|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քոչարյանը մատնեց իրեն14:17 Yerevan | 10:17 GMT | Wednesday 27 February 2008 Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ էր զսպում ներսում եռացող մաղձը, որը շարունակ արտադրվում է այն օրից սկսած, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Անդրադառնալով նախագահական ընտրություններին, Քոչարյանի հետ ունեցած զրույցում ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ գնահատում է այս օրերին «իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունն ու պատասխանատու պահվածքը եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում եւս հանդես կբերեն ողջախոհություն ու կգործեն քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդներով»: Եվ ահա, էկրանից, առանց նախագահին վայել զսպվածություն ցուցաբերելու, ավելին` ատամների կրճտոցով, իրեն հատուկ ծամածռելով դեմքը ու կիսաբարբառային հայերենով պարոն Քոչարյանն սկսեց իրեն լսողների ականջին լոլոներ կարդալ` մոտավորապես այս ոճով. «...Ժամանակն է, որ բոլորը սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս, հասկանան, որ եթե շենքը դուր է գալիս, դա չի նշանակում` դու պետք է հայտարարես, որ իմ բնակարանը Թատերական հրապարակն է, ու ես պետք է հայտնվեմ այս շենքում (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի` օրերս արած այն արտահայտությունը, թե ինքը Ազատության հրապարակից գնալու մի տեղ ունի` նախագահի նստավայր): Եթե շենքն է հրապուրում, խնդրեմ, (...) նամակների բաժնում, թող կարդա, ծանոթանա, թե մարդիկ ինչ կարծիք ունեն իրեն պաշտոնավարման ժամանակահատվածի նկատմամբ: Սա իհարկե կատակի ձեւով, բայց իմ կոչը նաեւ հրապարակում հավաքված մարդկանց հետեւյալն է. հարգելի ժողովուրդ, գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքում, դա ձեր խաղը չի, այդ խաղից դուք չեք շահելու, միայն կորցնելու եք եւ կորցնելու է երկիրը»: Քոչարյանի մտքի վերջին ու, հաստատապես, անհասանելի ու անմատչելի թռիչքը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պարզ չէ, թե «անպատասխանատու քաղաքական գործիչ» ասելով Քոչարյանն ում նկատի ունի. գուցե Սերժ Սարգսյանի՞ն, քանի որ նա է ժողովրդի մի ստվար հատվածի գործիք դարձրած այս օրերին ու դրանից շատ առաջ շոուներ կազմակերպում, ցույց տալու համար, թե իրեն «ընտրած» մարդիկ էլ արժանապատվություն ունեն ու իրենց ձայնին տեր կանգնելու համար տարբեր մարզերում հանրահավաքներ են կազմակերպում` լավագույնս խաղալով «սերժապաշտի» իրենց դերը` բնականաբար համապատասխան վճարով: Այդ խաղից իհարկե նրանք չեն շահելու, քանի որ դա նրանց խաղը չի, Սերժ Սարգսյանի խաղն է, որից մի ողջ երկիր արդեն իսկ տուժել է: Ինչ վերաբերում է Քոչարյանի` վերն արած «կատակին». նա, փաստորեն իր բերանով խոստովանեց, որ թեեւ առայժմ ինքն է երկրի նախագահը, սակայն հասարակության մի հատված կա, որն այսօր իսկ, գուցե անցած 10 տարիներին եւս, Լեւոն Տեր-Պետրոսյանին է նախագահ համարել ու համարում, այլապես նրան ուղղված նամակները չէր հասցեագրի նախագահական նստավայր: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |