|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խոսքեր ու իրականություն14:12 Yerevan | 10:12 GMT | Wednesday 27 February 2008Մեսրոպ Հարությունյան «Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, խնդա՞մ, թե՞ լամ: Ու ստիպված եմ խոսքի ազատության թեմայով մի երկու բառ ասել Ս.Սարգսյանի համար: Ուրեմն այսպես. ա) Ազատ խոսքը չի նշանակում «զրպարտության եւ հայհոյանքի ազատություն». սրան ես համաձայն եմ` մի վերապահումով. զրպարտություն եւ հայհոյանք ամեն օր, առավոտից մինչեւ երեկո մեր բնակչության գլխին են թափում իշխանության կրնկի տակ գտնվող Հանրային կոչվող հեռուստատեսությունն ու նրա աջակից մյուս «պատասխանատու» հեռուստաալիքները: Թե՞ ձեր մրցակցի հասցեին զրպարտությունն ու հայհոյանքը թույլատրելի են: Հը՞, պարոն... բ) Ազատ խոսքը նաեւ նշանակում է տեղեկատվության ազատություն: «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Սա հատված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածից: Սա նշանակում է, որ մենք իրավունք ունենք ստանալու ստույգ տեղեկատվություն, այլ ոչ թե այն խեղաթյուրված ինֆորմացիան, որ ամեն օր տալիս են նույն Հանրային կոչվող հեռուստատեսությունն ու մյուս «պատասխանատուները»: Ամենաթարմ օրինակը. այսօր (2008 թվականի փետրվարի 26-ին) Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ձեր «կողմնակիցների» հանրահավաքը: Բոլորը գիտեն, որ մասնակիցների ուղիղ կեսը այդտեղ էր բերվել զոռով, շատերին` աշխատանքից ազատելու սպառնալիքով: Լրագրողական պատշաճությունը եւ մեր` ստույգ տեղեկություններ ստանալու իրավունքի հարգումը պահանջում են, որ իր կամքով ձեր հանրահավաքին եկածներին ցույց տալուց զատ, թղթակիցները խոսեցնեին նաեւ «քշվածներին», ավելին` ցուցադրեին, թե ոնց ձեր հանրահավաքի կեսից մարդիկ խմբերով գնացին Ազատության հրապարակ եւ միացան մյուս հանրահավաքին` վանկարկելով «Լեւոն, նախագահ»: Ցուցադրեցի՞ն, հը՞, պարոն: Իսկ Ազատության հրապարակում տեղի ունեցող միտինգների մասին խեղաթյուրված տեղեկատվությու՞նը: Սա՞ էլ է տեղեկություններ ստանալու մեր իրավունքի հարգում: Համարյա մեկ տարի է վարչապետ եք, վերջին մի քանի ամիսներին` նաեւ նախագահի թեկնածու: Ինչու՞ չէիք պայքարում խոսքի ազատության համար: Էդ ո՞նց եղավ, որ ձեր համարյա բոլոր նախընտրական հանդիպումները ԲՈԼՈՐ, կրկնում եմ` ԲՈԼՈՐ հեռուստաալիքները ցուցադրում էին մեկ օր ուշացումով: Ի՞նչ է, մեր հեռուստաալիքներն էնքան խղճուկ են, որ չե՞ն հասցնում, ասենք , ժամը 13-ին Մալաթիայում կայացած հանրահավաքը ցուցադրել նույն օրվա լուրերի ժամը 21-ի թողարկման մեջ: Ի՞նչ էր մոնտաժվում մինչեւ հաջորդ օրը, ավելի ճիշտ` ո՞վ էր մոնտաժում, իմա` գրաքննում այդ ռեպորտաժները: Թե՞ կոմունիստական դպրոց անցածիդ համար խոսքի ազատությունը գլավլիտից էլ բեթար գրաքննությունն է, որ անզեն աչքով էլ նկատելի է պատասխանատու հեռուստաալիքներում: գ) «Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»: Սա էլ, պարոն, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածից է: Կարդացե՞լ եք, երբեւէ: Եթե կարդացած լինեիք, հենց այսօր պիտի տարածած լինեիք կառավարության որոշումը Գյումրիի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին, նրա այն սպառնալիքների համար, թե պետք է փակել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն ու լրագրողների «Ասպարեզ» ակումբը: Հանդուրժողականության կոչ եք անում, ինչու՞ դուք ու ձեր շրջապատը չի հանդուրժում «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը միակն է մնացել, որ ռեպորտաժներ է տալիս Ազատության հրապարակից: Թե՞ էդ միտինգների մասին չի կարելի լրատվություն տալ, հը՞, պարոն: Թե՞ միտինգների մասին տեղեկատվությունն է ձեզ համար զրպարտությունն ու հայհոյանքը: Ո՞նց է, ձեր սատար Վարդանիկը պատրաստվում փակել «ԳԱԼԱ»-ն ու «Ասպարեզ» ակումբը, մի վայր, որտեղ իրենց կարծիքներն ազատորեն արտահայտելու հնարավորություն են ունեցել, ունեն եւ ունենալու են ԲՈԼՈՐԸ` անկախ իրենց քաղաքական հայացքներից: Ոչ, ձեզ խոսքի ազատություն պետք չէ, ձեզ պետք է` ձեզ ու Քոչարյանին ԳՈՎԵՐԳԵԼՈՒ եւ մնացած բոլորին ՓՆՈՎԵԼՈՒ ազատությունը, ինչը անում են Հանրային կոչվող եւ մյուս «պատասխանատու» հեռուստաընկերությունները, ընդ որում` անում են, օգտագործելով հանրային, բոլորիս պատկանող ռեսուրսները` հաճախականությունները (կապուղիները): Սա դեռ մի մասն է այն ամենի, ինչ կարելի է թվարկել Հայաստանում «խոսքի ազատության» վիճակի մասին: Եվ սա անգամ բավական է` չհավատալու ձեզ, երբ ասում եք` «Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը»: Է, էսքան ժամանակ պաշտպանեիք, ձեզ ո՞վ էր խանգարում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |