“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինչքան է ձգվելու պարանը

14:28 Yerevan | 10:28 GMT | Tuesday 26 February 2008

Արամ Ամատունի

Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:

Սակայն ինչպես հայտնի է, բուքմեյքերական ընկերությունները Հայաստանում քաղաքական խաղադրույքներ չեն ընդունում: Չեն ընդունում ոչ այն պատճառով, որ քաղաքական պայքարում ամեն ինչ կանխորոշված է եւ միշտ հաղթում է իշխանությունը, այլ որովհետեւ իշխանությունը երբեք չի խաղում քաղաքական խաղի կանոններով: Եվ դրա վկայությունն է այն իրավիճակը, որին հասել է արդեն յոթերորդ օրվան հասնող համաժողովրդական շարժման եւ իշխանության հետընտրական դիմակայությունը: Շարժման քաղաքական գործողություններին, իշխանությունները սկսել են հակադրել ապաքաղաքական քայլեր, ի դեմս ձերբակալությունների, ռեպրեսիվ դեզինֆորմացիայի, ճանապարհային պարեկությունների: Որեւէ բուքմեյքերական ընկերություն խաղադրույք չի վերցնի Հայաստանի ֆուտբոլի եւ ասենք Շվեդիայի հոկեյի հավաքականների մրցամարտի համար կամ ինչպես մի առիթով բնորոշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` շախմատիստի եւ քիգ-բռնցքամարտիկի հանդիպման համար: Սակայն այն, ինչ որ առկա է այժմ, բացարձակապես անակնկալ չէ, եթե չասենք, որ անակնկալ է հակառակ առումով: Այսինքն, որ իշխանությունն անցել է ռեպրեսիվ, ուժային մեքենայի տոտալ կիրառմանը, բարեբախտաբար դեռեւս ոչ զանգվածային, որեւէ մի հայաստանցու համար չի կարող լինել անակնկալ: Իսկ շատերի համար անակնկալ է գուցե այն, որ իշխանությունը դեռ չի դիմել պատժիչ գործողությունների ժողովրդական ցույց ցրելու եւ Ազատության հրապարակը գրավելու համար: Համենայնդեպս ներկայիս իշխանության օրոք այդպիսի տեւական «հանդուրժողականություն», երեւի թե չի հիշում ոչ ոք: Սակայն ինչ խոսք, դա ամենեւին էլ չի խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությունը դարձել է առավել ժողովրդավար: Խնդիրն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ միայն մեկ, այլ միանգամից մի քանի հանգամանք են խանգարում իշխանություններին դիմել զանգվածային բռնության եւ վերջացնել խնդիրը: Ամենից առաջ, ուժը այս անգամ երեւի թե լինելու է ոչ թե վերջը, այլ սկիզբը ինչ-որ այլ բանի, եւ հենց միայն այն, որ այդ այլ բանն անորոշ է, իշխանություններին թերեւս հետ է պահում ավանդական գործելաոճից: Իսկ եթե փորձենք մանրամասնել ուժի եւ դրա հնարավորության հանգամանքները, ապա նախ` այսօր ակնհայտ է, որ եթե անգամ ոչ համարժեք, բայց այնուամենայնիվ բավական ռեալ ուժային ռեսուրս կա նաեւ համաժողովրդական Շարժման կողքին` ի դեմ այն երկրապահ կամավորականների, որոնց, տարբեր գնահատմամբ 90 տոկոսը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, եթե տեղի ունենա ուժային ճնշում: Երկրորդ հանգամանքն այն է, որ միջազգային հանրության գնահատականն այդ ուժի կիրառմանը, ամենայն հավանականությամբ, կլինի բացարձակապես աննպաստ իշխանությունների համար, քանի որ ցույցերը կրում են լիովին խաղաղ բնույթ, իսկ միջազգային գնահատականներում այդ խաղաղ ցույցերը ողջունվել են ու իշխանություններին էլ հորդոր է եղել ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելուց: Ինչ վերաբերում է մեր իշխանությունների ավանդական «հովանավոր» Ռուսաստանին, ապա այդ երկրի դիրքորոշումն այս անգամ կարծես թե առանձնահատուկ է նրանով, որ ունի ըստ երեւույթին բավական չեզոք բնույթ: Դժվար է ասել, թե ինչով է դա պայմանավորված, Հայաստանի ներքաղաքական դասավորության, թե պարզապես Ռուսաստանի ներսի խնդիրներով: Չէ՞ որ այնտեղ նույնպես ընտրություններ են եւ նույնպես նախագահական: Բայց երեւի թե այս դեպքում այնքան էլ էական չէ, թե ինչն է Ռուսաստանի համենայնդեպս արտաքին չեզոքության պատճառը: Իսկ գուցե Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի համար որեւէ հակասության մեջ մտնել Արեւմուտքի հետ` լավ իմանալով, որ ներքաղաքական իրադրության որեւէ զարգացման դեպքում էլ Հայաստանն ավելի արեւմտամետ չի դառնալու, քան մինչ այժմ, թեեւ իհարկե չի էլ դառնալու առավել ռուսամետ: Բացի այդ, Ռուսաստանը կարող է անգամ վտանգ տեսնել, որ Հայաստանի իշխանությանը մղելով ուժի կիրառման, հետո կքաղի հակառակ պտուղը, որովհետեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները այդ ուժի կիրառման հանդեպ Արեւմուտքի զայրույթը կամ դժկամությունը մեղմելու համար կարող են գնալ բավական խորը ռեւերանսների, ինչը Ռուսաստանին ավելորդ նյարդայնություն կարող է պատճառել, հատկապես նկատի ունենալով, որ այդ նյարդային վիճակից ելքը պետք է փնտրի ոչ թե կոփված Պուտինն այլ նոր ընտրված Մեդվեդեւը: Այլ կերպ ասած` թեեւ համաժողովրդական Շարժումը առայժմ միջազգային պաշտոնական մակարդակով ճանաչման կարիք ունի, այնուամենայնիվ իշխանությունների համար էլ գոնե առայժմ նկատելի չէ ուժային լուծման արտաքին որեւէ ազդակ: Եվ իրավիճակի թերեւս երրորդ առանձնահատկությունն այն է, որ իշխանությունն ինքն իր ներսում ակնհայտ լուրջ հակասությունների մեջ է: Եթե չլիներ հակասությունների որեւէ այլ պատճառ, ապա միայն այն, որ բացի նոր նախագահի կադրային քաղաքականությունից, կա նաեւ հեռացող նախագահի աշխատանքի ապահովման խնդիրը, բավական է լուրջ ներիշխանական քննարկումների դաշտ առաջացնելու համար: Այդ հարցերի այս կամ այն կերպ լուծման համար էական նշանակություն ունի այն հողը, որի վրա իշխանության է գալու նոր նախագահը եւ որի վրայով հեռանալու է հինը:

Իհարկե այս բոլոր բաղադրիչները առարկայական ու գործունյա են այն դեպքում միայն, երբ մենք հարգում ենք իշխանությունների խելամտության կանխավարկածը, ինչպես նաեւ նույն կանխավարկածը համաժողովրդական Շարժման մոտ: Ի վերջո, առավելապես Շարժման հստակությունը, հանդարտությունը եւ խաղաղությունն են հիմնական պատվարը ուժի կիրառման դեմ: Եվ այդ պատվարն առ այսօր հստակ գործում է: Բայց կարծես թե իշխանությունները հասկացել են, որ հենց այդ հանդարտությունն է իրենց համար մեկ խնդիրը: Իշխանությունները կարծես թե այդ նկատառումով էլ համաժողովրդական Շարժմանը որոշեցին թելադրել նյարդային պայքարի մարտավարություն, ինչի վկայությունն այն ձերբակալություններն են, որ տեղի են ունենում` աճելով, ինչպես սնկերն անձրեւից հետո: Համաժողովրդական պայքարի պատասխանը, սակայն, երեւի թե ամենից օպտիմալն է` երգ, պար, ուրախություն: Չէ՞ որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, իսկ Շարժման համար կարեւոր է անգամ մեկ բջիջը:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.