“Zhamanak” Armenian-American Political Daily

Ես ամաչում եմ ամեն ինչի համար

14:05 Yerevan | 10:05 GMT | Wednesday 27 February 2008

Հովհաննես Ղազարյան

Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, բուրժույներով ու ֆեոդալներով, երբ ամենուր իշխում է վախի, տագնապի ու սարսափի մթնոլորտը, երբ ուրացումը, մատնությունն ու հավատաքննությունը դիվային սպառնալիքով կախված են գլխիդ, երբ մարդկային ազնիվ ու ջերմ առնչումները փոխարկվել են խենեշ ու դավադիր թատերաբեմի, երբ մարդկային արժանապատվությունը ամեն րոպե տրորվում է ոխերիմ ու արճճե ներբանների տակ, երբ քաղցած ես, ճորտ ես ու արհամարհված, երբ կենսական անհոգ զվարճանքների զոհողության գնով ձեռք բերած կրթությունդ, իմացությունդ եւ Աստծո տված շնորհներդ այսօր հավասար են զրոյի եւ երբ քո եւ զավակներիդ ճակատագիրը անվերապահորեն վճռում են քրեական ու կլանային բթամիտ, հոգեզուրկ, ամբարտավան ինչ-որ տարրերը եւ դու անզորությունից ու վիրավորանքից ուղղակի մռնչում ես ու դրա դեմ անդրդվելի պատի պես հույլ ու անտարբեր տնկված է պետություն կոչվող անտարբեր ու անհույզ երեւույթը, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ ապրել այս երկրում, որի սրտից դաժանաբար պոկել-անջատել են «Հայրենիք» Աստվածային կոչումը...

Արդեն տասը տարի ես եւ բազմանդամ ընտանիքս մաքառում ենք համընդհանուր դժբախտության ճիրաններում ու մեր առջեւ միշտ գոց են եղել բոլոր փոքր ու մեծ դռները: Ինչու՞ են մեզ ու մեր նմաններին այդքան ատում այդ իշխանները, բուրժույներն ու նրանց խամաճիկները: Այդ ի՞նչ վրեժ են լուծում մեզնից անհագ ու ոխերիմ մեր թշնամիները, հայ ազգի կեղեքված, տանջված, ոտնահարված, բայց տակավին ազնիվ ու չծախված, իրենց խոցված հայրենիքի ցավն ու տառապանքը կիսող ու սիրող բեկորների անզիջում թշնամիները: Ի՞նչ են ուզում մեզնից, ի՞նչ ենք արել նրանց: Այդ հարցերի պատասխանները, թերեւս, պետք է փնտրել նրանց ողորկ ուղեղների թավուտներում, թե թափանցել կարողանաս...

Եվ ես` որպես իմ երկրի, հողի տեր ու քաղաքացի, որպես բանաստեղծ, չեմ կարող այլեւս անտարբեր նայել հայրենիքիս կործանմանը: Թող որ ուրիշները տաք ու նպաստավոր խորշեր են փնտրում բարեկեցության ու ապահովության ամրոցներում: Աստված նրանց հետ: Իսկ իմ նվիրյալ նախնիներից վաստակած արյան ընդվզումը թույլ չի տալիս հորթի հրճվանքով ու մանկուրտի կրավորությամբ նայել շուրջս մոլեգնող արհավիրքին:

Ճշմարտությամբ ապրելն անվտանգ չէ, գիտեմ, բայց ազատությունը, արժանապատվությունը, հայրենիքիդ ու զավակներիդ դեմ չմեղանչելը բարձր են ամեն ինչից:

Որովհետեւ ես ամաչում եմ վիրավոր հայրենիքիս համար:

Որովհետեւ ես ամաչում եմ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար:

Որովհետեւ ես ամաչում եմ Արցախյան ազատամարտի զոհերի համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանին

Պղտոր ջրերը մեզ խորխորատն են արդեն ներսուզում,

Հորիզոնները անդարձ պատվում են ծանր մշուշով,

Արհավիրքները լլկում են իսպառ մեր հոգին նազուկ

Ու մանկուրտի պես մեր միտքն են քամում թանձր հաշիշով:

Փրկության ափերն էլ չեն երեւում,

Նրանք մեզանից խռով են իսպառ,

Հուսո կայմերը շա՜տ են երերուն

Անիմանալի փոթորկի առաջ:

...Առագաստներդ փքիր, նավապետ,

Վառիր փարոսի լույսերը հանգած,

Աղետյալներդ սպասում են քեզ,

Աղետյալներդ շա՜տ են տագնապած...

22.02.2008թ.

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.