|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Էս ժողովրդի դեմը ոչ ոք չի կարող առնել»14:10 Yerevan | 10:10 GMT | Wednesday 27 February 2008Մարինե Խառատյան Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ: Նրանց մի մասը, հատկապես` երիտասարդները գալիս էին «Լեւոն» ու «միացում» վանկարկելով, գալիս էին պաստառներով ու «առաջ Հայաստան» դրոշներով: «Լեւոն, Լեւոն» բացականչություններով վերջիններիս դիմավորում էր Ազատության հրապարակի Հյուսիսային պողոտայի մուտքի ժողովուրդը: Քիչ անց Թումանյանի փողոցի այդ հատվածը լցվեց «Լե-վոն, Լե-վոն» վանկարկող Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցներով: Ոգեւորությունն աննկարագրելի ու աննախադեպ էր: Մինչ Ազատության հրապարակի հարթակից հնչում էին ելույթները, Հյուսիսային պողոտայի այդ հատվածում կանգնածները, նայելով «Հին Էրիվան» ռեստորանի վրա վերից վար փակցված նկարին` վանկարկում էին. «Սերժիկ հեռացիր»: «Էս ժողովրդի դեմը ոչ ոք չի կարող առնել», - նկատեց մեկը` նայելով ժողովրդի ոգեւորությանն ու աննախադեպ բազմությանը: Ընդ որում, Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ հոսքը մենք արձանագրեցինք դեռ ժամը 15 անց 10-ին, երբ Սերժ Սարգսյանի հանրահավաքը նոր էր սկսվել: «Ինչու՞ եք լքում Սերժ Սարգսյանի ցույցը»` մեր հարցին շատերը հրաժարվում էին պատասխանել: Մի քանիսն ասացին` դուր չեկավ, մյուսները, թե գործեր ունեմ` միեւնույն ժամանակ քայլերն ուղղեցին դեպի Ազատության հրապարակ: «Մենք գնում ենք Լեւոնին լսելու, հանրահավաքը դա է», - պատասխանեցին մի քանիսը: «Մարդկանց հավաքել, զոռով բերել են, բա ի՞նչ եք ուզում», - ասաց մի տղամարդ: Իրենց անվճար Երեւան բերելու ու, ինչու չէ, Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար հատկապես Սերժ Սարգսյանից շնորհակալ էին մարզերի բնակիչները: Ինչ խոսք, ոմանց համար էլ հարմար առիթ էր երկու տեղում էլ լինելու ու համեմատություններ անցկացնելու: Հրապարակում էին դպրոցների ուսուցիչներ, բուժհիմնարկների աշխատակիցներ, որոնց էլի գործից կտրել, հիմնականում պարտադրաբար բերել էին հանրահավաքի, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ. ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ: Նոյեմբերյանի Այրում քաղաքի քաղաքապետ Ռուսլան Անտոնյանն ասաց, որ 6 մեքենաներով մարդ է բերել հանրահավաքի: Ինչ խոսք, կային նաեւ մարդիկ, ովքեր կամավոր ընտրել էին Սերժ Սարգսյանին ու եկել իրենց թեկնածուին պաշտպանելու: «Սերժին եմ բալետ անում, դրա համար եկել եմ, ինքը ամենալավն է», - ասաց մի տնային տնտեսուհի: Մի քանիսը եւս ասացին, որ ինքնակամ եկել են, քանի որ ընտրել են Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես երեկ Ազատության եւ Հանրապետության հրապարակներում լինելով թվում էր` լիովին տարբեր իրականություններում ես: Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանը ողջ կարողությամբ գոռում էր, թե առաջ է տանելու Հայաստանը: «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք մեզանում կայացնել «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը», - այս խոսքերը հայտարարելիս թերեւս Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, թե ինչ է լինելու քիչ անց, երբ հանրահավաքի մասնակիցների մի մասը միանան Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Սերժ Սարգսյանը նաեւ առաջարկ ներկայացրեց. «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` հավելելով, թե համագործակցության կոչ է անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Սերժ Սարգսյանի` կոալիցիոն կառավարություն ձեւավորելու առաջարկը խնդրեցինք մեկնաբանել քաղաքագետ Աղասի Ենոքյանին: «Ես կարծում եմ, որ վերջին հակընդդեմ միտինգը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմության մակարդակը զրո է. այսինքն` անգամ նրանք, որ ձայն են տվել իրեն, ձայն են տվել ոչ թե հավատարմությունից կամ նրա արժեքային համակարգն ու «առաջ Հայաստան» կարգախոսը հասկանալով, այլ ելնելով շատ ավելի պարզունակ ստիմուլներից: Դա կարող է լինել օգտապաշտությունը, վախը` համենայնդեպս գաղափարական դաշտում նա ունի զրո օժանդակություն: Առաջարկը պարզապես դեմքը փրկելու մի վերջին փորձ է, հուսահատ փորձ, սակայն ես համոզված եմ, որ իշխանության ու կրիմինալի համադրությունը, որ մեզ ներկայացվեց որպես Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ, բազա` պարզապես անընդունելի է ցանկացած ողջամիտ մարդու համար, առավել եւս հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար»: Մեր հարցին, թե արդյոք այդ առաջարկը չի՞ կարելի ընկալել որպես երկխոսության քայլ, քաղաքագետը հակադարձեց. «Երկխոսելուց առաջ պետք է վերացնել հասարակության վրա կրիմինալի ազդեցությունը, ֆինանսական եւ բյուրոկրատական ռեսուրսի, ստի ու կեղծիքի ազդեցությունը, եւ երկխոսությունը սկսել մաքուր էջից: Այն, ինչ որ առաջարկվել է. ընտրությունները համարել անվավեր եւ նշանակել նոր ընտրություններ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |