|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հողը գնացել է իշխանությունների ոտքերի տակից14:59 Yerevan | 10:59 GMT | Saturday 23 February 2008Էմմա Գաբրիելյան Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին նախագահը` նաեւ երրորդ նախագահն է»` այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է, ում` Ազատության հրապարակում հայտնվելը երեկ բազմահազարանոց բազմության ցնծությունը առաջացրեց, եւ ամբողջ հրապարակը սկսեց միաբերան վանկարկել` «միացում»: Գ.Ջհանգիրյանը անկեղծացավ, որ բազմաթիվ ընտրությունների է առնչվել, սակայն այն ընտրակեղծիքների չափերը, բռնություններն ու ահաբեկումները, որոնք կատարվել են փետրվարի 19-ի ընտրություններում` երբեք չեն եղել մինչեւ այժմ, ապա խնդրեց ժողովրդին տեր կանգնել կատարած ընտրությանը. «Այս հողի վրա, ի վերջո, պիտի հաստատենք օրենքի իշխանություն: Չընկրկեք որեւէ ուժի առաջ, այս երկրում չկա ոչ մի գեներալ, ոչ մի զինվորական, ով հայ ժողովրդի վրա ձեռք կբարձրացնի», - հայտարարեց Գ.Ջհանգիրյանը եւ անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. «Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականներին. անջատված մասով ապօրինի քրեական գործի վարույթը կարճվեց` քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ այդ անջատված մասով քննությունը առջեւում է, եւ եթե դուք օգնեք ընտրված նախագահին եւ ինձ` գործը կհասցնենք մինչեւ վերջ». ամբողջ հրապարակը սկսեց ուժգին վանկարկել` «հիմա, հիմա», եւ Ջհանգիրյանի ներկայությամբ, ըստ էության, ամրագրվեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը շատ դյուրին է բացահայտելը: Այնուհետեւ Գ.Ջհանգիրյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր իրենց Վազգենական են համարում. «Բավական է սեղանների շուրջ կենացներ ասեք, լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք, օրը եկել է` տեր կանգնեք էս երկրին»: Երեկ հարթակում էր նաեւ հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի անդամ, հատուկ գործերով քննիչ Սամվել Հովհաննիսյանը, ով հարցաքննել է Նաիրի Հունանյանին: Ս.Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ հոկտեմբերի 27-ի գործը քննել են նվիրումով, եւ փաստեց, որ գործը այն պահից, որ դադարեցված է` ընդամենը պետք է շարունակել. «Եվ դուք կիմանաք այն, ինչին ինը տարի սպասում եք»: Ժողովուրդը դարձյալ վանկարկում էր` «հիմա, հիմա»: Օրվա հաջորդ նորությունը Ազգային ժողովի յոթ պատգամավորների հայտարարությունն էր, որով նրանք համաժողովրդական շարժմանը միանալու մասին հայտնեցին: ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը հանրահավաքում ընթերցեց ՀՀԿ-ականներ` Հրանտ Գրիգորյանի, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի, Արմեն Մխիթարյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ` Կարո Կարապետյանի, Տիգրան Ստեփանյանի, ինչպես նաեւ` անկախ պատգամավոր` Ռուստամ Գասպարյանի համատեղ հայտարարությունը, որով նրանք հավաստիացնում են, թե ժողովրդի հետ են:
Հայաստանի սիրտը Ազատության հրապարակն է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր ելույթում վստահեցրեց, որ «չափազանց գոհ է գործի ընթացքից եւ որ չի կասկածում այդ գործի վերջնական ելքին. «Մեր հանրահավաքներում, երթերում զանգվածներն օր օրի բազմապատկվում են: Այսօր մեզ միացավ մի հզոր համալրում` ուսանողական շարժումն է դա, եւ ես վստահ եմ, որ վաղը այդ շարժումը տասնապատկվելու է»: Հաղթած թեկնածուն հրապարակեց նաեւ իր «առաջին հրամանագիրը»` դիմելով ՀՀ բոլոր ԲՈւՀ-երին. «Համալսարանը Ազատության հրապարակն է, եւ ես ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդների պրոֆեսորը լինելու պատիվը ինձ եւ իմ ընկերներին է վիճակված»: Լ.Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ համաժողովրդական ընդվզման, վրդովմունքի արտահայտման, ցասումի, միացումի այս ոգեղեն վիճակը` ստուգատես է. «Զտման պրոցես է. սա այն պահն է, երբ մեր ընկերները, որոնց մենք չէինք ճանաչում, բացահայտում են իրենց իրական կերպարը, սա վեհացման եւ միաժամանակ ստորացման ժամանակաշրջան է: Այս պահին է, որ լիովին բացահայտվում է մարդը. բոլոր այն մարդիկ, որոնք պայքարել են անկախության համար, պայքարել են Արցախի ազատագրման համար` մեկը մյուսի ետեւից կանգնում են մեր կողքին», - նկատեց նախագահը, հավելելով, թե վստահ է, որ Հայաստանում չի գտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ այսօր դեմ դուրս գա ժողովրդին. «Դրանք մեր ազգի տականքն են: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որքան հզորանում է մեր շարժումն ու համախմբվում մեր ժողովուրդը` այդ տականքը նվազում, գնում-մտնում է իր բները, նրանց ձայնը վաղը չի լսվելու: Սա ոգեղեն պահ է, որը նյութականանալու է` նյութականացումը լինելու է ժողովրդի իշխանության հաստատումը մեր երկրում»: Լ.