“Zhamanak” Armenian-American Political Daily

Սա հենց ժողովրդի խաղն է, պարոն նախագահ

12:57 Yerevan | 8:57 GMT | Friday 29 February 2008

Գոհար Բարսամյան

Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:

Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները հանգեցրին այն իրողության, որ արտերկրի, մասնավորապես` Արեւմուտքի եւ Եվրամիության դիվանագիտական իսթեբլիշմենթը հապաղեց եւ սպասեց նոր զարգացումների: Արտերկրի փորձագետները Սերժ Սարգսյանի դիրքերը արդեն ամուր չեն գնահատում: Վաշինգտոնը եւ Բրյուսելը զգուշավորություն են հանդես բերում` սպասելով զարգացումներին: Սերժ Սարգսյանի քաղաքականությունը ամենեւին էլ շրջահայաց բնույթ չի կրում, սպառվեցին տեխնոլոգիաները` նույնիսկ «հանդուրժողայնության» դրսեւորումները բլեֆի բնույթ են կրում. մի կողմից` Սերժ Սարգսյանը իրեն դրսեւորեց իբրեւ դաշտային հրամանատար եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, ում քաղաքական տեսադաշտը կշռադատված չէ: Այսինքն` իշխանությունը չի սպասում բողոքի ակցիաների հանդարտմանը եւ կոշտ հաշվեհարդար է տեսնում Շարժմանը միացած քաղաքական գործիչների նկատմամբ: Մյուս կողմից` գործող վարչապետը կոալիցիա ձեւավորելու կոչ է անում, որը «հավուր պատշաճի» արձագանք չստացավ նախագահի թեկնածուների շրջանում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն անցնում են հարձակման: Ցանկացած քաղաքակիրթ երկրում նախագահը միայն իշխանամետ հանրության նախագահը չէ, նա ողջ ժողովրդի նախագահն է, եւ առնվազն` պարտավոր է պաշտպանել նաեւ ընդդիմության ներկայացուցչի` մարդու իրավունքները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հ1-ի հեռուստաեթերով կոչ է անում ընդդիմության կողմնակիցներին. «Գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքին: Դա Ձեր խաղը չէ»: Այնուհետեւ անցնում է սպառնալիքների: Այսօր գործող իշխանությունները խորը ճգնաժամ են ապրում, նրանք արդեն փոխակերպված հայ հասարակությանը իշխել եւ կառավարել չեն կարող: Արտաքին աշխարհի շնորհավորանքները ոչ մի կերպ չեն կարող շպարել իրադարձությունների բուն էությունը: Ակամայից հիշում ես Ղարաբաղյան շարժման սկիզբը, ինչն ուզում էր խեղդել խորհրդային ավտորիտար վարչակարգը: Հարկ է ընդգծել մի այլ իրողություն եւս. Հայաստանի արդի Շարժման մասին տեղեկատվական դաշտը արտաքին աշխարհում եւս ճեղքվեց, փոխակերպման է ենթարկվում նաեւ այս վարչակարգի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքը: Երեւի այս պահին իշխանությունները չեն ըմբռնում իրենց բռնապետական պահվածքի հետեւանքների ողջ լրջությունը: Այսպես` համաշխարհային մամուլը արձանագրում է, որ ձերբակալված է արմատական ընդդիմության ներկայացուցիչ` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանին կալանավորել են «կեղծ ցուցմունքների» համար, որոնք ուղեկցվում են գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին ծանր մեղադրանքներով` պետական դավաճանության եւ ահաբեկչական գործողության կազմակերպում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը: Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկելու վճիռը: Այդ դեպքից մեկ օր առաջ մեղադրանքներ են հարուցվել պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի, գերագույն դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ: Ի՞նչ ազդեցություն է ունենում սա ժողովրդի հոգեբանության վրա եւ մասնավորապես` Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի վրա: Հարցի պատասխանը փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքն էր, որի մասնակիցները միացան Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող հանրահավաքին: Սա պակաս լուրջ իրադարձություն չէ: Արդեն ամբողջովին վարկաբեկվեց այս իշխանությունը: Իշխանության եւ հայ հասարակության միջեւ անջրպետի անհաղթահարելիության միֆը այլեւս գոյություն չունի:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիությունում Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հետընտրական գործընթացների իր գնահատականը: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած շարժումը հետագայում եւս կգործի Սահմանադրության շրջանակներում: «Գազետա» պարբերականը գրում է, որ միայն Լեւոն Տեր- Պետրոսյան քաղաքական գործիչը կարող էր հեղափոխություն իրականացնել զրոյից, նույնիսկ մինուսից: Դա իրապես այդպես է: Այսօր Հայաստանի առաջին նախագահի թիկունքին կանգնած է ժողովուրդը, որի ներուժի վրա է հիմնված ժողովրդաիշխանություն հաստատելու նրա ձգտումը: Ինչ վերաբերում է այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, պարզ երեւում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նրանց ձախողվածությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր նախագծերից բացառված լինելը: Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին սպասվում են ահռելի ջանքեր:

«Մենք այսօր դժվարին կացության մեջ ենք միջազգային ասպարեզում: Տնտեսական եւ քաղաքական ավերը, որն այս իշխանությունները գործել են, այն տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը, որին այս իշխանությունները դատապարտել են Հայաստանը, Հայաստանի ապագա իշխանություններին, իսկ ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանց առաջնորդը ես եմ լինելու, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնելու», - կարծիք է հայտնել Տեր-Պետրոսյանը: «Տնտեսական եւ քաղաքական գործոն դառնալը ժամանակ է պահանջելու՝ մեկ, երկու, երեք տարի: Այդ ճանապարհին կարեւորագույն հարցերն են լինելու՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը եւ դրա հետեւանքով մեր շրջափակման հաղթահարումը, թուրք-հայկական սահմանի բացումը եւ մեր բոլոր հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական համագործակցության հաստատումը», - ասել է նա:

Արեւմուտքն այսօր պետք է կայացնի հետեւյալ վճիռը` կամ Հայաստանի ժողովրդի հետ է, իսկ դա նշանակում է ժողովրդավարության, իրավական պետության, ազատ շուկայական հարաբերությունների հետ է կամ Հայաստանի ավազակապետական վարչակարգի հետ է: Նրանցից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ անել ամեն ինչ, որպեսզի փետրվարի 19-ին կայացած ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանում նշանակվեն նախագահական նոր ընտրություններ: Եթե Եվրոպան չարձագանքի, Արեւմուտքը չարձագանքի, ես չեմ մեղադրի Եվրոպային, չեմ ասի, որ մեզ դավաճանել են: Եվրոպան կդավաճանի ինքն իրեն, կդավաճանի իր դավանած սկզբունքներին», - ասել է Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը` նա փաստել է. «Ռուսաստանը կամ պիտի պաշտպանի այս վարչակարգը` կորցնելով ողջ հայ ժողովրդի համակրանքը կամ կանգնի ժողովրդի կողքին, պաշտպանի մեր ժողովրդական շարժումը եւ ի դեմս Հայաստանի` ունենա լուրջ, արժանապատիվ ռազմավարական գործընկեր: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.