|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանի ներքաղաքական մոնոլիտությունը՝ ճեղքվեց14:19 Yerevan | 10:19 GMT | Tuesday 26 February 2008Մարիա Պալյան «Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ Քոչարյանից, չփոխեց նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքը հայ հասարակությունում: Հայաստանում շատերն են նրան օտար համարում եւ մի կերպ հանդուրժում»: Մեկնաբանը 1988 թվականի հաղթական իրադարձությունները համեմատեց այսօրյա իրադարձությունների հետ: Եվ դա պատահական չէր: Վադիմ Դուբնովը ակնարկում է Քոչարյան նախագահի մուտքը. «Դու հավանաբար «Հայր մեր»-ը գիտես», - ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քոչարյանը շփոթվում է ` թաքցնելով ձեռքերը, կատակում է. «Ես ալբանացի եմ»: «Իսկ ահա 1998 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից բացի ոչ ոք չկա: Ասում են` Լեւոն Տեր-Պետրոսյանը 4 տարի չծխեց, այնուհետեւ նորից սկսեց ծխել օգոստոսին»: Իսկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստանի մեծ քաղաքականություն վերադառնալը ոմանք զարմանքով ընդունեցին: Ինչու՞. նախ` հոգեբանորեն դժվար էր հավատալը, որ Հայաստանի ներքաղաքական լճացած կյանքը ենթակա է ինչ- ինչ փոփոխությունների: Մոնոլիտ իներտ հասարակությունում քաղաքական դաշտ իջավ քաղաքական գործիչ, ում հաղթանակները վերապահված էր իշխանական բուրգի լծակներին, իսկ պարտությունները եւ դժվարությունները` բացառապես իրեն: Շատերը խիստ զարմացան եւ ընդգծեցին, թե իրենք քաղաքականություն չեն հասկանում, որովհետեւ գիտեին, որ Լեւոնը մինչեւ հաստատ չգիտակցեր իր հաղթանակը` այս քայլին չէր դիմի: Հեռուստատեսությունների եւ առհասարակ ԶԼՄ-ների միջոցով քարոզչությունից զրկված լինելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը շռնդալից մուտք գործեց հայ քաղաքական-հասարակական կյանք: Այսպիսով` Հայաստանի ներքաղաքական կյանքը ռմբահարվեց: Վերջին տասը տարիների քաղաքական տեխնոլոգիաները ավերիչ ազդեցություն ունեցան մեր ժողովրդի դեմոգրաֆիկ դեմքի վրա. ապրելակերպի առօրեական պահանջը մարդկանց հաշտեցրեց մեզանում անբարո գնահատվող երեւույթների հետ. յուրաքանչյուրը վաճառեց այն, ինչ ուներ, Հայաստանում խնդրահարույց դարձավ նույնիսկ թրաֆիքինգը: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ խարիզմատիկ է դառնում իր գործունեության առաջնահերթություններով: Այնպես որ, սոցիումի հիմնական օրենքը` տարրական գոյատեւումը, ճեղքվածք է տալիս մեզանում, որովհետեւ մենք այդուամենայնիվ հոգեւոր արժեքներ կրող ժողովուրդ ենք: Այնպես որ, «ցուրտ ու մութ» տարիների հիշեցման քաղաքական տեխնոլոգիան իրեն չարդարացրեց, այլ հոգեբանորեն հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ առաքելության քաղաքական գործիչ է, նա գալիս է մեծ խնդիրներ լուծելու: «Գազետա» թերթի մեկնաբանը հաջողության գրավական է համարում նրա անձի մագնետիզմը: Լեւոնը հարթակում ասաց. «Մենք կոնկրետ ծրագիր ունենք»: Ժողովուրդը հավատաց: Լեւոնը պարտվել չի կարող: Իրապես ազդեցիկ եւ համոզիչ է Լեւոն Տեր- Պետրոսյանի խոսքը: Դժվար չէ ենթադրել, որ ժողովուրդը այնպիսի քաղաքական գործչի կարիք ուներ, ով մեր երկրում ազատության, նոր ժամանակների, հաղթանակների խորհրդանիշ է: Սա նշանակում է եւ ընդգծում է, որ մեր հասարակությունը մեծ խնդիրներ ունի, որոնք ունեն նախեւառաջ բարոյական արժեքներ: Այսպիսով` հայ քաղաքական հանրության մոնոլիտությունը, որը հենված էր բացառապես սոցիումի գլխավոր օրենքի` գոյատեւման անհրաժեշտության վրա, ի չիք դարձավ: Դա է պատճառը, որ Լեւոն Տեր- Պետրոսյան քաղաքական գործչի կողքին կանգնեցին եւ նրան սատարեցին առաջադեմ մարդիկ, ովքեր չերկյուղեցին, որ այս վարչակազմի «պարգեւներից» կզրկվեն, ինչը բազմիցս շեշտում էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ հաշվապահական պարզ հաշվեկշռի օրենքը դադարեց գործել, եւ սա անդառնալի գործընթաց է: Քաղաքական օրավուր սաստկացող կեղտոտ տեխնոլոգիաները առավել շեշտեցին, որ մենք ապրում ենք պարզապես դարասկզբի մաուզերիստների ժամանակներում, որտեղ հիստերիկորեն գործի են դրվում հոգեվարք ապրող իշխանության ձեռնարկած ամենավերջին բռնությունները, որոնք պարզ մատնանշում են, որ սերժաֆոբիայի գոյության խաղագումարը բռնությունն է եւ ազգային անհանդուրժողականությունը: Մարդը այս հասարակությունում միայն միջոց է եւ ոչ թե նպատակ: Բացառապես տրանսֆերտների հաշվին ապրող երկրում դրամը կայունանում է: Եթե ախտահարված օրգանը խաթարում է մյուս օրգանների կենսագործունեությունը, ապա ողջ մարմինն է դառնում մահվան ենթակա: Հաղթելու է այն ուժը, որը կարողունակ է արմատախիլ անել շատ խորքային արմատներ ունեցող այս ծառը, որը բնից է փտած: Քաղաքակիրթ երկրներում ազգային հիմնախնդիրները, որոնք խորքային են գլոբալ քաղաքականության հարթակում, ավելի դյուրին են հանգուցալուծվում` իշխանությունների ինստիտուցիոնալ համակարգի շնորհիվ: Մեզանում այն կաթվածահար է եղել: Այսօր ազգային մեծ խնդիրներ լուծելու ճանապարհին հեշտ էր թվում քաղաքական գործչին «դավաճան», նույնիսկ «մասոն» պիտակավորելու սեւ PR-ը, ինչն անկեղծ ասած, նորից քարոզչական հակառակ ազդեցությունը ունեցավ: Հայաստանի պետականության ազգային անվտանգությանը լուրջ մարտահրավեր է աղքատությունը, ինչը եղանակ ստեղծեց: Այս իրողությանը հակադարձեց լեվիտացիան, այսինքն` մտքի ուժով այլ հարթություն տեղափոխվելը: Որքան էլ փնովենք խորհրդային կարգերը, որոնք խիստ բարեփոխումների կարիք ունեին, այդուհանդերձ հարկ է շեշտել, որ հատկապես այդ տարիներին ձեւավորվեց պետական մտածողությունը, առանց որի` մեր երկրին սպառնացող լուրջ մարտահրավերները դիմակայել չենք կարող: Մարդիկ չմոռացան, որ իրենք հասարակական էակներ են եւ չեն կարող երկար ժամանակ աչք փակել: Հանրահավաքների մասնակիցները անհողդողդ են: Առաջադրած հարցերից եւ ոչ մեկը սոցիալական բնույթ չունի: Մասնակից կանանցից մեկն ասում էր. «Կամ հիմա, կամ երբեք»: Հանրույթը լավ է ըմբռնում, որ իրենց այս իշխանությունները տարել եւ շարունակում են տանել դեպի ֆեոդալական գիտակցության ոլորտ: Մենք այլեւս ուժ չունենք ստալինիկների բռնապետության պայմաններում ապրելու: Գործընթացը խորքային է եւ դժվար. հետադարձ ճանապարհ չունենք: «Գազետա» թերթի մեկնաբանը իր խոսքը ավարտում է հանրահավաքի մասնակցի խոսքով. «Հաղորդեք Ձեր նախագահին, որ մենք այլեւս չենք հարգում նրան, քանի որ նա շնորհավորեց Սերժին թեպետ դուք դա չեք գրի»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |