“Zhamanak” Armenian-American Political Daily

Մենք Լույս ենք ուզում

14:24 Yerevan | 10:24 GMT | Saturday 23 February 2008

Մարինա Բաղդագյուլյան

Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են փնտրում, իրենց ճշմարտությունը... Հավատում են ճշմարտությունը փնտրելու ճանապարհի վերջում երեւացող լույսին: Նրանք Լույս են ուզում... Ու թե պետք լինի, արեւը որպես գնդասեղ կամրացնեն իրենց կրծքին` ձեռքերը վառելով, սիրտը այրելով... Ինչու՞, ինչի՞ համար, ինչ-որ մեկի դե՞մ, ինչ-որ մեկի համա՞ր:

-Ես քրիստոնյա սպորտսմեն եմ, երբեք միտինգների չեմ մասնակցել: Չեմ եկել անձի հարց լուծելու, արդարության համար եմ եկել: Եթե «իքսն» է արդար, նրա կողքին եմ լինելու, թե «իգրեկը»` նրա հետ եմ: Մարդասպանությունը մեղք է, ոչ ոք իրավունք չունի մյուսի կյանքը խլելու. սա է ամբողջ հարցը: Այսօր սկզբունքի հարց է լուծվում, սկզբունք, որ ազգը դարեդար պիտի կրի ու ժառանգի: Հայաստանի Թեքվանդոյի ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահ Լեւոն Ավագյան:

- Հանուն ճշմարտության, սիրո: Որ հանցագործներն էստեղ տեղ չունենան: Բռնապետությունը, տեռորը վերանա: Օրենք լինի, կարգուկանոն լինի: Որ ոչ մեկից չվախենանք: Գարիկ Գալստյան, ուսանող:

- Ազատության, միմիայն ազատության համար: Ես գիտեմ, ճանաչում եմ ձեր խմբագրին, որ հիմա անազատության մեջ է: Նրա ազատության համար էլ եմ պայքարում: Նարեկ Հարությունյան, ուսանող:

- Առաջինը` մեզ համար ենք պայքարում: Նաիրա Աթաբեկյան, ուսանողուհի:

- Մեր հաղթանակն ենք եկել պաշտպանելու: Լուսինե Սահակյան, ուսանողուհի:

- Մեր ապագայի համար: Մհեր Դանիելյան:

- Թափանցիկ ընտրակեղծիքներով հարուստ ընտրությունների դեմ: Այդ ընտրությունների ժամանակ իրականցված բռնության, ծեծի, ջարդի, կեղծիքի դեմ: Ժաննա Վարդանյան, ուսանողուհի:

- Ուզում ենք ազատ ապրել, մենք չենք ուզում ստրուկ լինել: Վահագն Ասատրյան, ուսանող:

- Մեր նորագույն պատմության կերտողները մենք ենք: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին ենք ընտրել մեզ նախագահ, բայց նա մեզ համար կուռք չէ, քանի որ ամենածանր տապալումները կուռքերինն է: Տիգրան Խաչատրյան, «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպություն:

Փետրվարի 20-ին «Շանթի» եթերում Նվեր Մնացականյանի հյուրն էր Տիգրան Թորոսյանը: Նա խոսում էր Տեր-Պետրոսյանին սատարողների մասին, թե` «Պաշտոն չունեցող, բայց ունենալու հավակնություններն ունեցող մարդիկ են եւ երիտասարդներ, ովքեր, ցավոք, լավ չգիտեն իրենց երկրի պատմությունը»:

Պատասխանում են երիտասարդները:

- Ինքս մասնագիտությամբ պատմաբան եմ: Ավելին` ձեռքիս տակ ունեմ 1990-ականներին Տիգրան Թորոսյանի խմբագրմամբ լույս տեսնող հանրապետականների «Ժամանակ» թերթի բոլոր համարները, որտեղ ոչ մի թթու խոսք Տեր-Պետրոսյանի հասցեին չի գրվել, հենց այդ տարիներին նրանք բոլորը Լեւոնի կողքին էին: Այս դեպքում չգիտեմ` ո՞վ վատ գիտի, չի հիշում նորագույն պատմությունը: Հրանտ Տեր-Աբրահամյան:

- Մենք 1988-ի շարժումից էստեղ ենք, շատ լավ հասկանում ենք, թե ոնց խաբեցին Վազգեն Սարգսյանին, գլուխը կերան:

- Մենք այնքան լավ գիտենք մեր պատմությունը, որ կարող ենք Տիգրան Թորոսյանին հիշեցնել այն ժամանակները, երբ նրանք ութ տարի առաջ հանրապետականներով պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը, բայց էսօր նրա մանկլավիկներն են դարձել: Իսկ մենք լավ գիտենք ինչի համար ենք կանգնել ու կանգնելու ենք, թող ինքը մտածի իր կանգնածի կամ չկանգնածի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի ու մյուսների համար պատասխան տալու մասին:

- Նախընտրական արշավի ժամանակ մեր տուն եկան Սերժ Սարգսյանի «Միակ» կուսակցությունից երկու աղջիկ: Նրանց հարցնում եմ` «Ու՞մ գաղափարախոսությունն է ներկայացնում ՀՀԿ-ն», որոշ էջեր թերթելուց հետո ասացին` Գարեգին Նժդեհի: Հարցրի` «Ի՞նչն է այդ գաղափարախոսության հիմքում», ընդհանրապես չկարողացան պատասխանել:

- Իսկ Սերժ Սարգսյանին պաշտպանում են թռչունիկներ` կարիերիստ «բազեիկներ»:

- Այստեղ կանգնած են բժիշկներ, երկրաբաններ, ճարտարապետներ, իրավաբաններ: Ինքս երաժիշտ եմ եւ լավ գիտեմ, ինչի համար եմ եկել այստեղ:

Ազատության հրապարակում էր նաեւ Հ2 հեռուստատեսության «Մերոնք» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Նա ի՞նչ է մտածում, ովքե՞ր են հավաքվել:

- Հավաքվել է երիտասարդության սերուցքը: 1988-ին էլ մենք էինք այստեղ, ուսանող տղերք էինք: Կարծում եմ` պայքարի կիզակետում հենց երիտասարդությունը պիտի լինի: Իսկ Թորոսյանը թող գնա, մտածի ու փորձի պատասխանել, թե էդ ինչպե՞ս է լինում, որ յուրաքանչյուր սպանությունից, ինքնասպանությունից հետո Քոչարյանն ու Սարգսյանը «մեկ քայլ առաջ են գնում», ինքն էլ` նրանց ետեւից: Թող գնա ու մտածի, թե Գառնի գետի վրա գտնվող ԳԷՍ-ը ամսական որքա՞ն օգուտ է իրեն բերում: Նա կապ չունի ոչ էս ժողովրդի, ոչ էս երկրի պատմության հետ:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.