|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Խեչոյան. «Լեւոնը պատրաստ վերադարձել է»13:31 Yerevan | 9:31 GMT | Friday 29 February 2008Կարինե Հարությունյան -Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ծեծեն, ես էդ մի հոգու կողմից կլինեմ: Եթե փողոցում մարդը շանը ծեծի, ես շան կողմից կլինեմ, ոչ թե մարդու: Սա է: Մերժված են` ես իրենց կողմն եմ: - Իսկ ժողովու՞րդը: Արդեն տասը օր է Ազատության հրապարակից չի հեռանում: Գտածն ի՞նչ է: - Ճշմարտություն: Ժողովուրդը իր փողոց դուրս գալով, իր հրապարակ դուրս գալով հաստատել է դա. իր ճշմարտության հետեւից է գնում: Ճշմարտությունը` ազատությունն է: Հրապարակ եկող շատ մարդիկ կան, որ ամեն ինչ էլ ունեն, ապահովված են, բայց իրենք հոգեւոր ազատություն են ուզում, հոգեւորի հետեւից են գնում: Եթե այսքան մարդ հրապարակ է դուրս եկել, ուրեմն իր ճշմարտությունը այնտեղ է: Ժողովուրդն այսօր գնում է եւ գնալու է իր առաջնորդի հետեւից: - Իսկ ինչու՞ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից: Ինչու՞ այսօր: Ինչու՞ այսքան վճռական: - Տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ փորձեցին կազմակերպել հանրահավաքներ, երթեր..., բայց ժողովուրդը միայն հիմա գտավ իր առաջնորդին: Ուղարկվածն է` նշանակում է: Մյուս կողմից` որպես քաղաքական գործիչ խարիզմատիկ մի զորություն ունի, որը տանում է իր հետեւից: Ոչ մի բան պատահական չի լինում: Խոսքը պիտի համոզիչ լինի, կերպարը պիտի համոզիչ լինի, ոգին պիտի համոզիչ լինի: Դրանք բոլորը միատեղ են` Լեւոնի մեջ, եւ ժողովուրդը դա տեսնում է: - Տասը տարի առաջ չտեսա՞նք դա, որ վանեցինք իրեն, հրաժարվեցինք իրենից, քարկոծեցինք իրեն: - Եթե հարցը այդպես ես տալիս, չեմ ուզում մտածենք, թե ժողովուրդը սխալ էր, թեեւ ինքն էլ է սխալներ ունեցել: Ինչու՞ գնաց: Սա իմ կարծիքն է. տասը տարի առաջ ինքը պատրաստ չէր մահվան, որը ամեն թագավորի ատրիբուտներից մեկն է: Թագավորը պիտի իմանա, որ մահը իր հետ է: Ինքը պատրաստ չէր մահվան, դրա համար էլ հրաժարական տվեց: Հիմա` տասը տարվա լռությունից հետո, գուցեեւ աղոթքից հետո... պատրաստ է դրան: Եվ դա ապացուցում է ոչ միայն ինքը, այլեւ իր ամբողջ ընտանիքը: Ինքը պատրաստ վերադարձել է: Եվ դա նշանակում է` ավելի կատարյալ կերպարով է վերադարձել: Այսօր լրատվական շրջափակում է իրականացվում ժողովրդի նկատմամբ, ու ես հավատացնում եմ, որ ամենաճիշտը կլիներ եթեր տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Թող ելույթ ունենար, ժողովրդի հետ խոսեր, եւ կտեսնեինք, ժողովուրդը համաձա՞յն է իր հետ, թե ոչ: Հարցը առանց կոնֆլիկտի, առանց ձերբակալությունների, առանց որեւէ դժբախտության իր տրամաբանական ավարտին կհասներ: - Ի դեպ, որոշ մտավորականներ երկու օր առաջ հայտարարություն էին հրապարակել, որով դատապարտում էին Ազատության հրապարակում իրենց ճշմարտությունը գտած, իրենց հոգու ազատության հետեւից գնացող ժողովրդին: Ինչպե՞ս ես վերաբերվում այն գրողին, այն նկարչին, այն երաժշտին, որն այսօր հրապարակում չէ: - Չեմ ուզում իրենց դատել դատված չլինելու համար: Բայց դատապարտվում է մի բան, որը ժողովրդի հոգեւոր ազատության արտահայտությունն է: Ճիշտ չէ: Նրանք ճիշտ կանեին հրապարակում լինեին: Ես ժամերով քայլում եմ ժողովրդի մեջ եւ... մեծ մասը երիտասարդներ են: Լույսի պես երեխեք են, որոնք հավատ ունեն, մկանուտ են, պինդ են եւ ոգի ունեն: Նշանակում է` մեր ազգի ողնաշարն այնտեղ է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել, նկատի ունենալով, որ իրավիճակը անընդհատ սրվում է, քանի որ քաղաքում նախապատրաստական ուժեր կան: Հարկավոր է, որ ամեն մտավորական Ազատության հրապարակում լինի, որպեսզի իրենով պաշտպանի երիտասարդներին: Որպեսզի թույլ չտա մահակ բարձրացնել որեւէ մեկի վրա: ...Մահակ բարձրացնելու զգուշացումներ, ձերբակալություններ, հետապնդումներ: Այս ամենով հարցը չի լուծվում: Չորսին-հինգին ձերբակալելուց հետո տասն է ոտքի կանգնելու, տասնհինգը, հարյուրը... Հարցի լուծումը պետք է որոնել Սահմանադրական դատարանում: - Բայց նախադեպը ունենք, փորձը ունենք, որ Սահմանադրական դատարանը գործող իշխանության խաղն է խաղում: - Եթե մենք մեր Սահմանադրական դատարանի վրա էլ հույս չդնենք, նշանակում է, որ փակուղի ենք մտնում: Մենք պիտի հավատանք, եւ Սահմանադրական դատարանն ինքը պիտի հավատա իր առաքելությանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |