|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինչպե՞ս են ընտրել հաշմանդամները15:04 Yerevan | 11:04 GMT | Thursday 28 February 2008Մարինա Բաղդագյուլյան «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված 13 դիտորդներ դիտարկել են 25 տեղամասեր, որոնցից երեքը մարզերում էին` Սյունիքում, Լոռիում, Կոտայքում: Քանի որ դիտորդների կեսը հաշմանդամներն էին, ֆիզիկական հնարավորությունները չէին ներում ամբողջ օրը տեղամասում մնալու եւ ընտրությունների ողջ ընթացքին հետեւելու: Սակայն մինչ քվեաթերթիկների հաշվումն էլ դեպքեր տեղի ունեցան. ով կույր չէր` կտեսներ: «Ունիսոնի» նախագահ Արմեն Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց հաշմանդամների` ընտրություն կատարելու իրավունքների, եւ մեր երկրում դրա հնարավորությունների բացակայության խնդիրներին: Տեղամասերից ընդամենը երեքն էին, որ քիչ թե շատ մատչելի էին դարձրել հաշմանդամների համար: Իսկ հարմարեցված սանհանգույց ոչ մի տեղ չկար: Այնպես որ, հաշմանդամների` ընտրական եւ դիտորդական իրավունքներն իրականացնելու հնարավորությունների մատչելիությունը մեր երկրում, կարելի է ասել, տոկոս չի կազմում: Այս խնդիրը «Ունիսոնը» դեռ 2003-ին է բարձրացրել պատասխանատու մարմինների մոտ: Ալավերդյանն ասում է, որ միակ դրական փոփոխությունն այն է, որ հիմա գոնե ընդունել են, վերջապես հասկացել են, որ հաշմանդամները նույնպես մարդավարի քվեարկելու իրավունք ունեն: «Իսկ նախկինում ասում էին` «Ի՞նչ խնդիր կա, կգանք, կօգնենք, կբարձրացնենք»: Խորհրդարանական ընտրություններին Ալավերդյանն իր ընտրական իրավունքն իրականացրել է հենց այդպես` ուրիշների օգնությամբ: Սակայն այս տարի հրաժարվել է իր եւ օգնողների կյանքը վտանգելուց, խնդրել է, որպեսզի քվեաթերթիկն իջեցնեն եւ ընտրությունը կատարել է մեքենայի մեջ: Ուրիշ համառ սայլանիվով հաշմանդամներ էլ կային, որ ընտրության էին եկել օգնականների հետ, բայց գերակշռող մասը ընտրություններին չի մասնակցել: Իսկ թե ի՞նչ ճակատագրի են արժանացել ընտրությունների չեկած հաշմանդամների քվեաթերթիկները, դժվար չէ եզրակացնել` հիշելով ոչ այնքան վաղ անցյալում 9/31 ընտրատեղամասում Արամ Հարությունյանի օգտին քվեարկած միակ, վերջին քվեաթերթիկի յուրացումը. չխնայեցին... Հաշմանդամների` ընտրություններին մասնակցության վերաբերյալ ստույգ թվեր ոչ ոք չի կարող ներկայացնել, քանի որ վիճակագրություն չկա, թե որքան հաշմանդամ ընտրող կա այս երկրում: Մեր երկրում հայտնի է միայն հաշմանդամների ընդհանուր թիվը, իսկ թե նրանցից քանիսն ընտրելու իրավունք ունեն (կապված ոչ թե ընտրական տարիքի, այլ` մտավոր համապատասխան ունակության հետ), անհայտ է: Չկայացած վիճակագրության, անտեսված հաշվառման արդյունքում ընտրության էին բերել մտավոր եւ հոգեկան ոչ լիարժեք վիճակ ունեցող մարդկանց: Սա, իհարկե, գիտակցված, այսպես ասած` «սարքած» թյուրիմացություն է: Կույրերի չմիջնորդավորված, փակ-գաղտնի ընտրության համար նախատեսել էին հատուկ կաղապար, որ պիտի դրվեր ընտրաթերթիկի վրա, որպեսզի մատների շոշափումով կողմնորոշվեին, թե որտեղ պետք է քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Ալավերդյանի դիտարկած 25 տեղամասերից 3-ում հոգ չէին տարել այդ կաղապարներից ունենալու համար: Ալավերդյանի բողոքին պատասխանել էին. «Մենք կույր ընտրող չունենք»: «Սակայն ինքս դիտորդական առաքելությունն իրականացնելիս ականատես եմ եղել, թե ինչպես երեք կույր մարդկանց փոխարեն ընտրել են ուրիշները: Երկուսը եկել էին ուղեկցողների հետ, նրանք էլ ընտրեցին, իսկ երրորդի համար հանձնաժողովի նախագահը մեկին կանչեց, որ օգնի: Թե ինչպես է օգնել, ես չեմ կարող ասել», - ասում է Ալավերդյանը: Քարոզչությունը մատչելի չէր խուլ ընտրողներին, հազարավոր մարդիկ չեն կարողացել հետեւել հեռուստատեսային պաշտոնական քարոզարշավին: Իրազեկվելու միակ հնարավորությունը մնում էին տպագիր եւ էլեկտրոնային թերթերը: Վատ է, որ մարդկանց այս խումբը զուրկ է եղել հեռուստատեսությամբ իրազեկվելու հնարավորությունից, բայց այս փաստից կարելի է ենթադրել, որ խուլ ընտրազանգվածը, թերեւս, ամենաչխաբվածն էր: Հ.Գ. Ընտրական օրենսգրքում գրված է, որ ՏԻՄ-երը պարտավոր են ապահովել հաշմանդամների ազատ, անարգել մուտքը, սակայն նշված չէ` ինչպես: Մինչդեռ «ինչպեսն» է միշտ լինում հարցերի պատասխանը եւ թվացյալ պատասխանների հարցը: Թեպետ հեռուստատեսային լուրերով երբեմն-երբեմն աղաղակում են հատուկենտ կառուցված թեքահարթակի մասին (եւ եթե հնարավոր լիներ, կարմիր ժապավեն կկապեին, որպեսզի նախագահը կամ վարչապետը հաղթական դեմքով կտրեր, շնորհավոր աներ), բայց փաստ է, որ հաշմանդամները չեն կարողացել իրականացնել Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրելու իրենց իրավունքը: «Որպեսզի մենք չսպասենք հարյուր տարի, թե երբ կլինեն հավասար պայմաններ, պահանջելու ենք, որպեսզի Ընտրական օրենսգրքում հստակ ֆիքսվի հավասար իրավունքների մասին պատասխանատվության աստիճանը», - ասաց Արմեն Ալավերդյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |