“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ժողովրդին ազատենք թափթփուկներից»

14:34 Yerevan | 10:34 GMT | Tuesday 26 February 2008

Կարինե Հարությունյան

88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:

2008-ին նույն ազատության հրապարակում 20 տարի հետո արդեն մեկ տասնյակ հացադուլավոր կա, անթիվ նստացույցավորներ, դասադուլավորներ եւ, ընդհանրապես, իրենց իրավունքների համար ոտքի կանգնած մի քանի հարյուր հազար հայեր: Ողորմելի, չարով բռնված իշխանության ճնշումների տակ հայ ժողովուրդը կրկին անկասելի է:

Նույն ոգին է, նույն շունչը, նույն վճռականությունը: Ժողովրդական «ֆոլկլորն» էլ իր տեղում է. «Սերժը դոդիգագոների նախագահն է, Սերժը ալրաղացի լյովիկների նախագահն է, Սերժը տեցի կռուգի ռազբորչիկների նախագահն է, Սերժը լֆիկսամոների նախագահն է, իմ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»:

Գործող իշխանությունների նկատմամբ զզվանքի այս արտահայտությունները փակցված են Ալ.Սպենդիարյանի եւ Հովհ.Թումանյանի արձանների պատվանդաններին, իսկ շուրջը վրաններ են` թե նստացույցավորների, թե հացադուլավորների: Վերջիններս մի խոսքի են` անժամկետ հացադուլ: Իսկ ո՞րն է պահանջը:

Ջոն Կարապետյան. «Մինչեւ ազատվենք էս բռնապետությունից: Բոլորը խաբված են: Նրանց հաղթանակը գողացել են, ձայները փախցրել, ճնշել են, վախեցրել: Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել, նա էլ պիտի նախագահի»:

Դավիթ Համբարձումյան. «Ես ազատամարտիկ եմ, կռվել եմ Արցախի ազատագրման համար, Հայաստանի անկախության համար, որ էսօր իմ երկրում ազատ չապրե՞մ: Սերժիկն ու Քոչարյանը փողով ընտրություններ են արել, ձայները կեղծել ու հիմա իմ պայքարը արդարությունը վերականգնելու համար է: Մնալու եմ էնքան, մինչեւ սրանք հեռանան էստեղից»:

Արթուր Մարտիրոսյան. «Իմ հացադուլով կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին` թող գան Ազատության հրապարակ եւ միանան մեր գործին` ազատագրենք մեր ժողովրդին այս թափթփուկներից: Թող բոլոր ուսանողները, ովքեր դարձել են դեկանների, ռեկտորների ստրուկները, ձերբազատվեն այդ կախվածությունից եւ գան կանգնեն հրապարակում: Հ1-ին էլ եմ դիմում: Նրանք պետք է եթեր տան ժողովրդին, իբր չորրորդ իշխանություն են, բայց թափթփուկներ են, մեր ազգի արյունն են ծծում: Իսկ Ալեքսանդր Հարությունյանը մեր ազգի ամենամեծ տականքն է»:

Գալուստ Հայրապետյան. «Մեր իրավունքներն ենք պաշտպանում: Երկրում պիտի օրինականությունը վերականգնել, ժողովրդից գողացած քվեները հետ բերել, որ ձեզ պես երիտասարդների աչքերում միշտ փայլ տեսնեմ:

...Այստեղից չեմ գնալու, կմեռնեմ այստեղ, բայց դուրս չեմ գա»:

Իշխանության մարմաջով հիվանդ այս անօրեն վարչախմբի պատճառով մարդիկ` հիվանդ թե առողջ անժամկետ հացադուլի հայտարարությամբ նստած են: Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը արցախյան ազատամարտիկ է, 18 տարի է Հայաստանում է բնակվում, նույնպես անժամկետ հացադուլի մեջ է. «Իմ համոզմամբ` ժողովրդի 70 տոկոսից ավելին ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ԿԸՀ-ին մնում էր միայն դա վավերացնել: Մինչդեռ վերջինս պաշտոնապես հայտարարեց, թե վերջնական արդյունքներով իբր հաղթել է Ս.Սարգսյանը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր, հասարակությունը ապրի առանց վախի, չենթարկվի մի քանի մարդու քմահաճույքներին: Հայ ազգը քաղաքակիրթ ազգ է, որի վկայությունը այս համաժողովրդական Շարժումն է: Ինչ վերաբերում է հացադուլի իմ որոշմանը` ինձ իշխանությունները չեն հետաքրքրում: Նրանց մասին խոսելը անբարոյականություն է, նրանց մասին արտահայտվելը պատվիցս ցածր է: Ինձ ավելի շատ հուզում են Հայաստանի քաղաքացիները, որոնք աշխատել են ընտրատեղամասերում եւ մեղսակից են այդ կեղծիքներին: Իմ քայլով ուզում եմ իրենց զգաստացնել, ամաչեցնել, բարոյական ապտակ տալ: Եվ մի բան էլ` ԿԸՀ-ի որոշման մեջ ես ոչ մի մեղք չունեմ, իրենք իմ արածի մեջ շատ մեծ մեղք ունեն»:

Հացադուլին է միացել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը. «Իմ ընկերներից, ժողովրդից պահանջում եմ վճռականություն: Չի կարելի այլեւս թույլ տալ, որ բոլոր չափուսահման անցած զավթիչները մեկ ժամ ավել մնան Հայաստանում: Ես դիմել եմ միջազգային դիտորդներին նաեւ: Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ նրանք իրենց պարտականությունները չեն կատարում Հայաստանի նկատմամբ, նպաստում են սրանց (գործող իշխանությունների.- խմբ.) լկտիացմանը»:

Քաղաքակիրթ, ժողովրդական երկրում հացադուլ բառն անգամ համապատասխան արձագանք կգտներ, ուր մնաց թե 10 հացադուլավորների փաստը: Բայց մենք 21-րդ դարի Հայաստանում ենք գտնվում, ուր, ինչպես Անահիտ Սարգսյան անունով մի կին ասաց. «10 տարի է քրիստոնյա հայ ժողովուրդը սատանեքի լծի տակ է ու նրանց կամայականությունների զոհը»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.