“Zhamanak” Armenian-American Political Daily

Աշխարհը իրազեկ է Հայաստանի իրադարձություններին

14:00 Yerevan | 10:00 GMT | Wednesday 27 February 2008

Գոհար Բարսամյան

Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել են հայաստանյան վերջին իրադարձություններին:

Այսպես` «Կոմերսանտ» թերթը գրում է, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեկ շաբաթ առաջ կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` հայտարարելով Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին, ում առաջադրել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն ընդդիմությունը չի դադարեցրել բողոքի ակցիաները: Թերթը ներկայացնում է, որ ընդդիմության կարծիքով` նախագահական ընտրությունների իրական հաղթանակը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է: Հայաստանի առաջին նախագահի շրջապատում հայտնվեցին կողմնակիցներ` իշխանական դաշտից: Այսպես` փետրվարի 22-ին խորհրդարանի կառավարամետ խմբակցությունների 7 պատգամավորներ հայտարարել են այն մասին, որ մտադիր չեն աջակցելու ընտրությունների զանգվածային կեղծումները: Առավել աղմկահարույց էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը: Նա հանրահավաքում հայտարարել է, որ Հայաստանում զանգվածային կեղծիքների այսօրինակ նախադեպ երբեւէ չի եղել: Նրա ելույթից մի քանի րոպե անց ծանուցվեց, որ նա ազատվել է աշխատանքից: Նույն օրը հայտնի դարձավ, որ խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ինքնակամ պաշտոնաթող է եղել` չհամաձայնելով ընտրությունների արդյունքներին: «Կոմերսանտ»-ը ներկայացնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցեցին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը եւ դեսպաններ:

- Այսօր մենք վկաներն ենք այն իրողության, թե ինչքան ճիշտ է մեր մարտավարությունը, - հայտարարել է հարթակից ընդդիմադիր առաջնորդ Արամ Սարգսյանը: Մենք հանգիստ ենք գործում` օրինականության շրջանակներում եւ քայլ առ քայլ ձգտում ենք նոր հաղթանակների: Մենք այստեղից չենք հեռանա` առանց հաղթանակների: Եվ այժմ յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է միանալ ժողովրդական շարժմանը, հակառակ դեպքում` նրան սպասվում է պաշտոնաթողություն եւ ժողովրդի արհամարհանքը: «Կոմերսանտ» թերթը գրում է, որ շաբաթ օրը նրանց հայտարարվեցին արտաքին գործերի փոխնախարարի եւ դիվանագետների հրաժարականները: Թերթը ընդգծում է, որ նրանց մեջ էին ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի համակարգման բաժինների ղեկավարներ: Նրանք իրենց հայտարարության մեջ արտահայտել են իրենց հիասթափությունը` կապված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ: Նրանց այս քայլը Լեւոն Տեր- Պետրոսյանը քաղաքացիական արիության դրսեւորում որակեց: Նա նշեց, որ այս օրերին Հայաստանի սիրտը բաբախում է հենց Ազատության հրապարակում: Ընդդիմադիր թեկնածուն կոչ է արել հավաքել ուժերը` քրեածին իշխանությունը տապալելու նպատակով: «Կոմերսանտ» թերթը անցում է կատարում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության խնդրին, ինչի մասին եթերով խոսել էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այդ հետաքննությունը բաց եւ թափանցիկ է համարել: Գործող նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանի գնդակոծությունից հետո սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Թերթը նշում է, որ Քոչարյանը անբարոյական է համարում, երբ «շահարկում են» զոհված հարազատին: Իսկ «Նեզավիսիմայա գազետան» ակնարկում է, որ որոշ ընտրատեղամասերում անհիմն է եղել վերահաշվարկը: Շաբաթվա վերջին իշխանությունները պասիվ դիրքերից անցնում են ակտիվ դիրքերի: Շաբաթ լույս կիրակի գիշերը կալանավորվում են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն լքում Ազատության հրապարակը` անտեսելով եղանակի անբարենպաստ պայմանները: «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ անհասկանալի է, թե ինչքան կտեւի հայկական դիմակայությունը: Իսկ «Վրեմյա նովոստեյ» հրատարակությունը ընդգծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատել է համաշխարհային հանրության արձագանքը` կապված ընտրությունների արդյունքի եւ ստեղծված իրավիճակի հետ. «Արեւմուտքը թքած ունի մեր ժողովրդավարության վրա»: Նրա նկատառումներով` Արեւմտյան երկրներին պետք է թույլ դիկտատուրա եւ ոչ թե ինտելիգենտ իշխանություն: Թերթի կարծիքով` Մոսկվան իրազեկ է Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ռուսական մեկ այլ հրատարակություն ընդգծում է, որ թեպետ իշխանությունները ընդգծում են, թե վերահսկում են իրադրությունը, սակայն, դատելով կրքերի շիկացումից, առաջին նախագահը ստիպված պետք է լինի չթույլատրել հանրության հետագա պառակտումը: Փետրվարի 25-ին Հայաստանի իրադարձություններին անդրադարձել է Financial Times-ը: Թերթը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հաղթանակը Պյուռոսյան է համարել: Նա հանկարծակի քննադատել է միջազգային դիտորդներին, ովքեր երեւան չհանեցին կեղծ ձայները: «Սադամ Հուսեյնը այսօր ծնվել է Հայաստանում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է նրանց, որպեսզի անտարբեր չմնան Հայաստանում ժողովրդավարության վերականգնման գործընթացի նկատմամբ: Financial Times հեղինակավոր հրատարակությունը ակնարկում է, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել: Մինչդեռ Human Rights Watch կազմակերպությունը նշել է, որ իրենք վավերացրել են ընտրության ընթացքում բռնությունների ակներեւությունը ընդդիմության ակտիվիստների, լրագրողների եւ դիտորդների հանդեպ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.