“Zhamanak” Armenian-American Political Daily

«Առաքելությունն անիրագործելի է»

14:29 Yerevan | 10:29 GMT | Saturday 23 February 2008

Աստղիկ Հախինյան

Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:

Խոսքն ամենեւին այս կամ այն նախընտրելի թեկնածուի թվացյալ կամ իրական հաղթանակի ու պարտության մասին չէ, ոչ էլ արդեն, ցավոք, «հայկական» դարձած ընտրակեղծիքների առատության, այլ աննախադեպ բռնությունների եւ կրիմինալի տոտալ օգտագործման: Երբ խիստ որոշակի ժամանակահատվածում խափանվեց բջջային հեռախոսակապը, պարզ էր, որ համապատասխան կենտրոնում մշակվել է սեփական ժողովրդին իր ձայնի իրավունքից ամենաբիրտ ձեւով զրկելու չափազանց մանրամասն ծրագիր: Հենց այդ ընթացքում են կատարվել զանգվածային լցոնումները, վստահված անձանց եւ դիտորդներին, ինչպես նաեւ լրագրողներին ահաբեկելու, ծեծելու, առեւանգելու դեպքերի մեծ մասը: Աստվածային եւ մարդկային օրենքները` մի կողմ (դրանց հիշատակումն անբարոյականներին անհասկանալի է). Քրեական օրենսգրքից էլ չվախենալով` նրանք հարյուրավոր մարդկանց առաջ խրձերով քվեաթերթիկներ խցկեցին քվեատուփերի մեջ: Չհավակնելով ընտրությունների խորազնին վերլուծաբանի դերին` պարզապես թվարկենք փաստեր: Ընտրակեղծիքների եւ խախտումների այս արարատյան խճապատկերը կազմվել է «Իրավական աջակցություն. ընտրություններ-2008» եւ «Մուտք» հ/կ-ների դիտորդներից, թեկնածուների շտաբներից ստացված տեղեկությունների հիման վրա:

Իսկ մինչ այդ` Արարատի մարզին վերաբերող նախնական տվյալները. ըստ ԿԸՀ-ի հայտարարության, ընտրություններին մասնակցել է մարզի 136 801 բնակիչ, որը կազմում է ընտրողների 66.26 տոկոսը: Ավելի մանրամասն`

թիվ 16 ԸԸՀ-44 586 մասնակից (68.24 տոկոս),

թիվ 17 ԸԸՀ-44 714 մասնակից (76.10 տոկոս),

թիվ 18 ԸԸՀ-50 796 մասնակից (72.29 տոկոս):

Չնայած ստորեւ բերվող, ինչպես նաեւ երեւակայելի եւ աներեւակայելի այլեւայլ կեղծիքներին ու բռնաճնշումներին, Արարատի մարզում գտնվել են գյուղեր, որտեղ անհնար է եղել չընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը: Լիակատար հաղթանակ է գրանցվել Մասիսի շրջանի Այնթապ, Խարբերդ, Արգավանդ, Արտաշատի շրջանի Ջրաշեն, Բերքանուշ, Բաղրամյան եւ Գետազատ, Արարատի շրջանի Արալեզ եւ Տափերական գյուղերում: Չնչին բացառություններով` այդպիսին են եղել մարզի բոլոր ՏԸՀ-ների տվյալները, բայց բազմաժամ հաշվարկ-վերահաշվարկներից հետո հռչակել են այլ թեկնածուի հաղթանակը:

- Արարատ գյուղում առանձնակի «ջանացել» է Վարժապետյան ընտանիքը. ընտրատեղամասից մի քիչ հեռու կանգնած ավտոմեքենայի բաց թափքից փող են բաժանել ընտրակաշառքից չխորշողներին, իսկ լուսանկարելու փորձ արած համագյուղացուն սպառնացել են ու հեռացրել տարածքից:

- Նույն Վարժապետյաններից Սարգիսը, որ Տափերականում գինու գործարան է ձեռք բերել, այդ գյուղում դեռ փետրվարի սկզբներին է լուրեր տարածել, որ 100-ական դոլար է բաժանելու իր ուզած թեկնածուին ընտրողներին, ընտրության նախորդ օրը գործարանի հաշվապահը կաշառվելու պատրաստ մարդկանց գյուղապետարանի հին վարչական շենքում բաժանել է 5 հազարական դրամ: Ըստ ընտրությունների նախնական տվյալների, սակայն, պարզվել է, որ տափերականցիները վատահամբավ Վարժապետյանի փողը վերցրել, բայց քվեարկել են այլ թեկնածուի օգտին. Տափերականում զգալի առավելությամբ ընտրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

- «Նպատակային» են եղել Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանի բաժանած գումարները: Գյուղացիներին ընտրատեղամասում իրենց ներկայությամբ պարտավորեցրել են նաեւ առատորեն փող բաժանած այլ համայնքապետեր` Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանը, Նոր ուղու գյուղապետ Սուլթանյանը, Նոր կյանքի գյուղապետ Մայիս Աբրահամյանը, Ազատավանի, Մասիսի, Ոստանի եւ գրեթե մնացած բոլոր համայնքապետերը:

- Արարատ քաղաքի ոստիկանապետ Գագիկ Հակոբյանի կարգադրությամբ` իր հայրենի Սուրենավան գյուղում «փող բաժանող» խմբին ուղեկցել են ոստիկաններ, որ սուրենավանցիները չծեծեն նրանց, իսկ օրեր առաջ նա «վտանգավոր» երկրապահներին բաժին է տարել:

- Տափերականցիներ Ռազմիկ Խոշաբաեւին եւ Ալբերտ Հակոբյանին պատկանող ավտոբուսները առանց որեւէ պատճառաբանության (ենթադրաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մարդ տանելու «ծանր» մեղադրանքով) տարվել են տուգանային հրապարակ:

- «Ընդդիմադիր» փոխադրամիջոցների դեմ հատկապես բուռն է պայքարել Վեդու ոստիկանական բաժանմունքի աշխատակից, քրեական հետախուզության օպեր-լիազոր Գարիկ Սարգսյանը:

- Արարատ քաղաքում արձանագրվել են լցոնումների բազում դեպքեր. մինչ դիտորդները փորձել են ահազանգել (կապ չի եղել), սակայն, ՏԸՀ-ները ստացել են իրենց «խաղաղ աշխատանքային» տեսքը, չնայած անփորձ աչքն էլ կնկատեր խրձով լցրած քվեատուփերը:

- Վեդի քաղաքում գործել է «հին, բարի» եղանակը` «կարուսելը». «օպերացիան» գլխավորել են անձամբ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ՀՀԿ-ական Էդիկ Ավետիսյանը եւ ոմն Հայկազ, որ մտադիր է կամ պատգամավոր կամ քաղաքապետ դառնալ` Վեդիում «այդքան ձայն բերելու համար»:

- Արտաշատ քաղաքում (17/11 ՏԸՀ) դիտորդական առաքելություն իրականացնող Ինեսա Գաբայանի («Իրազեկ» հ/կ) տեղեկացմամբ` ժամը 12.30-ին երկու տարեց կանայք քվեարկելուց հետո կրկին մոտեցել են քվեատուփին եւ մի ողջ տրցակ լցրել, այդ ընթացքում բոլորը գրոհել են իր վրա եւ խոչընդոտել, որ կատարի իր աշխատանքը` լուսանկարի եւ արձանագրի: Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի վստահված անձ Վարսիկ Ղարիբյանը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ հանձնաժողովի նախագահ Հերմոն Ավետիսյանը, բնականաբար, հերքել:

- Արտաշատի նույն դպրոցում գտնվող մյուս` 17/10 ՏԸՀ-ում լցոնման դեպք է արձանագրվել դրանից 10-15 րոպե անց: Այս հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Ավետիսյանը, դարձյալ բնականաբար, հերքել է լցոնման մասին տեղեկությունը, բայց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիրանուշ Գասպարյանը պատմել է, որ մի քանի տղաներ գրոհել են, լցրել ու գնացել: «Թե էլ ինչի՞ համար եմ կանգնել` չգիտեմ, մի բոլ լցրեցին, բա սենց կըլնի՞»` ասել է կինը: Դպրոցի բակում դիտորդները նկատել են մարտական տեսքով տղաների խմբերի: «Կանգնել են, որ բան ըլնի` ծեծեն»` բացատրել են տեղացիները:

- Ուրախալի էր, որ խաղաղ էր 17/2 ՏԸՀ-ն: Ժամը 3-ից հետո, սակայն, այս տեղամասում ծագել է իրարանցում եւ կռիվ. «լցոնողների շրջիկ» խումբը այցելել է տեղամաս հենց այդ ժամերին:

- Թիվ 17/8 ՏԸՀ-ն, ըստ երեւույթին, նույնպես «նայող» ունի, որ նախապատրաստել է «լցոնող շրջիկ խմբի» այցելությունը, ավելին, ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին հանձնաժողովի անդամ Ռ.Սարգսյանի տուն են գնացել եւ սպառնացել նրան... Համենայնդեպս, լցոնման պահին Ռ.Սարգսյանը տեղամասում չի եղել, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, եւ, փաստորեն, Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Սուսաննա Վարդանյանը միայնակ էր փորձել դիմադրել «գրոհայիններին», արդյունքում` մկրատով վնասել են տիկնոջ ձեռքի ափը, իսկ թե ինչքան են վիրավորել հոգեպես` դժվար է նկարագրել:

Տեղական ոչինչ «չնկատող» դիտորդներից բացի, այդ մասին տեղեկացրել են ԵԱՀԿ դիտորդական խմբին` ըստ Ս.Վարդանյանի: Բայց դժվար չէ ենթադրել, որ դա էլ կդիտվի որպես «ընտրությունների արդյունքների վրա էապես չազդող դեպք». իսկապես, տեղամասում արյան գետեր չեն հոսել, եւ ոչ մեկի բերանն էլ արնոտ չի եղել:

«Դիտորդ ես` քո առաքելությամբ զբաղվիր»` այսուայնտեղից եղան նման արձագանքներ: Այսինքն` մի խանգարիր, որ խրձերով կեղծելու դիմաց ես փող աշխատեմ, պաշտոն ստանամ, այ չուզող մարդ, թող` ինձ համար լավ լինի, էլի... Դրա համար է առաքելությունն անիրագործելի. մոր կաթ կերած մարդը կարո՞ղ է դիտել այս ամենը եւ չցնցվել: Կարո՞ղ է չսոսկալ այն անողոք դատարկությունից, որ ԲԱԶՈՒՄԻ ձայնի վրա թքած մարդու հոգու մեջ է տիրում` ԱՍՏԾՈ կողմից լքվելուց հետո:

Մի՞թե 20 տարի առաջ մենք ոտքի ելանք այսպիսի փետրվարի 20-ի համար, համազգային վստահության, լեգիտիմության, մեղմ ասած, պակասորդով նախագահ ունենալու, Հոկտեմբերի 27-ի այդպես էլ անսփոփ մնացած կսկիծից դուրս չգալու, միմյանց, ահա, այսքան ատող ճակատների բաժանվելու համար: Հալածանքներից խուսափելու նպատակով ծածկանունով գրելու համար: 20 տարի առաջ ո՞վ կհավատար: Եվ ո՞վ կհավատա հիմա, 300-350 հազարանոց հանրահավաքներ հրավիրող թեկնածուն կարող է ստանալ... հենց այդքան ձայն: 20 տարի առաջ ո՞վ կհավատար, որ 2008 թվականի փետրվարի 20-ից մենք ստիպված կլինենք նորից ոտքի ելնել ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.