Տեր-Պետրոսյանը ամրագրեց նաեւ, որ այսուհետեւ Հայաստանի սիրտը Ազատության հրապարակն է. «Այսօր մենք տեր ենք կանգնել Ազատության հրապարակին, իսկ դա գրավականն է մեր երկրին տեր կանգնելու: Նրանց հույսը այն է, թե մեր համբերությունը չի բավարարի, որ հայ ժողովուրդը ընդունակ է ընդամենը պոռթկումների: Չարաչար սխալվում են, որովհետեւ այդպես էին կարծում 1988-91թթ., սակայն երեք տարի շարունակ մեր ժողովուրդը չլքեց այս հրապարակը, արցախյան պատերազմը եւ մեր իրական շարժումը տեւեց 1988-1994թթ, որի ընթացքում արձանագրվեցին հայ ժողովրդի պատմության մեծագույն նվաճումները` Անկախության ձեռքբերումը եւ Արցախի ազատագրումը: Նրանց չի հաջողվի հոգնեցնել, ահաբեկել մեր ժողովրդին: Հոգնածը, ահաբեկվածը իրենք են», - նշեց Լ.Տեր-Պետրոսյանը, ապա ամփոփեց միտքը` ընգգծելով, որ Ազգային ժողովում ունեն մի հզոր ֆրակցիա` դրանք արդեն միացած պատգամավորներն են, «Ժառանգություն» կուսակցությունը. «Այս հրապարակը պետության, իշխանության մաս է կազմում, ավելին` պետական մարմինների 99 տոկոսը այսօր կանգնած է մեր կողքին, եթե կան նրանց մեջ ավազակապետության ներկայացուցիչներ, ավազակապետության հիմնասյուներ, քրեական տարրեր, ապա դրանք այդ մարմինների ամենաբարձրաստիճան մի քանի հոգին են», - ասաց նախագահը` վստահեցնելով, որ շուտով նաեւ կլինեն ոստիկանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց դիրքորոշումները եւ նրանցից շատերից ունեն լուրջ հավաստիացումներ, որ նրանք եւս համաժողովրդական Շարժման հետ են: Իր ելույթը Լ.Տեր-Պետրոսյանը երեկ եզրափակեց խորհրդանշական մի փաստ ուշադրության արժանացնելով. այն, որ երիտասարդների երեկվա երթի ամենացայտուն կարգախոսը եղել էր` «ազատություն» բառը. «Դա նշանակում է, որ մեր ուսանողությունը, մեր երիտասարդությունը հասկացել է մարդկային ամենամեծ արժեքը, արժեք, որը վեր է բոլոր հաղթանակներից, անգամ պետականությունից, դրանք ոչինչ են, եթե չեն ապահովում ազատություն: Ազատությունը Աստծո շնորհ է` Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով եւ մարդ ընտրության իրավունք ունի` ընտրում է կամ չարը կամ բարին: Մենք ընտրել ենք բարին, իսկ չարը կործանվելու է: Հետեւաբար մեր հավիտենական գոյության հիմնական գաղափարը Ազատությունն է»:
Մենք պարում ենք, Ռոբերտն ու Սերժիկը ճամպրուկներն են հավաքում Երեկ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Ազատության հրապարակը անվանեց «ազգային իրավագիտության հրապարակ» եւ վստահեցրեց, որ այն իրացնելու է ժողովրդի հավաքական-քաղաքացիական եւ ազգային իրավունքը «Արդյոք սա՞ էր այն հաղթանակը, որին նա արժանի էր, արդյոք սա՞ էր այն ընտրությունը, որը բերելու էր օրինավոր նախագահ», - դիմեց նա իշխանության թեկնածուին եւ խոսելով ներողամտության մասին` կարծիք հայտնեց, որ ժամանակն է, որ Ս.Սարգսյանը ներողություն խնդրի եւ միանա ընտրությունների վերանայման շարժմանը եւ դա նրա լրջագույն փորձությունը կլինի: Երեկ հայտնի դարձավ, որ ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ եւ դասախոսներ ստորագրահավաք են կազմակերպել, իսկ հայտարարության մեջ դժգոհություն է արտահայտված փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ընթացքում կատարված խախտումների, բռնարարքների, ձեւավորած վախի մթնոլորտի առնչությամբ. «Ես ամաչում եմ, որ իմ ԲՈւՀ-ի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, ուստի հայտարարում եմ դասադուլ եւ գործադուլ` պահանջելով Ս.Սարգսյանից հրաժարվել Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից», - ասված է հայտարարության մեջ, որի տակ արդեն իսկ ստորագրել են հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ ու հանրահավաքի ընթացքում դրանց էին միանում նրանք, ովքեր դեռ չէին միացել: Երեկ ժամը 21-ի սահմաններում, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հրավառություն տեղի ունեցավ, որը նախագահը դիտում էր երեք թոռնիկների հետ: Հանրահավաքի ողջ ընթացքում դարձյալ տոն էր ու ցնծություն էր, երաժշտության ներքո պարում էին թե հարթակում` բոլոր առաջնորդները, այդ թվում` երկրի նախագահը եւ թե ամբողջ հրապարակը: Բազմահազարանոց բազմությունը դարձյալ տոնական տրամադրությամբ գիշերն անցկացրեց հրապարակում` ժամ առ ժամ ավելացող վրաններով: Ուշ երեկոյան, Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժմանն է միացել նաեւ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ով հարթակից հայտարարել է, որ միշտ ծառայել է ժողովրդին եւ այժմ էլ ժողովրդի կողքին է: Կեսգիշերն անց էլ, երկրի նախագահը շարունակում է զրուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնց հետ մեկտեղ որոշել է անցկացնել նաեւ գիշերը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |