|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հաղթողը Դավիթն է14:38 Yerevan | 10:38 GMT | Saturday 23 February 2008Մարինե Խառատյան Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը: Երբ մտնում ես հրապարակ` մարդկանց բազմությունն ու երիտասարդների ոգեւորությունը տեսնելով` հասկանում ես, որ աշխարհը փոխում են ռոմանտիկները ու այլեւս չես կարող չհավատալ, որ այդ շարժումը հասնելու է իր նպատակակետին: Հասկանում ես, որ այն արդեն քաղաքացիական է եւ անշրջելի: Ինչու՞ եք եկել հրապարակ` մեր հարցին ի պատասխան ընկերների հետ կանգնած 22-ամյա Դավիթ Հովհաննիսյանը թվարկեց. «Եկել եմ հանուն արդարության, կայունության, հանուն արդարության հաստատման, եւ որ օրենքը բոլորի համար հավասար լինի` ամենակարեւորը»: Երիտասարդը անվերապահորեն հավատում է հաղթանակին. «Իհարկե, մենք արդեն հաղթել ենք»: Նույն նպատակով էր եկել 74-ամյա Կարեն Շուխյանը. «Եկել եմ, որ փոխվի էս անօրինականությունը: Գյուղ կանգնի` գերան կկոտրի, որ ժողովուրդը միասին լինի, իհարկե կհաղթի», - ասաց նա: «Եկել ենք մեր ձայներին տեր կանգնելու», - սա էլ մի կնոջ հիմնավորումն էր: Ի դեպ, Ազատության հրապարակ էին եկել ոչ միայն Տեր-Պետրոսյանին ձայն տվածները, այլեւ բոլորը, ովքեր հիասթափված ու վրդովված էին ընտրությունների ընթացքից: Ինչ խոսք` քաղաքական մեկնաբան պետք չէ լինել հասկանալու համար, որ իշխանական բուրգը քանդվում է: Երեկ հեռուստատեսությամբ Սերժ Սարգսյանի դեմքը տեսնելով, դժվար չէր հասկանալ, որ նա ոչ միայն հաղթանակած թեկնածուի ուրախություն չունի, այլեւ շատ տխուր է. նույնիսկ այդքան շնորհավորանքներն ու Ռոբերտ Քոչարյանի հորդորները չեն ուրախացրել «52.8 տոկոս ձայներ հավաքած» թեկնածուին: Սերժ Սարգսյանն իր տխրությունը չի կարողանում թաքցնել ոչ ժպտալով, ոչ ծիծաղելով: Թերեւս պարոն Սարգսյանը արդեն իսկ հասկացել է, որ անշրջելի սխալ է գործել փետրվարի 19-ին: Իշխանական լծակները կորցնելու վախից ընտրակեղծիքների, բռնությունների, ինչպես նաեւ կաշառքի օգնությանը դիմելով` Սերժ Սարգսյանը իրականում ինքն իրեն զրկեց այդ հնարավորությունից: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը չդիմացավ փորձությանը եւ առաջին իսկ անգամից դրժեց ազատ, արդար ընտրություններ անցկացնելու խոստումը: Սերժ Սարգսյանն այսօր հայտնվել է աստվածաշնչյան Սավուղ թագավորի վիճակում. նույն վախի պատճառով Աստված Ինքը «պատառեց» թագավորությունը, բայց վերջինս շարունակում էր պնդել, թե ինքն է Իսրայելի թագավորը: Մի բան ակնհայտ է. Սավուղ թագավորին երբեք չհաջողվեց հաղթել Դավիթին, որին, ի վերջո, ժողովուրդը թագավոր կարգեց: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |