“Zhamanak” Armenian-American Political Daily

Մոնիտորինգները, էքզիթ-փոլերն ու բյուջեն...

14:13 Yerevan | 10:13 GMT | Tuesday 26 February 2008

Մարինա Բաղդագյուլյան

Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ռադիո) 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման դիտարկումները:

Հետազոտության ժամանակ տեղ գտած թերություններն ու լուրջ խնդիրները բաժանելով խորհրդանշական 13 կետերի` Նավասարդյանը դրանք ամփոփ ներկայացրեց: Խոսեց գործնականում այդպես էլ չձեւավորված ընտրություններին նախորդող ժամանակաշրջանի մասին եւ նշեց, որ օրենքով նախատեսված «նախընտրական քարոզչության» ժամանակաշրջանից շատ առաջ սկսած նախընտրական պայքարը ռեսուրսներ չունեցող թեկնածուի համար անհավասար պայմանների պատճառ էր դարձել, ինչը չէր կարող փոխհատուցվել քարոզարշավի 28 օրերի ընթացքում:

Նա նշեց Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը կարգավորելու հստակ օրենսդրական մեխանիզմների բացակայության մասին եւ ասաց. «Մարդիկ, որոնք անմիջապես մասնակցում են քաղաքական մրցակցությունում, չպետք է այդպիսի մեծ ազդեցություն ունենան հեռարձակվող լրատվամիջոցներում եւ սեփականատեր դառնան: Օգտագործելով հանրային պաշարը` լրատվամիջոցի հաճախականությունը դարձնում են անձնական քաղաքական նպատակներն իրագործելու միջոց»:

Ասաց, որ դրա արդյունքում հեռուստաեթերի առաջատարը Սերժ Սարգսյանն էր` դրական լույսերով ողողված, իսկ բացասական լուսաբանումների առումով առաջատարը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանի 2232 հիշատակումից 297-ը դրական է, 1907-ը` չեզոք, միայն 28-ը բացասական, ապա Տեր-Պետրոսյանի 1095 հիշատակումից չեզոք է 568-ը, 507-ը` բացասական, դրական է միայն 20-ը:

Այդ 13 կետերում նաեւ նշված էր, որ ՀՀՌԸ ղեկավարությունը ընտրություններին նախորդած մի քանի ամիսների ընթացքում բազմիցս քամահրական վերաբերմունք է դրսեւորել ընկերության գործունեության մասին հասարակական կարծիքի նկատմամբ: Եվ այլն, եւ այլն...

Համեմատելով 2008-ի մոնիտորինգի տվյալները նախորդ երկու համապետական` 2003 եւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունների հետ, Նավասարդյանն ասաց, որ իրավիճակը հետընթաց է ունեցել:

Նախագահական ընտրություններից առաջ հարցումներ, մոնիտորինգներ եւ էքզիթ-փոլեր շատ են անցկացվել` Բրիտանական «Պոպուլոս» հարցախուզային ընկերությունը, «Ալյանս» հասարակական կազմակերպությունը, «Գելափ» սոցիոլոգիական կազմակերպությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը, «Էխո ռիսարչ» կազմակերպությունը, Երեւանի մամուլի ակումբը, նույնիսկ` «Օրինաց երկիր» կուսակցությունը: Պարզ է, որ հրապարակվում էին միանգամայն տարբեր արդյունքներ: Ինչու՞ է պարզ. որովհետեւ «Պոպուլոսի», «Էխո ռիսարչի» եւ «Գելափի» (վերջինիս բոլորն են հումորով ու վերապահումով վերաբերվում) հարցումների պատճառով կամ արդյունքում «Հանրապետական» կուսակցության ծախսերն ավելացել էին:

Փետրվարի 8-ին «Էխո ռիսարչի» հաշվետվությունը ներկայացնող Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի տնօրեն Ռոբերտա Բոնացին` Հայաստանում ԶԼՄ-ների ազատության, բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունների, ուստի եւ` ժողովրդավարության հաստատման իրողության «հայտնագործությանը» հավելեց, որ հայերեն լեզվի չիմացության պատճառով այդ ուսումնասիրություններն անցկացրել են հայ անկախ փորձագետները: Բոնացին կամ չէր պատկերացնում, կամ` ձեւացնում էր, թե չգիտի, որ Հայաստանում անկախ մարդկանց չեն սիրում, ուր մնաց թե` անկախ փորձագետների: Պարզ է, չէ՞, ինչպես է լինում, որ «անկախ» փորձագետների հետազոտությունների պատճառով սնանկանում է մի ողջ կուսակցություն, այսինքն` մի ողջ ժողովուրդ...

Բացի այդ` «Էխո ռիսարչն» իր մեկշաբաթյա ուսումնասիրություններում դիտարկել էր ԶԼՄ-ի դաշտը` հեռուստատեսությունն ու մամուլը միասին եւ ներկայացրել ընդհանուր արդյունք. չտեսնված, չլսված մեթոբանություն: «Պատկերի հավասարակշռությունը պահպանվել է այն պատճառով, որ ներկայացված ընդհանուր արդյունքում 53 տոկոսը կազմում է մամուլի բաղադրությունը, 26 տոկոսը` հեռարձակողների», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.