“Zhamanak” Armenian-American Political Daily

Գլոբալ քաղաքականության գլխավոր զորախաղերը

15:26 Yerevan | 11:26 GMT | Thursday 28 February 2008

Գոհար Բարսամյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ութամյա կառավարման ընթացքում օգտագործեց Կրեմլի ողջ հզորությունն ու ներուժը երբեմնի միակուսակցական վարչակարգի կառավարման ձեւաչափը հաստատելու համար:

Այսինքն` նա կարողացավ ճնշում գործադրել քաղաքական իր ընդդիմախոսների վրա: The New York Times հրատարակության նկատառումներով` Ռուսաստանում Պուտինի կուսակցությունը այսպես թե այնպես հաղթանակ կապահովեր` առանց ճնշումներ գործադրելու: Հրատարակության կարծիքով` ճնշումների նպատակը պարզապես մշտապես վախի մթնոլորտ ստեղծելն է քաղաքական ընդդիմախոսների շրջանում: «Որքան սա նման է հին ժամանակների ՊԱԿ-ի կրեդոյին` աշխարհայացքի համոզմունքներին, որոնք այդքան լավ յուրացրեց Վլադիմիր Պուտինը», - գրում է The New York Times-ը: Միացյալ Նահանգներում տարածված է այն միտումը, որ նախագահ Բուշը եւ առավելապես նրա իրավահաջորդը ստիպված կլինեն հարաբերություններ պարզել ավտորիտար Ռուսաստանի հետ, որն իրականում գոյություն ունի: Պրագմատիկ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը թելադրում է Միացյալ Նահանգներին Ռուսաստանի հետ համագործակցել այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են Կոսովոն, Իրանի միջուկային ծրագիրը, ապառազինությունների մրցավազքի վրա հսկողությունը: Միացյալ Նահանգներում առկա է նաեւ այն մտայնությունը, որ հետընթաց շարժումը դեպի «սառը» պատերազմի ժամանակներ կողմերից ոչ ոքի լավ բանի չի հանգեցնի:

Բալկաններ

Միջազգային հանրությունը ըմբռնում էր, որ Կոսովոյի անկախության հռչակումից հետո Բալկաններում իրադրության սրումը գործնականում անխուսափելի է: Նմանօրինակ իրավիճակներում պետությունները, որոնցից տարանջատվում են, այսպես ասած, անկլավները, մեղմ ասած` ըմբոստանում են: Այդ օրինաչափությունը դրսեւորվեց նաեւ Բելգրադում: Կոսովոյի սերբերը զանգվածային բողոքներ են անցկացնում: Ակնհայտ է, որ սերբերը նաեւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում աներկբայորեն մտադիր են դուրս գալ, այսպես կոչված` «դաշնությունից»: Զարգացումների տրամաբանությունը հանգեցրել է նրան, որ Բոսնիայի եւ Հերցեգովինայի եվրոպական տերերը արգելել են Սերբիայի Հանրապետությանը նույնիսկ մտածել իրենց ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին` վկայակոչելով 1995 թվականին ստորագրված դեյթոնյան համաձայնագիրը, որը, սակայն, ակնհայտորեն վերանայվում է, մասնավորապես` ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից: Ռուսաստանը սա լուրջ մարտահրավեր է համարում: Եվրոպական երկրները Կոսովոյում ազգային բանակի ստեղծման հարց են առաջ քաշել: Մինչ այսօր Եվրամիությունը ջանում է օգնել Կոսովոյին ոստիկանական ուժերի եւ իրավապահ մարմինների ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունները Լյուբլյան արվարձանում Եվրամիության իրենց գործընկերների հետ խորհրդակցությունից առաջ: Ավելին` Կոսովոն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ հավանաբար` ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխման հերթական վայրը: Բելգրադին մնում է ոչ արդյունավետ տնտեսական շրջափակումը: Հետեւաբար այստեղից է բխում Արեւմուտքի մարտական տրամադրվածությունը Բելգրադի հանդեպ: Այս պահին դե ֆակտո չկա միջազգային օրենք Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար, իսկ եթե դա լինի, ապա Մոսկվան հազիվ թե աջակցի: Ռուսաստանը ամեն կերպ ջանում է սատարել Սերբիային: Սա նախեւառաջ բխում է Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նպատակաուղղվածությունից: Այսպես` այս տարվա փետրվարի 25-ին Բելգրադ պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ: Համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմ»-ի եւ «Սերբիագազ»-ի միջեւ` այս տեղամասում «Հարավային հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ: Այսպիսով` Մոսկվայի եւ Բելգրադի փոխհարաբերությունները, ռազմավարական համագործակցությունը համալիր բնույթ ունեն: Հենց Կոսովոյում են խաչաձեւվում Ռուսական «Հարավային հոսքի» եւ ամերիկյան «Նաբուկո» նախագծի հակամարտությունը: Վերջինս շրջանցում է Ռուսաստանը: Վերլուծելով իրադարձությունների զարգացումը Բալկաններում` բրիտանացի լրագրող Դայանա Ջոնսթոնը գալիս է այն եզրակացության, որ «սերբերի սատանայացումը 1941 թվականի նացիստների քարոզի արձագանքն էր, իսկ նացիստների քարոզը1914 թվականի թեզիսների կրկնությունը, երբ Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան սկսեցին Առաջին համաշխարհային պատերազմը` օկուպացիան սկսելով Սերբիայից: Իսկ այսօր ՆԱՏՕ-ի գործունեության աշխարհագրության ընդլայնման պայմաններում Սերբիան Բալկաններում Ռուսաստանի գլխավոր հենակետն է:

Ուկրաինա

Նորություն չէ, որ Ուկրաինան դուրս է գալիս Ռուսաստանի հսկողության գոտուց: Մինչդեռ Ռուսաստանը այս երկրի նկատմամբ կիրառում է աքցանի քաղաքականություն` ամեն կերպ ջանալով պահպանել իր դիրքերը այս երկրում: Ընդամենը երկու շաբաթ առաջ Ռուսաստանը առաջ քաշեց առաջին վերջնագիրը. Ուկրաինան 1, 5 միլիարդ դոլարի պարտքը պետք է մարի մինչեւ երկուշաբթի: Ռուսաստանը կրկին սպառնում է կրճատել Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն փետրվարի 12-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոստացել է պարտքերը մարել: Սակայն հետագայում գործին միջամտել է Յուլյա Տիմոշենկոն: Այդ առնչությամբ La Stampa թերթը ներկայացնում է հետեւյալ դիտարկումը. «Փետրվարի 22-ին վարչապետի այցը Մոսկվա կասկածի տակ դրեց մեկ շաբաթ առաջ կնքած պայմանագիրը, որպեսզի ռուսներին եւ իր ընտրազանգվածին ապացուցի, որ բանակցությունները պետք է վարել իր հետ»: Ռուսական եւ ուկրաինական մամուլը Յուշչենկոյին ներկայացրեց որպես վարչապետի մարիոնետ: Պուտինը Ուկրաինայի երկու ղեկավարների մրցակցությունը իր խնդիրը չհամարեց եւ կրկին առաջ քաշեց վերջնագիրը: Ուկրաինան այս դրությունից այլընտրանքային ելք չունի:

Հարավային Կովկաս

Ամեն ինչ սկսվեց 2004 թվականի նոյեմբերին, երբ, ինչպես վրացական մամուլն է նշում, վրացական քաղաքականություն ներխուժեց Արեւմուտքը` Մեթյու Բրայզայի հաճելի ժպիտի նման: Վրաստանի համար Արեւմուտքը նախեւառաջ արժանապատիվ կյանքի հույս է` արեւմտյան արժեքներով եւ կենսակերպով: Վրաստանի հանրության ինտեգրացիան Արեւմուտքի հետ երազանք է կայունության մասին: Իրապես Արեւմուտքը արեց ամենը Վրաստանին իր կողմը գրավելու համար: Ռուսաստանը այս խաղից անմասն չմնաց: Ավելին` ամեն ինչ արեց, որպեսզի իրենից վանի Վրաստանին. գաղտնիք չէ, որ Վրաստանի համար կարեւոր շուկա է Ռուսաստանը: Այս երկիրը նախ փակեց իր շուկան վրացական ապրանքների համար, դադարեցրեց տրանսպորտային հաղորդակցությունը, մարդկանց հալածեց` էթնիկ հատկանիշից ելնելով: Սակայն Վրաստանը հասկացավ, որ Ռուսաստանը գլոբալ քաղաքականության հարթակում մեծ խաղացող է, բացի այդ` Արեւմուտքը պահանջեց, որ Վրաստանը կարգավորի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանը ըմբռնեց, որ նոր որակի հարաբերություններ պետք է հաստատի Վրաստանի հետ: Առաջին քայլերն արդեն արվել են. վերականգնել են տրանսպորտային հաղորդակցության ճանապարհները: Եթե այս քայլին հետեւեն առեւտրական արգելքները չեղյալ համարելը եւ նորմալ անցակարգը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները կհանգուցալուծվեն` Վրաստանի համար շահեկան պայմաններով: Այսպես` մարտին Մոսկվան եւ Թբիլիսին կանցկացնեն բանակցություններ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտության գոտում սահմանների համատեղ հսկողության վերաբերյալ:

Իսկ Ադրբեջանը առաջին երկիրն է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեց ամերիկյան «Նաբուկո» ծրագրի իրականացման համար: Այսպես` փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելեց լեհական Գդանսկ քաղաք, ուր կծանոթանա տեղի նավթամշակման գործարանին. այստեղ պետք է մշակվի ադրբեջանական նավթը: Այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին Վիլնյուսի էներգետիկ գագաթնաժողովում, երբ պայմանագիր ստորագրվեց Օդեսա-Բրոդի-Գդանսկ նավթամուղը մինչեւ 2010 թվականը շահագործելու վերաբերյալ:

Կենտրոնական Ասիա

Ինչու՞ է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն դարձել Կենտրոնական Ասիան: Այն նախ գլխավոր հիմնախնդիր է ազգային անվտանգության տեսակետից: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Մայքլ Մակքոնելի ամենամյա հաշվետվության մեջ: Այս առումով հարկ է հիշեցնել Իրաքը, Աֆղանստանը եւ Պակիստանը: Հաշվետվության մեջ նախազգուշացվում է մահմեդական արմատականության սպառնալիքի մասին այս տարածաշրջանում` սոցիալ-տնտեսական դժգոհությունների ալիքի վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս տարածաշրջանում սպասվում է ԱՄՆ-ի հետ առճակատման խորացում, նախեւառաջ` էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը այս առումով ամեն կերպ ջանում է գերակայել: Կրկին ընդգծենք, որ էներգապաշարները Ռուսաստանի գլխավոր միջոցն են գլոբալ քաղաքականության չափումներում: Հարկ է ընդգծել Իրանի միջուկային հիմնախնդրի կարեւորությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` փետրվարի 22-ի հաշվետվության մեջ մտահոգություն է արտահայտված, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ ունի, բացի այդ` Իրանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ է մշակում: Նույն հաշվետվության մեջ զգուշավորություն է արտահայտված այն իմաստով, որ Իրանը եւ Ռուսաստանը ՕՊԵԿ-ի նմանողությամբ կամենում են ստեղծել գազային նոր կարտել: Այսպիսով, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գլոբալ քաղաքականության հարթակում մեծ խաղացողներն են եւ մրցակցում են աշխարհի ռազմավարական լուրջ նշանակություն ունեցող գրեթե բոլոր տարածաշրջաններում:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.