“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ոտքներդ տեխասմոտր արել ե՞ք»

14:30 Yerevan | 10:30 GMT | Saturday 23 February 2008

Հ.Մ.

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ խախտում են քաղաքացիների` ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

Դրա վառ ապացույցը մարզերից Երեւան եկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների երթեւեկի միտումնավոր դադարեցումն է, որի նպատակը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցների մուտքը դեպի մայրաքաղաք խոչընդոտելն է: Սակայն փոխադրամիջոցների բացակայությունը, ի հիասթափություն իշխանությունների, պատճառ չի դառնում, որպեսզի հանրահավաքի մասնակիցների շարքերը նոսրանան կամ էլ կոտրվի «կրիտիկական մասսայի» հեղափոխական ոգին: Մարդիկ ապավինում են իրենց աստվածատուր «փոխադրամիջոցի»` մի զույգ ոտքերի զորությանն ու հատելով տասնյակ կիլոմետրեր` գալիս ու մասնակցում են արդեն երեք օր շարունակվող շուրջօրյա հանրահավաքներին:

Այս էլ երրորդ օրն է, ինչ ժամը 12-ից սկսած գրեթե դադարեցվում է Արարատի մարզի շրջակա գյուղերից ու քաղաքներից Երեւան եկող միկրոավտոբուսների երթեւեկը, ավելի ճիշտ, դրանք ուղեւորվում են մայրաքաղաք, սակայն ըստ վերեւից իջեցված հրահանգի` դափ-դատարկ վիճակում: Իսկ այն ճարպիկ վարորդները, ովքեր, այսպես ասած, «գրդոնի» արդյունքում` անլեգալ ճանապարհով հաջողում են «պասաժիր հավաքել» Արտաշատ-Երեւան մայրուղուց, այնուամենայնիվ մարդկանց չեն կարողանում մայրաքաղաք հասցնել, քանի որ, ինչպես ասաց, վարորդներից մեկը` «Նորագավիթի ԳԱԻ-ի պոստի մոտ մլիցեքը կանգնացնում են ու պասաժիրներին իջացնում մեքենայից: Նորագավիթից մինչեւ «Ռոսիա» (վերջին կանգառն է) հավայի տեղն ենք գնում ու մեզ մնում ա միայն բավարարվել Երեւանից Արտաշատ եկող պասաժիրներին տեղափոխելով: Հետո էլ օրվա վերջում պիտի պլան մուծվենք ղեկավարությանը: Մի երկու կոպեկ փող էինք աշխատում, էն էլ ցամաքացրին»: Ի դեպ, «ղեկավարությունն» այս դեպքում տարածքային կառավարման նախարար, Սերժ Սարգսյանի խոնարհ ծառա Հովիկ Աբրահամյանն է, որին է պատկանում տրանսպորտային միջոցներ շահագործող «ԼԻԳԱ ՍՊԸ»-ն կամ «մասնագիտական» լեզվով ասած` Արտաշատ-Երեւան «մաշրուտնու գիծը»: (Հովիկ Արգամիչը հավանաբար լսելով, որ իր անունը տարբեր շեշտադրումներով պարբերաբար շրջանառվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում եւ որ ինքն էլ ակամա հաշվառվել է «կազմաքանդման ենթակա ավազակապետության մատյանում», փորձում է ձեռքից եկած բոլոր մեթոդներով խոչընդոտել հանրահավաքներին իր համերկրացիների մասնակցությանը): Այդ է պատճառը, որ մարզի բնակիչները մայրաքաղաք հասնելու համար ստիպված են լինում օգտվել տաքսիներից, որոնք եւս, պարզվում է, խիստ հսկողության տակ են: Արտաշատում գործող «Պարտեզ» տաքսի սերվիսի վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության աշխատակիցները նույնիսկ տաքսիներն են կանգնեցնում, եթե դրանցում երկուսից ավելի ուղեւորներ են լինում: Երեկ ժամը 17-ից սկսած ուղեւորների հոծ բազմություն էր հավաքվել «Ռոսիա» կինոթատրոնին հարող տարածքում, որտեղ եւ կայանում են Երեւանից Մասիս, Արտաշատ, Վեդի, Դվին, Քաղցրաշեն, Նորաշեն գնացող միկրոավտոբուսները: Պատճառը նշված ուղղություններով երթեւեկող երթուղայինների բացակայությունն էր: Այդ երթուղուց օգտվողները աչքները ջուր առած սպասում էին, թե երբ է վերջապես մի երթուղային հայտնվելու, որ իրենց հապշտապ գցեն դրա մեջ ու վերջապես տուն հասնեն: «Դիտավորյալ են այդպես անում, որ մարդիկ, ովքեր մասնակցում են միտինգին, չկարողանան տուն գնալ, փողոցներում մնան, սառեն, այսինքն` խրատվեն ու նորից չգան միտինգի: Ավելի լավ, եթե մինչեւ այս պահը միտք ունեի տուն գնալ-հանգստանալ, հիմա կվերադառնամ «Ազատության» հրապարակ ու միտինգի մյուս մասնակիցների հետ կգիշերեմ հրապարակում: Էս իշխանությունները չգիտեն, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, որ մահակը երկու ծայր ունի, որից մեկը, ի վերջո, իջնելու է մահակ բանեցնողի գլխին», - ասաց Երեւան-Վեդի երթուղայինին սպասող ուղեւորներից մեկը` Լյուսյա Աթանեսյանը: Մեկ այլ ուղեւոր ասաց, որ նախորդ օրը երբ կանգնեցրել ու բոլոր ուղեւորներին իջեցրել են Քաղցրաշեն-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսից, իրենք ստիպված են եղել Այնթապից մոտ 20 կմ քայլել ու հասնել Երեւան: Ուղեւորը պատմեց նաեւ, որ ոստիկանների ցինիզմն այն աստիճանի է հասել, որ վերջիններս կանգնեցնում են նույնիսկ մայրուղով քայլող հետիոտներին ու ծաղրանքով հարցնում` «ոտերդ տեխասմոտր արել ե՞ս, որ դուրս ես եկել աբգոնի»: Հանրահավաքի մասնակից, Քաղցրաշեն գյուղից ազգությամբ եզդի մեկ այլ բնակիչ խիստ զայրացած հայրենի իրավապահների վարքագծից` ասաց, որ ինքն ու իր մյուս ազգակիցները շատ կոփված են քայլելու մեջ եւ եթե պետք լինի, դիմացի սարն էլ կկտրեն ու «քյասար»` (կարճ) ճանապարհով կհասնեն ուր որ ուզում են` տվյալ դեպքում Ազատության հրապարակ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.