“Zhamanak” Armenian-American Political Daily

Իշխանությունների հույսը երեւի թե արդեն միմյանց մոլորեցնելն է

15:27 Yerevan | 11:27 GMT | Thursday 28 February 2008

Արամ Ամատունի

Վերջին երկու օրերին իշխանությունները սկսել են իրենց հայտարարություններում լինել բավական ագրեսիվ: Խոսքն, իհարկե, առաջին հերթին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը իր հերթական բացառիկ հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ համբերության բաժակը կարող է լցվել, եւ որ ոստիկանությունը պետք է լինի վճռական:

Ոստիկանությունն իրեն սպասեցնել չտվեց եւ հայտարարեց, որ վճռական է սահմանադրական կարգը վերահաստատելու գործում: Մինչ այդ հայտարարությունների կապակցությամբ իշխանական անատոմիային անցնելը, փորձենք հասկանալ, թե ինչ սահմանադրական կարգի մասին կարող է լինել խոսքը: Նախ` ողջունելի է, որ ոստիկանությունը պատրաստ է ու վճռական, երկրում հաստատել սահմանադրական կարգ: Սակայն ուր էր այդ ոստիկանությունը, երբ փետրվարի 19-ին երկրում համատարած խախտվում էր սահմանադրական կարգը, քաղաքացիները զրկվում էին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից, իսկ որոշ «քաղաքացիներ» էլ հերթական անգամ կիրառում էին մարդ ծեծելու իրենց հակասահմանադրական «արտոնությունը»: Բացի այդ, ինչ սահմանադրական կարգ են խախտում խաղաղ ցուցարարները, որոնք Ազատության հրապարակում իրենց բողոքն են արտահայտում փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ, ճիշտ այնպես, ինչպես որ իրենց «ոգեւորությունն» էին հայտնում Սերժ Սարգսյանի պաշտպանության հանրահավաքի մասնակիցները, ավելի ճիշտը` բերման ենթարկված քաղաքացիները, որոնք հետո «փախան» Տեր-Պետրոսյանի հանրահավաք` ազատ օդ շնչելու: Արդյոք Ազատության հրապարակում հավաքվելը ոտնձգություն է երկրի սահմանադրական կարգի հանդեպ: Նախագահ Քոչարյանն ու ոստիկանությունն ասում են, թե իբր խախտվում են հանգիստ ապրելու մյուս քաղաքացիների իրավունքները: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու, երբ որեւէ տեղ պետք է շենք կառուցվի ու բնակարան վաճառվի թանկ գնով, քաղաքացու այդտեղ ապրելու իրավունքը կարելի է խախտել, իսկ եթե խոսքը քաղաքացիական դիրքորոշում հայտնելու մասին է, ապա դա ոտնձգություն է սահմանադրական կարգի հանդեպ: Կամ, եթե Երեւանում փողոցները համատարած քանդվում են, արդյոք դա սահմանադրական կարգի խախտում չէ՞, երբ օրինակ դրանցում տեղի ունեցող շինարարությունը տեւում է ավելին, քան նախօրոք հայտարարված ժամկետը, խոչընդոտելով երթեւեկությանը, մարդկանց ծածկելով փոշու հաստ շերտով: Սակայն, ինչ խոսք, միանգամայն հասկանալի է, որ իշխանություններն իրենք ամենից լավ գիտեն, թե որն է սահմանադրական կարգը եւ ինչն է այդ կարգի խախտում: Եվ նաեւ թերեւս շատ լավ գիտեն, որ որեւէ հակասահմանադրական բան Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական Շարժումը չի կատարում: Պարզապես քաղաքական կոնյունկտուրայից ելնելով իշխանությունները նույնացնում են Սահմանադրությունն ու իրենց ցանկությունները, եւ իրենց ցանկությունների դեմ քաղաքացիական «ոտնձգությունները» ներկայացվում են որպես սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն: Սակայն այդ տարըմբռնումները սեմինարների շտկելիք գործ է, որեւէ խնդիր չկա, միայն թե դրամաշնորհ լինի: Իսկ այն, որ ցանկությունները իշխանությունների մոտ խախտված են, վկայում է նրանց հրապարակային հայտարարությունների հակասականությունը: Առայժմ դեռեւս ոչ այդքան ակնառու, բայց, օրինակ, հանրության մի զգալի մասի մոտ անշուշտ հարց է առաջանում, թե ով է երկրում իշխանության գործողությունների թելադրողը` ցուցարարներին իր համբերության չափը ցույց տվող Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ նախագահի բոլոր թեկնածուներին համագործակցության ու երկխոսության կոչ անող վարչապետ Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոչերն ըստ էության հնչեցին միաժամանակ` մոտավորապես այն պահերին, երբ Սերժ Սարգսյանը համագործակցության պատրաստակամության մասին հայտարարում էր Հանրապետության հրապարակի իր ելույթի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը իր նստավայրում հարցազրույց էր տեսագրում Հ1-ի հետ, ուր եւ հնչում էր համբերության սահմանափակ լինելու մասին թեզը: Դժվար է իհարկե ասել, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իշխանությունը կիսում են համաձայնեցված, մեկը ստանձնելով խաղաղարարի, իսկ մյուսը դատավորի դերը: Համաձայնեցված գործելու դրդապատճառ կարող է լինել, այն առումով, որ արտաքին հակասություն ցուցաբերելով ըստ էության իրարամերժ հայտարարություններով, Ռոբերտ Քոչարյանը փորձի իր դատաստանով մաքրել դաշտը Սերժ Սարգսյանի համար, իսկ նա էլ հետո թագավորի այդ ամայության վրա, չկրելով որեւէ պատասխանատվություն «երաշտի» համար: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ընդհանրապես իշխանությունը, հասարակությանը համոզելու որեւէ խնդիր չունեն: Նման խնդիր գոյություն չունի այն պարզ պատճառով, որ համոզելու բոլոր ռեսուրսները սպառված են, իսկ հանրությունն էլ շատ լավ գիտե, թե այս երկրում ով ինչի համար է պատասխանատու: Ի վերջո` Հայաստանը փոքր է եւ 17 տարին լիուլի բավարար է այդ ամենը տեսնելու ու հասկանալու համար: Այնպես որ, իշխանություններն իրենք էլ հազիվ թե հավատան, որ հնարավոր է այլեւս հանրությանը մոլորեցնել մանր խորամանկություններով: Դրանցով այլեւս անհնար է մոլորեցնել նաեւ միջազգային հանրությանը: Իշխանությունները անկասկած գիտակցում են դա, եւ ըստ էության հենց դա է նրանց հայտարարությունների իրարամերժության բուն պատճառը: Նրանք թերեւս դիմում են վերջին միջոցին` մոլորեցնել միմյանց: Ռոբերտ Քոչարյանը թերեւս փորձում է տպավորություն ստեղծել, որ եթե չլինի իր ուժային միջամտությունը, ապա Սերժ Սարգսյանը երբեք չի լինի նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն էլ ըստ էության փորձում է Ռոբերտ Քոչարյանին իր հանրահավաքով ու քաղաքական համագործակցության կոչերով ցույց տալ, որ ունակ է իրավիճակը հանգուցալուծել առանց Ռոբերտ Քոչարյանի ուժի օգնության: Այսինքն` իշխանության ներսում ըստ էության գնում է իշխանության համար պայքար, որովհետեւ իշխանությունը պետք է ոչ միայն այն ամեն գնով պահելու, այլ հարմար գնով հանձնելու համար եւ ավելի նպատակահարմար է լինել նա, ով կհանձնի, ոչ թե նա` ում հանձնում են, որովհետեւ հանձնողի հետ են բանակցում, ոչ թե հանձնվողի:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.