“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ազատության հրապարակը քավարանի պես մի տեղ է»

14:26 Yerevan | 10:26 GMT | Saturday 23 February 2008

Հ.Մ.

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, այդ հրապարակում մեկտեղել է այն համոզմունքը, «որ մեր երկրում ամեն ինչ կախված է երիտասարդական ավյունից, կորովից, եւ եթե երիտասարդությունն ուզենա սարեր չէ` ձորեր էլ շուռ կտա»:

Երեկ զրուցեցինք այդ համոզմունքը կիսող երիտասարդներից մի քանիսի հետ, ովքեր նախորդ գիշերն անցկացրել էին հրապարակով մեկ տեղակայված վրաններից մեկում: «Սա հանրահավաք չի, սա մի չտեսնված իրադարձություն է, զարթոնք, որի ընթացքում բոլորիս հոգիները մաքրվում, ազնվանում են: Այս հրապարակը քավարանի պես մի տեղ է, որը վայրկյան առ վայրկյան մոտեցնում է մեզ դրախտի դռներին: Շուտով կերեւա այն դուռը, որի վրա «Ելք դեպի մարդավայել կյանք» է գրված: Քիչ էլ, ու բոլորս կթակենք այդ դուռը», - ասաց մասնագիտությամբ փիլիսոփա Արգինե Մալխասյանը, ով, իր իսկ հավաստմամբ, սեպտեմբերի 21-ից սկսած, երբ ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել ու իր համար «օգտակար բաներ» է քաղել դրանից: Մասնագիտությամբ դիզայներ 23-ամյա Զառա Այվազյանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ մինչեւ գիշերվա 3-ը մնացել է հրապարակում ու տուն է գնացել միայն ավելի տաք հագուստ վերցնելու համար: «Գիշերը սարսափելի ցուրտ էր, բայց ոչ մի բան, նույնիսկ ցուրտը չի կարող ցրել այն, այսպես ասած` ոգին, որը համակել է բոլորիս: Նույնիսկ գիշերը, երբ բոլորս ուժասպառ էինք եղել, կես ժամը մեկ Լեւոն-Լեւոն էինք գոռում ու դրանից ավելի ուժ հավաքում: Գիշերը նույնիսկ մարզերից էին մարդիկ գալիս ու նրանց չէր վհատեցնում այն, որ վրանների պակասություն կար, նրանք քնում էին գետնին, պատկերացնում ե՞ք: Բայց դե մարդիկ դիմացան ու մնացին մինչեւ առավոտ: Կեցցեն նրանք»: Զառան ասաց նաեւ, որ քիչ հետո գնալու է տուն, որ մի քիչ հանգստանա, ուժ հավաքի, որպեսզի նորից վերադառնա հրապարակ ու զգա այնտեղ թեւածող հեղափոխական ոգին: Մասնագիտությամբ իրավաբան Արման Եղոյանն ասաց, որ այնքան է մնալու «Ազատության» հրապարակում, մինչեւ լսի «ավետիսը, որ Սերժ Սարգսյանը չէ 2008-ի «ընտրյալ» նախագահը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Եթե պետք է մի տարի էլ կմնանք վրանների տակ, կմոռանանք քուն ու դադար, ընտանիք ու սիրեցյալ, կմնանք այնքան, մինչեւ հաղթի արդարությունը: Ի դեպ` շաբլոն բառեր չի, որ հիմա ասում եմ, զգալով ու գիտակցելով եմ շեշտում արդարության հաղթանակի անհրաժեշտության մասին»: Մասնագիտությամբ ճարտարագետ 30-ամյա Նահապետ Կարախանյանը հավաստիացրեց, որ հանրահավաքներին պարտադիր բերում է նաեւ իր հինգ տարեկան որդուն, որպեսզի այդ տարիքից սկսած որդին զգա ընդվզումի, պայքարի ոգին ու այդ ոգով մեծանա: «Մեր սերունդը ամենախոցելի սերունդն է, մենք ծնվել ենք խորհրդային տարիներին, հասակ առել Հայաստանի անկախացման տարիներին, ճաշակել այդ անկախության դառն ու ոչ դառը հմայքները, իսկ վերջին 10 տարիների ընթացքում բարոյական ու ոգեղեն լճացման շրջան ենք ապրել, 10 անգամ պակաս հույսի զգացում, 10 անգամ պակաս պայքարի ոգի, բարեկեցություն ու նույնքան էլ պակաս ստեղծագործելու ցանկություն: Ես մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս, թե այդ ինչ հրաշքով հեղափոխական այս ոգին եկավ ու ծվարեց մեր երկրի գլխին ու հանգիստ չի տալու մեզ, մինչեւ չպոռթկա: Ներսիցս ինչ-որ բան է եռում, ուզում եմ արտահայտվել, գոռալ...Դա է երեւի հոգեկան զարթոնքը, որը համընկնում է նաեւ բնության զարթոնքի հետ»: Վաղարշակ Հակոբյանը ընդամենը 17 տարեկան է, պատրաստվում է դիմել ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, մինչեւ նրա` քաղաքականություն վերադառնալը լսել է միայն բացասական բաներ` «համեմված ցրտի ու մթի պես սարսափելի» պատմություններով. «Գիտեք այս գիշեր շատ ցուրտ էր, շատ էլ մրսեցի, բայց հետո ինչ: Փաստորեն հիմա էլ այստեղ հավաքվածներս ենք հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուրտ ու մութ քաշում, որպեսզի ամրագրենք նրա հաղթանակը: Սակայն ինչքան շատ մրսեցի, այնքան ավելի սիրեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին ու կապվեցի այս շարժմանը: Երանի նրան, ով պինդ ու հաստատուն կամք ունի, նա պինդ ու հաստատուն կլինի նաեւ պայքարելիս»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.