|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արման Նավասարդյան. «Լուրջ միջնորդներ են անհրաժեշտ»13:49 Yerevan | 9:49 GMT | Friday 29 February 2008Աստղիկ Սարգսյան -Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ: - Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ընթանում է սովորական հունով` կարելի է ասել, որ ստեղծվել է ոչ այնքան լարված, որքան` ոչ ստանդարտ, կոնֆլիկտային իրավիճակ: Մասսայական ընտրակեղծիքների, կոպիտ ուժի, կաշառքի, պետական մեքենայի միջոցների, անգամ կրիմինալ հանցագործությունների միջոցով դե ֆակտո երկրի նախագահ է հռչակվել Սերժ Սարգսյանը: Ուրեմն նա լեգիտիմ չէ, լեգիտիմ չեն նաեւ ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը փաստորեն հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ, վիճարկում է դրանց արդյունքները: Ռեժիմն ունի վարչական միջոցներ, քարոզչական մեքենա, ուժային կառույցներ: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին են ժողովրդական լայն զանգվածները, որոնք այսօր նրան բարձրացրել են քաղաքական Օլիմպոս եւ այլ հեղինակություն չեն ճանաչում: Եթե հաշվի առնենք, որ ամեն հանրահավաքին մասնակցում են 250-300 հազար մարդ, ապա ստացվում է, որ նրան պաշտպանողների քանակը հասնում է էլեկտորատի թվին` անցնելով 1, 5 միլիոնի սահմանագիծը: Սա լուրջ, շատ լուրջ թիվ է: Գեներալ Շառլ դը Գոլը մի առիթով ասել է. «Ինչպե՞ս կառավարեմ մի երկիր, որտեղ ուտում են 360 տեսակի պանիր»: Բայց նա կառավարեց եւ այն էլ` ինչպես: Նախ` նա դը Գոլն էր, եւ հետո` Ֆրանսիան նրան պաշտում էր: Իսկ մեր դեպքում. հնարավոր է արդյո՞ք կառավարել մի երկիր, որի բնակչության մեծամասնությունը քեզ չի ընդունում: Չի ընդունում, եւ վերջ: Վարչակարգը ձգտում է տիրապետել իրավիճակին: Դեմ առ դեմ գտնվելով քաղաքացիական անհնազանդության իրողության, ինչպես նաեւ պետական բուրգի նկատելի խարխլման փաստի` սարգսյանաքոչարյանական սիմբիոզը փորձում է անցնել մկանների ցուցադրման: Սա, եթե կուզեք` խելացի եւ ռացիոնալ չէ եւ գերվտանգավոր է: Որպես կռված մարդիկ` այսօրվա ղեկավարները պետք է լավ հասկանան, որ ամեն օր փողոց դուրս եկող մարդկային զանգվածը կրիտիկական մասսա է, որի դեմ, իրենց իսկ սլենգով, «խաղ չկա»: Լավ պատկերացնելով եւ ճիշտ հաշվարկելով այս ամենը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, գործում է միայն ու միայն խաղաղ մեթոդներով, բացառելով առճակատման որեւէ նախադեպ: Նա օրինական, սահմանադրական ճանապարհով վստահորեն գնում է դեպի օրինավոր եւ օրինական իշխանություն: Հարկ է, որ գործող իշխանությունները լավ հասկանան սա եւ շնորհակալ լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանից այն բանի համար, որ նա այսօր, փաստորեն, հանդիսանում է իրենց անվտանգության երաշխավորը: Նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքում իրենց ավելի ապահով պետք է զգան, քան հատուկ գրոհայինների հետեւում: Առանձնապես հարուստ երեւակայություն պետք չէ ունենալ պատկերացնելու համար, թե ինչի է ընդունակ կես միլիոն ժողովուրդը, երբ նա ատում է տիրող կարգերը եւ մեկտեղված է: Իսկ ենթարկվել նա կարող է միայն այնպիսի լիդերի, որի հեղինակությունն անվիճելի է, ցուցումը` անքննելի` ինչպես նապոլեոնական հին գվարդիայում էր: ...Հանգուցալուծումը միջնորդությամբ եմ տեսնում: Անշուշտ, դա ընդունված եւ օգտաշատ պրակտիկա է: Միջնորդներ կարող են լինել պետությունները, միջազգային կազմակերպությունները, հեղինակություն վայելող քաղաքական գործիչները: Իսկ մեզ անհրաժեշտ են այնպիսի միջնորդներ, որոնք լավ ծանոթ են երկրի ներքաղաքական իրադրությանը, փորձառու են եւ ճիշտ կգնահատեն ընտրությունների արդյունքները` «մոռանալով» իրենց երկրների եսակենտրոն հետաքրքրությունները: Եթե միջնորդները պետք է լինեն այնպիսիք, ինչպիսիք էին ընտրությունների ժամանակ պիկնիկի մասնակիցներ հիշեցնող որոշ դիտորդներ` ավելի լավ է չլինեն ընդհանրապես: Ստեղծված իրադրությունում, իմ կարծիքով, միջնորդների խնդիրը պետք է լինի կոնֆլիկտը դեպի Սահմանադրական դատարան ուղղելը: - Ինչպե՞ս եք գնահատում տարբեր եւ, հատկապես, Պուտինի շնորհավորանքի շուրջ պտտվող լուրերը: - Շնորհավորանքը սովորական, արարողակարգային պրակտիկա է` ամրագրված դիվանագիտական օրենքներով եւ ամենեւին էլ չի նշանակում շնորհավորողի եւ այն ընդունողի հարաբերությունների հավերժացում: Հիշենք Պուտինի շնորհավորանքը Յանուկովիչին: Ուրիշ հարց, թե Պուտինը` որպես բարեկամ, մեծ երկրի նախագահ, որքանով է ծանոթ այստեղ տիրող իրական իրադրությանը: Չի բացառվում, որ նա ապատեղեկացված է իր դեսպանության եւ հետախուզության կողմից, ինչը երբեմն տեղի է ունենում պետությունների արտաքին քաղաքականության ոլորտում: Փայլուն լրագրող եւ վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը վերջերս իր լույս ընծայած ոչ պակաս փայլուն «Պուտին» գրքում նկարագրում է, թե կրեմլյան տարբեր հզոր եւ իրար հետ հակամարտող թիմերը ինչպես եւ ինչ նպատակներով են ապատեղեկացնում նախագահին: Որպես օրինակ նա բերում է «Կուրսկ» սուզանավի ողբերգական խորտակումը, որի վերաբերյալ Պուտինի սխալ մեկնաբանությունը, որը հիմնված էր ապատեղեկատվության վրա, զգալիորեն վնասեց նրա վարկանիշին: - Իսկ ի՞նչ կարծիքի եք գործող նախագահի կողմից մի խումբ դիվանագետների աստիճանազրկելու մասին: - Բացասական: Արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումը ցմահ է: Շատ երկրների օրենքներով դեսպանն այդ կոչումից զրկվում է անմեղսունակության եւ հայրենիքի դավաճանության դեպքում միայն: Հայաստանի «Դիվանագիտության մասին օրենքում» նման կետ չկա, որն, իմ կարծիքով, սխալ է: Կա նաեւ հարցի բարոյական կողմը: Երկրի նախագահները սովորաբար խուսափում են նման քայլից, քանի որ դրանով իսկ կասկածի տակ են դնում իրենց իսկ ստորագրած հրամանագրի արժեքն ու հավաստիությունը: ԳԿՉՊ-ի ժամանակ, օրինակ, մի քանի ռուս դեսպաններ, իրենց համերաշխությունը հայտնեցին հեղաշրջմանը: Հետո նրանց բոլորին ետ կանչեցին եւ տեղափոխեցին այլ աշխատանքի, սակայն ոչ ոքի չաստիճանազրկեցին: - Իսկ ինչո՞վ է բացատրվում դրսում գտնվող հայերին ընտրության իրավունքից զրկելը: - Ընտրությունների վրա ազդելու եւ արդյունքները կեղծելու ոչ մեծ հնարավորություններով: Լոս Անջելեսում, օրինակ, 2003թ. ընտրությունների արդյունքները նպաստավոր չէին Քոչարյանի համար եւ գլխավոր հյուպատոսը ետ կանչվեց: Իսկ այս անգամ ընտրելու իրավունքից զրկվեցին Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ` այստեղից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով: Սա մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտում է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |