|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անվերնագիր14:20 Yerevan | 10:20 GMT | Wednesday 27 February 2008 Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին երգողները, միմոսներն ու ծաղրածուները, մարդիկ` այս քաղաքի բնակիչները տխուր էին: Այս քաղաքում, ուր լինում էին հրավառություններ, լուսավոր գիշերներ, մարդկանց աչքերը չէին փայլում. նրանք տխուր էին: Այս քաղաքում հեքիաթ չկար: Թվում էր` մարդիկ վաղուց մոռացել են հեքիաթները բոլոր: Բայց յոթ օր ու գիշեր է, ինչ քաղաքի հրապարակում` անունը` Ազատություն, մարդիկ հավաքվել են ու այդտեղից ոչ մի տեղ չեն գնում: Յոթ օր ու գիշեր է` նրանք հավատում են, որ իրենց քաղաքում, երկրում ու աշխարհում արդարություն կլինի: Բարձր-բարձր շենքերում բնակարան կունենան: Շքեղ խանութներից գնումներ կկատարեն: Կգնան թատրոններ, կինոթատրոններ ու կլսեն իսկական երգիչների երգը` հուզող ու մաքրագործող: Բեմում, միայն թատրոնի բեմում ու ոչ երբեք քաղաքական հարթակում կդիտեն իսկական դերասանների խաղը: Սեւ, մեծ մեքենաների կողքով հանգիստ կանցնեն` առանց վախենալու: Թերթերը, հեռուստատեսությունները Աստծո պարգեւ տված խոսքն ու գիրը զենք դարձրած` սուտ, կեղծիք, թույն չեն պարպի, ազատ կլինեն, իրենք էլ` հետները: Յոթ օր ու գիշեր է` «Ա-զա-տու-թյուն» են գոռում, ուզում, պահանջում... Ու այդ անզուսպ ցանկությունից, անսանձ խոհերի տապից եռում են: Ցուրտը չեն նկատում ու չեն անիծում: Այստեղ նույնիսկ չարը դարձել է բարի... Ո՞վ էր տեսել` ինչ-որ բան բաժանեին, եւ տխուր, անփայլ աչքերով մարդիկ իրար չխեղդեին, չհոշոտեին` վայրկյան առաջ հափշտակելու համար: Ո՞վ էր տեսել պատրաստակամությունը` զիջելու խարույկի, տաք սուրճի ջերմությունը: Ո՞վ էր տեսել պատահաբար հրմշտելու, նույնիսկ` ծխախոտով անզգուշաբար մեկի վերարկուն կամ բաճկոնը վառելու դեպքում նվազագույնը արյուն չթափվելու փոխարեն մի մեղավոր` ներիր, եւ ներող ժպիտ: Այնտեղ հոգ չեն տանում` ինչ պիտի ուտեն, ինչ պիտի խմեն եւ ոչ էլ մարմնի համար` ինչ պիտի հագնեն... Իսկ երկրի գլխավոր հեռուստաընկերությունը` անազատ ու անլուր, ուր սովորաբար թեւածում էր կեղծ վարդագույնը` գորշ քաղաքի, երկրի ու տխուր մարդկանց մասին, հանկարծ, ի տես ամբողջ աշխարհի, ցուցադրում է աշխարհի ամենաանկեղծ, ազգությամբ հայ թմրամոլին` որպես ժողովրդի հավաքական կերպար, որ այնտեղ` հրապարակում է, հավատում ու պայքարում է իր հեքիաթի, ազատության համար... Այնտեղ` հրապարակում, Տերունական աղոթք են ասում` բոլորով` «Հայր մեր, որ յերկինս ես...»... Առանց որեւէ հոգեւոր առաջնորդի առաջնորդության, օրհնության. մենակ են իրենց հեքիաթի հետ: Բողոքում են, պահանջում, հավատում, աղոթում: Սակայն ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսն անհաղորդ է իր ժողովրդի՝ իր հոտի պոռթկումին էլ, բողոքին էլ, պահանջին էլ, հավատին էլ, աղոթքին էլ: Մինչդեռ աստվածային կամքով տրվող կոչումի համաձայն, խղճի եւ սրտի մտոք` նա պիտի լիներ իր ժողովրդի` հոտի կողքին: Եթե անգամ այնտեղ` հրապարակում, իր ժողովրդի մոլորյալ զավակներն են, որ լավ չգիտեն` ինչ է ազատությունը, արդարությունը, հեքիաթը: Հիսուսն ասաց. «Ձեզ ինչպե՞ս է թւում. եթէ մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրա չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրա աւելի կուրախանայ, քան իննսունինի վրա, որ մոլորուած չեն: Այսպես` իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի» (Ղուկ.15: 3-7): Թող անգամ չօրհներ, բայց գար, խոսեր, հորդորեր, խրատեր, բացատրեր, թեկուզեւ փորձեր դարձի բերել մոլորվածներին: Ասեր` «Զավակներս, դա չէ ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը: Ճիշտ չեք պատկերացնում, սխալ եք գործում»: Մեղա գալով Ամենայն Հայոց կաթողիկոսի առջեւ` ուզում եմ բարձրաձայնել մտորումներս` Եկեղեցին անկախ, ոչ քաղաքական կառույց է, որեւէ բան կորցնելու մտահոգությունից ազատ, ուստի ինչու՞, ինչու՞ է լուռ, անհաղորդ, անտարբեր: Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբության Օծյալ Սուրբ Աջոյն` Մարինա Բաղդագյուլյան |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |