾ-ն խոստովանում է, որ այդ մարդիկ իրենց աշխատակիցներն են: Աշխարհի որեւէ հատուկ ծառայություն իրավունք չունի խոստովանել, որ ինչ-որ գործ տապալածները իր աշխատակիցներն են, սա խայտառակություն է: Բայց ես ունեմ մեկ լավատեսական եզրակացություն, երեկվա տապալումը վկայում է մեկ բանի մասին, որ ԱԱԾ-ի իրապես պրոֆեսիոնալները հրաժարվում են կատարել այս ստորացուցիչ աշխատանքը, եւ նրանք ստիպված են ուղարկել դիլետանտների: Այս միջադեպից հետո, եթե Գ.Հակոբյանը ունի արժանապատվություն, նա պետք է ուղղակի հրաժարական տա», - նշեց Ն.Փաշինյանը:

Ժողովուրդը պատրաստ է դառնալ

լրջագույն գործոն

Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը չափազանց ուշագրավ էր եւ, ըստ էության, Հայաստանի ապագա նախագահի քայլերն էր ուրվագծում. հիշեցնելով նորանկախ Հայաստանի առաջին նվաճումները եւ գալով մեր երկրի նկատմամբ գործող իշխանությունների ընկալմանը` առաջին նախագահը շեշտեց. «Հայաստանը այսօր ժողովուրդների ընտանիքում զբաղեցնում է իզգոյի դեր, այսինքն` լքված, մերժված, իրենից ոչինչ չներկայացնող, արհամարհելի տարածքի է վերածվել: 10 տարվա ընթացքում նրանք հասան այն բանին, որ Հայաստանը` թե տարածաշրջանային, թե միջազգային առումով իրենից ոչինչ չի ներկայացնում: Ոչ մի բան կախված չէ Հայաստանից: Մենք կախված ենք մեր բոլոր հարեւաններից, բոլորից, թեկուզ միայն արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու առումով, չհաշված տնտեսական հարաբերությունները. եթե ուշադիր լինեք, մեր հարեւաններից ոչ մեկը ոչնչով, մեկ միլիմետր անգամ մեզանից կախված չէ. մեր ճանապարհները նրանց չեն խանգարում իրար հետ հաղորդակցվելու, մեր հումքից, մեր էներգետիկայից նրանք կախված չեն բացարձակապես: Հայաստանը դադարել է քաղաքական եւ տնտեսական գործոն լինելու իր դերակատարությունից, եւ սա բացառապես Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի եւ նրա ստեղծած ավազակախմբի գործունեության պատճառով»:

Առաջին նախագահը նկատեց, որ այսօր Հայաստանը` միջազգային առումով դժվար կացության մեջ է, պետք է վերադարձնել Հայաստանը միջազգային ասպարեզ` որպես գործոն. «Միայն գործոնի հետ են հաշվի նստում: Տնտեսական ավերը, քաղաքական ավերը, որ այս իշխանությունները գործել են, այն տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը, որին այս իշխանությունները դատապարտել են Հայաստանը, Հայաստանի ապագա իշխանություններին, իսկ ես ոչ մի կասկած չունեմ, որ նրա առաջնորդը ես եմ լինելու, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնելու», - ընդգծեց նա, ինչն էլ արժանացավ Ազատության հրապարակի տեւական` «Լեւոն նախագահ» վանկարկումներին: «Տնտեսական կամ քաղաքական գործոն դառնալը մեզանից ժամանակ է պահանջելու: Գուցե մեկ, երկու, երեք տարի: Սա լրջագույն խնդիր է: Այդ ճանապարհին կարեւորագույնը լինելու է Ղարաբաղի հարցի լուծումը եւ դրա հետեւանքով շրջափակման հաղթահարումը, թուրք-հայկական սահմանի բացումը եւ մեր բոլոր հարեւանների հետ բարիդրացիական համագործակցության հաստատումը: Սրանից հետո է, որ Հայաստանը կարող է դառնալ լիիրավ տնտեսական եւ քաղաքական գործոն եւ այս դեպքում` նաեւ մեր հարեւանները մեզանից կախված կլինեն»:

Երեկ, սակայն, առաջին նախագահը առանձնացրեց մեկ հարց, որը Հայաստանը, նրա գնահատմամբ, այսօր իսկ կարող է դարձնել լրջագույն քաղաքական գործոն ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում. «Դա այս ժողովրդի ներուժի օգտագործումն է: Ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը չի ընդունում այս իշխանությունը, հետեւաբար Հայաստանի մեկուսացումը եւ քաղաքական գործոն լինելու դադարեցման իրականությունը չի ընդունում: Ժողովուրդը պատրաստ է դառնալ լրջագույն գործոն ժողովրդավարության, դեմոկրատիայի, իրավական պետություն ստեղծելու նրա կարողությունն ստեղծելու գործոնն է: Դա օրերի հարց է: Եթե ժողովուրդը տեր է կանգնում իր այս երկրին, հասնում է հաղթանակի, արդեն իսկ դառնում է այնպիսի քաղաքական գործոն, որը աշխարհի ոչ մի երկիր չի կարող անտեսել: Սա, եթե կուզեք, մեզ համար պայքար է, մեզ համար քննություն, բայց ավելի մեծ քննություն է միջազգային հանրության համար, առաջին հերթին Արեւմուտքի համար, առաջին հերթին` Միացյալ Նահանգների, Եվրամիության համար», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Եվրոպային պիտի մտահոգվի ոչ թե

կառավարությունների, այլ`

ժողովրդի դժգոհությունից

Անդրադառնալով իր եւ արեւմտյան պաշտոնյաների հետ կոնտակտներին` առաջին նախագահը նկատեց, թե իրեն մի փոքր հասկանալի չէ նրանց հրապարակային լռությունը. «Ներքուստ, այո, աշխատաք տարվում է, ունենք կոնտակտներ, քայլեր արվում են եւ պետք է գնահատել, որ ութօրյա մեր հանրահավաքների այս խաղաղ անցկացումը նաեւ նրանց ճնշումների շնորհիվ է, որ նա գործադրում է մեր իշխանությունների նկատմամբ: Սա կարեւոր ֆակտոր է, բայց ավելին պետք է անել: Ինձ չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ, նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի ընդհանուր գործընթաց, որը սկսվել է հոկտեմբերի 23-ի բռնություններից իմ կողմնակիցների նկատմամբ: Այսօրվա ձերբակալությունները, խուզարկությունները, ոստիկանության մանր, ԱԱԾ-ի այս մանր` էլի Վանոյի լեզվով պիտի ասեմ` «մունդառությունները» ցույց են տալիս, որ այդ մարդիկ սխալ պատկերացում ունեն մեր ժողովրդի մասին: Եվս մեկ անգամ հաստատում են, որ իրենք օտար են», - նշեց Լ.Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործունեությանը` Տեր-Պետրոսյանը հիշեցրեց. «Որոշ պետությունների կողմից, մասնավորապես ԱՊՀ-ի, լուրջ պրետենզիաներ կան: Ես ցավում եմ, որ այդ պետությունների շարքին միացել է Հայաստանը` Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ: Պետությունները դժգոհ են ԵԱՀԿ-ից, ավելի շուտ, իշխանությունները դժգոհ են, եւ նույնիսկ պաշտոնապես խնդիր են բարձրացրել ԵԱՀԿ-ի բարեփոխման մասին, բայց ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունները ավելի շատ պետք է մտահոգվեն ոչ թե կառավարությունների դժգոհությունից, այլ` ժողովրդի դժգոհությունից: Մեր դժգոհությունը կարող է ավելի մեծ լինել, եւ դա մեծապես կարող է հարվածել այդ դիտորդական առաքելությունների հեղինակությանը: Դիտորդական առաքելությունները, Արեւմուտքը այսօր ֆորմալ մոտեցում չպետք է ցույց տան այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում», - հայտարարեց առաջին նախագահը, հավելելով, որ նրանց` ԱՄՆ-ի, ԵՄ մյուս երկրների եւ եվրոպական կառույցների` ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ նրանց ներկայացուցիչը հանդիսացող դիտորդների ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը. «10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն կամ Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը: Սա է այլընտրանքը», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանը` շարունակելով. «Դրա համար Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Ուրեմն Արեւմուտքը, արեւմտաեվրոպական երկրները, որոնք միավորված են ԵՄ-ի մեջ, ԱՄՆ-ը, նրանց միջազգային կազմակերպությունները այսօր պետք է կատարեն հետեւյալ վճիռը` կամ Հայաստանի ժողովրդի հետ են, իսկ դա նշանակում է` ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կամ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլական ռեժիմի հետ», - ասաց առաջին նախագահը, իսկ հրապարակը ընդունեց ասվածը ծափողջույններով. «Դրա համար նրանցից պահանջվում է ընդամենը մեկ քայլ` անել ամեն ինչ, որ փետրվարի 19-ին կայացած ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանում հրավիրվեն նոր նախագահական ընտրություններ, այլ ճանապարհ չկա: Եթե դա չեն անում, դա նշանակում է, նրանք պաշտպանում են մի ռեժիմ, որը վաղը դառնալու է սադամհուսեյնական եւ այս երկրում նույն այդ պետությունները հարկադրված են լինելու ժողովրդավարություն հաստատել տանկերի օգնությամբ», - ընդգծեց առաջին նախագահը: Առանձնացնելով «գերտերությունների շարքում ամենալուրջ դիրք» ունեցող ՌԴ-ի դիրքորոշումը` Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ ՌԴ բարձրագույն իշխանության սեղանին այսօր դրված է երկընտրանք եւ ամփոփեց խոսքը. «Դա իրենք վերլուծել, հասել են հետեւյալ բանաձեւի` ՌԴ-ն կամ պիտի պաշտպանի ռեժիմը, քաջ գիտակցելով, որ այդ դեպքում ստանալու են ողջ հայ ժողովրդի հակակրանքը, որը նրանց համար շատ կարեւոր գործոն է, որովհետեւ Հայաստանը եւ հայ ժողովուրդը եղել է ՌԴ դաշնակիցը կամ կանգնել ժողովրդի կողքին, պաշտպանել մեր ժողովրդական շարժումը եւ ի դեմս Հայաստանի ունենալ լուրջ, արժանապատիվ, ստրատեգիական գործընկեր», - հայտարարեց առաջին նախագահը` վստահեցնելով, որ ՌԴ-ն ճիշտ որոշում կկայացնի. «Վստահ եմ` առանց կասկածի որեւէ նշույլի»:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.