“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայտարարություն

14:38 Yerevan | 10:38 GMT | Tuesday 26 February 2008

Հայտարարություն
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:

Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,

Հայաստանյան հեռուստաընկերություններին եւ հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,

Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին միանալ մեր հայտարարությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան:

Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան:

Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյան:

Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյան:

Հաղթանակը մոտ է

Հայտարարություն

Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցելով երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին` ի վերջո կարողացավ արտահայտել իր հավաքական կամքը եւ մերժեց ապօրինի իշխանության վերարտադրումը: Սակայն հոգեվարքի մեջ գտնվող հանցագործ ռեժիմը, կեղծելով ընտրությունները, այժմ էլ փորձում է ստոր ու նենգ հնարավոր բոլոր միջոցներով կանխել չարիքի բուրգի վերջնական քանդվելը: Նրանք ցույց են տալիս, թե իբր տիրապետում են իրավիճակին: Բռնությունների, սպառնալիքի, շանտաժի միջոցով փորձում են ստորագրություններ կորզելով ետ պահել իրենց շարքերը լքող եւ համաժողովրդական շարժմանը միացող որոշ պաշտոնյաների ու պատգամավորների: Եվ եթե դա առայժմ իրենց մոտ ինչ-որ չափով ստացվում է, ապա դա չպետք է մեզ մտահոգի:

Իհարկե, իշխանական բուրգում գտնվող այն հայ մարդիկ, ովքեր քաջություն կունենան լքել հակահայ, անբարո վարչախումբը, մենք նրանց կողջունենք, բայց մեր ժողովուրդը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ անխուսափելի հաղթանակը բոլորովին կախված չէ ոչ հակառակորդի ճամբարը լքողներից եւ ոչ էլ նույն ճամբարը ետ վերադարձողներից:

Սիրելի ժողովուրդ, այսօր բոլորս ուզում ենք օր առաջ չարիքի բուրգը տեսնել խորտակված: Բայց այդ բուրգի վերջնական խորտակումը եթե նույնիսկ ոչ օրեր, այլ շաբաթներ տեւի, դա չպետք է մեզ մազաչափ անգամ մտահոգի կամ հուսահատեցնի, որովհետեւ մեր հաղթանակը անկասելի է:

Մեր հույսը ոչ օտար երկրների, ոչ այնտեղից եկած դիտորդների եւ ոչ էլ նրանց դիվանագիտական ներկայացուցիչների վրա է: Մեր հույսը Աստծո վրա է, մեր հույսը անզիջում պայքարի ելած խիզախ ու ազատատենչ հայ ժողովրդի վրա է, մեր հույսը համաժողովրդական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա է, որին պետք է անվերապահ հավատալ, վստահել եւ կատարել նրա բոլոր առաջադրանքները:

Հաղթանակը շատ մոտ է:

Պայքա՜ր, պայքա՜ր, մինչեւ վերջ:

«Հայ կամավորականների համախմբման»

համակարգող խորհուրդ

Ժիրայր Սեֆիլյան, Վարդան

Ա.Մալխասյան, Արմեն Եղյան,

Սամվել Հարությունյան,

Սարգիս Բաղումյան, Վարդան Քանքարյան,

Ռոբերտ Հայրումյան,

Վարդան Ե.Մալխասյան,

Պետրոս Զուռնաչյան

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.