|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Խաղաղության լույսը` Լեւոն Տեր-Պետրոսյան»15:00 Yerevan | 11:00 GMT | Saturday 23 February 2008Կարինե Հարությունյան Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը: Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում է 2007-ի սեպտեմբերի 21-ից սկսած: Օր օրի այս վարչախումբը իր խուճապահար քայլերով ավելի ու ավելի էր մոտենում իր վախճանին: Այսօր այդ վախճանը փաստ է, իսկ երեկ փաստի ապացույցներից մեկը «քայլում էր» Երեւանի կենտրոնական փողոցներով: «Խաղաղության լույսը` Լեւոն Տեր-Պետրոսյան»: Սա էր կարգախոս-առաջնորդողը երեկվա երթի: Ազատության հրապարակ: Թումանյան փողոց, ապա` Աբովյանով Հանրապետության հրապարակ: Եվ` ՀՀ գլխավոր դատախազություն: Մեր ուսանող զավակներն էին, մեր երկրի վաղը կերտողներն էին, մեր ազգի լույսը կրողներն էին: Բազմաթիվ բուհերի ուսանողներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում իրենց համակուրսեցիների, ընկերների ձերբակալության առիթով: Ցուցարարները ոտքերը դոփելով եւ «Ազատություն» վանկարկելով անցնում էին Թումանյան փողոցով: Որքա՞ն էր նրանց թիվը` ո՞վ կարող է ասել: Այնպիսի տպավորություն էր, թե երթը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Աբովյան փողոց: «Սեր-ժիկ հեռացիր, Լե-վոն նախագահ»: Շարքերը համալրվում էին նոր երիտասարդներով: Խանութներից, տներից մարդիկ էին միանում ու այնպիսի եռանդով էին վանկարկում «Սերժիկ հեռացիր», որ կաթիլ մը ինքնասիրություն ունեցող մարդը վաղուց արդեն «աբուռը քաշած կլիներ»: Ինչեւէ: Երթի թափը չմոռանանք: Հանրապետության հրապարակում երեւաց միայն, թե երիտասարդների ինչ հզոր բանակ ունենք, երբ արդեն երթի մասնակիցների մի մասը «լցվեց» հրապարակ: «Ամոթ, հեռացիր» վանկարկումներով ցուցարարները դիմեցին գործող վարչապետին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն երկու քայլի վրա էր: Վարչախումբը պատրաստվել էր: Ոստիկանության մոտ հարյուր զինվորներ վահաններով ու «դուբինկաներով» կանգնած էին: Նրանցից շատերը հազիվ էին թաքցնում իրենց հիացմունքը ցուցարար երիտասարդների քաջության նկատմամբ: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում էր երթը, զգուշացրեց-հորդորեց ցուցարարներին պահպանել իրենց երթի խաղաղ ընթացքը, ոստիկանության նկատմամբ ոչ մի թշնամական արտահայտություն թույլ չտալ. «Նրանք բոլորը մեր սերնդակիցներն են, մեր եղբայրները: Նրանք մեզ հետ են»: Ցուցարարները ծափերով ողջունեցին ոստիկաններին եւ վանկարկեցին. «Մի-ա-ցում»: Ապա` հնչեցվեց ձերբակալված ուսանողներին եւ երիտասարդներին ազատ արձակելու պահանջը եւ ցուցարարները վանկարկեցին. «Ա-զա-տու-թյուն»: Հայտարարվեց, որ Շարժմանն է միացել գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Գագիկ, Գագիկ», - վանկարկեցին ցուցարարները: Ապա` «Լե-վոն, Լե-վոն»: Հնչեց հաջորդ պահանջը. «Քրեական գործեր հարուցել եւ պատժել Հայաստանի բոլոր ընտրակեղծարարներին: Մասնավորապես` Մխչյանի Մկան լակոտներին, Նեմեց Ռուբոյին, Փամբուկյան Հարութին, Թոխմախի Մհերին եւ մյուսներին»: Հետեւեց ցուցարարների վճռականության եւ միակամության վանկարկումը. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ցուցարար ուսանողները, Արցախյան պատերազմում իրենց հաղթանակի կռիվը տված Հատուկ գնդի ազատամարտիկները, երթին միացած մյուս հայերը շարունակեցին իրենց հաղթական ճամփան դեպի Ազատության հրապարակ: Նույն ոգով, նույն վանկարկումներով, նույն ոգեղենությամբ: Երեկ մեր զավակներն ապացուցեցին, որ մեր երկրի արժանի ժառանգորդներն են: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |