|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վախի մթնոլորտը վերանում է13:37 Yerevan | 9:37 GMT | Friday 29 February 2008Մարինե Խառատյան Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում են հայտնվում մարդիկ, ովքեր 10 օր առաջ չէին էլ մտածում, որ հնարավոր է հայտնվեն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնում: Թեեւ առնվազն կույր է պետք լինել չտեսնելու համար այս իրականությունը, իշխանությունները շարունակում են բռնարարքներ կիրառել` էլ ավելի նյարդայնացնելով ժողովրդին ու դարձնելով ընդդիմադիր անգամ չեզոք հատվածին: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում առանց բացատրություն տալու ոստիկանություն են տարվել Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի պետեր Արմենակ Կարագյոզյանն ու Գագիկ Եղիազարյանը: Ոստիկանության աշխատակիցները ներխուժել են նրանց բնակարանները եւ ստիպել իրենց հետ ոստիկանություն գնալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ այցելել են վերջերս ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանին եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Ինչպես գիտեք, երկուսին էլ արդեն մեղադրանք է առաջադրվել: «Ասացին` մենք կդիմանանք, կարեւորը ժողովրդի ոգեւորությունն է, որ բարձր մնա ու շարունակի պայքարը», - մեզ հետ զրույցում պատմեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ երեկ ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավորներն անդրադարձան նախորդ գիշեր Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում կատարված բռնարարքին, երբ բռնություն էր կիրառվել թե խաղաղ հանրահավաքի մասնակից երիտասարդների, թե նրանց այցելած պատգամավորների նկատմամբ: Խորհրդարանը քննարկում էր թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի դեմ պայքարի վերաբերյալ օրինագիծը: «Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում ես մեծ կասկածներ ունեի, որ ոստիկանության բաժանմունքի պետ Մեհրաբյանը թմրանյութի ազդեցության տակ է», - հայտարարեց բռնարարքի ենթարկված պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` ավելի ուշ հավելելով. «Այո, ես պնդում եմ եւ լուրջ կասկածներ ունեմ, որ այնտեղ գտնվող մարդիկ նորմալ հոգեվիճակում չէին: Նրանց պահվածքը այլ բանի մասին էր հուշում: Այն տոնով, այն հոգեվիճակով, որ ոստիկանության պետը խոսում էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, այլ կերպ, քան կներեք արտահայտությանս, կայֆի վիճակ չես անվանի»: Բնականաբար նիստը վարող Տիգրան Թորոսյանը ալեքսանդրմատրոսովաբար սեփական կրծքով պաշտպանեց ոստիկանապետի արարքը` հայտարարելով, թե ԱԺ ամբիոնը հանրահավաքի ամբիոն չէ: Հակադարձելով Տիգրան Թորոսյանին` պատգամավորն ասաց. «Մենք չենք ուզում մեզ արհամարհված զգալ, որ այստեղ զբաղված ենք անմիտ աշխատանքով, մենք ուզում ենք, այո, մեր ընդունած օրենքների կիրառումը տեսնել»: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ուսանողներին բռնություն կիրառելով եւ ծեծելով բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանություն, որտեղ հոխորտացել էին, որ եթե շարունակեն մասնակցել հանրահավաքների, դատական գործ կբացեն նրանց վրա, նաեւ պատվիրել են այդ տեղեկությունը տարածել ընկերների շրջապատում: «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը ահազանգի հետքերով գնացել էին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր բացի ոստիկաններից քաղաքացիական հագուստով մոտ 20 մարդ է եղել: Վերջիններս էլ հարձակվել են պատգամավորների վրա ու ուժ կիրառելով եւ գետնին տապալելով կանանց` դուրս հանել բաժանմունքից: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ ոստիկանը, որը խախտում է օրենքը, չի հարգում մեր Սահմանադրությունը, պետք է պատժվի, որ հաջորդ անգամ նման բան չկատարվի: «Այս ամենն այնքան է շարունակվելու, քանի որեւէ մեկը չի պատժվել: Այսօր այդ արարքները շարունակություն են ստանում, որի վառ ապացույցն էին երեկ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Ստեփան Սաֆարյանի դեմ կատարված բռնությունները: Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձնավորությունը հրահանգներ տվել ոստիկանին: Բա բարձրաստիճան ոստիկան ես, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ մայորը ենթարկվի կրիմինալ տարրին», - հարց ուղղեց պատգամավորը` զգուշացնելով. «Պետք է օրենքով սահմանված մեր լիազորությունը թույլատրվի իրականացնել, որպեսզի վաղը չէ մյուս օրը մեր հարգարժան կոլեգաները նման իրավիճակում չհայտնվեն: Անկախ, թե ինչ քաղաքական հայացքների տեր մարդ է ձերբակալված»: Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն ընդդիմացավ ներկայացված գնահատականներին ու հայտարարեց, թե ելույթների «քաղաքական ու լիրիկական» մասերին չի անդրադառնա: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |