“Zhamanak” Armenian-American Political Daily

Աֆրիկյան ժանտախտի ու Գեղամյանի հետ կոալիցիայի մասին

15:19 Yerevan | 11:19 GMT | Thursday 28 February 2008

Մ.Խ.

Խորհրդարանում երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ընթացավ ջերմ շողոքորթության մթնոլորտում:

Տիգրան Թորոսյանը շտապեց ամենից առաջ շնորհավորել Սերժ Սարգսյանին ու այդուհետ նրան դիմում էր «ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ» տերմինով: Դահլիճում ներկա ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ պատգամավորները շտապեցին ետ չմնալ ու իրենց հուզմունքն ու բերկրանքն արտահայտեցին ծափահարություններով: Սերժ Սարգսյանն անգամ սպիտակ վարդեր նվեր ստացավ: Չնայած, կարծում ենք, ինքը կգերադասեր այդքանի փոխարեն ժողովրդի քվեն ստանար:

Բնականաբար պատգամավորներն աշխատում էին պարոն Սարգսյանին որեւէ կերպ չհիշեցնել ներքաղաքական իրավիճակի եւ բազմամարդ հանրահավաքների մասին: Այդ պատճառով ստիպված էին տալ հարցեր գյուղատնտեսության զարգացման, աֆրիկյան ժանտախտի վերացման հետեւանքների եւ այլնի մասին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը փորձեց ճշտել, թե ընդդիմությանը կոալիցիոն կառավարության առաջարկ անելով, ի՞նչ գործողություններ է ակնկալում Սերժ Սարգսյանը: Պարզվեց` արդեն իսկ «ընդդիմադիրներ կան», որոնք համաձայնել են Սերժ Սարգսյանի հետ համատեղ կիսել կոալիցիայի ծանր լուծը: «Արդեն արձագանքներ կան ընդդիմության կողմից համագործակցելու, մենք արդեն այսօրվանից աշխատում ենք: Կլինի Ձեր արձագանքը, Ձեզ հետ էլ կաշխատենք հաճույքով», - ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը: Ավելի ուշ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է համագործակցել Արտաշես Գեղամյանը: Թեեւ խիստ կասկածելի է, որ նրանց համագործակցությունը երեկ է սկսվել: «Ովքեր պատրաստ են համագործակցության, պատրաստ են արձագանքելու այդ կոչին, մենք գործնական հարթություն կբերենք, կսկսենք գործնականում քննարկել», - ասաց Սերժ Սարգսյանը` ավելի ուշ միջանցքում պատասխանելով «Ազատության» հարցին, հավելեց, թե համագործակցելու են ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուների հետ:

Ակնհայտ է, որ Գեղամյանի կամ նրա նմանների հետ կոալիցիոն կառավարություն կազմելով, Սերժ Սարգսյանը որեւէ ներքաղաքական խնդիր չի լուծելու: Առավել եւս, որ արդեն իսկ ստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի մերժումը:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը հարց ուղղեց, թե «փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ պատգամավորների նկատմամբ կիրառվել են բռնություններ, վերջին օրերին քաղաքական հետապնդումների զոհ են դարձել մի քանի քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ եւ ուսանողներ, ձերբակալվել են տարբեր հիմնավորումներով՝ ապօրինի զենք կրելուց մինչեւ հակասահմանադրական կոչեր հնչեցնելը: Սակայն մենք գիտենք, որ հասարակ քաղաքացիները երբեմն շատ ավելի սուր հայտարարություններ են հնչեցնում, քան քաղաքական գործիչները, բայց հետապնդումները ընտրովի են իրականացվում, ընդ որում` պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները ոչ միայն չեն ձերբակալվել, այլեւ պաշտոնավարում են իրենց բարձր պաշտոններում: Ինչպե՞ս եք պատկերացնում օրենքի առջեւ բոլորի հավասարությունը կիրառելու սկզբունքը գործնական դաշտում»: Սերժ Սարգսյանն անակնկալի եկավ, պատկերացնու՞մ եք, առաջին անգամ էր լսում պատգամավորների հանդեպ ընտրության օրը կատարված բռնությունների մասին: «Ես գոնե տեղեկություն չունեմ որեւէ, էսպես, պատգամավորի նկատմամբ իրականացված բռնության մասին իրավապահ մարմիններ դիմելու փաստ: Չունեմ: Ես չգիտեմ՝ ու՞մ նկատմամբ է բռնություն իրականացվել, եթե կլինեն փաստեր, մենք անպայման իրավապահ մարմիններից կպահանջենք, որպեսզի ընթացք տրվեն: Իսկ ձեր քաղաքական, թե պոպուլիստական ելույթը, կարծում եմ, լավ կլինի հնչեցնեք համապատասխան տեղ, որտեղ հնչեցվում է: Դրանից մենք չենք տուժի», - եղավ վարչապետի համապարփակ պատասխանը: Արմեն Մարտիրոսյանը նրան տեղեկացրեց, որ բռնության ենթարկված պատգամավորներից մեկը ինքն է, մյուսները` Վարդան Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը` վերջին ձերբակալությունների վերաբերյալ հավելելով, թե բոլոր ձերբակալվածները փետրվարի 19-ից հետո են ձերբակալվել, երբ դրսեւորել են քաղաքական ակտիվություն: «Ինչ վերաբերում է ձերբակալված քաղաքական գործիչներին, ինձ համար Ջհանգիրյանը քաղաքական գործիչ չի», - ասաց Սերժ Սարգսյանը եւ այդքանից հետո բարության կոչ արեց պատգամավորին:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.