“Zhamanak” Armenian-American Political Daily

«Մեր պայքարը քաղաքական է եւ իրավական»

14:15 Yerevan | 10:15 GMT | Wednesday 27 February 2008

Մ.Խ.

Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:

Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ իրենց շարքերը գնալով համալրվում են եւ իրենք վճռական են շարունակելու պայքարը: «Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է իրենց վրա, բայց ես ձեզ հավաստիացնում եմ` Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի մի ստվար զանգվածը ներկա են ստանալու ու գան Ազատության հրապարակ», - երեկ կեսօրին հրավիրած ասուլիսում կանխատեսում արեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, թե իրենք արդեն իսկ տեղեկություններ ունեն, որ «առաջ Հայաստան» կարգախոսներով զարդարված ավտոբուսներով մարդիկ մարզերից գալու են Երեւան, 5 րոպե ներկա ստանան Սերժ Սարգսյանի ցույցում ու միանան Ազատության հրապարակի հանրահավաքին, հատկապես, որ մարզերից մայրաքաղաք եկող երթուղայինները չեն աշխատում: Այդպես էլ եղավ: Սերժ Սարգսյանի ցույցի մասնակիցների մի ստվար հատված միացավ Տեր-Պետրոսյանի հանրահավաքին:

Արման Մուսինյանը նաեւ տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանի շտաբը ՍԴ դիմելու մտադրության մասին նամակ է ուղարկել Սահմանադրական դատարան: «Կան դրա համար բոլոր հիմքերը», - ասաց խոսնակը` հավելելով, թե իրենք օգտագործելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները` վիճարկելու համար ընտրությունների արդյունքները: «Մեր պայքարը քաղաքական է եւ իրավական, իրենց պայքարը բռնի է, քրեական եւ դեկորատիվ իրավական», - անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին ու խուզարկություններին` ասաց Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակը` հավելելով. «Սա պարզապես քաղաքական տեռոր է»: Երեկ առավոտյան ձերբակալել էին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանին, ինչպես նաեւ շուրջկալել էին ու փորձում էին ձերբակալել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Ձերբակալվել է նաեւ «Հանրապետության» մեկ այլ անդամ Հուսիկ Բաղդասարյանը: Խուզարկություններ էին կատարվում երկրապահների տներում, կնքվում էին ԵԿՄ գրասենյակները: «Անօրինական ձեւով են խուզարկություններ կատարում, օրինակ` պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մեքենան ապօրինի խուզարկել են, գտել են օրինական զենք եւ զրահաբաճկոն: Բոլորը ամրագրված, լիցենզավորված զենքեր են»: Ավելի ուշ պարզվեց, որ Գառնիկ Մարգարյանն ու Սամվել Հարությունյանը ազատ են արձակվել: Նախընտրական շտաբը դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին. «Մի քանի հարցով դիմել ենք եւ որոշ դեպքերում արձագանք եղել է: Երեկ մենք դիմել ենք մեր նախընտրական շտաբների փակման հետ կապված: Պարոն Հարությունյանը խոստացել է արձագանքել»: Քաղաքապետարանը մերժում է բժիշկներ տրամադրել հացադուլավորներին: Հրապարակը մաքրում են նստացույցի մասնակիցները. ոստիկանությունը չի թույլատրում տարածք մուտք գործել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին:

«Տեղեկատվական բլոկադան ճեղքված է. եւ ամերիկյան, եւ ռուսական, եւ արեւմտյան շրջանակներում արդեն տեղեկություններ կան, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այն, որ ԵՄ ներկայացուցիչը Երեւանում հայտարարեց, որ բռնություններ կիրառելն անթույլատրելի է, դա արդեն որոշակի արձագանք էր», - տեսակետ հայտնեց խոսնակը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.