“Zhamanak” Armenian-American Political Daily

Երեք անհեթեթ պնդումների մասին

15:04 Yerevan | 11:04 GMT | Saturday 23 February 2008

Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:

Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ոմանց համար, փաստորեն, դարձել է լավ վճարվելը կամ էլ դրա ակնկալիքը: Կամ էլ` պարզապես անվճար...որ ստաժը չկորչի:

Որոշ «քաղաքագետներ» կամ «քաղաքական վերլուծաբաններ» հաշվարկներ են անում. էսքանը` էստեղից, էնքանը` էնտեղից, էն էլ` հո կար ու կար...հանած էնքանը...ուրեմն...էս մեկն էլ` էսպես: Ու դրանից հետո...նաեւ...ավելացրած...

Հանգստացեք, այ չակերտավորներ: Սա վիրավորանք չէ, այլ փաստերի արձանագրում: Որովհետեւ եթե նշածներս անչակերտ լինեին, նման անհեթեթ հաշվարկներով չէին զբաղվի:

Ապուշ, ծախված կամ ինքնաառաջարկվող պետք է լինես, որպեսզի չհասկանաս, որ ընտրությունները` որպես այդպիսիք, չեն եղել: Էն, ինչ կատարվեց այս տարվա փետրվարի 19-ին` պարզապես ուժի, բռնության եւ ստորության լկտի ցույց էր:

...Եվ ձեւանալ պետք չէ: Մշտապես հիշեք, որ տերերը սիրում եւ լավ վարձատրում են ոչ թե ապուշ ձեւացողներին, այլ միայն նրանց, ովքեր իսկապես ապուշ են: Էնպես որ` ձեւանալն անիմաստ է:

Ոչ շահավետ ու ոչ օգտակար:

Սա մեկ:

Երկրորդը այն անհեթեթությունն է, թե, իբր, ընդդիմությունը լավ նախապատրաստված չէր եւ չկարողացավ իր ձայներին տեր կանգնել:

Ո՞րն է այս պնդման անհեթեթությունը. այն, որ դա պնդողներին թվում է, թե դրանով ընդդիմության «բանջարանոցն են քար նետում» հերթական անգամ: Մինչդեռ ճիշտ եւ ճիշտ հակառակն է. դրանով նրանք ուզում են ընդամենը ցույց տալ, որ ցանկացածը պարտավոր է իմանալ, որ գործ ունի գազանների հետ (բառացիորեն) եւ իմանալով դա` նրանց հետ հանդիպման պետք է գնա կացնով-հրացանով եւ էլի մի երկու բանով զինված:

Նու, սա կարելի էր նրանց կողմից նաեւ որպես անկեղծ ինքնախոստովանություն դիտել, սակայն քաջ գիտենալով ասողներին` պարտ ենք փաստել, որ այս հայտարարությունները եւս վերն արդեն իսկ հիշատակվածի արդյունքն են:

Եվ վերջապես. տարբեր «սրտակեղեք», «լալահառաչ», իսկ առանց չակերտների` ողորմելի աղաղակներ են հնչում, թե` «կայունությունը կխախտվի», «բախումներ կլինեն», «խորհրդարանն ու կառավարությունը այլ կուսակցությանն են, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող աշխատել նրանց հետ»:

Սկսենք վերջից. այն, թե ինչպես է աշխատելու այդ «օտար մարմինների» հետ` Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն արդեն իսկ պատասխանել է` համաձայն Սահմանադրության:

Բախումների առումով. ո՞վ ու՞մ հետ պետք է բախվի. իշխանություն-ժողովուրդ բախումը բացառվում է, որովհետեւ իշխանություն կոչվածը չի կարող իրեն ձեւավորողի հետ բախվել. նա կարող է ընդամենը նրա կամքը կատարել` մնալ կամ գնալ: Բախումներ կարող են պատրաստել կամ հրահրել միայն իշխանությունը բռնազավթածները. ասել է թե` նա, ով այդ արտահայտությունն անում է, կանխապես հայտարարում է, որ հանցագործները (իշխանության բռնազավթումը հանցագործություն է) պատրաստվում են նոր հանցագործության: Էդ դեպքում ավելի ճիշտ է ցուցմունք տալ դատախազությունում:

Եվ վերջապես. եթե ինչ-որ ընտրությունից ինչ-որ երկրի կայունություն կարող է խախտվել` դա, ուրեմն, պարզապես երկիր չէ, այլ հայտնի չէ, թե ինչ...

Փորձեք պատկերացնել մի երկիր, ուր իշխանափոխությունը ապակայունացնում է իրավիճակը: Չեք կարող: Էդպիսի օրինակ էլ չեք գտնի: Աշխարհում: Հետո էլ. էդ ոնց է լինում, որ երբ իրենցով իշխանությունը փոխվեց` երկիրը չապակայունացավ, իսկ երբ իրենց պետք է փոխարինեն...

Վերջը` աբսուրդ է... Մնացյալը` տես վերը:

Հ.Գ. Ի գիտություն նախագահի նախկին յոթ թեկնածուների: Կներեք` մոռացել ենք արդեն ձեր անունները: Մի խոսքով, բոլորի, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ս.Սարգսյանի. վերջինիս կողմից ձեզ տրված պատվերը դուք, իհարկե, կատարել եւ կատարում եք, եւ ի տրիտուր դրա` պնակն արդեն պատրաստ է: Այո, այո: Ես չեմ սխալվում: Պնակը: Մեկը` բոլորիդ համար:

Առանձին պնակներ չեն լինելու: Թեեւ ձեզ առանձին պնակներ էին խոստացել, բայց հույսներդ կտրեք:

Մեկն է` բոլորիդ համար:

Էնպես որ` որպես հաճախորդներ, էստեղ էլ եք ստիպված հերթ կանգնելու...

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.