|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հիմա»-ն` շուտով14:19 Yerevan | 10:19 GMT | Wednesday 27 February 2008Էմմա Գաբրիելյան Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: Ս. Սարգսյանի թիմի օպերացիան` լցնել հրապարակը «կողմնակիցներով», հօդս ցնդեց. մարդկային մի աննախադեպ հոսք` «Առաջ, Հայաստան» դրոշներով Ազատության հրապարակ էր շտապում, ինչի արդյունքում հրապարակում եղած քաղաքացիների թիվը կրկնապատկվեց, իսկ բազմությունը լցվեց Հյուսիսային պողոտա: Կես միլիոնանոց բազմությունը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց, որ ժողովրդի պահանջը մեկն է` «չեղյալ հայտարարել փետրվարի 19-ին կայացած Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ ամենախայտառակագույն ընտրությունները», այս խոսքերից հետո ամբողջ հրապարակը պայթեց` «հիմա, հիմա, հիմա...»: Երեկ, աներկբա` բեկում տեղի ունեցավ, ինչը վկայեց մեկ բանի մասին. Հայաստանում իրավիճակի տերը Ազատության հրապարակն ու նրա առաջնորդն է, իսկ Սերժ Սարգսյան անունով «հաղթած թեկնածու» գոյություն չունի: Ամբողջ օրը մարդիկ միմյանց գրկախառնվում, շնորհավորում էին տոնական երաժշտության տակ պարում էին: Լ.Տեր-Պետրոսյանը պատկերավոր նկատեց, որ եթե սա հեղափոխություն է` ապա «երգ ու պարի հեղափոխություն է»: «Այս հրապարակը աշխարհի ուշադրության կենտրոնում է, հրապարակ, որտեղ տեղի է ունենում լուսավոր իրադարձություն, որը ոչ մի կապ չունի այլ թեժ կետերի` Պակիստանի, արաբաիսրայելյան տարածքի, Աֆղանստանի, Կոսովոյի, Սերբիայի հետ, այնտեղ ուրիշ իրադարձություններ են տեղի ունենում` ազգայնական, իսլամական եւ այլն: Այստեղ տեղի ունեցողը` մաքուր, զուլալ դեմոկրատական գործընթաց է, այդ պատճառով աշխարհը ամենայն ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է կատարվում այստեղ», - երեկ վստահեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա հավելեց` «Մեր միջոցառումները խաղաղ, ժողովրդավարական են, մինչեւ այսօր գործել ենք օրենքի շրջանակներում, այսուհետեւ էլ մտադիր չենք շեղվել օրենքի, իրավունքի շրջանակներից, քանի որ այս ճանապարհը, ինչպես առայժմ, չափազանց պտղաբեր, արդյունավետ է: Եվ հակառակը` ինձ ցույց տվեք Հայաստանի որեւէ օրենք, միջազգային որեւէ կոմյունիկե, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առջեւ ստանձնած Հայաստանի որեւէ պարտավորություն, որ Հայաստանի ներկա իշխանութունները չեն խախտել: Եթե ես խախտել եմ մեկ օրենք, այո խոստովանում եմ, այն է, որ վեց օր անընդհատ անցկացնում եմ, այսպես կոչված` չարտոնված, չիրազեկված հանրահավաքներ եւ երթեր: Մեզ համար, ինչպես առաջ, այնպես էլ այսօր բացարձակապես բլոկադա է` եւ դեպի հեռուստատեսություն, եւ դեպի ռադիո: Մենք ժողովրդի հետ խոսելու ուրիշ հնարավորություն չունենք, մեր հնարավորությունը այս հրապարակն է եւ եթե կա մեկ պահանջ, դրա բավարարման միակ ճանապարհը հեռուստատեսային բոլոր կայանների եւ ռադիոների բացումն է մեր առջեւ. քանի դեռ դա չկա` մենք այս հավաքները կշարունակենք այնքան ժամանակ, որքան պետք է եւ որի շնորհիվ մենք կհասնենք մեր նպատակին», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը փաստեց. «Հայ ժողովուրդը չի ընդունում փետրվարի 19-ին կայացած ընտրությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանի հավաքած 200 000 մարդը այսօր միահամուռ միացավ մեզ: Ուրմեն եթե փաստն այսպիսին է մենք այլ պահանջ, քան ընտրությունները չեղյալ հայտարարել` չունենք: Չեղյալ կհայտարարվեն ընտրությունները, կնշանակվեն նոր ընտրություններ, մնացյալը արդեն բանակցությունների խնդիրն է: Այո, երբ կա այսպիսի դիմադարձություն, ամենացանկալի ճանապարհը` այդ դիմադարձությունը բանակցությունների միջոցով հարթելն է, բայց միայն առաջին պայմանը բավարարելուց հետո` չեղյալ հայտարարել ընտրությունները, երկրորդ պայմանը, մենք որեւէ միջնորդի աջակցությամբ չենք գնա իշխանությունների հետ բանակցությունների, քանի դեռ բանտերում կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ»: Լ.Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակեց իր առաջին հրամանագիրը` Սերժ Սարգսյանին պարգեւատրեց Մարտական խաչ շքանշանով` հիմնավորելով, որ նրա կազմակերպած հանրահավաքի շնորհիվ Ազատության հրապարակի հանրահավաքը կրկնապատկվեց: Հանրահավաքում փաստելով, որ տոնական տրամադրություն է` Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց հանրահավաքի մասնակիցների անունից խնդրել հացադուլավորներին դադարեցնել հացադուլը. «Տաք հագնվեք, միացեք մեր երգին ու պարին»: Երեկ նաեւ մի քանի ձերբակալվածների` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, Խաչիկ Սիմոնյանին, Սարգիս Մարգարյանին ազատ արձակեցին: Բավական տպավորություն գործեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանի ելույթը բազմահազարանոց հրապարակում. վերջինս հայտարարեց, թե ամոթ է զգում, որ համազգեստ է կրում եւ կոչ արեց ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին. «Ամոթ է, ամոթ է ազգին դեմ գնալը: Ես բոլորիդ ներկայությամբ հրաժարվում եմ իմ համազգեստը կրելուց եւ պատռում եմ իմ վկայականը» ու ամբողջ հրապարակը վանկարկեց` «միացում» եւ «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիոն կառավարության ձեւավորման հնարավորության մասին հայտարարությանը, ապա դրան երեկ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ով նախ նկատեց, որ դրա պատասխանը սա է` «Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիր», ապա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Լֆիկ Սամո չի կարող աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատել»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |