“Zhamanak” Armenian-American Political Daily

«Կեցցե ժողովուրդը, որ իր միջից ի զորու է հանել ստրուկին»

14:14 Yerevan | 10:14 GMT | Tuesday 26 February 2008

Մարինե Խառատյան

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ղեկավարի պահվածքը` սեփական աշխատակիցների հանդեպ:

Երեկ Քոչարյանի կատաղությունը մեղմելու եւ կամքը կատարելու համար` Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատեց ԱԳՆ եւս 6 աշխատակիցների, որոնք հանդես էին եկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նշենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն անելու համար օրերս աշխատանքից ազատվեցին ու դիվանագիտական կոչումներից զրկվեցին նաեւ երեք դեսպաններ եւ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: Ինչ խոսք, Հայաստանում իր կյանքը բավական լավ դասավորած Վարդան Օսկանյանը միանգամից մոռացավ աշխատակիցների ներդրումը իր ղեկավարած գերատեսչության աշխատանքում ու աներկբա կատարեց Քոչարյանի հրահանգը: Ավելին` երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց հետեւյալը. «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, որ նրանք պետք է աշխատանքից ազատվեին»: Նույն Վարդան Օսկանյանն, ի դեպ, թերեւս մոռանալով իր դիվանագիտական կոչման մասին` մոտ մեկ շաբաթ առաջ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին «Շանթի» եթերում անպատվաբեր խոսքեր ասաց` բացահայտ հակաքարոզչություն տանելով թեկնածուի դեմ: Իսկ աշխատանքից հեռացված ու դիվանագիտական կոչումներից զրկված ԱԳՆ աշխատակիցների հայտարարությունները, ինչ խոսք, շատ ավելի զուսպ էին ու հավասարակշռված: Երեկ աշխատանքից հեռացված ԱԳՆ աշխատակիցները հայտարարել էին. «Միանալով մեր ԱԳՆ գործընկերների հայտարարությանը եւ մտահոգություն հայտնելով հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար եւ ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ: Միայն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գործելու միջոցով մենք կկարողանանք ապահովել ժողովրդավարությունը եւ հանդուրժողականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի բարի համբավը արտերկրում»:

ԱԳՆ ամբիոնից խոսելով ԱԳՆ աշխատակազմից հեռացած 10 բարձրաստիճան պաշտոնյաների մասին` Օսկանյանը ասել է. «Նրանք կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն էին, կամ իրենք պաշտոններ ունեին նախորդ իշխանություններում»: Ինչ խոսք, նման բան հայտարարելիս պարոն Օսկանյանը, համոզված ենք, հիմնավորապես մոռացել է սեփական կենսագրությունը:

Հ.Գ. Այդ ընթացքում, ելույթ ունենալով Ազատության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքում, դերասան Աշոտ Ադամյանը նկատեց. «Կեցցե ժողովուրդը, որ իր միջից ի զորու է հանել եւ ստրուկին, եւ թափթփուկին»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.