|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Պատմությունը մեզ չի ների»13:32 Yerevan | 9:32 GMT | Friday 29 February 2008Գագիկ Աբգարյան Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում էր ժողովուրդը: Մեր օրերում նրանց լիիրավ ժառանգորդը այն տղաներն են, ովքեր արցախյան պատերազմի օրերին` որը պապերից ետ գցած մոսինով, որը որսորդական հրացանով, որն էլ ուղղակի բռունցքի մեջ սեղմված քարով դուրս եկան թշնամու դեմ ու հաղթեցին նրան ու իրենց կոչեցին երկրապահ` քանի որ պահպանեցին երկիրը: Պատերազմից հետո նրանք ստեղծեցին իրենց կազմակերպությունը` ԵԿՄ-ն եւ հայտարարեցին, որ երկրապահները քաղաքականությամբ չեն զբաղվելու: Բայց ինչքան էլ նրանք հայտարարեն, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու, այնուամենայնիվ իշխանական երկյակը` Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը չէին կարող իրենց ապահով զգալ այդ հզոր ուժի առկայությամբ: Ուստի ժամանակ առ ժամանակ միջոցներ էին ձեռնարկվում նրանց շարքերը տարրալուծելու համար: Նախ նրանց մի մասը դարձավ այս կամ այն կուսակցության անդամ: 2000թ.-ին ԵԿՄ-ից առանձնացավ մի խումբ եւ իրեն կոչեց «Արցախյան պատերազմի վետերանների միություն»: Նրանից հետո մի խումբ էլ առանձնացավ ու կոչվեց «Ոգու փորձություն»: «Ճարտարապետներին» թվաց, թե իրենցը արել են ու կարող են հանգիստ շունչ քաշել` նրանք ստեղծել են աշխարհի միակ հասարակական կազմակերպությունը, որը զինված է եւ գտնվում է լիակատար հսկողության տակ: ԵԿՄ-ին երկար ժամանակ սիրում ու փայփայում էին այդ երկու այրերը, մինչ այն օրը, երբ երկրապահը հայտարարեց, որ իրենք ժողովրդի անվտանգության երաշխավորն են, որ թույլ չեն տա բանակը խառնվի քաղաքական գործընթացներին: Ուշադրություն դարձրեք` ընդամենն ասել են, որ թույլ չենք տա ամեն անգամվա նման ծեծեք ժողովրդին: Այդ օրվանից սկսած սերժա-քոչարյանական մամուլը երկրապահացավ ընկավ: Նրանցից մեկը գրեց, որ «երկրապահը պետք է զինաթափվի», եթերը հակաերկրապահ «վիրուսով» թունավորվեց ու առավոտից իրիկուն ասածն այն է, թե երկրապահ` «նիղդ»: Նախօրեին, իր իսկ խոստովանությամբ «դժվար քայլող» ԱԺ պատգամավորներից մեկը գնացել էր «Կենտրոն» հեռուստաընկերություն հայտարարելու համար, որ «երկրապահը միանշանակ պետք է լուծարվի»: Համոզված եմ` ապագայի մեր պատմաբանները, երբ կուսումնասիրեն այս օրերը, կպնդեն, որ Հայաստանը կործանման տանող ուժերը ոչ թե Սերժն ու Ռոբերտն էին, այլ նրանց սպասարկող քաղաքական լաքեյները, քաղաքական կուսակցությունների պատմուճան հագած սպասյակները: Այդ նրանց երկդիմի պահվածքն է ուժ ու եռանդ տվել բոլոր ժամանակների բռնակալներին: Մեր ունեցած տեղեկություններով` բանակում աներեւակայելի ճնշումների են ենթարկվում բոլոր ԵԿՄ անդամները: Նրանց պարտադրում են ընտրություն կատարել` կամ աշխատանքը, կամ ԵԿՄ անդամությունը: Միանշանակ է, որ երկրում ապօրինի զենք պետք է չլինի, որ բանակը պետք է ապաքաղաքականացված լինի, բայց ինչու՞ հանկարծ հիմա առաջացավ այդ հարցը եւ ոչ միայն այդ հարցը: Երեկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է ԼՂ զինված ուժերի գեներալ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ»-ի ասպետ Արշավիր Ղարամյանի կոչը երկրապահին` «Որպեսզի տրոհման որդը չներթափանցի մեր մեջ» մտահոգությամբ նա հիշեցնում է, որ միասնականության տրոհմամբ վաղը կկանգնենք անդառնալի կորուստների ու հիասթափությունների անդունդի առջեւ, որի համար պատմությունը մեզ չի ների: Լիովին կիսելով մեծարգո գեներալի մտահոգությունը դիմում ենք ազգի միասնականությունը խաթարող երկու անձնավորություններին` մի փորձեք ԵԿՄ-ն էլ ապականել այնպես, ինչպես ապականեցիք ողջ քաղաքական դաշտը: Սա ձեր վերջին կռիվն է հանուն ձեր ունեցվածքի, բայց ոչ մեր: Մենք էլի կռիվներ ունենք եւ երկրապահը դեռ պետք է մեզ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |