|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անիի ճակատագրի առեղծվածը15:38 Yerevan | 11:38 GMT | Thursday 28 February 2008 Էն, որ մեր պատմությունից դասեր չէնք քաղում` երեւի թե ոչ միայն արդարացված է, այլեւ` ճիշտ: Ինչի՞ց դաս քաղես: Ո՞ր պատմությունից: Ու՞մ պատմած: Վերցնենք նոր պատմությունը. 1918թ. մայիսի 27-ն ի՞նչ էր` անկախությա՞ն, թե՞ անտերության օր: Կամ 20 թվի մայիսյան դեպքերը. ապստամբությու՞ն էին, թե՞ խռովություն: Նույնը` 21-ի փետրվարին: Ստույգությունը կարեւոր է այնքանով, որ, ենթադրենք, անկախության օրվանից քաղած դասը, գոնե, պետք է որ, տրամագծորեն տարբերվի անտերության օրվա դասից: Ապստամբության-հեղափոխության դասն էլ` խռովության դասից: Ու մեր բախտն այդ առումով բերել է հաստատ` որ անցյալից դասեր չենք քաղում: Թե չէ սխալ դասեր-սխալ ընթացք-սխալ արդյունքներ: Թե՞ քաղում ենք: Ո~վ գիտե: Ինչպես եւ մնացյալ ամեն ինչը: Նորը թողնենք` դառնանք ավելի հնին: Զորօրինակ` Անիի պատմությունը: Մասնավորապես` այն բյուզանդացոց կտակելու պատմությունը: Էդ միայն առաջին հայացքից է պարզ ու այպանելի էդպիսի կտակը: Ու դրա իրականացումը կաթողիկոսի կողմից: Էն էլ` գետի ընթացք փոխող կաթողիկոսի կողմից: Ով, անշուշտ, ոչ միայն Խորենացի էր կարդացել, այլեւ նրան հաջորդած անձանց, տիրապետում էր իր ժամանակներին նաեւ, ու գիտեր, որ եթե էդ մի վեց-յոթ դարի ընթացքում մենք եթե ինչ-որ փոփոխություն էլ կրել ենք, ապա` միայն դեպի վատը, ուրեմն եւ` արժանի չենք մեզ տրվածին: Եվ գուցե թե դրանով` կտակով, գոնե Անին էին ուզում փրկել առավել քան վերահաս կործանումից: Այլ խնդիր է` հաջողեցին, թե ոչ: Դա բոլորովին այլ խնդիր է, այլ հարթություն, վերլուծության այլ նյութ` դուրս այսօրվա մեր թեմայից: Անիի` էդ ժամանակների, էդ իրավիճակի եւ էդ ընթացք-ավարտ-արդյունքի մասին լավագույն պատմվածքն, ըստ իս, Ռաֆայել Արամյանն է գրել` «Մեռած քաղաքի պարիսպների տակ», որից մի ամբողջական հատված` ստորեւ. «Քաղաքում շրջում էր մի խենթ եւ ամենուր ասում. - Գայլը փարախում ձագեր է բերել, եւ դա մեր շների հեզությունից է: Մարդիկ լսում էին նրան, ժպտում, գնում էին իրենց գործին, գնում էին շուկա, եկեղեցի, բաղնիք, քարվանսարա, իսկ խենթը շրջում էր ու կրկնում. - Գայլը փարախում ձագեր է բերել, եւ դա մեր շների հեզությունից է: Ու երբ խորտակվում էր քաղաքը եւ թշնամու հանդեպ նենգ բարեկամները ներսից բացում էին դարպասների նիգերը, բոլորը մոռացել էին խենթին, որ շրջում էր փլատակված քաղաքում ու հուսահատ գոչում. - Գայլը փարախում ձագեր է բերել, եւ դա մեր շների հեզությունից է»: ...Հուսով եմ` հասկանալի է դառնում եւ միանգամայն տրամաբանական, որ այս իրավիճակում, որը, կարծում եմ` քիչ է հորինված, ճիշտը իսկապես այն կտակելն էր այլոց. համ օրվա անձնական խնդիրներն էին լուծվում, համ էլ հետագայի` անանձնական: Ու չկտակելու-փրկելու-պահելու մի ձեւ կար միայն. ականջալուր լինել այդ «խենթի» խոսքերին: Որը չէինք կարող: Էդ տեսակը չենք: Լսող տեսակը նկատի ունեմ: Ըմբռնող: Հասկացող: Մենք խոսող տեսակից ենք ու փնտրող: Ունկնդիր փնտրող: Այսպես ասած` «թարմ ականջ»: Հինն էլ, անշուշտ, չի խանգարի, բայց «թարմը» գերադասելի է. ավելի շատ եւ շուտ հավատ կընծայի: ...Հիմի էդ «խենթերը» շատացել են, էն ժամանակվա պես մեկը չի: Ու եթե հիմա էլ չենք լսելու էդ «խենթերի» ձայնը ու էլի մեր շները հեզ են մնալու, ուրեմն ավելի լավ է` մենք էլ մի-մի կտակ գրենք: Էդպես ավելի բարոյական կլինի: Մեր մասին չենք մտածում` գոնե մտածենք մեզ «փոխելու» եկողների մասին: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱնհանգիստ հասարակածՍերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին: ՔաղաքականԱյդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվելԱնբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |