|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԼԻԿԲԵԶ14:24 Yerevan | 10:24 GMT | Wednesday 27 February 2008 Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է: Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական շահի հետ` դառնում է պատուհաս այլոց համար: Իրենց համար էլ, անշուշտ: Բայց քանի որ իրենք չեն հասկանում դա, այդպես էլ շարունակում են խարխափել անգիտության խավարում: Մինչդեռ շատ պարզ է եւ, ըստ իս, ճշմարտության բանաձեւեր կան անգամ, որոնք հաշվի չառնելն այլեւս անհուսալիության հիմնավոր ախտանիշ է: Զորօրինակ` բանաձեւերից ամենամատչելիները. - Եթե Հ1-ը մի բանը կոչում է սեւ, ուրեմն դա, հաստատապես, սպիտակ է: Եվ` հակառակը: Որովհետեւ իրական կյանքն այլ է, ցույց տրվածը` միանգամայն այլ: - Երբ մարդկանց զոռով քարշ են տալիս Ս.Սարգսյանի հանրահավաք-հանդիպում-շոուներին` դա ավելացնում է նրան ատողների քանակը: - Եթե իշխանություններին հաճոյացող լրատվամիջոցները միաբերան հանիրավի անվանարկում են մեկին` նշանակում է նրանք սարսափահար են, որովհետեւ այդ մեկի զենքը ճշմարտությունն է, իրենցը` սուտն ու կեղծիքը: - Երբ բանտերը լցնում ես քաղաքական բանտարկյալներով, դա ոչ թե սարսափ է տարածում` ստիպելով մարդկանց ետ կանգնել ճշմարտության ճանապարհից, այլ ավելացնում է նրանց դիմադրական ոգին, դրան գումարած` ի ցույց է դնում քո ողորմելիությունը: - Երբ եթերը լցնում ես իշխանությունների եւ իշխանավորների ներբանները լպստող տարբեր տրամաչափի առարկաներով` դրանով միայն փչացնում ես այդ «մարդկանց», հիմնավորելով սեփական անկարողությունդ եւ անճարությունդ: - Հաղթածը` հաղթողի ինքնավստահություն պետք է ունենա, հաղթողի վեհանձնություն, հաղթողի տեսք, ոչ թե պարտվածի-անկյուն քշվածի տեսք, որին սարսափեցնում են միայն անխուսափելի, անվերապահ եւ անդառնալի կորուստները: - Եվ վերջապես. որքան սեղմում ես ցանկացած զսպանակ, այնքան ավելանում է նրա դիմադրության ուժը: Ի վերջո, այդ պրկված զսպանակը կարող է բացվել եւ ետ շպրտել իրեն սեղմած ձեռքը, ոտքը, սապոգը... Հետո արի ու գտիր դրանք: Էսպիսի պրիմիտիվ բաներ չիմանալը կամ չհասկանալը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից: Առավել եւս` հետեւանքներից: Ու ընթացող պայքարն էլ հենց դրա համար է. արդարության: Որ չիմացողը լինի իր` չիմացողների արժանի տեղում, իմացողն` իմացողների, շատ իմացողը` շատ իմացողների, հասկացողը` հասկացողների եւ այլն: Որովհետեւ ակնհայտ է այլեւս ու` բոլորի համար, որ երբ այդ տեղերը խառնվում են իրար` ինչ է ստացվում: Ստացվում է մի Հայաստան, որը կար մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ի երեկոն: Որն արդեն վաղու~ց, նվազագույնը հոկտեմբերի 26-ից սկսած, պատմություն է այլեւս: Որը դասեր ունի սակայն: Որոնք չեն ընկալվում: Ցավալիորեն: Իրենց համար: Անհասկացողների: Թե չէ` մեզ ի~նչ: Մենք գիտենք, որ չի կարելի բռնություններ կիրառելով միաժամանակ ճամարտակել ժողովրդավարության մասին: Որովհետեւ... Որովհետեւ դա ստորություն է: Մենք գիտենք, որ չի կարելի ապրել «ընկել ես` ոտքերը համբուրիր, վեր ես կացել` գլուխը կտրիր» սկզբունքով, որովհետեւ դա ողորմելիության արտահայտություն է: Մենք գիտենք, որ մարդը մի երես պիտի ունենա ու սկզբունքներ, ու տեր պետք է լինի ամեն ինչում` իր խմած ջրից մինչեւ երկիր ու աշխարհ ու դրա հակառակը ստորաքարշն է, համակերպվողը, պնակալեզը: Եվ վերջապես` մենք գիտենք, որ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավազակապետությունն այլեւս ավարտվել է մեզանում` իր տեղը զիջելով ազատ, արդար ու հպարտ Հայաստանին: ...Ասում ենք` որ դուք էլ իմանաք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |