|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանը արտերկրի մամուլի տեսադաշտում14:32 Yerevan | 10:32 GMT | Saturday 23 February 2008Գոհար Բարսամյան Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական մամուլից եւ հեռուստաընկերություններից: Այսպես` «Կոմերսանտը» գրում է, որ Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է նստացույց: Ընդդիմության կողմն են անցել պաշտպանության նախարարության որոշ ղեկավարներ: Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողների քանակն ավելանում է: Ընդդիմության առաջնորդները իրողությունը որակել են հեղափոխություն: Ի պատասխան` իշխանությունները փողոց են դուրս բերել հատուկ ստորաբաժանումներ: «Կոմերսանտը» գլխավոր ինտրիգը համարել է Լեւոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությունը, թե փետրվարի 21-ին հանրահավաքի մասնակիցները ականատես են լինելու կարեւոր իրադարձության: «Կոմերսանտը» ներկայացնում է, որ Ազատության հրապարակի ամբիոնին մոտեցած ոստիկանությունը քշվել է: Վերջիններս հանրահավաքը անօրինական են համարել: Ռուսական հրատարակությունը ակնարկում է, որ «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունից պահանջել է վարչապետի պաշտոնը եւ մերժվել է նրանից: Մանրամասն ներկայացնելով հանրահավաքը` «Կոմերսանտը» ընդգծում է ամենակարեւոր իրադարձությունը. Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ընդդիմության կողմն են անցել պաշտպանության 2 փոխնախարարները` Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը, ովքեր բանակցություններ են վարում գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ: Այս հայտարարությունը բուռն ծափահարություններով են ընդունել հանրահավաքի բազմահազար մասնակիցները: «Կոմերսանտը» ներկայացնում է, որ թեպետ 100 ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում, սակայն Սերժ Սարգսյանի շտաբից հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ընտրակեղծիքների հայտնաբերումը ոչ մի կերպ չի անդրադառնա ընտրությունների ելքի վրա: Այնուհետեւ նա ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հաղթել են «պատերազմը», եւ նրանք ձեռքերը ծալած չեն նստի` սպասելով նոր պատերազմի: Շարմազանովը, ըստ թերթի, ընդգծում է, թե իրենց ռազմավարական գործընկերները ըմբռնում են, թե ինչ է կատարվում երկրում, եւ արդեն Ռուսաստանը եւ Եվրոպան շնորհավորել են Սերժ Սարգսյանին` հայտնելով իրենց աջակցությունը: «Կոմերսանտը», սակայն, ընդգծում է, որ Հայաստանի ոչ բոլոր գործընկերներն են աջակցել պարոն Սարգսյանին: Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններում քվեների հաշվարկի հետ կապված հիմնախնդիրների առնչությամբ: Մասնավորապես` պետքարտուղարության ներկայացուցիչ Էդգար Վասկեսը հայտարարել է, որ թեպետ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող, այդուհանդերձ ԱՄՆ-ն մտահոգված է հաշվետվության որոշ դրույթներից` ներառյալ այն, որ ձայների հաշվարկը անբավարար է գնահատվել 15 տոկոս ընտրատեղամասերում, որտեղ այցելել են դիտորդները: Պարոն Վասկեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը` ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից եւ բռնություններից, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ ցույցերի անցկացման վայրից: «Կոմերսանտը» ընդգծում է, որ գիշերը Երեւանի փողոցներում մեծ քանակությամբ հատուկ ստորաբաժանումներ են կենտրոնացվել: Ռուսական մեկ այլ հրատարակություն «ՆԳ»-ն նշում է. որ ԵԱՀԿ խոսնակ Հենս Հագեն Էշենբահերը հայտարարել է, որ ճանաչելով ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան` այդուհանդերձ դիտորդները դիտողություններ ունեն իշխանությունների եւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Թերթը վկայաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքը, թե նորընտիր նախագահին շնորհավորելը վաղաժամ է եւ հետագայում ստիպված կլինեն դրանք չեղյալ համարել: «ՆԳ»-ն վատ նախանշան է համարել Ազատության հրապարակում ոստիկանների հայտնվելը: Իսկ «Նոր Եվրոպա» կայքը նշում է, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, ինչպես նաեւ նրա քաղաքական հակառակորդների արձագանքը կանխատեսվում էր: Կայքի տեղեկատվության մեջ հատկապես ընդգծվում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ընդգծված ռուսամետությունը, ինչը հաշվի է առնվում Վաշինգտոնում: Կայքը նշում է, որ հայ ժողովուրդը, որը ունի հազարամյակների պատմություն, ի տարբերություն վրացիների, ունի պատմական հիշողություն եւ դրանով է բացատրվում Հայաստանի արտաքին քաղաքականությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների դոմինանտությունը: Եվ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն կամենում է իր ազդեցությունը ուժեղացնել նաեւ Հայաստանում: Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանում վարչակարգի փոփոխությամբ: Ըստ կայքի` այս իրողությամբ է բացատրվում նաեւ Ռուսաստանի զգուշավորությունը Հայաստանում ցանկացած փոփոխության հանդեպ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը կամենում է չեզոքացնել Մոսկվայի ազդեցությունը ցանկացած տեղ: Թեպետ հայ հանրույթի մեծամասնությունը ռուսամետ կողմնորոշում ունի, սակայն քաղաքացիականի վերածվող հասարակությունը համարվում է ռուսական ինտեգրացիոն վեկտորի հակառակորդը եւ կողմնորոշված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմը, սակայն ավելի ընդգծվում է դեպի Եվրամիություն միտվածությունը: Կայքը ընդգծում է, որ այդ առումով հայկական ընտրանին քիչ է տարբերվում ուկրաինական, նույնիսկ ռուսական ընտրանուց, որոնք գավառական են համարվում Եվրոպայի ճակատում: Ռուսաստանը իրեն պարկեշտ դրսեւորեց Հայաստանի նախագահական ընտրությունների խորապատկերում եւ չմիջամտեց: Սա դրական երեւույթ է: Ռուսաստանում դժվար չէր ըմբռնելը, որ Հայաստանը Ուկրաինա չէ եւ Հայաստանում չկա ռուսաֆոբիա: Այսինքն` Հայաստանում անջրպետները ռուսամետության եւ ամերիկամետության միջեւ չեն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |